2021.11.01,

Ստուգված է

Կորոնամիֆեր. hոկտեմբերի 16-31

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հոկտեմբերի երկրորդ կեսը կորոնամիֆերի տարածման առումով շատ չէր տարբերվում առաջին կեսից։ Հակապատվաստումային մերդիաարշավները ուղեկցվում էին բազմիցս հերքված լուրերի վերարտադրությամբ, փաստաբանները տարածում էին հին լուրեր, երբեմնի բժիշկները մոգոնում նոր միֆեր, իսկ ֆեյսբուքյան օգտատերերն էլ կարծիք հայտնում այդ ամենի վերաբերյալ։

Վիժումները պատվաստանյութի հետ կապ չունեն

Հոկտեմբերի 10-ին ֆեյսբուքյան օգտատեր Կարեն Չախալյանը գրել էր, թե ԱՄՆ-ում պատվաստված հղիների գրեթե 80%-ի մոտ հղիությունն ավարտվել է վիժումով, վաղաժամ կամ անոմալ ծնունդով։ Նա հղում էր արել ԱՄՆ-ի կենսատեխնոլոգիական ինֆորմացիայի ազգային կենտրոնի ուսումնասիրությանը՝ տպավորություն ստեղծելով, թե պատվաստումների և գրանցված վիժումների միջև կապ կա։

Media.am-ի ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ

?Տվյալները վիժումների սովորակն ցուցանիշներից ոչ բարձր են, ոչ էլ ցածր

?Չկա որևէ փաստ պատվաստանյութի և վիժուման պատճառահետևանքային կապի մասին

?Հետազոտությունը դեռ շարունակվում է։

Հին լուրեր՝ AstraZeneca-ի կիրառման մասին 

Հոկտեմբերի 23-ին պատվաստումների դեմ հանդես եկող «ԱԳԼԱ լոյերս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը Medmedia.am-ի հետ զրույցում ասել էր, թե եվրոպական 11 երկիր դադարեցրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Medmedia.am-ը հարցազրույցի հենց այդ հատվածն էր օգտագործել որպես վերնագիր: Media.am-ը ստուգել էր փաստաբանի հայտարարությունը։

Եվրոպական 11 երկիր իսկապես դադարեցրել էր AstraZeneca-ի կիրառումը, սակայն որոշումը ընդունվել էր 2021-ի մարտի 15-ին: Դադարեցնելու պատճառը պատվաստվածների շրջանում թրոմբոզի առաջացումն էր 222 դեպք՝ 4 մլն պատվաստվածներից (մոտ 0,006%)։ Կարճ ժամանակ անց՝ մարտի 19-ին, մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բուլղարիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Լատվիան փոխեցին AstraZeneca-ի օգտագործումը կասեցնելու որոշումը, քանի որ Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեցին դրա անվտանգությունն ու էֆեկտիվությունը: Հուլիսի 4-ին Դեղերի եվրոպական գործակալությունը նոր ուսումնասիրություն հրապարակեց՝ ըստ որի թրոմբոզը համարվում է AstraZeneca-ի շատ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություն, ինչը նշանակում է, որ դրա առաջացման հավանականությունը շատ ցածր է։ 

Եկեղեցին պատվաստումներին դեմ չէ

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանը տեսանյութ էր հրապարակել իր յութուբյան ալիքում, որտեղ կասկածի տակ էր դրել պատվաստանյութերի արդյունավետությունը: Նա մասնավորապես ասել էր․

«Աստված թույլ է տվել, որ հիվանդանանք, աշխարհն ասում է՝ արի ես քեզ պատվաստեմ, թեստ անեմ, դիմակ տամ, արի ես քեզ հերմետիկ բալոնի մեջ նստացնեմ․․․ Ոչ մի բանը չի օգնում, չե՞ք տեսնում։ Պատվաստում են՝ մեռնում են, չեն պատվաստում՝ մեռնում են»։

Հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մայր Աթոռից պարզաբանել էին, որ քահանայի խոսքը մասնավոր կարծիք է եղել, եկեղեցին երբեք պատվաստումների դեմ քարոզ չի արել․ «Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հոգևորականներ արդեն պատվաստվել են, այդ թվում՝ Կաթողիկոսը»,- ասել էր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը։ 

Քովիդը՝ քաղաքական գործիչների աչքերով

Քաղաքական գործիչները, երբեմն նաև ուժերը իրենց ներդրումն ունենում են կորոնամիֆերի տարածման գործում։ Օրինակ «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը նկարագրում էր, թե ինչպես կարելի է խուսափել պատվաստվելուց կամ ՊՇՌ թեստ  հանձնելուց, Mamul.am-ն էլ տարածում էր գրառումը։ 

2021-ի արտախորհրդարանական ընտրություններին մասնակցած «5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանը Armdaily-ի հետ զրույցում ասել էր, թե «կորոնավիրուսը ստեղծված վիրուս է և ոչ թե բնածին», իսկ պատվաստանյութը բիոզենք է, որը կիրառվում է մարդկության դեմ»։

✔️ Խոսակցությունները վիրուսի ծագման մասին ձևավորվել և զարգացել են Քովիդի հետ միասին։ ԱՄՆ ազգային հետախուզության հրապարակած վերջին զեկույցում կորոնավիրուսի ծագման մասին թերևս նորություն չկա․ դիտարկվում է երկու վարկած՝ արտահոսք լաբորատորիայից (այս համատեքստում սովորաբար նշվում է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը) և բնական մուտացիա՝ վիրուսի փոխանցման ժամանակ (կենդանուց մարդուն տարածման ճանապարհով)։ Երկու տարբերակներն էլ ճշմարտանման են համարվում, սակայն որևէ հիմք չկա մտածելու, թե այն ստեղծվել և տարածվել է միտումնավոր։

Արտախորհրդարանական ընդդիմությունից իր թերահավատությունը պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հայտնել է նաև «Դեմոկրատակական կուսակցության» նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Նրա կնոջ՝ Նատալիա Ռոտենբերի ինստագրամում տեղադրված տեսանյութում Արզաքանցյանը մերժում է պատվաստվելու պրակտիկան․

«Ես չեմ պատվաստվելու և արգելում եմ երեխաներիս պատվաստվել։ Իրենք էլ են դեմ դրան, որովհետև դու քո օրգանիզմ ես թողնում օտար բան, որն այսօր անհասկանալի է։ Պաթալոգիան դեռ որևէ մեկը չգիտի», – պատասխանում է Արզաքանցյանը ու հավելում, որ ունենալով բժշկական կրթություն՝ խորհուրդ է տալիս առողջ մարդկանց չպատվաստվել։ 

✔️ Նշենք, որ Հայաստանում օգտագործվող պատվաստանյութերից ԱստրաԶենեկան, Սինովակը և Սինոֆարմը հաստատված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Սպուտնիկ V-ն Հարավային Ամերիկայի, Ասիայի և Եվրոպայի մի շարք երկրների կողմից։ ԱՀԿ-ն ընդգծում է, որ պատվաստանյութի հաստատված լինելու համար «կլինիկական փորձարկումների ժամանակ կատարվում է անվտանգության հուսալի գնահատում և ներկայացվում վերահսկիչ մարմինների ուսումնասիրման համար»։ Պատվաաստանյութերի կողմնակի ազդեցությունները ևս հայտնի են, սակայն վիրուսի պատճառած վնասներն անհամեմատ ավելի մեծ են և աղետալի։ 

«Նոր» նարատիվ՝ QR կոդերի մասին

Մեկ այլ հասարակական-քաղաքական գործիչ՝ Արա Զոհրաբյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններին գլխավորում էր «Զարթոնք» կուսակցությունը, իսկ վերջին շրջանում հանդես է գալիս պատվաստումների դեմ, հոկտեմբերի 20-ին LIVEnews-ի եթերում
հայտարարեց, թե առաջին դեպքն է, որ պատվաստանյութի հետ զուգահեռ մարդկանց իդենտիֆիկացիոն համար (QR կոդ, խմբ․) են տալիս․

«Լավ նպատակը ո՞րն ա։ Մարդուն ոնց որ համարակալում են։ Չգիտեմ, սա վերացման ինչ-որ մեթոդ է, չեմ ուզում ուրիշ բաների մասին խոսել։ Լավ, ինչո՞ւ են տալիս։

QR կոդերի մասին այս խորհրդավոր նարատիվը օրեր անց շարունակեց «Առողջ Հանրություն» ՀԿ-ի նախագահ Մարինա Խաչատրյանը։ Հոկտեմբերի 30-ին «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ «QR կոդը վերահսկողության մեխանիզմ է։ Դրա միջոցով կարելի է ամբողջությամբ տեղեկանալ նաև մարդու առողջության մասին»։

Չնայած հայկական մեդիայում QR կոդերի մասին միֆերը նոր են տարածվում, տարբեր այլ երկրներում դրանք արդեն հասցրել են տարածվել ու հերքվել ամիսներ առաջ։ 

QR կոդը ընդամենը թվային վկայական է, որը փաստաթղթավորում է պատվաստված լինելը։ Այնտեղ, իհարկե, ամփոփվում է անձնական բնույթի տեղեկություն՝ անուն-ազգանուն, պատվաստանյութի առաջին և երկրորդ դեղաչափերի տրման ամսաթիվը և այլն։ Այն պոլիկլինիկաներում տրվող տեղեկանքից տարբերվում է միայն նրանով, որ թվային է և ցանկության դեպքում այն կարելի է պահել սմաթֆոններում։ Համավարակի պայմաններում QR կոդերն առավելապես անհրաժեշտ են ճամփորդելիս, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ ստուգել սերտեֆիկատը։ 

Moderna-ն և Pfizer-ը կիրառելի են 12-ից բարձրերի համար

Հոկտեմբերի 29-ին Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով Moderna-ի կիրառման ուղեցույցում կատարվել է փոփոխություն, և երեխաները արդեն կարող են պատվաստվել՝ ծնողների համաձայնության դեպքում։

Սոցցանցերում քննարկումներ սկսեցին այն մասին, որ նախարարն իրավունք չունի ուղեցույցում փոփոխություն կատարել, շատերը հրապարակեցին Moderna-ի ուղեցույցը, որտում կիրառման տարիքը սկսում էր 18-ից։

«Հակահամաճարակային Ալյանս» նախաձեռնությունը սոցցանցերում հրապարակեց ռուս վիրուսաբան Վիտալի Զվերևի հարցազրույցը՝ մեջբերելով նրա խոսքը․ «Ես ձեռք չէի տա երեխաներին: Այժմ սկսում են փորձարկումների 2-րդ փուլը երեխաների վրա։ Ես կարծում եմ, որ, դեռևս, դա բացարձակ պետք չէ անել։ Երեխաները թեթև են տանում հիվանդությունը»։ Այս լուրը տարածեց Pastark.am-ը։ 

Չնայած Moderna-ի ուղեցույցում իսկապես նշվում է, որ կիրառման տարիքը սկսում է 18-ից, սակայն հոկտեմբերի 25-ին ընկերությունը հայտարարեց 6-11 տարեկանների շրջանում պատվաստանյութի արդյունավետության մասին։ Moderna և Pfizer պատվաստանյութերով արդեն իսկ տարբեր երկրներ պատվաստում են 12-17 երեխաներին: Իսրայելը այս պրակտիկան սկսել էր դեռևս ամռանը։ Հոկտեմբերի 13-ին նման որոշում էր կայացրել Ուկրաինայի կառավարությունը, հոկտեմբերի 26-ի դրությամբ պատվաստվել էր 13,5 հազար երեխա։ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, ԵՄ անդամ շատ երկրներում ևս երեխաների պատվաստումը թույլատրված է։

ԵՄ ոչ բոլոր երկրներն են փակել դռները Հայաստանի համար

Հոկտեմբերի 29-ին լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե «Կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանից մարդկանց մուտքը Եվրոպական միությունը (ԵՄ) արգելվում է»: Նման խորագրով լուրը տարածել էին armlur.am-ը, panorama.am-ը, pilitik.am-ը, lurer.com-ը, armdaily.am-ը (վերնագիրը փոխել է), medianews-ը և այլ լրատվականներ։ Լուրի տարածման պատճառն այն էր, որ Հայաստանը հայտնվել էր համաճարակային առումով բարձր ռիսկայնությամբ երկրների ցանկում, իսկ ԵՄ-ն համաձայնեցրել է ազատ տեղաշարժը սահմանափակելու ընդհանուր մոտեցումներ․ բարձր ռիսկանյությամբ երկրներից ուղևորությունները չեն խրախուսվում։

Տեղեկությունը, սակայն, մասամբ էր ճիշտ, քանի որ կան ԵՄ անդամ երկրներ, որոնք չեն արգելում բարձր ռիսկայնությամբ երկրների քաղաքացիների մուտքը՝ հատկապես, եթե նրանք պատվաստված են։ Օրինակ Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Դանիա, Նիդերլանդներ կարելի է մեկնել՝ պատվաստման սերտեֆիկատ ներկայացնելու պարագայում։ Մանրամասներին կարող եք տեղեկանալ այստեղ։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *