Պարզեցնել բարդը՝ երեք խմբագրության օրինակ

18.05.2017, Նյուսրում

Լրագրող

Տեղեկատվությունը գրաֆիկներով, աղյուսակներով և ինֆոգրաֆիկաներով ներկայացնելն ավելի ու ավելի մոդայիկ է դառնում: Վիզուալ տեղեկատվությունն ավելի ընկալելի է ընթերցողի համար: Մյուս կողմից էլ գրաֆիկների օգնությամբ լսարանին մանիպուլացնելն ավելի հեշտ է, քան տեքստով:

Շունչ՝ «մեռած» տեքստին

Ampop.am-ի (տվյալների լրատվության հարթակ) հոդվածներում շատ են օգտագործվում գրաֆիկներ, ինֆոգրաֆիկաներ և վիզուալիզացիայի այլ հնարքներ: Հարթակն աշխատում է մեծ ծավալի ինֆորմացիայի հետ, որևէ թեմայի կամ խնդրի շուրջ հավաքում և ընթերցողին ներկայացնում է տեղեկատվության ամբողջական պատկեր՝ ըստ ժամանակագրության և իրարից տարբեր աղբյուրների տվյալներով:

Կայքի լրագրող Աստղիկ Գևորգյանն ասում է, որ այսօր սմարթֆոններով կամ համակարգիչներով ընթերցողների մեծամասնությունը ոչ թե կարդում է տեքստը այլ, այսպես ասած, նախ «սկան» է անում, ապա նոր որոշում կարդալ, թե ոչ:

«Եթե այն ամենն ինչ ուզում ես փոխանցել ընթերցողին շատ հետաքրքիր ու կարևոր է, ապա հանցագործություն է այն փոխանցել միայն տեքստով: Այստեղ փրկության են հասնում վիզուալիզացիաները, գրաֆիկները, ինֆոգրաֆիկաները, որոնք պատկերի միջոցով են փոխանցում տեքստը և գրավում ընթերցողին հենց սկզբում, երբ նա «սկան» անելու փուլում է»,- նշում է Աստղիկը:

Նրա խոսքով, տարբեր վիզուալիզացիաները հոդվածներում կարծես շունչ են տալիս «մեռած» տեքստին. «Միաժամանակ չպետք է ծանրաբեռնել տեքստը գրաֆիկաներով, կամ էլ պատրաստել անհասկանալի և դժվար կարդացվող գրաֆիկաներ»:

Վիճակագրական թվերի հետ աշխատելիս, ampop.am-ի լրագրողը կարևորում է նախ հաշվարկման մեթոդաբանությունը, ապա դրանց բացատրությունները, թվերի հնարավոր կապերը մեկը մյուսի հետ:

«Թվերով մանիպուլյացիա անելը կարող է լինել նպատակային և չիմացության հետևանքով, քանի որ վիճակագրությունը, այսինքն այն թվերը, որոնք մենք վերցնում ենք, ևս մանիպուլյացիայի տարրեր ունեն»,- ասում է լրագրողը և օրինակ ներկայացնում:

«Մի քանի տարի առաջ նկատել եմ մի ինֆոգրաֆիկա, որտեղ ներկայացվում էր Սերժ Սարգսյանի կառավարման տարիների սոցիալ-տնտեսական բացասական վիճակը: Ինֆոգրաֆիկայում սակայն հավելյալ նշված չէր 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին: Մինչդեռ պետք է անպայման նշել նաև ուղեկցող տեղեկատվություն ընթերցողներին մոլորության մեջ չգցելու համար»:

Մանիպուլյացիայի հետքերով

Armtimes.com կայքում հաճախ գրաֆիկներն օգտագործվում են սոցիալ-տնտեսական բացասական ցուցանիշներ ներկայացնելու համար: Կայքի տնօրեն, լրագրող Հայկ Գևորգյանն ասում է, որ հոդվածի ողնաշարից է զգում՝ տվյալները գրաֆիկով պետք է ներկայացվեն, թե ոչ: Լրագրողը սխալ է համարում հոդվածում միայն վիզուալ հետաքրքրության համար արհեստական գրաֆիկների և աղյուսակների  ներմուծումը: Նրա կարծիքով, պատկերի օգտագործումը պետք է արդարացված լինի:

«Երբ պատրաստվող նյութի թվային ցուցանիշները շատ են, իմ մոտ մտավախություն է լինում, որ ընթերցողը տեքստի մեջ ներկայացված թվերում կարող է խառնվել: Տեքստը չծանրաբեռնելու համար ընտրում եմ գրաֆիկներ ու աղյուսակներ»,-պատմում է նա:

Հայկ Գևորգյանն ասում է, որ իր հոդվածներում երբեք թվերով միտումնավոր մանիպուլյացիաներ չի արել ու հայկական մեդիա դաշտում չի հանդիպել թվերով ընթերցողին մոլորեցնելու դեպքերի:

«Գրաֆիկները պարզապես օգնում են լրագրողին իր պնդումները վիզուալ հասկանալի դարձնել ընթերցողին: Իմ պնդումները հիմնված են երկու համադրելի ցուցանիշների վրա, երբ դրանց միջև կա տրամաբանություն»,-եզրափակում է լրագրողը:

Ինչպիսին պետք է լինի գրաֆիկը

Գրաֆիկաներով նյութերի պակաս չկա նաև «Հետք»-ում: Որոշ հոդվածների դեպքում խմբագրությունը ժողովների ժամանակ քննարկում է գրաֆիկաների, ինֆոգրաֆիկաների, ինտերակտիվ գործիքների օգտագործման նպատակահարմարության հարցը: Սակայն մեծամասամբ լրագրողներն իրենք են որոշում և բաց ծրագրերից օգտվելով ստանում վիզուալ պատկերներ իրենց հոդվածների համար:

Կայքի լրագրող Հրանտ Գալստյանը ասում է, որ համեմատություններ ցույց տալու ինքն իր նյութերում հաճախ է օգտագործում գրաֆիկներ:

Նա էթիկայի տեսանկյունից ճիշտ է համարում ընթերցողին ներկայացնել տեղեկությունների հավաքման, մշակման և ներկայացման մեթոդը. «Հոդվածի արժանահավատության համար պետք է ներկայացնել բոլոր աղբյուրները, բաց, այլընտրանքային, մասնավոր և ոչ մասնավոր: Հակառակ դեպքում մենք հնարավորություն չենք տալիս մեր ընթերցողին ստուգել մեզ»:

Միևնույն ժամանակ գրաֆիկները, նրա դիտարկմամբ, հեշտացնում են կեղծ տեղեկատվությունը լսարանին մատչելի ներկայացման ռիսկը:

«Երբեմն մեր լրատվամիջոցներն օգտագործում են պաշտոնական գերատեսչությունների  տեղեկությունները, դրանք սիրուն ձևով վիզուալացնում և մատչելի ներկայացնում հասարակությանը»,-պատմում է նա՝ հավելելով, որ մեդիայի խնդիրը պատշոնական թվերի վերարտադրությունը չէ, այլ դրանց տարբեր այլ աղբյուրների համեմատությամբ ներկայացումը:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?