2024.12.31,

Քննադատ

Media.am-ում տարվա ընթացքում հրապարակված պատմությունների սուբյեկտիվ ցանկ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

2024-ի ընթացքում Media.am-ում հարյուրավոր պատմություններ ենք պատմել՝ լրագրողների աշխատանքի, տեխնոլոգիաների ու մեդիայի, օրենսդրական փոփոխությունների, մեդիա էթիկայի, փաստերի ստուգման ու մեդիագրագիտության թեմաներով։  

Տարվա ավարտին՝ վերանայելով մեր աշխատանքը, առաջարկում եմ վերընթերցել կամ նորից դիտել մեր մի քանի պատմությունները։ 

Դեպքի վայրում․ Կարինե Սիմոնյան 

«Դեպքի վայրում» շարքը պատմում է արտակարգ իրավիճակներում՝ պատերազմի, բնական աղետների, հանրահավաքների ու բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների աշխատանքի, նրանց էթիկական երկընտրանքների ու իհարկե՝ որակյալ լրագրության մասին։ 

Ազատություն ռադիոկյանի Լոռու և Տավուշի մարզերի թղթակից Կարինե Սիմոնյանի աշխատանքը նկարահանել ենք, երբ նա 2024-ի մայիսին Դեբետ, Աղստև և Տաշիր գետերի վարարումների հետևանքով աղետի գոտու վերածված տարածքներում էր։ Կարինեն ինքը Լոռու մարզից է ու ասում էր, որ իր համար նման իրավիճակներում ամենադժվարը չեզոքություն պահպանելն ու էմոցիաները կառավարելն է եղել։ 

Ինչու «Լուրերը» թղթակից չի ուղարկել Կիրանց․ Հանրայինի բացատրությունը 

2024թ․-ի իրադարձությունների շարքում առանձնանում էր սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների բողոքը։ Սկզբում բողոքի կենտրոնը Կիրանցն էր, հետո այն տեղափոխվեց Երևան ու վերածվեց «Սրբազան շարժման»։ 

Մեր հոդվածում, որտեղ երկու շաբաթվա կտրվածքով մոնիտորինգ էին արել Հանրայինի «Լուրեր»-ի աշխատանքը,  պարզել էինք, որ Հանրային հեռուստատեսության եթերում Տավուշում տեղի ունեցող բողոքի ակցիաները առաջին դեմքով ու առաջին դեմքից ներկայացված չեն եղել,  տեղում թղթակից չի աշխատել, սահմանազատման գործընթացից դժգոհողների խոսքը տեղ չի գտել Հանրայինի «Լուրեր»-ում։ 

«Ես հրաժարվում եմ սերմանել ատելություն, hրաժարվում եմ երազել պատերազմի կամ վրեժի մասին» 

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, ֆեմինիստ Նվարդ Մանասյանի հարցազրույցը Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո բողոքի ցույցերի ու հանրահավաքների ֆոնի վրա հասարակության նոր բևեռացման թեմայով՝ հիմա էլ շատ արդիական է։ 

«Ես հրաժարվում եմ սերմանել ատելություն ու երազել պատերազմի կամ վրեժի մասին: ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ: Ես գիտեմ այդ ամենի գինը հայրիշխանական համակարգում ապրած կնոջ ողնաշարով:»,- ասել էր հարցազրույցում Նվարդ Մանասյանը։ 

ՄԱԿ-ում Հայաստանի քարտեզների պատմությունը 

2024-ի ապրիլին հայաստանյան քաղաքական և մեդիա դաշտն ակտիվորեն քննարկում էին, թե ինչու են Հայաստանի նախկին իշխանությունները ՄԱԿ-ին քարտեզներ ուղարկել, որոնցում ներառված չէ Լեռնային Ղարաբաղը, իսկ Տիգրանաշենը նշված է որպես ադրբեջանական անկլավ: Մեր փաստերի ստուգման թիմը պարզել էր, որ ՄԱԿ-ի կայքում հրապարակված այդ քարտեզների հեղինակը Հայաստանը չէ։ 

«Հումորային տեսանյութերը գռեհիկ ու վիրավորական արտահայտություններ են նորմալիզացնում» 

Բլոգեր Արփի Գրիգորյանի հոդվածը պատմում է այն մասին, թե ինչպես են հայկական տիրույթում հումորային տեսանյութերը նորմալիզացնում բռնությունը: Արփին իր բլոգում կիսվում է իր մանկական տրավմաներով ու գիշերօթիկ դպրոցում ապրելու փորձով։ Նա առաջին դեմքով խոսում է սոցիալական մեդիայում ազդեցիկ մարդկանց սոցիալական պատասխանատվության մասին։ 

Անգրագետ մեդիագրագիտություն. Հայաստանյան know-how  

Մեր սյունակագիր Սամվել Մարտիրոսյանը սովորաբար գրում է կիբեռանվտանգության թեմաներով։ Սակայն այս հոդվածը Հայաստանում մեդիագրագիտության թեմայով մի առանցքային խնդրի մասին է։ Մեդիագրագիտության հիմքը կրթությունն է։ Սամվելը նկատել է, որ մենք «որպես պետություն կրթության հանդեպ ունենք շատ ցածր պահանջներ․․․ 
․․․անգրագիտության հիմքի վրա կառուցում ենք մեդիագրագետ հասարակություն։ Անձրևի ժամանակ ասֆալտ փռել արդեն սովորել ենք, մնում է սրան էլ հասնենք»։ 

Հետաքննական լրագրություն․ կասկածելի փոխանցումներ ՔՊ-ի քարոզարշավին 

«Գրադարանում» շարքի հյուր, «Ինֆոքոմ»-ի լրագրող Լյուսի Մանվելյանը պատմում է, թե ինչպես են իրենք բացահայտել, որ Երևանի ավագանու ընտրություններում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։ 

Զրույցն այն մասին է, թե ինչպես են լրագրողներն իրականացրել լրագրողական հետաքննությունը։ Այն որակյալ լրագրության ազդեցիկության ու լրագրողների թիմային աշխատանքի մասին է։ 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *