Դեպքի վայրում. Արեգ Բալայան

author_posts/sona-kocharyan
Սոնա Քոչարյան
twiterfacebook

Լրագրող

Առաջին ֆոտոհիշողությունը Արեգ Բալայանին տանում է մանկություն` տանը եղած “Фотография в Америке” ամսագրից մինչև մի քանի հազար տարեկան կարասների սլայդերից մայրիկի կրկնօրինակած գծագրերը: Բայց լուսանկարչությունից առաջ այլ մասնագիտություն սովորեց:

«Անասնաբույժ էի ուզում դառնալ, բայց ընդունելության քննությունների ժամանակ միավորներս չհերիքեցին, երկրորդ տեղով ընդունվեցի անասնաբուծական ֆակուլտետ: Էն ժամանակ ինձ թվում էր երկուսն էլ կենդանիների մասին են, նույն բանն են, պարզվեց՝ հակադիր մասնագիտություններ են. մեկը բուժում է, մյուսը կենդանուն կերակրում, խմացնում, որ ավելի արդյունավետ մորթեն»: 

Մի կողմից, չհամակերպվեց համակարգին, որտեղ պետք է կիրառեր մասնագիտական գիտելիքը, մյուս կողմից, փոխվեց կյանքի փիլիսոփայությունը: Ամբողջությամբ մտավ լուսանկարչության փուլ: 




«Հիմա ոնց են մարդիկ պորտֆոլիոներ սարքում, էն ժամանակ ես տպած ֆոտոներիս տոպրակով էի ման գալիս, տարբեր մարդկանց ցույց տալիս, ուզում էի հասկանալ՝ ինչ կարող եմ անել: Էդպես ծանոթացա լուսանկարիչներ Կարեն Ազիզյանի ու Վահրամ Մխիթարյանի հետ, միացա նրանց, ու թիմով աշխատեցինք մինչև 2005 թվականը. Կարենը գնաց Ուկրաինա, Վահրամը՝ Լեհաստան, ես եկա Ղարաբաղ»:

Արեգի համար «երազանքի թիմից» հետո միայնակ աշխատելը բարդ էր, բայց կտրվելն էլ սովորեցրեց ինքնուրույն ստեղծագործել: Մինչ այդ լուսանկարչությունն ավելի շատ փորձով էր յուրացրել, սկսեց տեսություն ուսումնասիրել:

Ղարաբաղն Արեգի կյանքում նոր ու անծանոթ էջ չէր: Մայրն այնտեղ էր, ու 90-ականների սկզբից Ղարաբաղում էին անցնում բոլոր ամառային ու ձմեռային արձակուրդները: Ինչ-որ պահի նույնիսկ անասնաֆերմա հիմնելու միտք կար: Բայց հիմնովին տեղափոխվեց 2005-ին, այնտեղ ապրեց մինչև 2018-ը: 

«Ղարաբաղում է անցել կյանքիս ոչ փոքր ու կարևոր հատվածը, երեխաներս այստեղ են ծնվել: Ղարաբաղը ինձ հնարավորություն է տվել ապրել բնության մեջ, բնության հետ ու ինձ բնության մասը համարել: Սկզբում տարօրինակ էր, որ այստեղ մարդիկ չեն շտապում: Հետո ինքս սովորեցի ապրել նախկինում ինձ օտար՝ կյանքի դանդաղ ռիթմով: Ու էդ չշտապելը թույլ ա տալիս հասցնել տեսնել, հասցնել շնչել, հասցնել զգալ, հասցնել ապրել»:

Լուսանկարը՝ Անի Մինասյանի

Դանդաղ ռիթմով ապրելու արդյունք է նաև, որ լուսանկարչության մեջ էլ Արեգն իրեն ավելի հարազատ է համարում վավերագրությունը: 

Հետո մի քանի անգամ պիտի պատերազմի մեջ ընկներ, որ էլ ավելի կարևորեր պահի արժեքը. «Պատերազմում շտապելու տեղ չունես. դու ուղղակի կաս, ապրում ես, հետևում ես, պատմում ես մարդկանց մասին»:

Սոնա Քոչարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *