2016.09.15,

Նյուսրում

Rory Peck Trust. Պահելով ֆրիլանս լրագրողների թիկունքը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան

Լրագրող

Ճգնաժամային իրավիճակում գտնվող ֆրիլանս լրագրողները միայնակ չեն. նրանց թիկունքում կազմակերպություն է, որը պատրաստ է աջակցել դժվարության պահին:

Ռորի Փեք Թրասթ (Rory Peck Trust) բրիտանական ընկերությունը ստեղծվել է օգնելու հակամարտության գոտիներում վիրավորված, առողջական խնդիրներ ունեցող, աքսորված, բանտարկված, սպառնալիքի տակ գտնվող կամ սպանված ֆրիլանս (ազատ) օպերատորներին, լրագրողներին և նրանց ընտանիքներին՝ տրամադրելով ֆինանսական օժանդակություն և նպաստելով մասնագիտական կատարելագործմանն ու ավելի անվտանգ պայմաններում աշխատելուն:

Կազմակերպությունը կրում է հյուսիսիռլանդացի ֆրիլանս օպերատոր Ռորի Փեքի անունը, որը սպանվել է Մոսկվայում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Իրաք-քուվեյթյան, Բոսնիայի և Աֆղանստանի պատերազմներն ու այլ զինված հակամարտություններ լուսաբանած օպերատորը 1993 թվականին լուսաբանում էր Ռուսաստանի հոկտեմբերյան՝ «Ելցինյան հեղաշրջումը»: Նա դարձավ Մոսկվայի Օստանիկինո հեռուստաաշտարակի հարևանությամբ տեղի ունեցող փոխհրաձգության զոհը:

«Երբ Ռորին սպանվեց, մի գիշերում ընտանիքի եկամուտը չորացավ»,- գրել է Ռորիի այրին` Ջուլիեթ Քրոլի Փեքը (Juliet Crawley Peck):

Բրիտանական BBC-ն և գերմանական ARD-ը, որոնց տեսանյութեր էր տրամադրում Փեքը, հոգացին օպերատորի ընտանիքի՝ կնոջ ու 4 երեխաների՝ Մոսկվայից տեղափոխվելու ծախսերը և սահմանափակ ֆինանսական օգնություն ցուցաբերեցին, սակայն ֆինանսական հետագա աջակցության իրավական պարտավորություն չունեին:

«Բարեբախտաբար ընկերներն ու բարեկամները եկան օգնության: Բայց ինձ զարմացրեց, թե ինչպես են մնացածը հաջողացրել դուրս գալ այս վիճակից»,- գրել է Ջուլիեթ Քրոլի Փեքը:

Ռորի Փեք դրամաշնորհ

Նման իրավիճակում հայտնված ֆրիլանս օպերատորներին օգնելու համար Ռորի Փեքի այրին և ընկերները 1995 թվականին հիմնեցին նրա անվամբ կազմակերպություն:

«Այսօր մենք աջակցում ենք ոչ միայն ֆրիլանս օպերատորներին, այլև լուսանկարիչներին, տպագիր, մուլտիմեդիա լրագրողներին և նրանց ընտանիքներին: Հատկացնում ենք անհատական դրամաշնորհներ ճգնաժամային իրավիճակում գտնվող ֆրիլանսերներին և նրանց ընտանիքներին: Աջակցում ենք նաև մասնագիտական կատարելագործմանը, առաջարկում ենք անվտանգության թրեյնինգներ լրագրողների համար, որոնք աշխատում են հակամարտության գոտիներում»,- Media.am-ի հետ զրույցում նշում է Ռորի Փեք Թրասթի հաղորդակցության ղեկավար Մոլլի Քլարքը (Molly Clarke):

Մոլլի Քլարք

«Դրանք փոքր դրամաշնորհներ են, բայց շատ համապատասխան ֆրիլանսերի կարիքներին»,- ավելացնում է Ռորի Փեք Թրասթի Եվրասիական ծրագրերի պատասխանատու Քերըն Ուայքըրզը (Karen Wykurz),- Գումարի չափը կախված է հայտատուի իրավիճակից, սակայն այն ներառում է բուժօգնության և վերականգնման ծախսեր, իրավաբանական խորհրդատվություն և տեղափոխման ծախսեր: Մեր նպատակն է օգնել մեր դրամաշնորհառուներին հաղթահարել ճգնաժամը և, եթե հնարավոր է, շարունակել աշխատանքը»:

Ֆրիլանս լրագրողին Ռորի Փեք Թրասթը (ՌՓԹ) կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել սահամանափակ ժամանակով. սովորաբար՝ մինչև 3 ամիս ժամկետով, իսի ՌՓԹ դրամաշնորհ ֆրիլանս լրագրողը կարող է ստանալ կյանքում 3 անգամ: Սակայն դրամաշնորհ ստանալու բոլոր հնարավորությունները սպառելուց հետո էլ կապը կազմակերպության հետ պահպանվում է տարիներ շարունակ. Ռորի Փեք Թրասթը միշտ պատրաստ է աջակցել խորհրդատվությամբ և կոնտակտներով:

Ռորի Փեք կրթաթոշակ

Կազմակերպությունը նաև կրթաթոշակներ է առաջարկում անվտանգության թրեյնինգների մասնակցելու համար: Ֆրիլանս լրագրողների համար, որոնք աշխատում են առանց հաստիքային լրագրողներին հասանելի ռեսուրսների, այս թրեյնինգները շատ կարևոր են, նաև՝ հաճախ անմատչելի:

2000 թվականից ի վեր ՌՓԹ-ն 500 կրթաթոշակ է հատկացրել ֆրիլանս լրագրողներին, լուսանկարիչներին, օպերատորներին և ֆիլմ ստեղծողներին՝ օգնելով նրանց ստանալ գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են հակամարտության գոտում աշխատելու համար:

Ռորի Փեք Թրասթն ունի նաև հակամարտության գոտում աշխատելու անվտանգության, թվային անվտանգության, մասնագիտական զարգացմանը նպաստող անվճար ուսումնական նյութեր, որոնք կարելի է գտնել կազմակերպության կայքում:

Ռորի Փեք մրցանակաբաշխություն

Ֆրիլանս օպերատորների և ֆիլմ ստեղծողների աշխատանքը գնահատելու համար կազմակերպությունը սահմանել է նաև Ռորի Փեք մրցանակաբաշխությունը: Սա միակ մրցանակաբաշխությունն է՝ նվիրված ֆրիլանս օպերատորների աշխատանքին, որի նպատակն է ընդգծել այն ներդրումը, որ ֆրիլանսերներն ունեն լրատվական ոլորտում:

Քերըն Ուայքըրզ

«Մեր մրցանակաբաշխությունը հարթակ է՝ ցույց տալու և փառաբանելու ֆրիլանսերների աշխատանքը: Մենք ունենք մրցութային հանձնաժողով, որը կազմված է ֆրիլանսերներից, խմբագիրներից և լրագրողներից: Նրանք էլ ընտրում են տարվա 3 մրցանակակիրներին: Հետագայում մրցանակակիրներին ներկայացնում ենք ոլորտում աշխատող պրոֆեսիոնալներին: Երբ նրանք գալիս են Միացյալ Թագավորություն, ծանոթացնում ենք տարբեր մարդկանց հետ»,- ասում է Մոլլի Քլարքը:

Ռորի Փեք Թրասթ մրցանակաբաշխության հովանավորն է Sony Professional ընկերությունը: ՌՓԹ-ի գումարը, որով նա հետագայում կարողանում է օգնել ֆրիլանսերներին, գոյանում է մի շարք ազդեցիկ մեդիա կազմակերպությունների (CNN, BBC, Al Jazeera, Reuters և այլն) աջակցությունից և անհատական նվիրատվություններից:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *