Ուղիղ մեկ տարի առաջ նկարագրել էի հիմնական իրավիճակը հայաստանյան սոցցանցերի ոլորտում։ Հիմա կարելի է արձանագրել, որ, վերջին տարվա ընթացքում Հայաստանի ցանցային հատվածում հիմնական լուրջ փոփոխությունը Ինստագրամի կտրուկ աճն է։
Օդնոկլասնիկին, կարծես թե նահանջում է և արդեն կարելի է ասել, որ այն Հայաստանի թիվ մեկ սոցիալական ցանցը չէ։ Ըստ Liveinternet տվյալների, Օդնոկլասնիկի այցելուների թիվը 2017 թվականին նվազել է, և հոկտեմբերին օրական կտրվածքով այցելուների թիվը հասել է 692 հազարի։
Հայաստանից Ֆեյսբուքի այցելությունների թիվը ամսական կտրվածքով հասնում է արդեն 1 միլիոն 100 հազարի, օրական կտրվածքով Հայաստանից հարթակն այցելում է մոտ 690 հազար օգտատեր։ Այսինքն, Ֆեյսբուքի և Օդնոկլասնիկի այցելուների թիվը գրեթե հավասար է։ Հիմնական պատճառը Հայաստանից Օդնոկլասնիկի այցելուների թվի նվազումն է, քանի որ Ֆեյսբուքի դեպքում մեկ տարվա մեջ Հայաստանից լսարանի աճը կազմել է ընդամենը 10%։
Ըստ Սիմիլարվեբի գնահատականի՝ Ֆեսյբուքի այցելուները արդեն գերազանցում են Օդնոկլասնիկին։ Երկրորդ տեղում Յություբն է, որը Հայաստանում դառնում է ակտիվ վլոգերական հարթակ: Սա 2017թ.-ի զարգացումներից է, չնայած վլոգերությունը այդքան էլ նոր երևույթ չէ Արմնեթում։
Իսկ այ, Հայաստանից լսարանի ռեալ աճ է արձանագրել է Ինստագրամը։ Այստեղ տվյալ պահին Հայաստանից ամսական կտրվածքով այցելուների թիվը հասնում է 430 հազարի, իսկ օրական՝ 210 հազարի։ Համեմատության համար, մեկ տարի առաջ տվյալ ցուցանիշները կազմում էին 200 հազար և 110 հազար համապատասխան։ Այսինքն, Ինստագրամում մենք ունենք երկու անգամից ավելի աճ։
Թվիթերի և Վկոնտակտե հարթակների վերաբերյալ դժվար է գնահատականներ տալ։ Թվիթերը Հայաստանի նման փոքր շուկաների վերաբերյալ վիճակագրություն չի տալիս։ Իսկ Վկոնտակտեն, փաստացի, մեծամասնությունը օգտագործում է զուտ որպես երաժշտություն լսելու կամ ֆիմեր դիտելու հարթակ: Հայաստանում այն չի դառնում սոցցանցային մեծ շփման տիրույթ՝ չհաշված բավականին հստակ ուրվագծված Սլավոնական համալսարանի ուսանողների և Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող երիտասարդների խմբերը։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: