Երկու հայտնի աքսիոմ կա․
ա) Բուտերբրոդը միշտ ընկնում է ջեմով ներքև,
բ) Տվյալները կորում են։ Ընդ որում, կորում են պետքական տվյալները։ Անպետք տվյալները, հակառակը, միշտ մեզ հետապնդում են։
Վերջերս ավելացել են վտանգները մեր պետքական տվյալների գլխին։ Օրինակ, հայտնվել են այսպես կոչված կրիպտովիրուսները, որոնք գաղտնագրում են համակարգչի կամ հեռախոսի (արդեն նույնիսկ հեռուստացույցի) ֆայլերը և ապակոդավորելու դիմաց ուզում են բավականին մեծ գումարներ։
Հաշվի առնելով այն արագությունը, որով նման վիրուսները տարածվում են աշխարհով մեկ, դրանց ձեռքն ընկելու ու տվյալները կորցնելու հավանականությունը մեծանում է։
Իհարկե, եթե չհետևենք նվազագույն անվտանգության կանոններին, որոնք կրիպտովիրուսների դեպքում հիմնականում շատ կարճ ու հստակ են․ չբացել անծանոթների կցած ֆայլերը։ Հատկապես եթե դրանք զիպ արած ֆայլեր են։
Իսկ եթե դա պարզապես փաստաթղթային ֆայլ է, ապա չի կարելի թույլ տալ միացնել մակրոսները, քանի որ հիմնականում դրանց միջոցով են տարածվում վիրուսները։ Եթե արդեն վարակվել եք, ապա արժե դիմել այս կայքին․ կա հավանականություն, որ ձեզ կօգնեն։ Մնացած դեպքերում պետք է վճարել։ Կամ հետևել հիմնական տվյալների պաշտպանության կանոններին։
Նման կրիտիկական պահերի չհասնելու համար կարելի է օգտագործել տեղեկության պահպանման մի քանի հիմնական կանոն.
ա) Կարևոր տեղեկությունը պետք է պարբերաբար պահեստավորվի առանձին կրիչների, ֆլեշ քարտերի կամ շարժական կոշտ սկավառակների վրա։ Կարևոր տեղեկությունը հարկավոր է պահել առնվազն երկու արտաքին սկավառակների վրա, քանի որ դրանք անհարմար պահին փչանալու հատկություն ունեն։
բ) Օգտագործել ամպային պահեստավորման տարբերակները։ Իհարկե, լավ է պահեստավորել արտաքին կրիչների վրա։ Սակայն, տվյալ դեպքում երկու բարդություն կա։ Ֆայլերը միշտ ձեռքի տակ չեն, առանց ինտերնետի դրանք անհասանելի են։ Եվ երկրորդը՝ մարդկանց մեծամասնությունը մոռանում է պարբերաբար պատճենել ֆայլերը, ինչի հետևանքով վերջին բեքափը գրեթե միշտ չի պարունակում պետքական ֆայլերը։
Ամպային սինխրոնիզացնող տեխնոլոգիաները թույլ են տալիս ավտոմատացված կերպով պահեստավորել պետքական ֆայլերը։ Նմանատիպ ծառայությունները քիչ չեն։ Օրինակ, Dropbox, OneDrive, Mega, Яндекс.Диск։ Այս ծրագրերը թույլ կտան բոլոր կարևոր ֆայլերը անընդհատ սինխրոնիզացնել և հասանելի դարձնել տարբեր սարքերից, ներառյալ հեռախոսներն ու թաբլեթները։
գ) Ամպային պահեստներն ունեն մեկ կարևոր խնդիր։ Ձեր կարևոր և հաճախ, գաղտնի ֆայլերը կարող են մեկ ուրիշի ձեռքում հայտնվել, եթե ձեր հաշիվը կոտրվի։ Բացի դրանից, կան բավականին լուրջ կասկածներ, որ նմանատիպ ծրագրերը կարող են վերահսկվել տարբեր գաղտնի ծառայությունների կողմից։ Կա կասկած, որ Դրոփբոքսը վերահսկվում է ամերիկյան և բրիտանական ծառայությունների կողմից, Յանդեքսը՝ ռուսաստանյան, Մեգային՝ չինական։ Իհարկե, հայաստանյան լրագրողի համար ամենակարևորն է, որ իր տվյալները հասանելի չլինեն տեղական ուժային կառույցներին։
Բոլոր դեպքերում տվյալները հնարավոր է պաշտպանել։
Հաքերային հարձակումներից հաշիվները պաշտպանելու համար գերադասելի է միացնել երկփուլային մուտքի տարբերակը, երբ գաղտնաբառից բացի հարկավոր է ամեն մուտքի դեպքում ներմուծել նաև հատուկ մեկանգամյա կոդ, որը գեներացվում է հատուկ հավելվածի միջոցով։ Բոլոր նորմալ ծառայությունները այսօր նման տարբերակ նախատեսում են։
Ֆայլերը, գոնե ամենակարևորները, պահպանելու նպատակով հարկավոր է նաև գաղտնագրել, որպեսզի նույնիսկ ուրիշի ձեռքում հայտնվելու դեպքում դրանք հնարավոր չլինի հեշտությամբ բացել։ Գոյություն ունեն մի շարք գաղտնագրման ծրագրեր։ Օրինակ, կա հայկական սթարթափ SkyCryptor, որը թույլ է տալիս Դրոփբոքսի ֆայլերը գաղտնագրել (ծրագիրը դեռ նախնական փուլում է գտնվում)։ Բացի դրանից կան ֆայլերի գաղտնագրման զանազան ծրագրեր, օրինակ AxCrypt, VeraCrypt և այլն, որոնք թույլ կտան ձեզ համոզված լինել, որ ֆայլերը ուրիշի ձեռքում բաց վիճակում չեն հայտնվի։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: