2021.03.15,

Ստուգված է

44-օրյա պատերազմը՝ ռուսական և թուրքական պետական մամուլում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» (ՄՆԿ) 2020-ին կատարել է հետազոտություն՝ ուսումնասիրելով նույն տարվա ընթացքում Հայաստանում օրակարգային գլխավոր 3 թեմաները՝ կորոնավիրուս, Արցախյան հիմնահարց և Լանսարոտեի կոնվենցիա։

Այս հոդվածում Media.am-ը ուսումնասիրել է ռուսական և թուրքական պետական լրատվամիջոցների տեղեկատվական քաղաքականությունը՝ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում։

Ինչպես բոլոր պատերազմներում՝ հակամարտության ուղղակի մասնակից երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական տեղեկատվությունը վերածվեց քարոզչության, իսկ լրատվական դաշտը հիմնականում ենթարկվում էր գրաքննության սահմանված ռեժիմին։ Ուսումնասիրության առավել լայն դաշտ և հնարավորություն կար տարածաշրջանային երկու դերակատարների՝ Ռուսաստանի և Թուրքիայի պետական ԶԼՄ-ների պարագայում։

Այս երկրների ինֆորմացիոն դաշտի ուսումնասիրությունն առավել կարևոր էր 44-օրյա պատերազմի ֆոնին, քանի որ այժմ նրանք կոնֆլիկտի գոտում ունեն ռազմական ներկայություն և վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը։

Այսպիսով մենք դիտարկել ենք Ռուսաստանի և Թուրքիայի պետական լրատվականների լուսաբանումները պատերազմի մեկնարկից (սեպտեմբերի 27-ից) մինչ դրա ավարտը ( նոյեմբերի 9-ը)՝ ենթարկելով քանակական և որակական անալիզի։

Մեր նպատակներ էր պարզել՝ տեղեկատվական ինչպիսի քաղաքականություն են վարել երկու երկրների պետական լրատվականները, ինչ շեշտադրումներով են խոսել Արցախյան երկրորդ պատերազմի մասին, կարևորել ենք նաև կոնտեքստը, որի ներքո արվում էր լուսաբանումը։ 

Եթե կարդալու ժամանակ չունես․ ի՞նչ ենք պարզել

  • 44-օրյա պատերազմի մասին գրելիս՝ РИА-ն մեծամասամբ հենվել է հայկական պաշտոնական տեղեկատվության և Արցախում աշխատող իր թղթակիցների ինֆորմացիայի վրա, որոնք մեծ հաշվով պրոհայկական էին։ Չնայած դրան՝ լրատվականն առերևույթ պահպանում էր չեզոքությունը՝ ձայն տալով նաև Ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններին։ Ադրբեջանի տարածքից լուսաբանումները փոքր թիվ էին կազմում։ Haber-ում գերակշռում էին պաշտոնական Բաքվի հաղորդագրություններն ու հակահայկական բովանդակությունը։ Հայկական պաշտոնական ընդամենը 7 հաղորդագրություն է հայտնվել թուրքական լրատվակայքում։
  • Երկու լրատվամիջոցներն էլ հիմնախնդրի շուրջ իրենց երկրների պաշտանական դիրքորոշմանը համահունչ տեղեկատվական քաղաքականություն էին վարում։ Թե՛ РИА-ն, թե՛ Haber-ը, պատերազմը լուսաբանելիս, հրապարակել են ապատեղեկատվություններ։ Ռուսական լրատվակայքը այս դեպքում մեծամասամբ հանդես էր գալիս տեղեկատվությունը փոխանցողի դերում, և ոչ թե կեղծ լուրի տարածման սկզբնաղբյուրի։ Haber-ի դեպքում շատ հաճախ ինֆորմացիայի աղբյուրը չէր նշվում, լրատվակայքը կեղծ լուրերն ու մանիպուլյացիաները տարածող առաջին աղբյուրն էր։
  • Չնայած Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների փոխանցման պարագայում զգալի տարբերություն կար երկու լրատվականներում էլ՝ РИА-ն ավելի շատ ձայն է տվել հայկական, Haber-ը՝ ադրբեջանական աղբյուրներին, սակայն երկու կայքերն էլ առավել շատ լուսաբանել են Իլհամ Ալիևին՝ քան Փաշինյանին։ Նույնիսկ փոքրաթիվ անդրադարձերի դեպքում՝ Haber-ը Փաշինյանի մասին գրում էր բացասական կոնտեքստում՝ անգամ եթե լուսաբանում էր նրա այցը Արցախ։ РИА-ն ևս զերծ չի մնացել Փաշինյանի մասին խոսելիս բացասական կոնտեքստ հաղորդելուց։ ՀՀ վարչեպտը մասնավորապես մեղադրվում էր գունավոր հեղափոխություն կազմակերպելու և ՌԴ-ի հետ հարաբերությունները վատացնելու համար։ 
  • РИА-ն Արցախյան պատերազմի լուսաբանումը ֆրեյմավորում էր՝ հաճախ հակաթուրքական կոնտեքստ հաղորդելով։ Հրապարակվել են մի շարք հոդվածներ, որտեղ, առերևույթ պահպանելով չեզոքությունը հակամարտող կողմերի նկատմամբ, Թուրքիան ներկայացվում է որպես հակամարտությունը սրող և կոնֆլիկտը լուծելու անկարող կողմ, իսկ Ռուսաստանը՝ որպես միակ ուժ, որն իվիճակի է հակամարտությանը վերջ դնելու։ Haber-ում չնայած բացահայտ հակառուսական բովանդակություն չի եղել, սակայն հոդվածներում ընդգծված էր Մինսկի խմբի (Ռուսաստանի համանախագահությամբ գործող) անարդյունավետության կոնտեքստը։
  • Թուրքական լրատվականը գրեթե բոլոր անդրադարձերում շեշտում էր, որ պատերազմը հրահրել է հայկական կողմը։ Այստեղ որևէ դեպքում չի եղել հայանպաստ բովանդակության լուսաբանում։ Փոխարենը խոսվում էր քուրդ զինյալների՝ հայկական բանակում ներգրավման, Հայաստանի կողմից՝ մարդասիրական իրավունքները միակողմանիորեն խախտելու և պատերազմական հանցագործություն իրականացնելու մասին։
  • РИА-ում տարբեր քաղաքական գործիչների և վերլուծաբանների միջոցով պատերազմը ֆրեյմավորվում էր՝ որպես Ռուսաստանի կողմից լիվին վերահսկելի գործընթաց։ Այստեղ հայտնված ապատեղեկատվությությունները և՛ հայկական աղբյուրներից էին, և ադրբեջանական։ 

РИА Новости

Ռուսատանում գործող պետական խոշոր լրատվական գործակալությունները երկուսն են։ Մեր կողմից դիտարկված լրատվամիջոցը  РИА Новости-ն է։ Ուսումնասիրությունը կատարվել է Rumors monitoring գործիքի միջոցով, որտեղից «բանալի» բառերի օգնությամբ առանձնացրել ենք 44 օրերի ընթացքում Արցախին և արցախյան հակամարտությանը վերաբերող հրապարակումները։

Այսպիսով մշտադիտարկման ժամանակահատվածի համար կոդավորվել է հայ/արցախա-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող 911 հրապարակում։ Դրանց 43.6%-ը հայկական կողմի պաշտոնական հաղորդագրություններն են, որոնց մեջ ներառված են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի պաշտոնատար անձանց հայտարարությունները։ Մոտ 22% դեպքերում ռուսական լրատվականը հրապարակել է Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունները՝ այդ թվում նախագահ Իլհամ Ալիևի հարցազրույցներից առանձին հատվածներ։ Չեզոք հրապարակումները ընդհանուր թվի 22%-ն են կազմում։ Այստեղ ներառված են նյութեր, որոնցում լրատվականը հրապարակել է երրորդ երկրի ներկա կամ նախկին պաշտոնյաների կամ փորձագետների հայտարարությունները։ 

Նյութերի 9%-ը ակնհայտ հայամետ բովանդակություն ուներ։ Այս ցանկում են հրապարակումները, երբ լրագրողը անձամբ էր իրավիճակը ներկայացնում Արցախի Հանրապետությունից։ Օրինակ զգուշացնում էր, որ Ստեփանակերտում կրկին միացել են օդային ազդանշանները, ներկայացնում Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած լրագրողների վիճակը, պատմում Ադրբեջանի կողմից հակամարտության գոտի բերված զինյալների մասին։ Այս հրապարակումները համարում ենք հայամետ, քանի որ Ադրբեջանից նույն օպերատիվությամբ իրավիճակը ներկայացնող նյութեր չէին հայտնվում РИА-ում։ Ճիշտ է, այս լուսաբանումները մեծամասամբ օբյեկտիվ իրողություններ էին, սակայն միայն մի կողմում տեղի ունեցող ավերածությունների ինտենսիվ լուսաբանումը ընթերցողի մոտ հակամարտող կողմերի նկատմամբ ձևավորում է միակողմանի մոտեցում։ 

Ադրբեջանական կողմից նմանատիպ նյութեր РИА-ում հազվադեպ էին հանդիպում։ Կար թվով 6 հրապարակում, որտեղ լրագրողն անձամբ է լուսաբանել իրադարձությունները Ադրբեջանից կամ նրա ազդեցության տակ հայտնված տարածքներից, կամ էլ ներկայացրել է քաղաքացիական անձանց իրավիճակը հակամարտության թեժ փուլերում։ 

Դիտարկել ենք նաև հակաթուրքական ուղղվածություն ունեցող 15 նյութեր, որոնցից 5-ում առերևույթ պահպանված է չեզոքությունը հակամարտող երկրների նկատմամբ։ Օրինակ՝ մեջբերվում է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյանի խոսքը, որ, ի տարբերություն Անկարայի, Ռուսաստանը կողմերից որևէ մեկին չի պաշտպանում։ Մեկ այլ դեպքում լրատվականը փոխանցում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու կարծիքը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կոնֆլիկտը կարող է լուծել միայն Ռուսաստանը, իսկ եթե միջամտի Թուրքիան, վատ կլինի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։ 

Առանձնացրել ենք ևս 2 նյութ, որոնցում Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը մեղադրվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները թուլացնելու, Արևմուտքին հաճոյանալու և «գունավոր հեղափոխություն» իրականացնելու համար։ Առհասարակ ՀՀ վարչապետին անդրադարձ է կատարվել 85 անգամ, իսկ Ադրբեջանի նախագահին՝ 111:

Արցախյան պատերազմի համատեքստում դիտարկվել է նաև 3 հակաամերիկյան նյութ, որոնցում ԱՄՆ-ն ներկայացվում է իբրև կողմ, որն անկարող է լուծելու կոնֆլիկտները, իսկ ամերիկյան МcDonald’s-ը՝ որպես Ադրբեջանին աջակցող ընկերություն, քանի որ վերջինիս ադրբեջանական մասնաճյուղը ինստագրամյան պաշտոնական էջում գրել էր՝ «Թող մեր դրոշը ծածանվի Ադրբեջանի բոլոր հայրենի հողերի վրա»։ Այս գրառումը հետագայում հեռացվեց։

                    

Քարոզչական թեզերը «РИА Новости» -ում 

Ա․ Ռուսաստանը պատերազմ թույլ չի՞ տա

Սեպտեմբերի 29-ին հրապարակվեց լրագրող, քաղաքական մեկնաբան Պյոտր Ակոպովի հոդվածը։ Հեղինակը կանխատեսում էր, որ Ռուսաստանը թույլ չի տա լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ բերելով դրա համար տարբեր հիմնավորումներ։ Նյութը հայտնվեց նաև հայկական մամուլում՝ irates.am կայքում։ 

Քարոզչական այս թեզը նոր չէ․ տարիներ շարունակ հայ հասարակությունում իշխել է նույն մտայնությունը։ Նմանատիպ ձևակերպումներ մենք լսել ենք նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո կարող ենք ասել, որ տարիներ շարունակ գործ ենք ունեցել միֆի հետ, որն առաջ էր մղվում թե՛ հայկական, թե՛ ռուսական մեդիատիրույթում։

Բ․ Գյանջայի օդանավակայանը այդպես էլ հօդս չցնդեց

Հոկտեմբերի 4-ին РИА-ն գրեց ադրբեջանական Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին՝ մեջբերելով Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց լուրը, իսկ հայկական կողմը ռազմական օբյեկտի ոչնչացման որևէ փաստ չներկայաացրեց։

Նոյեմբերի վերջին արբանյակային լուսանկարների օգնությամբ պարզ դարձավ, որ Գյանջայի օդանավակայանի ոչնչացման մասին լուրը կեղծ էր։ Պատերազմից առաջ և հետո այն որևէ փոփոխության չէր ենթարկվել։

Գ․ Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում

Հոկտեմբերի 4-ին РИА-ն մեջբերեց պաշտոնական Բաքվի հերքումը, թե ռազմական գործողություններին Թուրքիայի ներգրավվածության լուրը հետապնդում է մեկ նպատակ՝ կոնֆլիկտի մեջ ներքաշել երրորդ կողմ։ Այսպիսով Ադրբեջանը հերքում էր թուրքական կողմի ներգրավածությունը՝ այդ թվում F-16 կործանիչների առկայությունը։

Իր հարցազրույցներում Իլհամ Ալիևը ևս բացառել էր Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ԼՂ-ում ընթացքող գործողություններին։

Թուրքիայի ներգրավվածության մասին փաստող ապացույցները քիչ չեն։ Այդ մասին գրել է «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը։ Թուրքիայի կողմից հավաքագրված և Ադրբեջան տեղափոխած սիրիացի վարձկանների մասին ահազանգել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ մասին գրել են նաև բազմաթիվ հեղինակավոր լրատվամիջոցներ՝ CNN, BBC, The Washington post և այլն։ Հիշենք նաև «Նյու Յորք Թայմսի» հետաքննող լրագրող Քրիսթիան Թրիբերթի գրառումը, որն ապացուցեց Գյանջայի օդակայանում երկու F-16 կործանիչների առկայությունը։ 

Դ․ Արցախի նախագահին մեդիան «սպանեց» շատ անգամներ

Հոկտեմբերի 4-ին Հիքմեթ Հաջիևը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծանր վիրավորում է ստացել։ Այս լուրը ևս հայտնվեց РИА-ում։ Տեղեկությունը տարածվեց Արայիկ Հարությունյանի՝ առաջնագիծ մեկնելու հայտարարությունից հետո։ Նախագահի վիրավորման, ինչպես նաև մահվան մասին լուրերը լայնորեն տարածեցին ադրբեջանական կայքերը։ 

Տեղեկությունը կեղծ էր, այդ մասին եղավ պաշտանական հերքում։ Նոյեմբերի 4-ին արդեն իսկ հրապարակվեցին լուսանկարներ, հետագայում նաև վիդեոուղերձներ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։

Ե․ Ադրբեջանը չի՞ թիրախավորել խաղաղ բնակչությանը

Հոկտեմբերի վերջին հրապարակվեց Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե իրենք չեն թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությանը։ Այս մասին «France 24»-ի հետ հարցազրույցում նշել էր նաև Իլհամ Ալիևը։ 

Տեղեկությունը հերքող բազմաթիվ ապացույցներ կան։ Պատերազմի առաջին օրվանից համատարած հրթիռակոծման և ռմբակոծման են ենթարկվել 55 հազար բնակչություն ունեցող Ստեփանակերտը և Արցախի բազմաթիվ բնակավայրեր։ Առաջին զոհերը խաղաղ բնակիչներ էին։ Մինչև պատերազմի ավարտը հայկական կողմից սպանվել է 50 և վիրավորվել 148 քաղաքացիական անձ։ Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանը թիրախավորել է Շուշիի Մշակույթի պալատը, Ստեփանակերտի էլեկտրական ցանցի շենքը, էլեկտրական ենթակայանները, ինչն էլ էլեկտրաէներգիայի անջատման պատճառ դարձավ։

Ադրբեջանը թիրախավորել է նաև բուժհաստատություններ։ Հոկտեմբերի 28-ին օդային հարվածներ հասցվեցին Ստեփանակերտի ծննդատանը։ Միայն մայրաքաղաք Ստեփանակերտում հայտնաբերվել էին թուրքական և իսրայելական արտադրության շուրջ 673 հրթիռներ և կասետային մարտական էլեմենտներ։ Արցախի մայրաքաղաքում վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հրետակոծության տակ են հայտնվել դպրոցներ և մանկապարտեզներ: Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին մանրամասն ներկայացված է EVNReport-ի ուսումնասիրության մեջ։ 

TRT Haber

Թուրքական պետական գործակալությունները ևս երկուսն են։ Մենք դիտարկել են TRT Haber.com-ը։ Մշտադիտարկման ժամանակահատվածի համար կոդավորվել է 361 հոդված։ 

Նյութերի մոտ 44.3%-ը նվիրված էր Բաքվի պաշտոնական հաղորդագրություններին, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին և հարցազրույցներին։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունները կազմել են ընդհանուր թվի 1,9%-ը, որոնցում ներառված էին նաև վարչապետ Փաշինյանի հայտարարությունները կամ այցերը։ 

Նույնիսկ այս փոքրաքանակ հրապարակումներում կան կողմնակալ մեկնաբանություններ։ Օրինակ, խոսվում է Նիկոլ Փաշինյանի այցի մասին Արցախ, սակայն վերնագրված է՝ «Փաշինյանը փնտրում է պրովոկացիա. այցելել է Ղարաբաղի առաջնագիծ»։ 

Հակահայկական բովանդակություն պարունակող նյութերը 104-ն էին (28.8%), դրանցից 10-ը նվիրված էր հայկական զինված ուժերում «Քրդական բանվորական կուսակցության» (PKK) ներգրավման լուրին։ 

Պայմանականորեն առանձնացրել ենք չեզոք հրապարակման 89 օրինակ (24.6%), երբ լուսաբանվել են հրադադարները, երրորդ երկրների պաշտոնյաների խոսքերը, երկկողմ կամ եռակողմ հանդիպումները և այլ իրադարձություններ։ Պայմանական, քանի որ անգամ այս դեպքում նկատվում էր դինամիկա՝ մեջբերելու ոչ հայանպաստ դիրքորոշում հայտնած անձանց խոսքերը։ Որևէ դեպքում չէին ներկայացվում հայտարարություններ, որոնք ի նպաստ Հայաստանի էին։ Աշխարհի տարբեր երկներում հայերը և ադրբեջանցիները իրականացնում էին բողոքի ակցիաներ, բայց լուսաբանվել էին բացառապես ադրբեջանականները։ 

Հոդվածներում հետևողականորեն տարվում էր Մինսկի խմբի անարդյունավետությունն ընդգծող գիծ։ Չնայած դրան, հրապարակվել է մեկ հոդված, որն ամբողջությամբ նվիրված էր Մինսկի խմբի գործունեության պատմությանը։ Նշենք, որ նյութերից շատերում բացակայում էր ինֆորմացիայի աղբյուրը։

Քարոզչական թեզերը TRT Haber-ում

Ա․ Պատերազմը սանձազերծած կողմը Հայաստանն էր

Պատերազմի մեկնարկից TRT Haber-ը լի էր նյութերով, որտեղ Հայաստանը ներկայացվում էր որպես բախումը սանձազերծած կողմ։ Փաստերը, սակայն, հակառակի մասին են խոսում։ 

📌Սեպտեմբերի 21-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց հայկական գնդակից սպանված զինծառայողի մասին։ Այս լուրը ադրբեջանական լրատվականներում տարածվեց աննախադեպ արագությամբ՝ այն դեպքում, որ սովորաբար կորուստների մասին Ադրբեջանական մամուլը լռում է։

📌Պատերազմի ժամանակ արդեն իսկ պատրաստ էին Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված երգն ու տեսահոլովակը։ 

📌Սկսած սեպտեմբերի 21-ից հավաքագրվում էին քաղաքացիական մեքենաներ՝ ռազմական նպատակով։

📌BBC-ի փոխանցմամբ՝ սկսել էր չհայտարարված զորահավաք։

📌Սեպտեմբերի 26-ին FIP.am-ը ֆիքսել էր Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի միջև թռիչքների անսովոր ակտիվացում։

📌Մարտական գործողություններից ժամեր անց թուրքական լրատվամիջոցներից մի քանիսը, ինչպես թուրքական պետական հեռուստաալիք TRT-ն ու «Անադոլուն», արդեն իսկ առաջնագծում էին։

Բ․ Քուրդ զինյալների միֆական ներկայությունը հայկական բանակում

TRT Haber-ը, ինչպես թուրքական և ադրբեջանական մյուս լրատվականները, ակտիվորեն գրում էր օտարերկրյա զինված խմբավորումների, մասնավորապես՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայության մասին հայկական զինված ուժերում։ Այս խոսակցությունները սկսել են դեռևս 1990-ականներին։ 44-օրյա պատերազմում և դրան հաջորդող օրերին այս թեզը տարածվեց նոր թափով։ 

  • Նախ սեպտեմբերի 24-ին ադրբեջանական  ԶԼՄ-ները սկսեցին գրել, թե Սիրիայի հյուսիսում ստեղծված հայկական գումարտակը Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։ Ասվածի որևէ ապացույց այդպես էլ չներկայացվեց, փոխարենը դաշտ նետվեցին կեղծ և չհիմնավորված պնդումներ։
  • Ադրբեջանական լրատվակայքերը «Սիրիացի ահաբեկիչները՝ որպես հայկական օկուպացիոն ուժերի մաս» վերտառությամբ հոդված հրապարակեցին։ Day.az-ը շեշտել էր, թե սիրիացի ահաբեկիչների հետ հայկական զինված ուժերի սպաներ կան։ Որպես ապացույց կցված նկարները իրականում արվել էին Սիրիայում  2019 թվականին՝ «Նուբար Օզանյանի անվան հայկական բրիգադի» հավաքից, որը կայացել էր Հայոց ցեղասպանության տարելիցի օրը։

  • Derindusunce.org-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակել էր սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչի լուսանկարը՝ կից գրառմամաբ․ «Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում»։

Իրականում այս լուսանկարը կադր էր «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից, որն օգտագործվել էր դերասանին հակամարության մեջ ներքաշելու համար: Բիկովիչը անձամբ էր արձագանքել լուրին:

  • Günaz TV և Sepahcybery տելեգրամյան ալիքները, ադրբեջանական տարբեր լրատվականներ զինվորականների մասնակցությամբ տեսանյութ հրապարակեցին՝ կրկին նշելով, թե Հայաստանը մարտերին PKK ահաբեկիչ զինյալների է ներգրավել։ Որպես ապացույց՝ կցված էր Հայաստանի եզդիական համայնքի կամավորների ջոկատի տեսանյութը, որտեղ երևում են և՛ հայկական, և՛ եզդիական դրոշները։ Ավելին՝ նույն տեսանյութը տեղադրվել էր նաև ինստագրամում գործող եզդիական Pers tna ալիքում․ հնչող խոսքը եզդիերեն է, թարգմանաբար նշանակում է՝ «Ո՞վ ենք մենք, եզդիներն ենք»։ 
  •  Մեկ այլ դեպքում CNN-ի թուրքական ծառայությունը՝ CNN TÜRK-ը, 8-րոպեանոց նյութ էր պատրաստել Արցախում «կռվող» ՔԱԿ զինյալների մասին։ Ռեպորտաժի ընթացքում հրապարակվել էին կադրեր` իբրև ՔԱԿ զինյալները «ԱՍԱԼԱ»-ի հետ համատեղ կռվում են Արցախում։

Իրականում լրատվականը Կոլումբիական ազգային բանակի (FARC) դրոշը շփոթել էր ՀՀ եռագույնի հետ։ Իսկ ցուցադրվող լուսանկարն արվել էր դեռևս 2014-ին։ 

Գ․ Միջազգային մարդասիրական իրավունքը խախտվել է երկկողմանի

Հոկտեմբերի 22-ին TRT Haber-ը գրեց Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ կիրառվող արգելված զինատեսակների մասին։ Այս պնդումը հետագայում հաստատվեց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների՝ Amnesty International-ի և Human Rights Watch-ի կողմից։ Նոյեմբերին Ադրբեջան կատարած այցի ընթացքում Human Rights Watch-ի հետազոտողները գրանցել էին կլաստերային զինամթերքի օգտագործման 4 դեպք երեք շրջաններում (Թարթառ, Բարդա, Գերեմբոյ): Դրանց հետևանքով զոհվել է առնվազն 7 քաղաքացի, վիրավորվել է մոտ 20 մարդ։ 

Խնդիրն այն է, որ լրատվամիջոցը որևէ կերպ չի անդրադարձել Ադրբեջանի կողմից ավելի վաղ կիրառված կասետային ռումբերին, որոնց մասին Amnesty International-ին ահազանգել էր դեռևս հոկտեմբերի 5-ին։ 2020-ի հոկտեմբերին Արցախում իրականացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը ևս փաստագրել էր Ադրբեջանի կողմից կասետային զինամթերք օգտագործելու դեպքեր։ Ըստ Amnesty International-ի՝ հունվարի 13-ին հրապարակված զեկույցի՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմում զոհվել է 52 քաղաքացիական անձ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքական լրատվականը ընտրողաբար է վերաբերում փաստերին։

ՄԱԿ-ի՝ Կասետային զենքի կիրառման վերաբերյալ կոնվենցիան համաձայնեցվել է 2008 թվականին՝ Դուբլինում։ Առ այսօր ավելի քան 100 երկիր միացել է այս փաստաթղթին, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը կասետային զինամթերքի կիրառումն արգելող կոնվենցիան չեն ստորագրել։

Ամփոփելով թուրքական և ռուսական պետական երկու լրատվամիջոցների թեմատիկ հոդվածների ուսումնասիրությունը՝ նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմի 44-օրերին TRT Haber-ն ու РИА Новости-ն հավասարակշիռ լուսաբանում չեն իրականացրել։ Երկու լրատվամիջոցներն էլ այս կամ այն կերպ աջակցել են հակամարտության կողմերից մեկի տեղեկատվական քաղաքականության վերարտադրությանը, երբեմ նաև՝ ապատեղեկատվությունների տարածմանը։ Սակայն եթե РИА-ի դեպքում դիրքորոշմն արտահայտվում էր անուղղակի կերպով, ապա Haber-ի պարագայում դա արվում էր անթաքույց։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *