Մեդիագրագիտության ճանապարհային քարտեզի հանգուցակետը՝ դպրոց

27.04.2017, Քննադատ

Լրագրող, Թվային մարդաբանության մասնագետ: Լուսինեն ղեկավարում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագիրը:

Կրթության և գիտության նախարարությունն ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) ապրիլի 19-ին հուշագիր ստորագրեցին՝ հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում մեդիագրագիտության տարածման ուղղությամբ համագործակցելու վերաբերյալ: Կարելի է ասել, որ այս քայլով կողմերը պաշտոնականացրին արդեն տարիներ շարունակ եղած համագործակցությունը:

Դեռ 2013 թվականին ԿԳՆ–ը երաշխավորել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (այն ժամանակ՝ «Ինտերնյուս» ՀԿ) պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը, որն օգնում է ուսուցչին հասկանալ, ապա նաև՝ աշակերտներին փոխանցել, թե ինչ է մեդիան, ինչպես է աշխատում, ինչպես կողմնորոշվել տեղեկատվական ժամանակակից հոսքերում ու քննադատաբար սպառել ցանկացած մեդիա արտադրանք:

Մոտ 300 ուսուցիչներ և գրադարանավարներ արդեն անցել են մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացներ, ստացել են ձեռնարկներ, և նրանցից շատերը կիրառում են դրանք դպրոցում:

ՄՆԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ստորագրում են հուշագիրըԿարինե Սամվելյանը Երևանի Անդրեյ Սախարովի անվան N69 հիմնական դպրոցի փոխտնօրենն ու ֆիզիկայի ուսուցիչն է, ով 5 տարի առաջ է մասնակցել մեդիագրագիտության վերապատրաստմանը ու աշնանը ՄՆԿ այցելության էր բերել մեդիագրագիտության խմբակի արդեն 3-րդ սերնդին: Նրա խոսքով՝ աշակերտները սիրում են մեդիայի մասին խոսել, օրինակներ քննարկել, ստեղծել իրենց լուրերն ու ավելի լավ հասկանալ լրատվության աշխարհը:

Սակայն Մեդիագրագիտությունը դպրոցական առարկա չէ և, հաշվի առնելով դպրոցական ծրագրի ծանրաբեռնվածությունը, լավագույն դեպքում կարող է ընտրովի դասընթաց դառնալ ավագ դպրոցներում:

Հուշագրով նախատեսվում է այն ներառել եղած առարկաների, մասնավորապես՝ հասարակագիտության մեջ (9-րդ դասարանի «Հասարակագիտություն» (Հարությունյան, Գյուլբուդաղյան) դասագրքում արդեն ձեռնարկից թեմաներ ու նյութեր են օգտագործվել), ինչպես նաև դարձնել ուսուցիչների և տնօրենների պարտադիր վերապատրաստումների բաղադրիչ:

Մեդիան հասկանալու հմտությունները ՄՆԿ-ն տարածում է ամենատարբեր ձևաչափերով՝ տեսահոլովակներ, խաղեր, ինտերակտիվ թանգարան, ուսանողական մրցույթ, ամառային դպրոցներ ու կարճ դասընթացներ: Ծրագիրը դասավանդվում է մարզերում գործող 8 Ինֆոտներում (ՄՆԿ գործընկերները մարզերում) ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Լոռու և Տավուշի մարզի 7 սմարթ և ապահով սենյակներում:

Մեդիագրագիտության վերապատրաստման դասընթաց Սակայն մեր նպատակն է գրագիտության այս տեսակը հանրակրթության մաս դարձնելը. տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը դպրոցում խրախուսող կրթական համակարգում պակասում է այդ տեխնոլոգիաներով փոխանցվող բովանդակությունը վերլուծելու և գնահատելու հմտությունը:

Որևէ հարցի պատասխան որոնելիս աշակերտը առաջին հերթին ոչ թե գրադարան կմտնի հանրագիտարանում փնտրելու, այլ, օրինակ, Google-ին կհարցնի, որի պատասխաններից էլի ինքն է ընտրելու, թե ինչին հավատալ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ հաճախ պատանիները չեն կարողանում ճիշտ ընտրություն անել: Մեծ Բրիտանիայի կին տնօրենների և ուսուցիչների ազգային ասոցիացիայի հարցումներով՝ ուսուցիչների 35%-ն ասել է, որ աշակերտները տնային աշխատանքներում հղումներ են արել կեղծ տեղեկությունների:

Իսկ Սթենֆորդի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ ուսանողները դժվարանում են տարբերակել կեղծ կամ գովազդային տեղեկատվությունը նորությունից:

«Շատերը կարծում են, որ երիտասարդները վարժ տիրապետում են սոցիալական մեդիային, հետևաբար շատ լավ են հասկանում այն ամենը, ինչ այնտեղ գտնում են: Մեր հետազոտությունը հակառակն է փաստում»,- ասում է հետազոտական թիմի ղեկավար Սամ Վայնբուրգը:

Աշակերտների գրագիտությունը ստուգող PISA միջազգային թեսթը 2018 թվականից սկսած ստուգելու է նաև քննադատական մտածողության և տեղեկատվական հոսքերում կողմնորոշվելու հմտությունները:

«Ճշմարտությունը կեղծիքից տարբերելը քննադատական դատողություն է: Կեղծ տեղեկությունները տարբերակելու համար աշակերտը պիտի կարողանա կասկածել, քննադատորեն վերլուծել: Դա շատ կարևոր է», - այս տարի Դուբայում տեղի ունեցած Գլոբալ կրթություն և հմտություններ ֆորումի ժամանակ ասել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կրթական տնօրեն Անդրեաս Շլեյքը, ով նաև աշակերտների գրագիտությունը ստուգող PISA թեսթերի պատասխանատուն է:

N69 դպրոցի մեդիագրագիտության խմբակի այցը ՄՆԿՄեդիագրագիտությունը դպրոց բերելու միտումը միջազգային է: Քննարկումներն ակտիվացան հատկապես 2016 թվականի Brexit-ից ու ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո. այլընտրանքային փաստերի ու հետճշմարտության քննարկումները հիշեցրին, որ մարդիկ չեն կողմնորոշվում տեղեկատվական միջավայրում նույնիսկ այն երկրներում, որտեղ մեդիագրագիտությունը ներառված է կրթական փաստաթղթերում ու ծրագրերում:

Մեդիագրագիտության անվճար օնլայն կուրս է հայտնվել Courserа հարթակում, որտեղ լավագույն համալսարանները տարբեր դասընթացներ են առաջարկում: Իսկ Ամերիկյան The News Literacy Project-ն անվճար օնլայն մոդուլ է ստեղծել, որն ուսուցիչները կարող են օգտագործել՝ աշակերտներին սովորեցնելու լրատվության գրագիտություն:

Պրոֆեսիոնալ մեդիայի համար էլ սա կենսական խնդիր է. որպեսզի իրենց աշխատանքը գնահատվի, լրատվամիջոցներն իրենք էլ պիտի օգնեն մարդկանց տարբերել որակյալ լրատվությունը էթիկապես թերի, չստուգված, կեղծ, մոլորեցնող տեղեկություններից: The News Literacy Project-ին, օրինակ, աջակցում է ավելի քան 30 ամերիկյան լրատվամիջոց, որոնց լրագրողները կամավորաբար դասեր են անցկացնում դպրոցներում:

Իսկ The New York Times-ը կրթական ռեսուրսներ ու դասի պլաններ է ստեղծում ուսուցիչների համար:

Լրագրողների մասնակցությունը կարևոր է նաև դասավանդողների պակասը լրացնելու առումով: Մասնագետների խնդրին երկարաժամկետ լուծում տալու համար ՄՆԿ-ն համագործակցում է հայաստանյան բուհերի հետ՝ փորձելով մանկավարժական կրթության մեջ ինտեգրել մեդիագրագիտությունը:

Առայժմ մեդիագրագիտության մեթոդաբանություն դասավանդվում է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, այն Թատրոնի և կինոյի ինստիտուտի «Հաղորդակցական հմտություններ» առարկայի մաս է, դասավանդվել է Բրյուսովի անվան համալսարանի մանկավարժության ամբիոնում:

Ծրագիրն իրականացնելու նախորդ 5 տարիների ընթացքում ՄՆԿ թիմը հրավիրել է դպրոցներին ու բուհերին, նաև գրադարաններին, թանգարաններին, լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին՝ միանալու Հայաստանում մեդիագրագիտության տարածման գործին:

Ապրիլի 19-ի հուշագրի ստորագրումը կարևոր քայլ էր գործընթացն ավելի համակարգված ու գուցե ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ, որպեսզի դպրոցն ավարտելիս աշակերտը մի քիչ ավելի գրագետ մեդիա սպառող լինի, կամ այլ կերպ ասած՝ ցանկացած մեդիա արտադրանք ընթերցելիս, դիտելիս ու լսելիս իմանա ինչպես ստուգել դրա «ժամկետն» ու «բաղադրությունը»:

Լուսինե Գրիգորյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?