Հայաստանյան մամուլը տևական ժամանակ է քննարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու, Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների, Եվրամիության հետ փոխհարաբերությունների խորացման թեմաները։ ԱՊՀ հարցերով փորձագետ Լիլիթ Գրիգորյանն ասում է, որ չնայած մեդիայում այս թեմաներով կարծիքների պակաս չկա, սակայն դրանք ունեն էմոցիոնալ բնույթ և շատ դեպքերում զուրկ են բովանդակային մասից։
Լիլիթ Գրիգորյանի հետ զրուցել ենք մամուլ նետված արհեստական ու կեղծ օրակարգերի, դեստրուկտիվ դեր խաղացողների, արևմտյան փորձի, էմոցիանալ գնահատակնների վրա կայացրած որոշումների և այլնի մասին։
Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան մամուլը քննարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու հարցը, այդ համատեքստում կարծիքներ են փոխանակվում արտաքին քաղաքական կուրսի փոփոխության մասին։ Մամուլը բավարար չափով փոխանցո՞ւմ է հնարավոր որոշման հետևանքները, գնահատո՞ւմ է ռիկսերը, թե՞ գերակշռում են էմոցիոնոալ կարծիքները։
Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի ընտրության շուրջ քննարկումները իմիտացիոն բնույթի են, իրական բովանդակային քննարկում գրեթե չկա։ Իմ տպավորությամբ, սա մասամբ դիտավորյալ է արվում։ Կա աղմուկ, բայց չկա լուրջ ազդակ։ Աղմուկը շատ է, ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու շուրջ հատկապես մեծ աղմուկ կա ընդդիմության, իշխանության շրջանակներում։ Բայց ամենադեստրուկտիվ դերն ունեն այսպես կոչված անկախ փորձագետները։
Ինչո՞վ է նրանց դերը դեստրուկտիվ։
Կան մարդիկ, ովքեր ներկայանում են որպես անկախ փորձագետներ, բայց նրանք կամ ամենևին անկախ չեն, կամ էլ փորձագետ չեն, այլ անհատ ոչ մասնագետ մեկնաբան են։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, կարևոր ազգային հարցերի շուրջ ամեն մեկը չէ, որ ներկայացվում է իբրև փորձագետ, կա ֆիլտրացիա, արդյոք այդ փորձագետի կանխատեսումն իրականացել է թե ոչ, արդյոք հանրային ելույթում հնչել է մանիպուլիացիա, ծայրահեղություն, ատելության քարոզ, ապակողմնորոշող խոսք, թե չի հնչել։
Մեդիան ինքն էլ հսկում է փորձագետներին ու հարթակ չի տրամադրում նրանց, ովքեր հաճախ սխալվում են, կոմպետենտ չեն։ Բոլորը զգում են իրենց պատասխանատու հանրային կարծիքի ձևավորման գործում և չեն տրամադրում խոսքի հարթակ նրանց, ովքեր արժանի չեն դրան։ Բացի այդ կա մարմին, որը նաև արձագանքում է հանրության բողոքներին այս կամ այն հրապարակման, հաղորդման վերաբերյալ, որը կարծես, Հայաստանում գրեթե բացակայում է։
Արևմուտքում լրագրողները, շատ հաճախ, հատկապես հարցազրույցներում, գտնում են հայտնի փորձագետի կամ պաշտոնյաների խոսքի հակասություններն ու հակադրությունները ու դրանք վեր բարձրացնում, քանի որ մարդիկ կարող է չհիշեն, որ այդ անձը ամիսներ առաջ մեկ այլ բան է ասել, այսօր մեկ ուրիշ բան է ասում։ Հայաստանում այս գործընթացը բացակայում է, շուկան փոքր է, մարդկանց շրջանակը նեղ է, բանավիճելուց խուսափելու մշակույթ կա։
Բացի դրանից, այդ փորձագետները մեզանում անկախ չեն ու մեդիան ինքն էլ դրա մասին լավ գիտի։ Նրանք, ովքեր Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ են ստանում, որպես կանոն պրոիշխանական են, ինչը վտանգավոր է։
Ի՞նչ հետևանքներով է լի բովանդակային քննարկման բացակայությունը։
Բովանդակային քննարկումների բացակայությունը, միաժամանակ քարոզչության առկայությունը, թույլ չի տալիս մարդկանց կողմնորոշվել։ Հանրության ռեակցիան բթանում է, հանրային իմունիտետը՝ դիմադրելու մարտահրավերներին, նվազում է։ Մարդիկ սկսում են ապրել կեղծ թմբիրի մեջ, կորցնում են իրականության զգացումը, չեն հասկանում՝ որն է ռիսկային, որը ոչ, որն է իրենց շահերից բխում, որը չի բխում։ Հենց այստեղ են առաջ գալիս հիբրիդային պատերազմի էլեմենտները։ Հանրությունը դառնում է հեշտ կառավարելի, հետևաբար թույլ ու խոցելի։ Այս ամենի թաքնված վտանգն այն է, որ նման հանրությունը հեշտ կառավարելի է դառնում ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին ուժերի կողմից։
Մամուլում ե՞րբ բևեռացվեցին արևմտամետներն ու ռուսամետները։ Ե՞րբ սրվեց այս թեման։
Մինչև 2018 թվականը մամուլն արդեն սկսել էր ՌԴ նկատմամբ քննադատություն հնչեցնել։ Եթե կհիշեք, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ժամանակ առ ժամանակ բավական սուր կերպով արտահայտվում էր այն միտքը, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, զենք է վաճառում Ադրբեջանին։ Այն, իհարկե կառավարելի էր իշխանության կողմից, չափավոր էր, բայց ամեն դեպքում կար։
Այդ քննարկումները, բավական առողջ էին, քանի որ դրա համար կար հիմք։ Հիմա, քննարկումներն, իմ տպավորությամբ, արհեստական են։
Եթե կհիշեք, մինչև ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի քննարկումները, կար ևս մեկ թեմա մամուլում՝ սորոսականությունը։ Այդ արշավն էլ արհեստական էր։ Իշխանություններին ընդդիմությունը մեղադրում էին սորոսականության մեջ՝ լավատեղյակ լինելով, որ դա ամենևին այդպես չէ և իրականում իշխանությունը վատ հարաբերություններ չունի ՌԴ հետ։ Պայքար մղվեց մի երևույթի դեմ՝ սորոսականության դեմ, որը չկար։ Ու այդ արշավը չօգնեց նրանց հեղինակներին, հակառակը, աշխատեց ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Նրան սկսեցին ներկայացնել որպես պրոարևմտյան ուժեղ լիդեր միայն նրա համար որ հիմնավորեն Սորոսի հետ կապը։
Այո, Նիկոլ Փաշինյանի թիմում կային ակտիվիստներ, Սորոսի հիմնադրամի հետ համագործակցած մարդիկ, բայց նրանք իշխանության գալուց հետո բավական սերտ հարաբերություններ էին հաստատել ռուսական կողմի հետ։ Ի դեպ այդ ֆոնդից ընդդիմության անդամներ ու մեդիաներ էլ են օգտվել նախկինում։
Հենց այդ ժամանակ էլ սկսեցին կեղծ բաժանել՝ արևմտամետ, ռուսամետ խմբերի։
Ովքե՞ր էին կանգնած այդ արշավի հետևում։
Ընդդիմությունն ուներ իշխանության վերադառնալու ցանկություն և ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին որպես արևմտամետ ուզում էր Ռուսաստանի աջակցությունը ստանալ, օգնությունը ստանալ՝ դիրքերը վերականգնելու համար։ Հետագայում իշխանությունները օգտվեցին այս արշավից, սկսեցին քարոզչություն տանել ռուսամետ ուժերի դեմ, ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ՝ ռուսամետ ուժերի, ովքեր հավակնում էին իշխանության։ Սորոսականության թեման, եթե նկատել եք, դուրս է եկել մեդիա դաշտի քննարկումներից, որովհետև այն արհեստական էր, մտացածին:
ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման էլ է արհեստածի՞ն։
Պրոիշխանական մեդիա մեքենան ՀԱՊԿ-ի թեման օգտագործում է այն ժամանակ, երբ պետք է գոլորշի բարձրացվի։ Թվում է, թե այն արտաքին քաղաքական հարց է, բայց իրականում օգտագործվում է ներքին հանրային խնդիրների լուծման համար։
Այն ժամանակ, երբ ադրբեջանական ուժերը մտան Ջերմուկ, Հայաստանն ունեցավ մեծաթիվ զոհեր, տարածքային կորուստներ, մարդիկ սպասում էին, որ ՀՀ իշխանությունները կոնկրետ գործողությունների կդիմեն, բայց իշխանությունները բարձրացրին ՀԱՊԿ-ի անգործության հարցը՝ պատասխանատվությունն իրենց վրայից դնելով ամբողջովին ՀԱՊԿ-ի վրա։ Քարոզչամեքենան ողջ պատասխանատվությունը տեղափոխեց ՀԱՊԿ դաշտ, տրամաբանական էր անդամակցության հարցը, բայց փոխարենը սկսեց շրջանառվել հայտնի թեզը, թե ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից։
Սա հանրության վրա գործելու քաղաքական հնարք է։ Միջազգային հարթակներում լուրջ չի ընկալվում այդ թեզը, թե մենք կառույցը չենք լքել, կառույցն է մեզ լքել։ Միջազգային հարաբերությունները սիրում են կոնկրետություն՝ կամ դու անդամակցում ես, կամ ոչ։ Ֆրանսիան էլ, Թուրքիան ՆԱՏՕ-ից դժգոհություններ ունեն, բայց այս երկրները լիարժեք անդամակցում են, Հայաստանի տևական կիսաանդամությունը անհասկանալի է:
Հնարավո՞ր է, այս ամենի հետևանքով հանրությունն ի վերջո արտաքին քաղաքական սխալ կուրս ընտրի։
Իհարկե, դա ամենավտանգավոր հեռանկարն է։ Մարդիկ շատ հեշտ են յուրացնում էմոցիանալ գնահատակնները ու դրանց հիման վրա իմպուլսիվ որոշումներ են կայացնում։ Իրական ռիսկերը, հետևանքները առաջ են գալիս պոստֆակտում, երբ արդեն որոշումը կայացվում է ու այլևս հետ դառնալու ճանապարհ չկա։ Այդ ժամանակ էլ մարդիկ իրենց խաբված են զգում ու հիասթափվում են։
Հոգեբանական օպերացիաների նպատակը հենց դա է՝ տալ այնքան շատ կեղծ ու իրական ինֆորմացիայի խառնուրդ, որ մարդը չկարողանա այն յուրացնել ու վերլուծել։ Քարոզչամեքենան ստեղծում է իմիտացիա, որ հարցը լայն քննարկում ունի, բայց մարդը չի հասցնում դրան հետևել, տարանջատել պռոպագանդան իրականից, ուստի պարզապես անջատվում է քննարկումից։ Երբ ինֆորմացիոն հարվածները շատ են, մարդիկ դրանից փախչում են։
Ովքե՞ր են ներգրավված ինֆորմացիոն պատերազմում։
Բոլորը՝ ՀՀ իշխանությունները, ընդդիմությունը, Ռուսաստանը, Ադրբեջանը։ Փորձագիտական գնահատակնների, վերլուծությունների, մեկնաբանությունների հիմքում պետք է լինի հայկական շահը։ Երբ հիմքում հայկական շահը բացակայում է, այն քարոզչական է։ Մեդիան պիտի ֆիլտրի այս ամենը, զերծ պահի ընթերցողին կոնսպիորոլոգիաներից։ Մեդիահիգիենան պիտի պահվի, մեդիասանիտարներ պիտի լինեն, որ ֆիլտրեն։
Մենք պետք է աստիճանաբար հրաժարվենք սենսացիոն բովանդակությունից, որպեսզի չդեգրադացվենք, բայց դրա փոխարեն մենք տեսնում ենք, որ մեդիան գնալով ծայրահեղական է դառնում, հավասարակշռված խոսքը գնահատվում է ձանձրալի, այդ մարդկանց հարթակ չի տալիս, ատելության խոսքը, հայհոյանք տարածող մարդկանց տիրաժավորում է, որովհետև այն դիտվում է։
Դա ինստիտուցիոնալ խնդիր չէ՞։
Մասամբ, այո։ Այն երկրներում, որտեղ կա քաղաքական, բիզնես էլիտա, մեդիան թույլ է տալիս իրեն երբեմն սենսացիա, լայն վաճառքի համար։ Այդ երկրներում քաղաքական էլիտան, բիզնես էլիտան, իր վերլուծություններն ու կանխատեսումները մեդիայից չէ, որ քաղում է։ Նրանք ունեն թիմեր, կենտրոններ, որոնք աշխատում են իրավիճակի գնահատմամբ ու քաղաքական գործիչներին ներկայացնում են իրենց հետազոտությունները, որոնց հիման վրա էլ արվում են կանխատեսումներ ու տրվում են գնահատականներ։ Այդ ժամանակ մեդիայից հնչող ծայրահեղ գնահատականները, վուլգար մտքերը, չեն ազդում որոշում կայացնողների կարծիքի վրա։
Հայաստանում նման ինստիտուցիոնալ որոշումների մեխանիզմ չկա, ուստի մեդիայի վատ վարքագիծը ավելի ուժեղ է ազդում երկրի անվտանգության վրա: Մեդիան ազդում է թե՛ հանրության, թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության վրա։ Մեդիան հարաբերվելու միակ հարթակն է։ Դրա համար ամեն ինչ խոցելի է։ Քանի որ չկա կայացած պետականություն, չկա նաև կայացած մամուլ, չկա հանրային դիսկուրսը առաջ տանող ծանրակշիռ վստահելի մեդիա, որը սանիտար կլինի ու լավ իմաստով պատասխանատվության կկանչի պաշտոնյաներին ու փորձագետներին, ովքեր օրինակ, ապակողմնորոշում են հանրությանը։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: