Հոկտեմբերի 21-ին «ԱԳԼԱ լոյերս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը Medmedia.am-ի հետ զրույցում ասել է, թե եվրոպական 11 երկիր դադարեցրել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը:
«Եվրոպական 11 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան, դադարեցրել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը»,- նշել էր նա:
Medmedia.am-ը հարցազրույցի հենց այդ հատվածն էր օգտագործել որպես վերնագիր: Սունկ կայքերն ու ֆեյսբուքյան էջերն էլ իրենց հերթին լայնորեն տարածել էին տեղեկությունը:
Եվրոպական 11 երկիր իսկապես դադարեցրել էր AstraZeneca պատվաստանյութի կիրառումը, սակայն դա տեղի էր ունեցել 2021-ի մարտի 15-ին: Դադարեցնելու պատճառը պատվաստվածների շրջանում թրոմբի առաջացումն էր: 34 մլն պատվաստվածներից 222-ի մոտ ախտորոշվել էր տրոմբոզ։
Կարճ ժամանակ անց՝ մարտի 19-ին, մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Բուլղարիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Լատվիան և այլ երկրներ փոխեցին AstraZeneca-ի օգտագործումը կասեցնելու որոշումը, քանի որ Դեղերի եվրոպական գործակալությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեցին դրա անվտանգությունն ու էֆեկտիվությունը: Հեղինակավոր երկու կառույցները պնդեցին, որ տրոմբոզի առաջացման և պատվաստանյութի միջև որևէ կապ, ըստ առկա տվյալների, չկա։
Հուլիսի 4-ին Դեղերի եվրոպական գործակալությունը նոր ուսումնասիրություն հրապարակեց՝ ըստ որի տրոմբոզը համարվում էր AstraZeneca-ի շատ հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություն: Սակայն հավանականությունը, որ տրոմբոզ կառաջանա հենց կորոնավիրուսային վարակից, ավելի մեծ է։ Օրինակ Օքսֆորդի համալսարանի գիտնականների դիտարկումները ցույց էին տվել, որ Բրիտանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց որոշ ժամանակ անց 1 մլն բնակչից 5-ի մոտ տրոմբոզ էր հայտնաբերվել։ Pfizer-ի դեպքում մեկ միլիոնից 4 դեպքում էր տրոմբոզ ախտորոշվել։ Այս տվյալների համաձայն պատվաստանյութից տրոմբոզի առաջացման հավանականությունը շատ չնչին է։
MedMedia.am-ը չի դադարում Քովիդի մասին կեղծ լուրեր տարածել
MedMedia.am-ը ներկայանում է որպես առողջապահական կայք, սակայն հաճախ տարածում է մանիպուլյատիվ կամ կեղծ լուրեր, այդ թվում՝ հանրային առողջության համար վտանգավոր տեղեկություններ։ Այն հիմնադրել է ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը, որը ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի եղբայրն է։ Նա ոչ միայն բժիշկ է, այլև քաղաքական գործիչ․ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդգրկված էր ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում։
2020 թ․ MedMedia.am կայքին անդրադարձավ միջազգային մամուլը․ openDemocracy և The Guardian պարբերականները գրեցին, որ Գրիգորյանը կայքը ստեղծելու համար դրամաշնորհ էր ստացել ԱՄՆ դեսպանատնից, և, փաստորեն, Հայաստանում Covid-19-ի մասին ապատեղեկատվություն տարածող կայքը ֆինանսավորվել է ամերիկացի հարկատուների միջոցներով։ Հրապարակումներից հետո ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարեց, որ դեսպանատունը դադարեցնում է կայքի ֆինանսավորումը։ Հիմա կայքը շատ հաճախ մոլորեցնող լուրեր է տարածում պատվաստանյութերի մասին։
Այսպիսով, Սուսաննա Սարգսյանի պնդումը, թե եվրոպական 11 երկիր դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը, ժամանակավրեպ է։ Հայտարարությունն արվել է դեռևս մարտ ամիսն, որին հետևել են նոր հետազոտությունները պատվաստանյութի անվտանգության և էֆեկտիվության վերաբերյալ։ Այժմ այդ երկրները կիրառում են AstraZeneca-ն։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: