2021.03.18,

Ստուգված է

Բռնություններից պաշտպանող կոնվենցիաները հակահայ դարձնողները

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Նախորդ իշխանության ստորագրած Ստամբուլյան և Լանսարոտեի կոնվենցիաների վավերացման գործընթացները նոր իշխանությանը պիտակավորելու առիթներ դարձան։ Կոնվենցիաները ներկայացվում էին որպես վտանգ ազգային ինքնության, ընտանեկան արժեքների և երեխաների համար։ 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» (ՄՆԿ) 2020-ին կատարել է հետազոտություն՝ ուսումնասիրելով նույն տարվա ընթացքում՝ մինչև պատերազմը Հայաստանում օրակարգային 3 թեմա՝ կորոնավիրուս, Արցախյան հիմնահարց և Լանսարոտեի կոնվենցիա։ 

Мedia.am-ն ուսումնասիրել է այս հետազոտության շրջանակում դիտարկված 3 կայքի՝ News.am, Tert.am, 168.am-ի ստեղծած բովանդակությունը «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի մասով՝ պարզելու համար, թե ովքե՞ր, ի՞նչ շեշտադրումներով, ինչպե՞ս էին մոլորեցնում հանրությանը։ Նույն մեթոդաբանությամբ մենք ուսումնասիրել ենք հետազոտության մեջ տեղ չգտած Ստամբուլյան կոնվենցիայի մասին հրապարակումները նույն կայքերում։

Եթե կարդալու ժամանակ չունես․ ի՞նչ ենք պարզել

  • Լանսարոտեի կոնվենցիայի լուսաբանումը մեծամասամբ ֆրեյմավորում էր կոնվենցիան՝ որպես երեխաներին սեռականորեն այլասերող։ Դրա վավերացման գործընթացն ուղեկցվում էր ապատեղեկատվություններով։ Օրինակ, լուր էր տարածվում, իբրև Երևանում երեխաներին օրգազմի մասին գրքեր են բաժանում։ 
  • Կոնվենցիայի մասին կարծիք հայտնողները թե՛ մասնագիտական համայնքից էին, թե՛ քաղաքական գործիչներ։ Վերջինների թվում էր ստորագրման փուլում այս կոնվենցիային դրական գնահատական տված նախկին երկու նախարար, որոնք դեմ էին արտահայտվում դրան վավերացման փուլում։ 
  • Լանսարոտեի կոնվենցիայի վերաբերյալ բացասական վերաբերմունքն արտահայտվում էր լրագրողական նյութերում՝ լրագրողների կողմից։ Այս երևույթը նկատվում էր նաև Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում․ ընդդեմ կոնվենցիայի ասուլիս էին տալիս BlogNews.am և Politik.am կայքերի ղեկավարները։
  • Թեև Լանսարոտեի կոնվենցիայի ֆրեյմավորումը հիմնականում տեղական նարատիվներով էր, բայց թե՛ Լանսարոտեի, թե՛ Ստամբուլյան կոնվենցիաների դեպքում ռուսական քարոզչական որոշ թեզեր հասել են Հայաստան։ Դրանք հիմնականում Սորոսի և գունավոր հեղափոխության նարատիվների մասն էին։
  • Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արտահայտվողների մեջ ակտիվ էին թե՛ հայտնի քաղաքական կուսակցությունները, թե՛ մարդ-կուսակցությունները։ Խոսվում էր դրա ապազգային բնույթից։ Որոշները օրակարգ էին բերում սեռական փոքրամասնության թեման։
  • Կոնվենցիան դրվում էր Սահմանադրական փոփոխությունների համատեքստում, իբրև այդ փոփոխությունների արդյունքում ձևավորվելու է իշխանություններին հնազանդ ՍԴ, և առանց խոչընդոտ վավերացվելու է այս կոնվենցիան և ստորագրվելու են այլ խնդրահարույց փաստաթղթեր։ Որոշ փորձագետների մեկնաբանությունները մեկը մյուսից առանձնապես չէր տարբերվում։

Լանսարոտեի կոնվենցիայի քննարկումը թեժացավ մայիսի կեսին․ ի՞նչ է բացահայտել հետազոտությունը

«Ապատեղեկատվության տարածման օրինաչափությունները հայաստանյան առցանց մեդիայում» հետազոտության մեջ 2020-ի մայիս-հունիս ժամանակահատվածում ուսումնասիրվել է մեծ լսարան ունեցող երեք լրատվամիջոցի՝ News.am, Tert.am, 168.am-ի հրապարակումները։ 

Լանսարոտեի կոնվենցիայի թեմայով 78 նյութ է գտնվել Rumors Monitoring գործիքի օգնությամբ։ Դրանց բովանդակության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ կոնվենցիայի ֆրեյմավորումները հայաստանյան մեդիա նարատիվների մաս են, այսինքն, դրանց սկզբնաղբյուրներն օտարերկրյա ծագման չեն։ Հրապարակումների զգալի մասը՝ 39%-ը, արտատպվել է այլ աղբյուրներից, 26%-ում հեղինակը կամ աղբյուրը նշված չի եղել։

Ուսումնասիրված հոդվածների գերակշիռ մասը հիմնված է եղել երրորդ անձի կարծիքի/ մեկնաբանության վրա և միայն 5%-ն է պարունակել լրագրողի կամ լրատվամիջոցի կողմից վերլուծություն։ 

Կոնվենցիան մեծամասամբ ֆրեյմավորվել է՝ որպես երեխաներին սեռականորեն այլասերող։ Ավելին, նյութերի 30%-ի հիմնական ուղերձը հենց սա է եղել։ Բացի այդ եղել են երեխաներին բռնության ենթարկելու և նրանցում նույնասեռականություն քարոզելու վերաբերյալ ուղերձներ։ 

Լանսարոտեի կոնվենցիա․ ի՞նչ ուղերձների էր հարթակ տրամադրվում և ի՞նչ ուղերձներ էին ուղարկում լրատվականները

Եթե լրատվամիջոցները այն հաճախ բնութագրում էին որպես «խնդրահարույց կոնվենցիա», ապա պատգամավոր Գևորգ Պետրոսյանը այն անվանում էր «խուժան կոնվենցիա»։ 

Լանսարոտեի կոնվենցիան բնութագրելու համար օգտագործված բառերը

Կոնվենցիայի վավերացման գործընթացն ուղեկցվում էր ապատեղեկատվություններով։ Օրինակ, լուր էր տարածվում, իբրև Երևանում երեխաներին օրգազմի մասին գրքեր են բաժանում։ Չնայած լուրը կեղծ էր, բայց սա կապեցին կոնվենցիայի հետ և այն դարձավ քաղաքական շահարկման նյութ։ 

Թեև իշխանական թևը՝ պատգամավորներից մինչև վարչապետ, պարզաբանում էին, որ կոնվենցիան երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու նպատակն ունի, բայց դրանք բավարար ծավալով չէին։ Սա արձանագրել է Հայատասնի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում է լուսաբանումներին՝ կոնվենցիայի վերաբերյալ նյութերի միայն 23%-ում է դրա վերաբերյալ փաստահեն ֆրեյմավորում առկա։ 

Կարդալով 78 նյութը` մենք դրանք դասակարգեցինք երեք խմբով՝ դրական, բացասական և չեզոք։

Մեր դիտարկած 3 լրատվամիջոցում տեղ-տեղ ընդգծվում էր լրագրողի/ խմբագրության մոտեցումը։

News.am-ի այս նյութում արտահայտվում է լրագրողի վերաբերմունքը՝ «․․․ի՞նչ երաշխիք կա, որ խնդրահարույց բովանդակությամբ նյութերը չեն ներմուծվի դպրոցներ և հանրությանը հայտնի ոչ ավանդական սեռական կողմնորոշման ջատագով ՀԿ-ները երեխաների սեռական պաշտպանության քողի տակ չեն մտնի դպրոցներ և չեն  «լուսավորի» երեխաներին՝ նրանց ակամա խոցելի դարձնելով․․․»։

Մեկ այլ նյութում ասվում է՝ «․․․ կոնվենցիան, շատ փորձագետների համոզմամբ, հակառակ էֆեկտը կարող է ունենալ»։ Անհասկանալի է, թե ինչպե՞ս է որոշվել համամասնությունը և ի՞նչ մասնագետների մասին է խոսքը։

168.am-ի լրագրողը՝ առանց հստակեցնելու, թե ովքեր են ասողները, հարց է տալիս․ – «Ասում են, որ Եվրոպայից գալու են տեղի մասնագետներին վերապատրաստելու, որպեսզի համապատասխան դասերն անցկացվեն։ Ո՞ր մասնագետը պետք է և կարող է վերապատրաստվել ու այդ արտաժամյա դասերին երեխաներին նորմալ հասցնել ինֆորմացիան։ Կադրերի խնդիր չի՞ առաջանա»։ 

Իսկ կայքի սյունակագիրներից Վահե Հայկունին «Գունավոր հեղաշրջման 2 տարին» նյութում պնդել է՝ «Ամեն կերպ Փաշինյանը և իր թավշյա թիմը վարել են այլասերության քարոզ: Մշակվել և քայլ առ քայլ ձևավորվել են պղծությունը շրջանառության մեջ դնելու օրենսդրական հիմքեր: Որպես վառ ապացույց՝ վերջերս Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումն ԱԺ-ում և ստորագրումը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից»։ 

Tert.am-ը վերատպել է ArmNews հ/ը-ի մեկնաբան Աբրահամ Գասպարյանի միտքը, թե «արդյո՞ք նորմալ կընդունենք, որ մեր 6 տարեկան երեխան դպրոցից գա տուն ու հարցնի՝ հայրի՛կ, մենք իմացանք, որ տղայից ու աղջկանից բացի կա 3-րդ սեռ»։ Գասպարյանը հռետորական հարցի միջոցով արտահայտում է իր կասկածները՝ «Բայց ո՞վ կերաշխավորի, որ նման կրթական ծրագրեր դպրոցներ չեն թափանցի զարտուղի ճանապարհներով, այսինքն՝ մի փոքր սպասեն, թեման դուրս գա օրակարգից ու այսպես կոչված՝ մասնագետի կամ մանկավարժի նման կոչում ունեցողները չմտնեն դպրոց»:

Այս երկու լրատվականները պատկանում են «Քառյակ մեդիա»-ին, որը հիմնադրել են ՀՀԿ-ական նախկին 4 պատգամավոր։

Ովքե՞ր են փորձագետները և ի՞նչ կապեր ունեն

Տեքստային վերլուծության արդյունքում մենք պարզեցինք, որ երկու կոնվենցիան մեկնաբանել են քաղաքական գործիչներ,  քաղտեխնոլոգներ, իրավաբաններ, տարբեր նախաձեռնությունների անդամներ, լրատվականների ղեկավարներ, հոգևորականներ, հոգեբաններ, սեքսոլոգներ, նաև կենսաբան և այլք։ 

Լանսարոտեի կոնվենցիայի մասին հրապարակումների 31%-ը եղել է քաղաքականություն, իսկ 24%-ը՝ իրավունք և հասարակություն խորագրի տակ։ Ըստ ՄՆԿ հետազոտության՝ դիտարկված հրապարակումների գրեթե կեսը քաղաքական ուղերձներ է պարունակում։ 

Tert.am-ի վերատպած մի քանի նյութից տպավորություն է ստեղծվում, թե հանրությունը՝ որպես ամբողջություն, դեմ է կոնվենցիային․

  • Փաստ թերթ․ – «Բոլորովին վերջերս ընդունվեց հայտնի Լանզարոտեի կոնվենցիան, որը բուռն հակազդեցություն է առաջացրել հանրության մեծամասնության շրջանում»։
  • Միքայել Մինասյան, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի դստեր ամուսին․ – «Լանզարոտի պայմանագիրը, որին դեմ էր հանրությունը, արդյոք պետք էր անցկացնել արտակարգ դրության պայմաններում»։

Նույն կայքը քննարկման նյութ է դարձնում կոնվենցիայի «վտանգը», իբրև դրա շահագրգիռ կողմը սեռական փոքրամասնության համայնքն է։ 

  • Քահանա․ – «Կարևոր է՝ ով է երեխայի սեռական դաստիարակությամբ զբաղվելու. եթե պետք է զբաղվի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը լծված կազմակերպություն, վտանգներն ակնհայտ են»։
  • Ծովինար Կարապետյան, փաստաբան․ – «ԼԳԲՏ անձանց քարոզով աչքի ընկնող անձինք են այս կոնվենցիայի ջատագովները»։ Վերջինս՝ առանց որոշակիացնելու, ասել է, թե կոնվենցիան վավերացրած եվրոպական մի շարք երկրներում կոնվենցիայի ջատագովները «հետագայում բացահայտվել են որպես մանկապիղծներ»։ 

Աղմկոտ հայտարարություններ էին կատարում 168.am-ի հետ զրուցած մասնագետները․

  • Նարինե Ներսիսյան, սեքսոլոգ. – «Առաջին դասարանում սեռական բռնության մասին դասավանդելը նույնն է, որ մտնես առաջին դասարան ու սկսես խոսել մարդասպանների մասին»։
  • Լևոն Նազարյան, Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ․ – «․․․ես կարծում է, որ այս կոնվենցիան կապ ունի սեքս ինդուստրիայի հետ, որով հնարավոր կլինի փող աշխատել»։
  • Կարինե Նալչաջյան, հոգեբան․ – «Դա նույն վտանգներն է պարունակում, ինչ Ստամբուլյան կոնվենցիան. թիրախավորված են երեխաները, երեխաների հոգեսեռական առողջությունը»:

Նախաձեռնություններ և քաղաքական գործիչներ 

? 2008-ին Կարինե Նալչաջյանը պարտվել է դատական գործ։ Նա դասախոս-գործընկերոջ մասին ԵՊԼՀ ռեկտորին կեղծ տեղեկություններ է ներկայացրել։ Իսկ 2008-ի ընդդիմության հավաքները համարել է «նյարդալեզվաբանական պլանավորման արդյունք»։

Նալչաջյանը միացել է «Ազգային արժեքների պաշտպանության» նախաձեռնությանը, որի անդամ է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։ Հենց Դանիելյանի պաշտոնավարման օրոք կառավարությունը ստորագրել է Լանսարոտեի կոնվենցիան՝ հիմնվելով նաև նրա՝ որպես նախարար տված դրական գնահատականի վրա։ Այս կոնվենցիայում Դանիելյանը միայն տարիներ հետո է ռիսկեր տեսնում և սխալ պնդում կատարում դրա մասին։

 

? Որպես նախարար Լանսարոտեի կոնվենցիայի դրական գնահատական տվել է նաև նախկին ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը։ Այս գնահատականը տալուց տարիներ հետո էր բովանդակային հարցեր բարձրացնում՝ «հեքիաթից ու կաթից նոր կտրված երեխաներին պետք է սեռական շահագործումից պաշտպանվելու մասին սովորեցնե՞ք, էլ ուրիշ բան չկա՞»։

? Ընդդեմ կոնվենցիայի հայտարարություններ էին կատարում և ակցիաներ իրականացնում տարբեր նախաձեռնություններ։ Դրանցից է «Հայկական արժեքների պաշպանության «Կամք» հասարակական նախաձեռնության»։ Սրա մասին՝ ստորև։

Ստամբուլյան կոնվենցիա․ բովանդակությունից անցում քաղաքական համատեքստ

Լանսարոտեի կոնվենցիայի քննարկումներում հիշատակվում էր Ստամբուլյան կոնվենցիան։ Թեև այն ներառված չէ ՄՆԿ հետազոտության մեջ, բայց մենք որոշեցինք ուսումնասիրել նաև դրա մասին լուսաբանումները։ Պատճառն այն է, որ երկու կոնվենցիան էլ լայն քննարկման նյութ էր, դրանք դիտարկվում էին որպես փոխկապակցված վտանգավոր երևույթներ և ապատեղեկատվությունների առիթն էին ամիսներ շարունակ։ 

Նույն մեթոդաբանությամբ, նույն 3 կայքից ներբեռնել ենք Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով հրապարակումները երկու ժամանակահատվածի համար։ Դրա շուրջ քննարկումներն ակտիվացան Լանսարոտեի կոնվենցիայի վավերացման և Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համատեքստում։ 

Ովքե՞ր և ինչպե՞ս էին մեկնաբանում կոնվենցիան 

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արշավը սկսվել է ավելի վաղ՝ դեռ մինչև 2018-ի  հեղափոխությունը։ Եթե 2019-ին դրա վավերացման շուրջ քննարկումներում բովանդակային կողմը ևս առարկա էր, ապա 2020-ին բովանդակային քննարկում գրեթե չկար։ Այն դրվում էր Սահմանադրական փոփոխությունների համատեքստերում, իբրև այդ փոփոխությունների արդյունքում լինելու է իշխանություններին հնազանդ ՍԴ, և առանց խոչընդոտ վավերացվելու է այս կոնվենցիան և ստորագրվելու են այլ խնդրահարույց փաստաթղթեր։

Այս թեմայով մեկնաբանություններ էին տալիս լրատվական հարթակների ղեկավարները։ BlogNews․am-ի և Politik.am-ի հիմնադիրները ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների և Ստամբուլյան կոնվենցիայի ասուլիս էին տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քրոջ՝ Անժելա Թովմասյանի մամուլի ակումբում՝ նրա համակարգմամբ։ Հիշեցնենք, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Թովմասյանը զրկվելու էր ՍԴ նախագահի պաշտոնից։

Կուսակցություններ և նախաձեռնություններ

Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արտահայտվողների մեջ ակտիվ էին թե՛ հայտնի քաղաքական կուսակցությունները, թե՛ մարդ-կուսակցությունները։ Խոսվում էր կոնվենցիայի ապազգային բնույթից։ Որոշները օրակարգ էին բերում սեռական փոքրամասնության թեման։

  • «Համերաշխություն» կուսակցություն․ – «Սահմանադրական հանրաքվեն է, որի բուն նպատակն է ժողովրդի անունը շահարկելով ճանապարհ բացել մեր հասարակության ձեռքերով […] Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման, ԼԳԲՏ համայնքի կայացման համար․․․»։
  • «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է արել «դադարեցնել Ստամբուլյան կոնվենցիայի այլասերված բարքերի հաստատման գործընթացը Հայաստանում և Արցախում»։
  • Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ անդամ․ – «Այո ասելով հանրաքվեին՝ այո եք ասելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, տրանսգենդերության քարոզին, բացարձակ բռնապետության հաստատմանը։ Սա Փաշինյանի հերթական կեղծ օրակարգն է»:
  • Արթուր Վանեցյան, «Հայրենիք» կուսակցություն․ – «Ստամբուլյան կոնվենցիայի պատճառով մեր սովորական քաղաքացիները, իրենց տանը նստած, սթրես են ապրում: Իրենք չեն հասկանում, որ այդ Ստամբուլյան կոնվենցիան ընդունվեց, ոնց է լինելու, իրենց երեխան ինչ է անելու»։

Այս առիթով «Մարդու իրավունքների տուն Երևան» ՀԿ-ն հայտարարություն է տարածել։ Կազմակերպությունն արձանագրել է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, կապելով նման զգայուն հարցերի հետ, «միտումնավոր կերպով տագնապային և թշնամական միջավայր են ստեղծում առցանց տիրույթում և հանրային տրամադրություններում, փորձում են լուծել սեփական քաղաքական և նեղ անձնական շահերը՝ զգայուն թեմաների մանիպուլյացիաների միջոցով»:

  • «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը հայտարարել է, թե «շնորհիվ այս պայքարի՝ այսօր չկա այն գործիչը, որը պատրաստ է Ստամբուլյան  կոնվենցիան ձեռքը մտնել Ազգային ժողով»։ Ծայրահեղ աջ պահպանողական այս նախաձեռնությունը ստորագրահավաք էր սկսել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի։ Որոշ դեպքերում դրա անդամները բռնության էին ենթարկում ստորագրել չցանկացող քաղաքացիներին։ 

Վահագն Չախալյանը ծնունդով Ջավախքից է։ Նա Վրաստանում 2008-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ զենք-զինամթերքի ձեռքբերման և պահպանման, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության և իշխանության ներկայացուցչի դեմ կատարած խուլիգանության համար: Նա առաջադրված մեղադրանքները չի ընդունել։ Ազատ է արձակվել համաներմամբ՝ 2013 թվականին։

Ձևակերպումների կրկնություններ

Սահմանադրական փոփոխությունների համատեքստում դրված Ստամբուլյան կոնվենցիայի մասին մեկնաբանությունները փորձագետից՝ փորձագետ, քաղաքական գործչից՝ մեկ այլ գործիչ առանձնապես չէր տարբերվում։ Մեր նկատած դեպքերում բոլորը սա կապում էին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, Արցախի հիմնախնդրի զարգացումների, որոշները նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի հետ։

Կրեմլյան նարատիվներ

Թեև Լանսարոտեի կոնվենցիայի ֆրեյմավորումը հիմնականում տեղական նարատիվներով էր, բայց թե՛ Լանսարոտեի, թե՛ Ստամբուլյան կոնվենցիաների դեպքում ռուսական քարոզչական որոշ թեզեր հասել են Հայաստան։ Դրանք հիմնականում Սորոսի և գունավոր հեղափոխության նարատիվի մասն էին։

1️⃣ News.am-ը վերահրապարակել է «Գոլոս Արմենիի»-ի «Ազգային ուժերին դիմակայում է ազդեցության գործակալների բանակը» վերնագրով նյութը։ «․․․ այսօր հասարակության մեջ իսկական ջրբաժանն անցնում է իշխանազրկված ազգային էլիտայի և ազդեցության գործակալների միջև, որոնք օկուպացրել են կառավարման գրեթե ողջ համակարգը․․․», – գրված է հոդվածում։ 

Նյութը շրջանառում է դավադրության տեսություններ, թե «Սորոսը ֆինանսավորել է ՀՀ հասարակական կազմակերպությունները Իլհամ Ալիևի փողերով»։ Տեղեկություն է տարածում, իբրև «ֆինանսական սպեկուլյանտի հիմնադրամների» մասնաճյուղերը դադարեցրին իրենց գոյությունը նաև ԱՄՆ-ում, ինչը իրականությանը չի համապատասխանում։

Ըստ թերթի՝ նույն «սորոսականները» կողմ են կոնվենցիայի վավերացմանը։ Հարկավոր է օրենք Հայաստանում օտարերկրյա գործակալների ցանցի մասին․ նման օրենք գործում է Ռուսաստանում։

«Գոլոս Արմենիի»-ն ստեղծվել է 1991 թվականին՝ «Կոմունիստ» թերթի հիմքի վրա։ Թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացել է «Մովսես Խորենացու մեդալ», իսկ Սերժ Սարգսյանից՝ ՀՀ վաստակավոր լրագրող կոչում։

2️⃣ Ռուսական քարոզչական ձևակերպումներ և նարատիվներ է շրջանառում 168.am կայքի սյունակագիր Վահե Հայկունին։ Ըստ նրա՝ «ակնհայտ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունն ամեն կերպ փորձում է բավարարել համասեռամոլների շահերը»: Դրա համար էլ ցանկանում են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։

Հայկունու հեղինակած մոտ 30 նյութից 6-ի վերնագրում կիրառել է «գունավոր հեղաշրջում» արտահատությունը։ Այլ նյութերում ևս այս արտահատությունը կա։ Սա կրեմլյան ձևակերպում է, իսկ հեղինակի՝ դեպի Կրեմլն ունեցած համակրանքը երևում է նրա նյութերում։

Օրինակ, Ռուսաստանի Սահմանադրական փոփոխությունները համարում է «իրապես հեղափոխական քայլ»։ Նա դրանում տեսնում է ինքնիշխանության լիակատար վերականգնում, որին հակադրում էր Հայաստանի «պետական համակարգը բռնազավթած օտարերկրյա գործակալական ցանցին»։ Սակայն, հեղինակը ոչ մի բառ չի ասել «զրոյականցաման» մասին, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հնարավորություն է տալիս շարունակել պաշտոնավարել մինչև 2036 թվական։

Մեկ այլ նյութում Վահե Հայկունին համարում է, որ 2018-ին «գունավոր հեղափոխությունների զոհ դարձած երկրների շարքին միացավ նաև Հայաստանը»։ Ասում է, որ «փորձագիտական որոշ շրջանակներ» Հայաստանում տեղի ունեցող գործընթացները գնահատել են որպես «օկուպացիա»։ Նույն տերմինը կիրառված էր «Գոլոս Արմենիի»-ի նյութում։

3️⃣ Օտարերկրյա գործակալներ որոնելու գործով է զբաղվում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, PR մասնագետ Նարեկ Մալյանը և նրա «ՎԵՏՕ» շարժումը։

News.am-ը գրել է նրա՝ Մոլդովայում կայացած ասուլիսի մասին, որի թեման է` «Օլիգարխ Ջորջ Սորոսի ցանցի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները. հայկական փորձը»։ Ըստ Մալյանի՝ Սորոսը Հայաստանի խորհրդարանում իր սեփական խմբակցությունն ունի։ Իսկ Ստամբուլյան կոնվենցիան համարում է «պետության ու երեխաների դեմ»։ Ըստ նրա՝  ՍԴ այդ ժամանակվա կազմը այն չէր վավերացնի, դրա համար էլ ցանկանում էին կազմը փոխել։

Այսպիսով, կարող ենք ասել, որ երկու կոնվենցիայի թեմայով  168.am, news.am, tert.am կայքերի ստեղծած  և տարածած բովանդակության մեջ կոնվենցիաները քաղաքականացվել են։ Հաճախ շրջանցելով բովանդակությունը՝ շահարկվում էին առանձին դրվագներ։ Դրանցում տեսնում էին ռիսկեր անգամ կոնվենցիաներին հավանություն տված նախկին պաշտոնյաները և դրանք ստորագրած քաղաքական ուժը։ Թեև Լանսարոտեի կոնվենցիայի շուրջ նարատիվները տեղական էին, բայց Ստամբուլյան կոնվենցիայի մասով դաշտ թափանցել էր նաև կրեմլյան քարոզչությունը։

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *