2024.05.08,

Նյուսրում

Ինչու «Լուրերը» թղթակից չի ուղարկել Կիրանց․ Հանրայինի բացատրությունը

author_posts/marianna-danielyan
Մարիաննա Դանիելյան

լրագրող

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողներին սահմանափակ ինֆորմացիա է հաղորդել Տավուշում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման որոշման դեմ տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ։ 

Դիտարկելով ապրիլի 20-ից մինչև մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Հանրայինի «Լուրերի» գլխավոր ու կիրակնօրյա թողարկումները՝ կարելի է արձանագրել, որ հեռուստաընկերությունը լրագրողական խումբ չի գործուղել Տավուշ, տեղում թղթակցական կետ չի ունեցել և տեղում չի հետևել իրադարձությունների զարգացմանը։ 

Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների բողոքը, սահմանազատման գործընթացի վերաբերյալ նրանց անհամաձայնություններն ու անհանգստությունները, տեղացիների կարծիքն ու պատմությունները Հանրայինի եթերում առաջին դեմքով ու առաջին դեմքից ներկայացված չեն եղել։ 

Երկու շաբաթից ավել անցկացվող ցույցերին, բողոքի ու անհնազանդության ակցիաներին Հանրայինը հիմնականում անդրադարձել է պետական գերատեսչությունների հայտարարությունների միջոցով։ Հաճախ ներկայացվել է բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիների մասին ինֆորմացիա՝ հղում անելով Ոստիկանությանն ու Քննչական կոմիտեին։

Դիտարկված ժամանակահատվածում միայն ապրիլի 25-ին է Հանրայինի լրագրողական թիմը ռեպորտաժ պատրաստել, որտեղ ներկայացրել է օրվա ընթացքում Տավուշում, Երևանում և Հայաստանի մյուս բնակավայրերում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընդհանուր քրոնիկան։

Մյուս բոլոր օրերին հեռուստաընկերությունը սահմանափակվել է պաշտոնական գերատեսչությունների կամ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները հաղորդավարական խոսքով ներկայացնելով կամ այլ լրատվամիջոցների նկարահանած կադրերն օգտագործելով՝ համառոտ տեղեկություն է տրամադրել օրվա ընթացքում կատարվածի մասին։  

Տավուշի բնակիչների մեկնաբանությունները, նրանց անհանգստություններն ու պահանջները տեղ չեն գտել նաև «Լուրերի»՝ ապրիլի 28-ի կիրակնօրյա թողարկման ընթացքում՝ սահմանազատման ռիսկերի և տարածվող կեղծ լուրերի մասին ռեպորտաժում։ Տասը րոպեից ավելի տևողությամբ կիրակնօրյա ռեպորտաժում լրագրողը երկու քաղաքական վերլուծաբանների օգնությամբ, որոնք երկուսն էլ նույնաբովանդակ կարծիքներ էին արտահայտում, փորձել է ներկայացնել ու վերլուծել իրավիճակը։ Վերլուծաբանների խոսքով` բողոքի շարժումը ներքին գործընթաց չէ և ունի ռուսական ներկայություն։ Նրանք հենց այդ կետից էին վերլուծում քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ օրինակ ցուցարարների կողմից Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու փաստը։   

Մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած իրադարձությունները «Լուրերը» ևս հատվածական է լուսաբանել։

Մայիսի 2-ին նախ սև բերետավորները Կիրանցի 30 բնակչի էին բերման ենթարկել, հետո բերման ենթարկված տեղացիները բողոքել էին, որ նրանց նկատմամբ ուժ է գործադրվել ու իրենք վնասվածքներ են ստացել։ Հաջորդ քայլով ոստիկանները որոշել էին գյուղի մուտքը բացել միայն Կիրանց գյուղի գրանցում ունեցողների համար։   

Այս դեպքերը լուսաբանելիս ևս «Լուրերը» սահմանափակվել է միայն ներկայացնելով պետական գերատեսչությունների հաղորդագրությունները, թե գյուղ տանող ճանապարհը փակվել է՝ Կիրանցում ականազերծման աշխատանքներ իրականացնելու համար։ Նաև նշվել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմումից հետո իրավախախտում կատարած քաղաքացիները ազատ են արձակվել։ Եվ հղում անելով Ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը՝ ասվել է, որ հրապարակումները, թե այդ մարդկանց ոստիկանության բաժին տանելիս ծեծի են ենթարկել, չեն համապատասխանում իրականությանը։  

Դիտարկված ժամանակահատվածի վերջին՝ մայիսի 5-ի կիրակնօրյա թողարկման ընթացքում, նորից առանց կիրանցցիների հետ զրուցելու ու նրանց դիրքորոշումը ներկայացնելու, ռեպորտաժում ասվում է, որ փորձագետները նշում են․ «Տեղի բնակիչները օբյեկտիվ վախեր անհանգստություններ ու լեգիտիմ հարցեր ունեն իրենց տների, իրենց հողերի իրենց անվտանգության և ամբողջ գործընթացի հետ կապված ու չնայած այս հարցերին պատասխաններ են հնչում, բայց հատուկ հրահրված է աղմուկ, որ այդ պատասխանները լսելի չլինեն»։  

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի գնահատմամբ Հանրայինը Տավուշում տեղի ունեցող դեպքերի լուսաբանումը թերի է իրականացրել։ 

«Պետք է ասեմ, որ Հանրայինը շատ վատ է լուսաբանել Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները։ Լուսաբանումը հիմնականում եղել է վերլուծաբանների հետ Երևանում կազմակերպված հարցազրույցների, այլ ոչ թե տեղում պատրաստված ռեպորտաժների միջոցով։ Կարծում եմ, որ ոչ միայն Կիրանցի, այլ նաև մյուս բնակավայրերի բնակիչների վերաբերմունքը, նրանց կարծիքը, Տավուշում տեղի ունեցող անցուդարձը, լրագրողների իրավունքների խախտումները, ոստիկանության գործողությունները պետք է փաստահեն լրագրության կանոններին համապատասխան՝ չեզոք ռեպորտաժների միջոցով ամենօրյա ռեժիմով ներկայացվեր հարկատուներին»,-ասում է Լևոն Բարսեղյանը։ 

Լևոն Բարսեղյանը հիշեցնում է, որ այս խնդիրներին ինքն անդրադարձել է նաև 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանի երթը չէր լուսաբանվում։ 

«Մյուս լրատվամիջոցները տարբեր հարակցություններ, տարբեր խմբագրական քաղաքականություններ ունեն, որոնք հաճախ բխում են սեփականատիրոջ հասարակական-քաղաքական հայացքներից։ Դա է պատճառը, որ այդ լուսաբանումները հաճախ լինում են շատ բևեռացված։ Մինչդեռ հարկատուների տեղեկատվական կարիքները սպասարկելու տեսանկյունից, Հանրայինի բուն առաքելությունն է բազմակողմանի ու չեզոք լուսաբանում ապահովել։ Հանրայինը չուզեց լինել հանրային։ Սա նշանակում է, որ Հանրայինը ներսում լուրջ բարեփոխումների կարիք ունի»,- ասում է «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը։ 

Բարսեղյանի կարծիքով ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնիկական, ո՛չ էլ մասնագիտական ռեսուրսի տեսանկյունից ոչինչ Հանրայինին չէր խանգարում Տավուշում ունենալ թղթակցական կետ ու իրականացնել բազմաբևեռ ու բազմակողմանի լուսաբանում։  

Media.am-ի՝ մայիսի 6-ին ուղարկած գրավոր հարցման պատասխանում, Հանրային հեռուստաընկերությունը նշել է, որ իրենք 2013թ․-ից Տավուշի մարզում թղթակից ունեն, որին, սակայն, «առողջական վիճակի և տարիքի բերումով չենք պատվիրակում այնպիսի իրադարձությունների լուսաբանում, որոնք կարող են ենթադրել ֆիզիկական դիսկոմֆորտի վտանգ»։ 

«Լուրերի» թողարկումներում Տավուշի բնակիչների մասնակցությամբ ռեպորտաժների բացակայությունը, որտեղ նրանք կներկայացնեին իրենց մտահոգող խնդիրներն ու կբարձրաձայնեին իրենց պահանջները Հանրային հեռուստաընկերությունից մեկնաբանում են հետևյալ կերպ․
 

«Տավուշցիների մտահոգություններն ու դժգոհությունները բարձրաձայնվել են վարչապետի տավուշյան 2 այցերի ընթացքում տեղի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ, որոնք մանրակրկիտ և լայնորեն լուսաբանվել են «Լուրերի» թողարկումներում: Իրենց որևէ մտահոգություն եթերից դուրս չի մնացել»։  

Մայիսի 7-ին Հանրայինից ստացված պատասխանում ասվում է, որ իրենք ցավում են, որ «տպավորություն է ստեղծվել, թե «Լուրերը» Տավուշի իրադարձությունները չի լուսաբանում» ու տեղեկացվում է, որ «այսօրվա թողարկումներում և հետագայում էլ անդրադարձեր, բնականաբար, լինելու են: Այս կիրակնօրյա թողարկմամբ էլ կամբողջացնենք խնդիրը»։ 

Արդեն պատասխան նամակը ստանալուց հետո՝ դիտարկելով մայիսի 7-ի «Լուրերի» գլխավոր թողարկումը՝ նորից կարող ենք ասել, որ ոչ թե Հանրայինի լրագրողական խումբն է այցելել Կիրանց, այլ, օգտվելով NewDay.am կայքից, եթեր է հեռարձակել Կիրանց գյուղի վարչական ղեկավարի հարցազրույցը, որտեղ Կամո Շահինյանն ասում է, որ մինչև այդ պահը տեղի ունեցած փաստացի սահմանազատման աշխատանքներից գոհ է, այս պահի ունեցած իրենց տեղեկություններով դրանք իրականացվել են հօգուտ Հայաստանի։ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *