Երբ փորձում ենք մերժել ոչ ցանկալի ակնհայտը, ընտրում ենք երեք տարբերակներից.
-
Հակափաստարկներ ենք որոնում՝ փորձելով եղած փաստը տեղավորել ավելի լայն համատեքստում ու դրական միտում գտնել (ասենք, սևը վատ է, բայց ամբողջ սևի մեջ մեր սևը փոքր-ինչ մոխրագույն երանգ ունի, ինչն արդեն լավ է)
-
Լղոզում ենք փաստը՝ տեղափոխելով այն կա՛մ ժողովրդական բանահյուսության տիրույթ, կա՛մ ցույց տալով, որ ամեն ինչ կախված է տեսանկյունից (ասենք, սևը սև չէ, եթե դիտողը նույնպես սև է)
-
Գրոհում ենք՝ ընկալողներին մեղադրելով, որ կողմնակալ են (ինքդ փոխիր գույնը, հետո ցույց տուր սևը)
Ամեն դեպքում, փաստի մերժումը մերժողից որոշակի մանիպուլյատիվ ունակություններ է պահանջում: Նա պետք է համոզի, որ կարևորը ոչ թե փաստն է, այլ դրա տակ թաքնված հուզական հոսանքները: Ինչպես ընկալեցիր, այնպես էլ կլինի: Եվ եթե վատ փաստ ես հիշատակում, ուրեմն ուզում ես վատը տեսնել:
Ցանկացած մարդ, որը գալիս է իշխանության, ուզում է, որ փաստերը խոսեն իր օգտին (վատ էր, ես եկա, հիմա լավ է): Եվ քանի որ նա չի կարող փոխել փաստերը, որոնք օբյեկտիվ իրականություն են, նա սկսում է ազդել փաստի ընկալման մակարդակի վրա: Արդյունքը կարող է շատ հետաքրքիր լինել:
ԱՄՆ նախագահի շնորհիվ սկսեց ակտիվորեն գործածվել «ալտերնատիվ փաստեր» արտահայտությունը, որը հասցեագրված են լրագրողներին ու հենց լրագրողների կողմից էլ ընդունվեց որպես իրականությունը խեղաթյուրելու ուրախ և վտանգավոր միջոց:
Ամեն ինչ սկսվեց Թրամփի երդմնակալության արարողությունից հետո, երբ Թրամփի մամուլի խոսնակ Շոն Սփեյսին Սպիտակ տանը առաջին անգամ հանդիպելով լրագրողներին, ասաց, որ նրանք ճիշտ չեն ներկայացրել փաստերը, երբ ցույց են տվել, որ արարողության ժամանակ քիչ մարդ կար, իսկ Սպիտակ տան հարակից սիզամարգերը կիսադատարկ էին:
Մեդիան Սփեյսիի բառերը «սուտ» անվանեց (falsehood): Իսկ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիըն Քոնվեյը բացատրեց, որ Սփեյսին ոչ թե ստում է, այլ «ալտերնատիվ փաստեր» է բերում: Լրագրողների արձագանքն այսպիսին էր . «Հասկանում եք, ալտերնատիվ փաստերը փաստեր չեն: Դրանք սուտ են» («Look, alternative facts are not facts. They’re falsehoods»):
Թրամփի վարչակազմը հնարեց և լայնորեն գործածեց «ալտերնատիվ փաստեր» ձևակերպումը՝ փորձելով ապացուցել, որ ճշմարտության և ստի միջև տարբերություն չկա: Եվ եթե չկա, ուրեմն ցանկացած փաստ կարելի է հանգիստ սրտով ֆեյք անվանել (ինչն էլ հաճույքով անում է ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում):
Ընդհանրապես Թրամփի և մեդիայի հարաբերությունները շատ սրված ու կրքոտ են: Թերևս ամերիկյան մեդիան սովոր չէ նման միանշանակ ու տարակուսելի հարձակումների: Եվ որպես ելք ընտրում է ծաղրն ու հումորը («ալտերնատիվ փաստեր» հեշտեգը սոցիալական մեդիայի թրենդում է):
Մենք, ի տարբերություն ամերիկացիների, սովոր ենք ալտերնատիվ կյանքին:
Խորհրդային տարիները սովորեցրել էին մեզ ապրել ոչ միայն երկընտրանքային, այլև երկիմաստային իրավիճակում: Բոլորս գիտեինք, թե ինչ է իրականությունը, բայց մեդիայից սպասում էինք լրիվ այլ պատկեր: Մեդիան կյանքի հետ ոչ մի կապ չուներ, և դա ընկալվում էր որպես նորմ:
Այդպես ապրում ենք նաև հիմա, երբ լսում ու կարդում ենք այլընտրանքին հավատալու կոչերը, հորդորներն ու հրամանները: Հիշենք ՀՀ նախագահի խոսքը «գաղջ մթնոլորտ» -ի մասին: Գաղջը բացասական իմաստ ձեռք բերեց և առաջարկվեց որպես այլընտրանք իրականությանը: Ստացվեց, որ ըստ նախագահի՝ իրականությունն ավելի լավ, ջերմ ու լուսավոր է, բայց որոշ մարդիկ, հատկապես՝ լրագրողները, այն սևացնում են ու դարձնում են գաղջ:
«Արտագաղթի բուն պատճառը հենց այդ գաղջ մթնոլորտն է, այն, որ մարդիկ լույս չեն տեսնում, հույս չեն տեսնում: Ինչու՞: Որովհետև երկար տարիների ընթացքում առնվազն երկու հեռուստաընկերություն, տասնյակ տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ խոսում են միայն վատ երևույթների մասին, միայն սևացնում են»,- ասել էր նախագահ Սերժ Սարգսյանը:
Իսկ վերջերս ՀՀ վարչապետը Գյումրիում իրեն հարցեր տվող լրագրողներին խորհուրդ տվեց. «Չի կարելի այդպիսի տրամադրությամբ երկիրը փոխել… մի քիչ ձեր տրամադրություններդ փոխեք, մի քիչ ժպտացեք, ինչքան ջղայն եք սաղդ նայում…»:
Երբ լրագրողները հակադարձեցին, թե սոցիալական խնդիրներով ծանրացած Գյումրիում հնարավոր չէ լավատես լինել, վարչապետը ժողովրդական բանահյուսության ոճով ասաց. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք»:
Ստացվում է, որ եթե չես կարող ազդել փաստի վրա և անգամ այն հիշատակել, ուրեմն հարկավոր է փոխել տեսանկյունը: Սևը սև չէ, այն դիտողի աչքերում է սև: Եվ որպեսզի սև չլինի, պետք է փոխել տեսնելու ձևը («դիլխորը», «գաղջը») ու ժպտալ:
Դա իհարկե, լավ մեդիտացիոն պրակտիկա է, բայց մեդիայի ներկայացուցիչները մեդիտացիա չեն անում, այլ ամփոփում են կյանքի նշանները:
Հիմա այդ նշանները պարադոքսի պես են ընկալվում: Եվ պարադոքսալ, երկիմաստային ամփոփումները ամենապահանջվածն են: Զարմանալի չէ, որ գրքեր վաճառող հսկա «Ամազոնի» բեսթսելերների երկրորդ տեղում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Բրիտանացի գրողը տասնամյակներ առաջ արդեն ասել է, որ «պատերազմը խաղաղություն է, ազատությունը՝ ստրկություն, իսկ տգիտությունը՝ ուժ»:
Ալտերնատիվ փաստերով և այն էլ ուրախ տրամադրությամբ (ոչ «դիլխոր») երկար ապրելը բարդ է. առողջությունն է վտանգվում:
Զուգահեռ իրականությունների համատեղ գոյատևումը սասանում է մարդու հոգեկան անդորրն ու սուզում կոգնիտիվ դիսոնանսի մեջ: Եվ եթե չենք ուզում խելագարվել, պետք է ընտրենք կյանքի մասին պատկերացումներից որևէ մեկը՝ իրականը կամ ալտերնատիվը:
Այս պարադոքսալ իրավիճակում մեդիան միայն մեկ ելք ունի. պիտի դիմադրի: Համբերատար կերպով ու համառորեն առանձնացնի փաստերը դրանց երկընտրանքից, յուրաքանչյուր դեպքը դիտարկի զրոյական դիրքից, այլ ոչ թե արդեն մանիպուլյացիայի ենթարկված մակարդակից:
Փաստն է կարևոր, վերաբերմունքը երկրորդական է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: