2024.04.16,

Ստուգված է

ՄԱԿ-ում Հայաստանի քարտեզների պատմությունը․ Հայաստանը հեղինակ չէ

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 10-ին, պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե Հայաստանից տարբեր ժամանակներում ՄԱԿ-ին քարտեզներ են ուղարկվել, որոնցում ներառված չի եղել Լեռնային Ղարաբաղը, իսկ Տիգրանաշենը նշված է եղել որպես ադրբեջանական անկլավ:

«Վերջերս հետազոտական կայքերից մեկը քարտեզներ հրապարակեց, որը Հայաստանի Հանրապետությունն ուղարկել էր ՄԱԿ-ին, և, ուզում եմ նշել, որ ՄԱԿ անդամ ցանկացած երկիր իր հայեցողությամբ, իր պատկերացմամբ իր ինքնիշխան տարածքի քարտեզներն ինքն է ուղարկում։ Տարբեր տարիներին ուղարկված քարտեզներում Լեռնային Ղարաբաղը ներառված չի եղել, նաև Տիգրանաշենն է ներառված եղել՝ որպես Ադրբեջանական անկլավ»,- ասաց պատգամավորը և հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի այս խնդրի մասին Նիկոլ Փաշինյանը։

«Պիտի ասեմ, որ այդ թեմայով մեզ մոտ հիմա ծառայողական քննություն է ընթանում, որովհետև մեր մոտ էլ հարց էր առաջացել, թե Հայաստանի Հանրապետության կողմից արդյոք ժամանակին ՄԱԿ-ին տրվել են քարտեզներ հրապարակելու համար, որովհետև մենք տեսնում ենք, որ էդտեղ որոշակի դինամիկա կա և էդ դինամիկան որոշակի հարցեր է առաջացնում, այսինքն քարտեզներում փոփոխություններ են տեղի ունեցել։ Որոշ հարցեր առաջացնում է և էդ հարցերին պետք է պատասխան տրվի։ Եվ էս պահին մենք փորձում ենք պատճառահետևանքային կապը պարզել։ Կարող եմ ասել, որ վերջին նմանատիպ քարտեզը, որը փոխվել է, դա, եթե չեմ սխալվում, 2013 թվին է եղել։ Հիմա մենք փորձում ենք քննություն իրականացնել ու պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ Մի բան կարող եմ ասել, որ շատ տարօրինակ մի փաստ ենք պարզել, որ համենայնդեպս Արտաքին գործերի նախարարությունում այդ քարտեզների ուղարկման հետ կապված ոչ մի տվյալ չի պահպանվել, գոնե էս պահի դրությամբ մենք չենք կարողանում դա գտնել»,- պատասխանեց վարչապետը։

«Ստուգված է»-ն պարզեց, որ քարտեզները, որոնց մասին խոսում էին պաշտոնյաները, իրականում Հայաստանը չի տրամադրել։ Դրանք մշակում է ՄԱԿ-ը։

Ինչ հրապարակման մասին է խոսքը

Պաշտոնյաները խոսում էին «Փաստերի ստուգման հարթակի»՝ ապրիլի 2-ի հոդվածի մասին, որում լրագրողն ուսումնասիրել էր Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր տարիների ընթացքում ՄԱԿ-ում հրապարակված քարտեզները՝ ընդգծելով, որ դրանք տրամադրել է Հայաստանի Հանրապետությունը։

«Միացյալ ազգերի կազմակերպության անդամ պետությունը կարող է իր ինքնիշխան տարածքի քարտեզներ տրամադրել կազմակերպությանը՝ արխիվ մուտքագրելու և շրջանառելու նպատակով։ Ընդ որում, պետությունների կողմից տրամադրված քարտեզները պարտադիր չէ, որ համապատասխանեն ՄԱԿ-ի Քարտեզների հրապարակման ուղեցույցում սահմանված հրահանգներին, քանի որ դրանք վերաբերում են բացառապես կազմակերպության քարտուղարության կողմից առցանց և այլ կրիչների վրա մշակվող քարտեզներին»,- նշված է հրապարակման մեջ։

Նյութին դեռևս ապրիլի 3-ին անդրադարձել էր նաև «Առաջին ալիքը»։ Ռեպորտաժում պատգամավոր Արփի Դավոյանը քննադատել էր նախկին իշխանություններին ՄԱԿ-ին նման քարտեզ տրամադրելու համար։

Ապրիլի 11-ին թեման ուսումնասիրել էր նաև 5-րդ ալիքը։ Լրագրողը խոսել էր ՄԱԿ-ում ՀՀ նախկին արտակարգ դեսպանորդ Ձյունիկ Աղաջանյանի հետ, որը պնդել էր, թե Հայաստանը երբեք նման քարտեզներ ՄԱԿ-ին չի փոխանցել։ Ըստ նրա՝ դրանք հիմնված են Խորհրդային շրջանի քարտեզների վրա։

ՄԱԿ-ի աղբյուրները

Հայաստանի՝ ենթադրաբար ՄԱԿ-ին ուղարկած քարտեզները կարելի է գտնել կազմակերպության կայքի «Ընդհանուր քարտեզներ» բաժնում։ Էջի նկարագրության հատվածում գրված է, որ քարտեզները ստեղծվել են ՄԱԿ-ի կողմից կազմակերպության և ընդհանուր օգտագործման համար։ Ըստ ՄԱԿ-ի՝ նմանատիպ քարտեզներ կազմակերպությունը պատրաստում է 1946 թվականից՝ կազմակերպության ստեղծման տարվանից։

Այս էջում կարելի է գտնել նաև ՄԱԿ-ի կայքում Հայաստանի վերջին քարտեզը՝ հրապարակված 2013 թվականին։ Որպես քարտեզի «հեղինակ»՝ այստեղ ևս նշված է ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունը։

Բացի դրանից, քարտեզների վրա առկա է հատուկ նշում այն մասին, որ ներկայացված քարտեզները, սահմաններն ու բաժանումները պաշտոնական չեն և դրանց՝ կայքում հրապարակված լինելը չի նշանակում, որ ՄԱԿ-ը հաստատել կամ ընդունել է նշված սահմանները։

Ինչպես նշեցինք, ՄԱԿ-ի թվային գրադարանում, որտեղ հրապարակված են քարտեզները, որպես դրանց հեղինակ նշված է ՄԱԿ-ի Քարտեզագրության բաժինը, որն էլ պատրաստել է քարտեզները։

«Փաստերի ստուգման հարթակը», հղում անելով ՄԱԿ-ի քարտեզների և փաստաթղթերի հրապարակման և տարածման ուղեցույցին, նշել էր, որ երկրների կողմից տրամադրված քարտեզները պարտադիր չէ, որ համապատասխանեն սահմանված հրահանգներին, «քանի որ դրանք վերաբերում են բացառապես կազմակերպության քարտուղարության կողմից առցանց և այլ կրիչների վրա մշակվող քարտեզներին»։

ՄԱԿ-ի թվային գրադարանում առկա քարտեզները, սակայն, հենց պատկանում են այդ «առցանց և այլ կրիչների վրա մշակվող քարտեզների» դասին, իսկ ՄԱԿ-ի ուղեցույցի նշումը վերաբերում է երկրների կողմից կազմակերպությանը տրամադրված փաստաթղթերում կցված քարտեզներին։ Մինչդեռ այն փաստաթղթերը, որոնք ՄԱԿ են ներկայացվել որևէ երկրի կողմից, ունեն տվյալ երկրի անունը որպես փաստաթղթի հեղինակ։ Այսպես օրինակ, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի կողմից նախորդ տարվա նոյեմբերին ուղարկված նամակում փաստաթղթի հեղինակ բաժնում նշված է «Armenia»։ Այս հղումով կարելի է գտնել Հայաստանի հեղինակած բոլոր փաստաթղթերը, որտեղ, սակայն, քարտեզներ չկան։ Մինչդեռ այս հղումով կարելի է գտնել 1993-ից 2013 թվականներին ՄԱԿ-ի հրապարակած Հայաստանի քարտեզները։

Այսպես, ՄԱԿ-ի աղբյուրներում չկա որևէ նշում այն մասին, որ երկրները իրենք են տրամադրում քարտեզները, հակառակը, ըստ կազմակերպության՝ ՄԱԿ-ի քարտեզագրության բաժինն է պատրաստում դրանք։ Ուղեցույցում նշվում է նաև, որ Միավորված ազգերի կազմակերպության հրապարակված բազմաթիվ քարտեզներ պատրաստվում են իրենց քարտեզագրական բաժնի կողմից․

«Մյուսներն իրականացվում են արտաքին ընկերությունների կողմից, մշակվում են տեղում, կամ վերցվում են ոչ Միավորված ազգերի կազմակերպության աղբյուր հանդիսացող աղբյուրներից»,- գրված է ուղեցույցում։

Հարցը, սակայն, թե ինչ քարտեզների կամ տեղեկատվության հիման վրա է ՄԱԿ-ի համապատասխան բաժանմունքը պատրաստում այս քարտեզները, մնում է բաց։ Բաց աղբյուրներում չկա տեղեկատվություն՝ արդյոք քարտեզները պատրաստելիս ՄԱԿ մասնագետները համագործակցում են համապատասխան երկրների ղեկավարությունների հետ, թե՝ ոչ։ «Ստուգված է»-ն հարցում է ուղարկել Միավորված ազգերի կազմակերպություն և կթարմացնի նյութը՝ պատասխան ստանալու դեպքում։

ՄԱԿ-ում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչները ևս հերքում են

«Ստուգված է»-ն խոսեց նաև ՄԱԿ-ում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչներից երկուսի հետ՝ Կարեն Նազարյանի (այժմ փոխվարչապետի խորհրդական) և Արմեն Մարտիրոսյանի։ Երկուս էլ հերքեցին, որ իրենց օրոք Հայաստանը ՄԱԿ-ին որևէ քարտեզ է տրամադրել։ Պատասխանները՝ ստորև․

Արմեն Մարտիրոսյան, 2003-2009թթ․

«2003-2009 թվականներին նման բան չի եղել։ Իմ աշխատած ժամանակ նման բան չի եղել։ Ես ոչ ստացել եմ նման հանձնարարական, ոչ էլ, բնական է, տրամադրել եմ։ Թե դրանից հետո ինչ է եղել, ես չեմ կարող ասել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հարցին` կա՞ր որևէ այլ խողովակ, որով քարտեզները կարող էին ՄԱԿ-ին փոխանցվել, Մարտիրոսյանը պատասխանեց՝ սովորաբար ամբողջն արվում է ՄԱԿ-ի միջոցով, մնացածը, ըստ նախկին դեսպանի, հիպոթեզներ են։

«Սովորաբար ՄԱԿ-ի հետ գրագրությունը, ինչպես նաև ցանկացած միջազգային կազմակերպության հետ գրագրությունը, երկրի կառավարությունն իրականացնում է տվյալ երկրում դեսպանության միջոցով։ 6 տարվա մեջ նման բան չի եղել։ ՄԱԿ-ից իմ պաշտոնավարման ընթացքում չեն ուզել որևէ տեսակ քարտեզ։ Ղարաբաղի վերաբերյալ այդքան տարիներ քննարկումներ եղել են, բայց քարտեզների վերաբերյալ քննարկում չի գնացել»,- ասաց նա։

Կարեն Նազարյան, 2009-2014թթ

«Ոչ, նման քարտեզ մենք չենք տրամադրել։ Որքան ես եմ հիշում, քարտեզների համար հիմք կարող է ծառայել ընդհուպ մինչև դաշնային առաքելությունը կամ ՄԱԿ-ի հետ կապ չունեցող որևէ հաստատություն։ Անդամ երկրները, կարծեմ, քարտեզներ չեն տրամադրում։ Իմ օրոք ոչ մի քարտեզ պաշտոնապես, ոչ պաշտոնապես ՄԱԿ-ի որևէ կառույցի, իմ կողմից, մեր դեսպանության կողմից չի տրամադրվել։ ՄԱԿ-ի որևէ կառույց ինձ հետ, մեր դիվանագիտական առաքելության հետ որևէ քարտեզ հրապարակելու կամ վերարտադրելու հարց չի քննարկել և չի խորհրդակցել»,- ասաց Կարեն Նազարյանը։

Անի Ավետիսյան
Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *