Մեդիագրագիտությունը կօգնի աշակերտներին հասկանալ մեդիան

18.10.2013, Նյուսրում

Լրագրող

Աննա Աթաբեկյանը սովորում է Անդրեյ Սախարովի անվան N69 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում:

Նա հաճախում է «Մեդիագրագիտության» խմբակ, որտեղ սովորում է լուր գրել, լուսանկարել, կառուցել թերթի առաջին էջ կամ մուլտիմեդիա հոդված տարբեր բաղադրիչներով:

Աշակերտուհու խոսքերով՝ այս առարկայի շնորհիվ նա սովորել է տարբերակել հավաստի եւ կեղծ ինֆորմացիան:

«Մինչեւ «Մեդիագրագիտություն» անցնելը, երբեք չէի մտածի, որ լուրը կարող է սխալ լինել: Բոլորս էլ լսում եւ ընկալում ենք լուրերն այնպես, ինչպես ցուցադրվում են, բայց երբ մեդիագրագետ ես, սկսում ես քննադատաբար մոտենալ հաղորդված ինֆորմացիային»,- ասում է Աննան:

«Մեդիագրագիտություն»-ը նպատակ ունի դպրոցականներին սովորեցնել քննադատորեն ընկալել մեդիայի մատուցած տեղեկությունը, պատկերացնել մեդիայի աշխատանքի սկզբունքները, ծանոթանալ մանիպուլյացիոն հնարքներին եւ կարողանալ ճիշտ կողմնորոշվել մեդիա շուկայում: 

«Մոտ երկու տարի առաջ սկսեցինք մշակել մեդիագրագիտության դպրոցական ծրագիրը: Պատրաստվեց ուսուցչի ձեռնարկ, հավաքվեցին տեսաձայնային ուսուցողական նյութեր, տեսական հոդվածներ, խաղեր: Այս ձեռնարկը կօգնի սպառողին՝ տվյալ դեպքում՝ աշակերտներին, քննադատաբար ընկալել մեդիան, մեդիայի հաղորդագրությունները, նյութերը, հասկանալ, թե ինչ է մեդիան, ինչպես է աշխատում, ինչ շահեր ու նպատակներ, ազդեցության ինչ մեխանիզմներ ունի եւ ինչ մանիպուլյացիաներ կարող է անել»,- ասում է «Մեդիագրագիտություն» նախագծի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

Ձեռնարկը վերամշակվել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների հետ համատեղ: Կրթության եւ գիտության նախարարությունն այն հաստատել է որպես ուսումնաօժանդակ նյութ դպրոցների համար: Դպրոցներն իրենց հայեցողությամբ կարող են անցնել այս կուրսը, օգտագործել նյութերը եղած առարկաների դասերին կամ դրանցից դուրս: Մեդիագրագիտությունը առանձին առարկա առայժմ չի դարձել:

Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ Արմինե Իվանյանի կարծիքով՝ հայաստանցի աշակերտին շատ անհրաժեշտ է մեդիագրագիտություն դասընթացը:501

«Մեդիագրագիտության ձեռնարկ եւ դասընթաց ունենալու նախաձեռնությունը շատ ողջունելի է, որովհետեւ, երբ նայում ենք հանրակրթության նպատակները, առանցքային է քաղաքացու դաստիարակումը, ով կկարողանա այսօրվա աշխարհում գտնել իր տեղը, դիմակայել մարտահրավերներին, իսկ այդտեղ շատ կարեւոր է կողմնորոշվելու, ինֆորմացիան ֆիլտրելու, փնտրելու եւ տարածելու հմտությունները եւ գրագիտությունը»,- ասում է Արմինե Իվանյանը:

Ուսուցիչների համար մշակված ձեռնարկը կազմված է 10 թեմայից՝ մեդիայի պատմություն, ներկա դաշտ, օրենսդրական եւ էթիկական կարգավորում, տնտեսական գործունեություն եւ գովազդ, մեդիայի տեսակներն ու դրանց առանձնահատկությունները, մեդիա արտադրանքը քննադատորեն սպառելու հմտություններ, եւ նախատեսված է ավագ դասարանների համար:

2012 թվականի սեպտեմբերից դասընթացը փորձարկվել է մի քանի դպրոցներում, վերապատրաստվել են մի քանի տասնյակ ուսուցիչներ Երեւանում եւ մարզերում: Տպագրվել է «Մեդիագրագիտություն» ձեռնարկի 300 օրինակ, որոնք բաժանվելու են դպրոցներին եւ շահագրգիռ կազմակերպություններին:

Ծրագրին մասնակցած ուսուցիչներից մրցութային կարգով ընտրվել են 5-ը. նրանք ստացել են դրամաշնորհ՝ դասընթացն իրենց դպրոցներում այս աշնանը փորձարկելու համար:

Մեդիագրագիտության_շնորհանդես«Մեդիագրագիտություն» նախագծի շնորհանդեսը

Երեւանի Անդրեյ Սախարովի անվան N69 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն եւ ֆիզիկայի ուսուցչուհի Կարինե Սամվելյանը վերապատրաստված եւ դրամաշնորհ ստացած ուսուցիչներից մեկն է: Նա «Մեդիագրագիտություն» է դասավանդում 14 աշակերտից կազմված խմբակում, որին մասնակցում են տարբեր տարիքի աշակերտներ:

«Մեդիագրագիտությունը շատ կարեւոր է եւ՛ ուսուցիչների, եւ՛ աշակերտների համար, որոնք անընդհատ մեդիա դաշտում են եւ պետք է ճիշտ կողմնորոշվեն ինֆորմացիայի բոլոր տեսակներից օգտվելիս: Մեդիագրագիտությունը մտածողություն է փոխում եւ հմտություններ է ձեւավորում»,- ասում է Կարինե Սամվելյանը:

«Մեդիագրագիտություն» նախագծի մաս է նաեւ «Մեդիամարտ» էլեկտրոնային խաղը, որը նույնպես ներառում է ձեռնարկում տեղ գտած 10 թեմաները: Այստեղ երեխաները կարող են պատասխանել վիկտորինաների հարցերի, նյութ գրել, ռադիոնյութ կազմել, հավաքել հեռուստահաղորդում, ընթացիկ իրադարձությունից լուսանկար անել եւ այլն: Խաղը հասանելի է օնլայն, ինչպես նաեւ DVD սկավառակով կցված է ձեռնարկին:

502«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ոչ ֆորմալ կրթության շատ մեծ փորձ ունի, եւ մենք գիտենք, որ խաղերը, ոչ ֆորմալ դասարանային կրթությունը շատ արդյունավետ են: Խաղն այն է, ինչը պակասում է այսօր դպրոցներում: Անհրաժեշտ է դասապրոցեսն ավելի ինտերակտիվ եւ հետաքրքիր դարձնել, որպեսզի երեխան սիրով սովորի, չնկատի էլ, թե ինչպես է սովորում: Ենթադրվում է, որ մեդիագրագիտության ամեն դասն անցնելուց առաջ կամ հետո երեխան կարող է այդ թեմայով խաղը խաղալ,եւ դասի ընթացքում քննարկել այն արդյունքները, որոնք նա ստացել է»,- ասում է Լուսինե Գրիգորյանը:

Խաղը ուսումնական է. երեխան կարող է սխալվել, գտնել ճիշտ պատասխանի հուշումը, իր պատրաստած նյութը համեմատել մասնագետների  պատրաստած օրինակների հետ, անհրաժեշտության դեպքում դարձյալ վերադառնալ խաղի ցանկացած թեմային եւ նորից սկսել, իսկ ամփոփիչ փուլում պատասխանել գիտելիքները գնահատող հարցաշարին եւ հասկանալ՝ որքան մեդիագրագետ է՝ որքանով է հասկանում մեդիայի աշխատանքը, կարողանում եթերում տեսածը ստուգել, քարոզչությունն ու լրատվությունը տարբերակել:

Լուսինե Գրիգորյանի խոսքերով՝ հաջորդ քայլը բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագետներ պատրաստելն է՝ մեդիագրագիտություն դասավանդելու համար: Այժմ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մանկավարժության ամբիոնի մագիստրատուրայում 20 ուսանող անցնում է «Մեդիագրագիտության դասավանդումը ավագ դպրոցում եւ քոլեջում» կամընտրական առարկան:

«Մեդիագրագիտություն»-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) նախագիծն է, իրականացվում է Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?