2020.09.19,

Ստուգված է

Կորոնամիֆեր․ սեպտեմբերի 7-18

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Media.am-ն առանձնացրել է համավարակի մասին սեպտեմբերի 7-18-ն ընկած շրջանում տարածված ապատեղեկատվությունները և դավադրության տեսությունները։

Կորոնամիֆերի առիթները դիմակներով ու հակահամաճարակային կանոններով դպրոց վերադառնալն էր, հայկական թեստերը ու դեռևս Հայաստան չհասած պատվաստանյութը։ Այս թեմաներով լուրեր տարածելու ակտիվ աղբյուր է շարունակում մնալ ԱրմՆյուզը, դրա հետ համագործակցող Անժելա Թովմասյանի մեդիա ռեսուրսները։ Թիրախում է հայտնվել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

ԱՀԿ հակահամաճարակային ցուցումները lragir.am-ի սյունակագրի համար «հոգեբանական կաղապարներ» են

«ԱՀԿ-ն դարձյալ սպառնում է մարդկությանը. Հայաստանում կլսե՞ն», – սկանդալային վերնագիր-հարցապնդում է ներկայացրել Lragir.am-ի սյունակագիր Հակոբ Բադալյանը։ Հեղինակը պնդել է, որ COVID-19-ը «լրջորեն ցնցել է ԱՀԿ համաշխարհային հեղինակությունը», «սրել այդ կառույցի իմաստավորվածության հարցը», որը «տապալել է աշխարհը համաճարակից պաշտպանելու իր առաքելությունը» և «հանրություններին հղել իրարամերժ ազդակներ»:

Բադալյանի համար ԱՀԿ ղեկավարի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը դավադրապաշտական կասկածների առիթ է դարձել․ – «Արդյոք դրա նպատակը եղել է մեղադրանքների համատեքստում դաշնակիցների հավաքագրումը․․․»։ 

Մյուս հռետորական հարցը վերաբերում է Հայաստանի հակահամաճարակային վարքագծին․ արդյո՞ք դրանք շարունակելու են կառուցվել ԱՀԿ ցուցումներով։ «Ցուցումներ, որոնց նպատակը կարծես թե համաշխարհային հանրությանն առնվազն հոգեբանական կաղապարների մեջ պահելն է, ինչ որ «նոր նորմալի» պարտադրման համար», – դավադրապաշտական եզրակացությամբ ավարտել է նյութը հեղինակը։

Աբրահամ Գասպարյանը, Արսեն Թորոսյանն ու հայկական թեստերը

ԱրմՆյուզ հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Աբրահամ Գասպարյանը սեպտեմբերի 17-ի թողարկմանը խիստ քննադատության է ենթարկել վարչապետին և նրա ձևավորված կաբինետը։ 

Անդրադարձել է նաև առողջապահական ոլորտին, ավելի կոնկրետ՝ տեղական արտադրության COVID-19-ի թեստերին։ Առանց փաստերով հիմնավորման պնդել՝ «այդ թեստերը ոչ մի բանի պիտանի չեն» և դրա արտադրության համար տրամադրված 500մլն դոլար գումարը «ջուրն ընկավ» (տեսանյութում 14։07-րդ րոպեից)։ Թեստերի «որևէ խնդիր չառաջացնելու» և «կանոնավոր օգտագործվելու» մասին տեղեկացրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը Ազատություն TV-ի հետ զրույցում։

Շարունակելով թեման՝ Գասպարյանը խոսել է ոլորտը գլխավորող նախարարի մասին ու ուղիղ եթերում միտք վերագրել Արսեն Թորոսյանին, ապա դրա վրա հիմնվելով հրապարակախոսական եզրահանգումներ կատարել։ Ըստ նրա, Թորոսյանը «օրը ցերեկով կանգնեց ու հայտարարեց՝ դատարանն ո՞ւմ շունն է, որի հրամանը կատարեմ…» (տեսանյութում 14։29-րդ րոպեից): Այն նաև հրապարակել է հեռուստաընկերությունը տնօրինող «Քառյակ մեդիա»-ին պատկանող tert.am-ը։

Խոսքը Թորոսյանի 2020-ի մարտի 17-ի հայտարարության մասին է։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերով նա անդրադարձել է դատավճռին, համաձայն որի ինքը պետք է ներողություն խնդրեր Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հորից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանից ու հերքեր զրպարտություն համարվող տվյալները։ 

Թորոսյանին վերագրված մեջբերումը տեսանյութում չկա, փոխարենը կա այլ միտք և այլ ձևակերպում։

«Ես ուզում եմ այս ուղիղ եթերով հայտարարել, որ ես դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում և ևս մեկ անգամ կվերահաստատեմ այն, ինչ ասել եմ այդ ուղիղ եթերների ժամանակ։ Կրկնում եմ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների, թե՛ պրոցեդուրալ առումով, թե՛ անձերի առումով, որոնք շարունակում են դատական վճիռներ ընդունել»,- ասել է նախարար Թորոսյանը։

«Հայելի» մամուլի ակումբի հյուրերը մեկը մյուսից ավելի սկանդալային հայտարարություններ են անում

Անժելա Թովմասյանին է պատկանում հայելի բրենդով երեք մեդիա ռեսուրս․ հեռուստատեսային հաղորդում՝ «Հայելու առաջ», կայք՝ hayeli.am և «Հայելի» մամուլի ակումբը։ Այս երեք հարթակներում թե՛ Թովմասյանը, թե՛ հյուրերն ու փորձագետները կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություններ և միֆեր են տարածում։ 

Այս անգամ հատկապես ուշագրավ էին ակումբի հյուրերի մեկը մյուսից առավել սկանդալային հայտարարությունները, որոնք առանց ստուգվելու հայտնվել են նրա կայքում։

հայելի Անժելա Թովմասյան

❌ «Մասիս» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Նունե Ներսիսյանը մամուլի ակումբում զարգացրել է դիահերձարանների թեման։ Եթե մինչև վերջերս Ներսիսյանը ասում էր, թե այնտեղ 100 հազար դրամ տալով մահվան պատճառը կորոնավիրուս են գրանցում, ապա հիմա, ըստ իր ստացած ահազանգերի, դիերը կապտած են, աչքերը՝ սկոտչած։ Իսկ Աբովյանի դիահերձարանում դիերը էկոլոգիական թափոնների նման են՝ «սև աղբի տոպրակով կուտակված, իրար վրա լցված» (տեսանյութում 10։20-րդ րոպեից)։

Ներսիսյանի ստացած «ահազանգեր»-ի պնդումները փչացած հեռախոսի մեխանիզմով են տեղ հասնում, իսկ ԱՆ Թորոսյանը այս պնդումներից մեկի համար արդեն դատական հայց է ներկայացրել։

❌ Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը նույն ակումբում հավաստիացրել է՝ կորոնավիրուսի մահերի «բացարձակ մեծամասնությունը եղել է փորձարկումների արդյունքում»։ Որպես «վառ ապացույց» բերել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների այս ընթացում արձակուրդ գնալը (տեսանյութում 7։40-րդ րոպեից)։ 

❌ Համաճարակաբան Ելենա Մանվելյանը նույն վայրում պնդել է՝ մենք կորոնավիրուսի երկրորդ ալիք չենք ունենա, եթե այն չնկարեն։ Նա դեմ է արտահայտվել երեխաների դիմակներ կրելուն, որովհետև նրանց մոտ հիվանդանալու ռիսկերը փոքր են, քանի որ ի տարբերություն մեծահասկաների նրանք չեն վախենում։ Բայց եթե դիմակ սկսեն դնել, նրանց կվարակեն հենց վախով և «արհեստականորեն կստեղծեն իրավիճակ, երբ երեխաները կսկսեն հիվանդանալ» (տեսանյութում 3։15-րդ րոպեից)։

Դպրոցներ դիմակով․ համախմբան ու պայքարի առիթ

Երեխաների՝ դպրոց դիմակով հաճախելը և հակահամաճարակային միջոցառումների պահպանմամբ դասեր անցկացնելը մանիպուլյացիաների պարարտ հող դարձավ։ 

? Փաստաբան Գեղամ Սիմոնյանը սեպտեմբերի 16-ի գրառմամբ պնդել է, թե «Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՆ այլևս հաստատված է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ» և, որ «Սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել»։ Առողջապահության նախարարությունը այն համարել է ապատեղեկատվություն։ 

Փաստաբանի հայտարարությունը, կեղծ է և մանիպուլյատիվ, քանի որ «դատարանն իրականում հետ է ուղարկել փաստաբանի դիմումը՝ պատճառաբանելով, որ հանրակրթարաններում կորոնավիրուսային հիվանդության պայմաններում ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը վիճարկելու համար նա նախ պետք է փաստարկեր դրա համար հիմք ծառայած կառավարության որոշումը, ինչը չի արվել»,- թեմայի մասին գրել է Fip-ը։

? ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության հետ կապ ունեցող «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բժիշկ Գևորգ Գրիգորյանը այս անգամ որոշել է բացատրել, որ Հայաստանում հաստատված «Կարանտին» բառը նշանակում է 40 օր։ Բժշկության մեջ այն 40 օրում համաճարակի օջախից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու և օջախը վերացնելու նպատակն ունի։

«Իսկ հիմա, ձեր ընտրած իշխանությունը 40 օր տևողությամբ միջոցառումը 4 ամսով փաթաթել է ձեր պարանոցին և դեռ համավարակի վերացման հույս էլ չկա», – գրել է նա։ Առաջարկել է կամ հաշտվել դիմակ դնելու մտքի հետ, «կամ էլ պետք է ձեր վախերը հաղթահարեք և միանաք մեր թիմին և պայքարեք հանուն գիտության»: Գրիգորյանը COVID-19-ի թեման մոլորեցնող բժիշկներից մեկն է։

? Դպրոցների բացման առաջին օրվանից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին էին հասել լուսանկարներ, որոնցից մեկում երեխաները պարան էին բռնել, մյուսում՝ ձեռքերը վեր էին բարձրացրել։ Նա ԱԺ ամբիոնից դրա բովանդակությունը որակեց «երեխաները ռազմագերեիների նման» են, «ստրկամտություն է»։ 

Սակայն, թեման ամենասկանդալայինը զարգացրեց hraparak.am-ը` մանիպուլյատիվ զուգահեռ տանելով փոքրիկների նկարի և դրանից օրեր առաջ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի՝ TikTok-ում հրապարակած տեսանյութի միջև։

Պարտադիր պատվաստումներ․ քաղաքականացված ֆեյսբուքյան հաշիվի կեղծ գրառումը

«Աննա Պետրոսյան» ֆեյսբուքյան օգտատերը սեպտեմբերի 17-ին գրել է, թե «ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրամայել է բոլոր դպրոցներում ուսուցիչներին և աշակերտներին համոզելով կամ ստիպողաբար մինչև հոկտեմբերի վերջ թեստավորել, ապա՝ պատվաստել»։ Այս գրառմամբ կիսվել է 813 անգամ, վերատպվել սունկ կայքերում ու COVID-19-ի մասին ապատեղեկատվություններ տարածող medmedia.am-ում։

Media.am-ն անդրադարձել է այս թեմային և բացատրել, որ այս էջը դժվար է անվանել վստահելի աղբյուր մի շարք պատճառներով։ Նաև նկատել, որ մինչև հոկտեմբերի վերջ «ստիպողաբար» թեստավորելու և պատվաստելու լուրը կեղծ է։ COVID-19-ի գոյություն ունեցող պատվաստանյութերը դեռևս թեստավորման փուլում են և դրանց կիրառումը հանրության շրջանում սպասվում է միայն հաջորդ տարի։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *