2017.04.18,

Քննադատ

Վլոգինգ․ հիմա կա՞, թե՞ չկա Հայաստանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հարցին, թե, արդյո՞ք, Հայաստանում վլոգինգը զարգացած է, թե ոչ, շատ դժվար է պատասխանել։ Քանի որ, համոզված եմ, ընթերցողներից շատերը նույնիսկ այս բառին ծանոթ չեն: Այն շրջանառության մեջ գրեթե չկա, իսկ երբ կա էլ՝ շատ նեղ շրջանակներում։ Իսկ վլոգինգ (vlogging) նշանակում է պարզապես վիդեո բլոգ վարել։ Իսկ ավելի պարզ՝ Յություբում կամ Ֆեյսբուքում, նույնիսկ Ինսթագրամում անձնական կամ խմբային վիդեո֊ալիք վարելն է, ուր սեփական արտադրության բովանդակություն է տեղադրվում։

Եթե փորփրենք հայաստանյան Յություբը, ապա կպարզվի, որ վլոգերները մեզ մոտ բավականին շատ են։ Սակայն, հաճախ, հայաստանցի վլոգերները կամ հայտնի են միայն նեղ շրջանակներում, կամ ունեն լսարան, որը Հայաստանից դուրս է։ Կամ էլ մարդիկ ուղղակի տեղյակ էլ չեն, որ գործ ունեն վլոգերների հետ։

Իսկապես, օրինակ, ժամանակին շատ պոպուլյար Անտիվիրուսը, եւ հիմա թնդացող SOS-ը, հանգիստ կարող են դասվել վլոգերների շարքին։ Բայց, նման ալիքները Հայաստանում եզակի են։

Հանրահայտ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»  հաղորդումից հայտնի Արմեն Աստվածատրյանը արդեն մի քանի տարի է ինչ վարում է մասնագիտական բժշկական վլոգ, որը, կարծոմ եմ, ավելի շատ դիտվում է Հայաստանից դուրս։

Կան փորձառու ու հայտնի վլոգերներ, որոնց ավելի շատ դիտում են Սփյուռքում։ Օրինակ, Արմեն Վարդանյանի կողմից վարվող Yerevan Every Day վլոգը, որտեղ արդեն 4 տարի է ամեն օր տեղադրվում է տեսանյութ Երեւանի առօրեական կյանքից։  Այս ալիլքն արդեն ունի 2 հազարից ավելի բաժանորդ, յուրաքանչյուր  տեսանյութ ունենում է հազարը գերազանցող դիտում, բազմաթիվ մեկնաբանություններ։ Այս տիպի բովանդակությունը ավելի շատ հետաքրքրում է արտասահամանում ապրողներ հայերին, ովքեր տառապում են կարոտախտով, քան երեւանցիներին։

Կամ, օրինակ, արդեն տարիներ հայտնի Անուշը, Anush The Blogger, որն ունի համարյա 70 հազար բաժանորդ, ինչին կարող են նախանձել մեր փոփ երաժիշնտներից մեծամասնությունը։ Անուշը իր ռուսալեզու վլոգում ներկայացնում է կամ իր խոհարարական հմտությունները կամ պարզապես իր կյանքը։ Եվ մեկնաբանություններից կարելի է հասկանալ, որ դիտողների մեծամասնությունը կամ սփուռքահայերն են, կամ ընդհանրապես ռուսալեզու համացանցի բազմազգ բանակ է։

Իրականում, վլոգինգը  հիմա կտրուկ զարգանում է ուսանողների ու հատկապես դպրոցականների մոտ։ Օրինակ, Bidza անունով վլոգերի ամեն մի տեսանյութ ստանում է տասնյակ հազարավոր դիտումներ։ Եվ վլոգերների մեջ նաեւ կապեր են հաստատվում․ օրինակ, Բիձան ու Ֆեկան շփվում են։ Իսկ WDiJi վլոգերը ունի 22 հազարից շատ բաժանորդ: Այդ երիտասարդի՝ իր երկրպագուների հետ հանդիպման տեսանյութից երևում է, որ երիտասարդը բավականին հայտնի է քաղաքում։

Հայաստանում վլոգինգի զարգացմանը թափ կտա դրա կոմերցիոնալիզացիան։ Երբ կհայտնվեն վիդեո բովանդակության մոնետիզացիայի հստակ մոդելներ, կարելի կլինի ակնկալել, որ վլոգերները կակտիվանան։ Իսկ առայժմ Գուգլի գովազդային հարթակի հետ Հայաստանում աշխատելու հետ կապված բարդությունները լուրջ խոչընդոտ են այստեղ վլոգինինգի տարածմանը։

Սամվել  Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *