Հայաստանյան մամուլ․ Ֆեյսբուքի պատանդները

02.10.2017, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքում հերթական փոփոխություններն են։  Սոցիալական ցանցն ամեն ինչ անում է, որպեսզի ողջ աշխարհում մնա մենաշնորհային հարթակ։ Արդեն մի քանի տարի է, ինչ Ֆեյսբուքը ազգային շուկաներում ասպարեզից դուրս է շպրտել հիմնական մրցակիցներին։ Եթե դեռ մի քանի տարի առաջ գոյություն ունեին բազմաթիվ ազգային սոցիալական ցանցեր, ապա դրանց վերջը եկավ, և այսօր Ֆեյսբուքը թիվ մեկ սոցիալական հարթակն է գրեթե ողջ աշխարհում: Բացառություն են այն երկրները, որտեղ Ֆեյսբուքը պարզապես արգելափակված է, օրինակ, Չինաստանը և Իրանը։ Բացի դրանից, կան երկրներ, որտեղ դեռ դոմինանտ են ռուսական Օդնոկլասնիկին և Վկոնտակտեն (օրինակ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանը)։ Մնացած երկրներում Ֆեյսբուքը գրեթե չունի լուրջ մրցակից։

Սակայն, շուկան պետք է պահել, քանի որ ժամանակները փոխվում են, սերունդը փոխվում է։ Այդ պատճառով Ֆեյսբուքը պարբերաբար փոխում է իր ալգորիթմը, տարբեր տիպի կայքեր և աղբյուրներ դարձնում ավելի անհասանելի օգտատերերի համար։ Հիմնական փոփոխություններն ուղղված են դեղին մամուլի մանիպուլյացիաների, ապատեղեկատվության և քարոզչության դեմ։

Սակայն, հասկանալի է, որ նման փոփոխությունները, որոնք իրականացվում են համաշխարհային մակարդակով: Դրանք  այդքան հստակ չեն աշխատում կոնկրետ շուկաներում։ Բացի դրանից, համակարգը աշխատում է ավտոմատացված։ Որպես հետևանք, միշտ չէ, որ փոփոխությունները դրական են արտահայտվում բոլոր էջերի վրա։ Բացի դրանից, հայաստանյան ֆեյսբուքյան մարքեթինգային շուկայում գործում են բազմաթիվ անբարեխիղճ կազմակերպություններ, որոնք լայքահավաքության ծառայություններ են առաջարկում՝ օգտվելով մեթոդներից, որոնք Ֆեսյբուքը համարում է ապօրինի։ Որպես հետևանք, բազմաթիվ լրատվական էջերի մոտ խնդիրներ են առաջանում․ Ֆեյսբուքը պարզապես դադարում է ցույց տալ օգտատերերին էջերի բովանդակությունը։ Այս ամենի հետևանքով Ֆեյսբուքից դեպի կայքեր այցելությունների ծավալը նվազում է։

Ողջ աշխարհում սոցիալական ցանցերը լրատվական կայքերի համար վայր են, որտեղից օգտատերերն անցում են կատարում կայք: Սակայն, Հայաստանում բովանդակությունը տարածելու հիմնական ցանցը Ֆեյսբուքն է: Հայաստանյան օնլայն մեդիայի շուկան լրջագույն կախվածության մեջ է գտնվում այս սոցիալական ցանցից։ Մինչդեռ աշխարհում պատկերն այդքան միանշանակ չէ։

Պատկերը տեսնելու համար վերցնենք, օրինակ, այցելուների թվով առաջատար  լրատվամիջոցներ ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Մեծ Բրիտանիայից և Հայաստանից՝ ընդ որում չնշելով կոնկրետ լրատվամիջոցի անվանումը, քանի որ պատկերը գրեթե ամենուր մոտավոր նույնն է։

Այսպիսով, սա տիպիկ ամերիկյան լրատվականի այցելությունների թրաֆիկի բաշխումն է սոցցանցերից (տվյալները ըստ Similarweb.com):

Իսկ այսպիսի պատկեր ունենք բրիտանական մամուլում:

Ինչպես տեսնում ենք, Ֆեյսբուքը կրկին ունի գերակշռող դիրք, սակայն սա մենաշնորհային չէ։

Իսկ այսպես է Ռուսաստանում, որտեղ տեղական սոցիալական ցանցերը շարունակում են ճնշել ամերիկյան սոցցանցերին․

Իսկ սա արդեն Հայաստանն է։ Այստեղ գոյություն ունի միայն Ֆեյսբուք, մնացածը պարզապես ֆլուկտուացիաներ են: Ֆեյսբուքը միանշանակ մենաշնորհային դիրք ունի։

Ընդ որում, այլ երկրների լրատվականներն աշխատում են ունենալ մեծ քանակի լոյալ լսարան, երբ օգտատերը պարզապես ամեն օր այցելում է կայք, կամ կայք է անցնում որոնողական համակարգերից: Նման դեպքում կայքում սոցցանցերից այցելությունները կազմում են ընդհանուր այցելուների կեսից քիչը: Հայաստանում ֆեսյբուքյան լսարանը շատ լրատվամիջոցների գրեթե միակ ընթերցողն է։ Այլ տարբերակ չկա․ Ֆեսյբուքից դուրս լսարան պարզապես գոյություն չունի։

Նման կախվածությունը մեկ հարթակից վտանգավոր է, քանի որ Ֆեյսբուքն իր հերթին ամենաքմահաճ ցանցերից մեկն է: Այն կարող է պարզապես մի օր արգելափակել էջը կամ թույլ չտալ տարածել հղումներ: Սա լրջագույն խնդիր է Հայաստանի տեղեկատվական դաշտի համար։

Իհարկե, խմբագիրները հաճախ ասում են, որ այլ տարբերակ չունեն, քանի որ մարդիկ միայն Ֆեյսբուքում են ակտիվ և միայն այստեղ են լուրեր կարդում՝ գնալու այլ տեղ չկա։ Բայց մյուս կողմից, հենց խմբագիրներն են, ինչ-որ առումով, մարդկանց դարձրել կախված հենց միայն այս հարթակից, քանի որ չեն էլ փորձում այլ սոցիալական ցանցեր օգտագործել։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?