Ապատեղեկատվության տարածման մեխանիզմները մեդիայում հիմնականում կախված են լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությունից և հաճախ ունեն նմանություններ։ Ինֆորմացիայի մատակարարումը լսարանին որպես կանոն ունենում է առաջին հայացքից ոչ որսալի օրինաչափություններ։
Նման օրինաչուփությունների բացահայտման նպատակով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը իրականացվել է սոցիոլագիական հետազոտություն «Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում»։
Այն ամփոփում է 2020-ի ապրիլ-հունիս ամիսների օնլայն լրահոսը երեք տարբեր լրատվական կայքերի մշտադիտարկման արդյունքում։
Հետազոտությունը փորձ է բացահայտելու հայաստանյան առցանց լրատվականներում ապատեղեկատվության ձևավորման և տարածման առանձնահատկություններն ու օրինաչափությունները, սոցիալական և քաղաքական տարբեր իրադարձությունների լուսաբանման ժամանակ կիրառվող տեղեկատվության շրջանակումը (ֆրեյմավորում) և դրա տակ երբեմն քողարկված, երբմեն էլ ակնհայտ ուղերձները։
Հետազոտությունը նախատեսվում էր հրապարակել 2020-ի հոկտեմբերին, սակայն արցախյան պատերազմը առաջացրեց խմբագրումների կարիք, քանի որ ստեղծվեց միանգամայն նոր աշխարհաքաղաքական ու ներքաղաքական իրավիճակ։
Պատերազմը շատ բան փոխեց, այդ թվում վերաբերմունքը մեդիայի հանդեպ։
Եվ հիմա ուսումնասիրելով մինչ պատերազմն արված հետազոտությունը, կարելի է նախանշել այն սխեմաները, որոնցով լրատվամիջոցները լրահոսին են միահյուսել ապատեղակատվությունը (կամ ապատեղակատվության որոշակի չափաբաժին) և դրանով իսկ նպաստել անվստահության ֆոնի խտացմանը։
«Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում» հետազոտության համար հիմք են հանդիսացել երեք լրատվական կայքերի բովանդակությունը՝ News.am-ի, Tert.am-ի, 168.am-ի։ Նշված լրատվականներում դիտարկվել երեք թեմա՝ կորոնավիրուս, Ղարաբաղյան հիմնահարց և Լանսարոտեի կոնվենցիա։
Այդ թեմաների լուսաբանման արդյունքները հիմք են դարձել խառը մեթոդով հետազոտության համար, երբ համադրվել են բովանդակության քանականան և որակական վերլուծությունները։
Կիրառվել է տեղեկատվության հավաքագրման սոցիոլոգիական երկու մեթոդ՝ փորձագիտական հարցազրույցներ և փաստաթղթերի ուսումնասիրություն։ Հետազոտությունը համակարգել է Հայկ Սմբատյանը։
Բուն պատերազմն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը չի արտացոլված այս զեկույցում։ Չնայած դրան՝ այն ցույց է տալիս, թե ինչպես է թեման ներկայացվում հանրությանը և ինչպես է այն կառուցվում՝ դառնալով հիմք ապատեղակատվության շրջանառության համար։
Ամփոփելով հետազոտության արդյունքները՝ կարելի է գալ մի քանի եզրահանգումների․
- Հայաստանյան առցանց մեդիայում «թավշյա հեղափոխությունից» հետո զգալիորեն ավելացել են ապատեղեկատվության հոսքերը։
- Ապատեղեկատվության հիմնական օրինաչափությունները տեսանելի դարձնելու համար կարելի է կիրառել հետևյալ սխեման՝ տեղեկատվություն ուղարկող, տեղեկատվության ուղերձ և հաղորդակցության համատեքստ։
- Դիտարկված լրատվական հոդվածների մեծ մասը հեղինակային չեն, այլ արտատպված են սոցիալական ցանցերի կամ հայաստանյան այլ լրատվամիջոցների հրապարակումներից և ներկայացնում են երրորդ անձանց կարծիքներ և մեկնաբանություններ։
- Քանակական տվյալների համաձայն՝ ուսումնասիրված լրատվամիջոցներն ավելի շատ բովանդակություն տարածում են, քան ստեղծում։
- Կորոնավիրուսի թեմայի քաղաքական ֆրեյմավորումը տվյալ լրատվականներում ներհայաստանյան մեդիա դիսկուրսի արդյունք է և չի ներթափանցում այլերկրյա ծագման աղբյուրներից։
- Կորոնավիրուսի թեմայի դավադրապաշտական ֆրեյմավորումը մեծամասամբ ներթափանցում է ռուսաստանյան ծագման կայքերից։
- Ղարաբաղյան հիմնահարցի լուսաբանումների մեծ մասում իշխանության վարած արտաքին քաղաքականությունը ֆրեյմավորվում է որպես «խեղճացած»։
- Լանսարոտեի կոնվենցիայի թեման մեծամասամբ ֆրեյմավորում է կոնվենցիան որպես երեխաներին սեռականորեն այլասերող։
- Ղարաբաղյան հիմնահարցի և Լանսարոտեի կոնվենցիայի ֆրեյմավորումները հայաստանյան մեդիա նարատիվների մաս են։ Դրանց սկզբնաղբյուրներն այլերկրյա ծագման չեն։
Առանձին հոդվածներում կարելի է ծանոթանալ թեմատիկ անդրադարձներին Media.am-ում՝ Ղարաբաղյան հիմնահարց, կորոնավիրուս(1, 2), Լանսարոտեի Ստամբուլյան կոնվենցիաներ։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: