2017.11.14,

Քննադատ

Թվիթերը՝ 280

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Թվիթերը վերջապես կատարեց խոստումը․ բոլորին տվեց երկու անգամ ավելի երկար գրելու հնարավորություն։ Այսինքն, եթե նախկինում գրառումները սահմանափակվում էին 140 նիշով, ապա հիմա սահմանափակումը երկու անգամ մեղմացվել է՝ հասնելով 280-ի։

Մինչև այդ էլ Թվիթերում հանել էին գրառման երկարության վրա նկարների ազդեցությունը, քանի որ նախկինում ամեն մի ներբեռնած նկար նվազեցնում էր նիշերի քանակը։

Փաստացի, հիմա Թվիթերը դարձել է հայերենի համար ընկալելի հարթակ։ Հայերեն գրառումներ կատարելը բավականին բարդ էր, քանի որ մեր լեզուն կարճ կապելու համար չէ։ Առավել ևս, որ հապավումներից մենք շատ չենք օգտվում։ Որպես հետևանք՝ բավականին բարդ էր մի պայծառ միտք առանց հայհոյանքների տեղավորել մեկ թվիթում։ Հիմա այդ հարցը կարելի է համարել լուծված։

Եվ նորից կարելի է վերադառնալ մեր լրատվամիջոցների կողմից Թվիթերի կիրառման հարցերին։ Միանգամից մի կողմի նետենք կրկնվող փաստարկը, թե Թվիթերում մարդ չկա։ Դա այդքան էլ այդպես չէ։

Այստեղ Հայաստանից մի քանի տասնյակ հազար ակտիվ օգտատեր կա։ Ինչն, իհարկե, շատ հեռու է Ֆեյսբուքի մեկ միլիոնից։ Բայց Ֆեյսբուքի մեկ միլիոնը վաղուց նախկին մեկ միլիոնը չէ՝ մարդկանց համար մեդիադաշտի հոսքերն այլևս այդքան էլ շատ ցուցադրելի չեն։ Կախվածությունը Ֆեյսբուքից՝ միայն մեկ հարթակից, Հայաստանում պաթոլոգիկ բնույթ է կրում։

Ֆեյսբուքյան ալգորիթմի վերջին փոփոխություններից հետո երևում է դրանց ազդեցությունը հայաստանյան մեդիադաշտի վրա․ կայքերից շատերի այցելությունները օգոստոսից հետո ոչ թե աճել են, այլ՝ նվազել։ Դժվար թե իրավիճակը փոխվի դեպի լավը։

Ֆեյսբուքն անում է ամեն ինչ, որպեսզի էջերի ադմիններին ստիպի վճարել գովազդի և առաջխաղացման համար։

Նման անմրցունակ իրավիճակը ցանցում թույլ կտա իրենց լավ զգալ միայն հարուստ լրատվականներին, որոնք Հայաստանում շատ չեն։

Իսկ Թվիթերում լսարանի քիչ լինելն ունի օբյեկտիվ պատճառներ․ այստեղ ֆերմա ջրելու ու կաղամբ աճեցնելու խաղեր չկան, այստեղ գերբարդ է «աղջիկ կպցնելը»: Իսկ սուբյեկտիվ պաճառն այն է, որ լրագրողները, լրատվամիջոցները, ինչպես նաև քաղաքական և քաղաքացիական գործիչները Թվիթերում պասիվ են։

Ֆեյսբուքի վրա սևեռվածությունը բերել է նրան, որ բոլորը նստած են մի տեղ և չեն էլ պատկերացնում, որ այլ հարթակում կարող են օպերատիվ տեղեկատվություն ստանալ ու տարածել։

Իսկ ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Թվիթերում։ Հայաստանյան լրատվամիջոցների գերակշռող մասն այստեղ ունի ներկայություն։ Բայց գրեթե ոչ ոք լուրջ ուշադրություն չի դարձնում այս հարթակին։

Հաշիվները հիմնականում նույն տեսակի են․ ավտոմատացված տրանսլյացիա Ֆեյսբուքից, որտեղ կիսատ, կտրտված վերնագրեր են հայտնվում։ Կամ՝ ավտոմատացված տրանսլյացիա կայքից։ Լավագույն դեպքում մեկ-երկու ստանդարտ հեշթեգով, որոնք կցվում են բոլոր գրառումներին։ Նման տիպի հաշիվները գրեթե ոչ ոք չի կարդում։ Առավել ևս չի մեկնաբանում, քանի որ հասկանալի է, որ արձագանքի սպասել իմաստ չունի։

Շատ դեպքերում խմբագրությունում դժվարությամբ են գտնում այն միակ մարդուն, որն ունի հաշվի գաղտնաբառը։ Իսկ Թվիթերը դեպի լրատվամիջոց արտասահմանյան ընթերցող բերելու լավ հնարավորություններ է տալիս, ինչը Ֆեյսբուքով ավելի բարդ է։

Թվիթերի որոնողական և ընդհանուր տրամաբանությունն այնպես է կառուցված, որ թույլ է տալիս գտնել լրագրողին և տվյալ թեմայով հետաքրքրվող ընթերցողին։

Ամենավատն այն է, որ այս հոդվածը գրեթե անիմաստ էր գրելը, քանի որ բան չի փոխվի։ Ավելին, այս հոդվածը կվախեցնի այն երիտասարդներին, որոնք Թվիթերում են և վախենում են, որ օդնոկլասնիկացավը կարող է հեղեղել հարթակը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *