2021.07.06,

Ստուգված է

Covid-19-ի դեմ պատվաստումներ․ Հայաստանում լրատվամիջոցները հարթակ տվեցին ապատեղեկատվությանը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Covid-19-ի դեմ պատվաստումները Հայաստանում մեկնարկեցին ապրիլի 13-ին։ Արդեն հաջորդ օրը Առողջապահության նախարարը Ազգային ժողովում հայտնեց, որ մինչև տարվա վերջ հնարավոր կլինի պատվաստել բնակչության շուրջ 20%-ին, այսինքն մոտ 600,000 մարդու։

Ավելի քան երկու ամիս անց պատվաստվել է միայն 88,000 մարդ, ընդ որում՝ հայտնի չէ, թե պատվաստվածներից քանիսն են երկրի մշտական բնակիչներ, իսկ քանիսը՝ զբոսաշրջիկներ, որոնց նույնպես Հայաստանը անվճար պատվաստում է առաջարկում։ Եթե գործընթացի այս դանդաղ տեմպը շարունակվի, ապա տարեվերջին չի հաջողվի հասնել նույնիսկ նախարարի նշած համեստ ցուցանիշին։ 

Բնակչությանը պատվաստելու գործում դանդաղ առաջընթացը դժվար թե կարելի է պատահականություն համարել․ Covid-19-ի համավարակը դեռ չէր էլ սկսվել, բայց պատվաստումները Հայաստանում արդեն քաղաքական և մեդիա շահարկումների գլխավոր թեմաներից էին։ Մի քանի տարի շարունակ ակտիվիստներն ու քաղաքական գործիչները ապատեղեկատվություն էին տարածում պատվաստումների մասին՝ օգտվելով ոչ միայն սոցիալական ցանցերի, այլև խոշոր լրատվամիջոցների տրամադրած հարթակներից։  

«Գարդասիլը» և տագնապով լի լուրերը

Դեռ 2019-ին հայաստանյան մեդիա դաշտում տարածվում էին տագնապով լի, բայց կեղծ լուրեր մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման՝ «Գարդասիլի» մասին։ Օրինակ, 2019-ի մայիսին 5-րդ ալիքը թողարկեց «Ստիպողական պատվաստու՞մ. պոլիկլինիկայում լռում են» ռեպորտաժը, որում ասվում էր, թե Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի աշակերտուհիներին ստիպողաբար և խաբեությամբ պատվաստում են «Գարդասիլով»։ Նյութը հիմնված էր մեկ մարդու՝ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչի պատմածի վրա, որը 5-րդ ալիքը չէր ստուգել։ Ուսուցիչը պնդում էր, թե Հայաստանը «գրանտ» է վերցրել, դեղ ներկրել և «հիմա նույնիսկ մարդ ունենք, որ ասում են դեղերը ժամկետանց են»։ Սենսացիոն տեսանյութի դուրս գալուց հետո արդեն այս ուսուցիչը իր ֆեյսբուքյան էջում խոստովանեց, որ տեղեկությունը իրականությանը չէր համապատասխանում։

Սա միայն մեկ օրինակ է այն ապատեղեկատվության հոսքից, որ շրջապատում էր մարդու պապիլոմավիրուսի դեմ իմունիզացիայի ծրագիրը։ Միֆերը ու սխալ տեղեկությունը տարածում էին ոչ միայն լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան ծպտյալ օգտատերերը, այլև բժիշկ ներկայացող անձիք։ Այդպես՝ նյարդավիրաբույժ և Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ակտիվորեն հակապատվաստումային քարոզ էր վարում։ Խաչատրյանը, վկայակոչելով բժշկի իր գիտելիքները, դավադրության տեսություններ էր տարածում «Գարդասիլի» վերաբերյալ, դրան առնչվող թեմայով ԱԱԾ հաղորդում էր ներկայացնում հանցագործության մասին և հայտարարում, որ պատվաստումների նպատակը մարդկային կյանքերի վրա «հարձակումն» է։    

Խաչատրյանի և այլոց հնչեցրած պնդումները նոր չէին․ դրանք հիմնականում աշխարհում տարածված հակապատվաստումային նարատիվներն էին, որոնք ակտիվիստները վերցնում էին համացանցից և տարածում հայերենով։ Ընդ որում՝ այս բովանդակությունը տարածելու համար նրանք օգտվում էին ոչ միայն սոցիալական ցանցերից, այլև լայն լսարան ունեցող լրատվամիջոցների տրամադրած հարթակներից։ Օրինակ՝ 2019-ի դեկտեմբերին Մարինա Խաչատրյանը մամուլի ասուլիս հրավիրեց և, դիմելով ծնողներին, հայտարարեց, որ պատվաստանյութը «փոխում է ձեր տղա երեխայի գենետիկ կոդը»։ Դրանով էլ պատվաստանյութերը ավելացնում են «համասեռամոլների» թիվը, ասում էր Խաչատրյանը՝ հակապատվաստումային իր քարոզը համադրելով մեկ այլ հեշտ շահարկվող՝ հոմոֆոբիայի թեմայի հետ։

Ասուլիսի ժամանակ Խաչատրյանը հայտնեց, որ տեղեկությունը վերցրել է ամերիկացի բժիշկներից և ցույց տվեց տեսագրության մի կադր, որի վրա պատկերված էր մի կին և գրված՝ «Bedros Hajian, PhD»։ 

Պետրոս Հաջյանը սոցցանցերի ակտիվ օգտատեր է։ Նա բնակվում է ԱՄՆ-ում և տեղեկությունները տարածում է թե՛ անգլերենով, թե՛ հայերենով։ Նա դավադրության տեսությունների ջատագով է, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երկրպագու և պատվաստումների քննադատ։ Հաջյանը նաև յություբյան ալիք ունի, որի հայերեն լեզվով տեսանյութերից մեկից էլ Մարինա Խաչատրյանը վերցրել էր նշված կադրը։ Շուրջ մեկ ժամանոց տեսանյութում հնչում էին պատվաստումների մասին սխալ պնդումներ (օրինակ՝ որ դրանք պարունակում են վնասակար քանակության մետաղներ)։ 

Այսինքն՝ պատվաստումների մասին սխալ տեղեկությունը նախ հայտնվեց ԱՄՆ-ում բնակվող սփյուռքահայ օգտատիրոջ մոտ, որը ակտիվորեն դավադրության տեսություններ է տարածում, այնուհետև՝ Հայաստանում բնակվող Մարինա Խաչատրյանի մոտ, որը, բժիշկ ներկայանալով, առողջության մասին մոլորեցնող տեղեկություն է քարոզում։ Վերջապես՝ Խաչատրյանի՝ գիտական հիմք չունեցող պնդումները հնչեցին մամուլի ասուլիսի ժամանակ և լայն լսարան ունեցող լրատվականների միջոցով հասան հայաստանյան հանրությանը։

2019 հուլիսին Media.am-ի հետ զրույցում Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել էր հակապատվաստումային արշավի ազդեցությունը իմունիզացիայի ծրագրի վրա․ «Միանշանական բացասական է ազդել, ակնհայտ բացասական է ազդել, ու այդ [արդեն գնված] պատվաստումների մեծ մասը մենք թափելու ենք ի վերջո»,- ասել էր նախարարը։ Այսինքն՝ ապատեղեկատվության վրա կառուցված արշավը պատվաստումների դեմ 2019-ին բերել էր նրան, որ Հայաստանը չէր կարողանում իրացնել իր քաղաքացիների համար գնված պատվաստանյութերը։

media.am · Արսեն Թորոսյան․ հակապատվաստումային արշավը միանշանակ բացազական ազդեց իմունիզացիայի ծրագրի վրա

Covid-19․ համավարակն ու լրավարակը

2020-ի մարտին Հայաստանում ախտորոշվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ մասին հանրությանը հայտնեց ֆեյսբուքյան գրառման միջոցով։ Վարակը արագ տարածվեց երկրով մեկ, սակայն Հայաստանի հանրությանն ու իշխանությանը չհաջողվեց առողջությանը վերաբերող այս հարցը պահել առողջապահական դիսկուրսի շրջանակներում։ Կորոնավիրուսը արագ դարձավ քաղաքական թեմա ու շահարկումների առիթ։ Պատվաստումների մասին հանրությանը իրազեկելու, դրանց մասին կարևոր տեղեկությունը բացատրելու փոխարեն բազմաթիվ լրատվամիջոցներ և սունկ կայքեր լծվեցին միֆերի տարածման գործին։ 

Ապրիլի 6-ին, երբ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները նոր էին ուժի մեջ մտել, ArmNews հեռուստաալիքի «Հայելու առաջ» թողարկման շրջանակներում հեռարձակվեց մոտ 45 րոպեանոց հարցազրույց Երևանի երկու նախկին ավագանիների, բազմիցս ապատեղեկատվություն տարածած Մարինա Խաչատրյանի և Սոնա Աղեկյանի հետ։ Վերնագրում լրատվամիջոցը պնդում էր․ «Կորոնավիրուսը համաշխարհային ֆեյք է»։ Հարցազրույցի ժամանակ հյուրերը ասացին, թե համավարակը արդեն մարում է (մինչդեռ այն նոր էր սկսվում), պնդեցին, որ պատվաստումները առաջացնում են անպտղություն (ինչը կեղծ տեղեկություն է) և պարզ չէ, թե ինչ հիմքով զգուշացրեցին, որ վարչապետ Փաշինյանը կարող է կարանտինից հետո «տեռորիստական գրոհ» կազմակերպել Հայաստանում։

Այս հարցազրույցից ամիսներ անց աշխարհում սկսեցին կիրառել Covid-19 դեմ պատվաստանյութերը։ Դրանցից բրիտանա-շվեդական AstraZeneca-ն տարբեր երկրներում ապատեղեկատվության թիրախ դարձավ։ Չնայած ծանր կողմնակի ազդեցությունները AstraZeneca-ից հետո չափազանց հազվադեպ են առաջանում, բայց մեդիան հեղեղվեց վախ առաջացնող լուրերով։ Մեկ պնդում էին, որ մարդիկ են մահացել AstraZeneca-ից (չնայած որ կապը մահվան և պատվաստման մեջ հաստատված չէր), մեկ էլ հաղորդում կողմնակի ազդեցությունների մասին չստուգված լուրեր։

Այսպես՝ 2021-ի մայիսին ArmNews հեռուստաալիքը հայտնեց, թե AstraZeneca ստանալուց հետո թաեքվոնդոյի աշխարհի նախկին չեմպիոն Դեյվ Մեյերսը կորցրել է ոտքը։ Հեռուստաալիքը գրեթե բառացի թարգմանել էր այս հոդվածը ռուսական Московский комсомолец կայքից, սակայն բաց էր թողել այն հատվածը, որտեղ բժիշկներն ասում էին, որ կորցված ոտքի և պատվաստանյութի միջև կապը հաստատված չէ։ 

Այս լուրի սկզբնաղբյուրը մարզիկի հարազատների հրապարակումն էր համացանցում, որից հետո դեպքի մասին գրել էր բրիտանական դեղին մամուլը։ Այնուհետև նյութը վերատպվել էր ռուսական կայքում և ի վերջո ArmNews-ի միջոցով հասել հայաստանյան լսարանին։ 

Ինչպես և «Գարդասիլի» դեպքում, Covid-19 դեմ պատվաստանյութերը նույնպես դարձան բժշկի խալաթով քաղաքական ակտիվիստների թիրախ։ Օրինակ՝ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը կասկած հայտնեց, թե Առողջապահության նախարարին իրականում չեն պատվաստել, քանի որ տեսագրությունում չի երևում ներարկիչը։ Սակայն ներարկիչը հանգիստ երևում էր տեսագրությունների տարբեր կադրերում։ Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ «նրանք» ստեղծել են վիրուսը լաբորատորիայում՝ ճիշտ ինչպես ՁԻԱՀ-ի վիրուսը։ Վիրուսները ստեղծած «նրանք»-ի մասին Խաչատրյանի պնդումները հիմնավորված չէին, բայց դա չխանգարեց, որ դրանք հայտնվեին խոշոր լրատվականների կայքերում։

Պետությունը փորձում է հակազդել տեղեկատվական արշավով, բայց կոլեկտիվ իմունիտետը անորոշ ապագայում է

Ապատեղեկատվության այս հոսքից դժգոհում են նաև Առողջապահության նախարարությունում։ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են տեղի լսարանին հասցնում միջազգային մամուլում տարածվող ապատեղեկատվությունը․ «Միացնում ես՝ լրահոսային տասը «պուճուրիկ» լուրից բաղկացած մի բլոկ, երկուսը պարտադիր լինում է հակապատվաստումային։ Օրինակ՝ AstraZeneca-ի մասով էն վատ ինֆորմացիան միջազգային մամուլում պտտվող, որը երեք-չորս օր առաջ արդեն հերքվել է»,- պատմում է Խաչատրյանը։ 

Այս հոսքին հակազդելու համար նախարարությունը տեղեկատվական արշավ է իրականացնում՝ ներգրավելով թե՛ ավանդական, թե՛ առցանց հաղորդակցման միջոցները։ 

«Եթե ընկնենք յուրաքանչյուր ապատեղեկատվության հետևից, սխալ ուղղություն կստանա մեր պայքարը»,- նշում է Հռիփսիմե Խաչատրյանը։ «Մենք ուղղակի ճիշտ ինֆորմացիայով, առողջ ինֆորմացիայով փորձում ենք լցնել դաշտը»։ Ըստ Խաչատրյանի՝ պետությունը աշխատում է առողջապահության ոլորտը լուսաբանող լրագրողների հետ, նրանց համար դասընթացներ անցկացնում, կապ պահում միջազգային կազմակերպությունների հետ։ «Մենք տեղեկատվության բազմակողմանի հոսք ենք ապահովում և չենք կենտրոնացնում էս ամեն ինչը մայրաքաղաքում», ասում է Խաչատրյանը։

media.am · Հռիփսիմե Խաչատրյան․ լրահոսային տասը լուրից երկուսը հակապատվաստումային է

Թե ինչքանով է այս արշավը արդյունավետ դժվար է հասկանալ։ Հռիփսիմե Խաչատրյանի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն պատվաստվածների թվին (որը հուլիսի սկզբին հատեց 80,000-ը) այլ արագացող ընթացքին․ «Մենք օրական արդեն երեք հազար մարդու պատվաստում ենք»,- ասում է Խաչատրյանը։ 

Made with Flourish

Թեև պատվաստումների տեմպը իսկապես աճում է, բայց հայտնի չէ, թե պատվաստվածներից քանիսն է Հայաստանի մշտական բնակիչ, իսկ քանիսը՝ զբոսաշրջիկներ, որոնց նույնպես Հայաստանը անվճար պատվաստում է առաջարկում։ Ավելին՝ հասարակությունը իրապես պաշտպանված է Covid-19-ից երբ կա կոլեկտիվ իմունիտետ՝ այսինքն, բնակչության մեծ մասը (առնվազն 70-80%) պատվաստված է, և վիրուսը՝ տարածվելու «տեղ» չունենալով, նահանջում է։ 

Սակայն կոլեկտիվ իմունիտետի պետք է հասնել արագ, որպեսզի վիրուսը չհասցնի մուտացվել, և չհայտնվեն այնպիսի շտամեր, որոնց դեմ պատվաստանյութերը անզոր են։ Ինչքան շատ ժամանակ ենք տալիս վիրուսին տարածվելու համար, այնքան շատ տարբեր մուտացիաներ կտեսնենք։ Հետևաբար՝ նույնիսկ եթե Հայաստանը կարողանա Առողջապահության նախարարի նշած նպատակին հասնել և մինչև տարեվերջ պատվաստել բնակչության 20%-ին, դա դեռ բավարար չի լինի վիրուսի տարածումը կանգնեցնելու համար, քանի որ կոլեկտիվ իմունիտետի հասնելը այդ դեպքում տարիներ կտևի։   

«Քնեցնելով» քննադատողական մտածողությունը

Covid-19-ի դեմ պատվաստումների մասին տարածվող դավադրապաշտական պնդումները կամ սխալ լուրերը տարածվում են տարբեր երկրներում և հիմնականում տեղավորվում են նույն նարատիվի մեջ․ վիրուսը ստեղծել են հզոր դավադիր ուժերը, որպեսզի ստիպողաբար բոլորիս պատվաստեն դեղերով, որոնց վտանգը անտեսվում է կամ թաքցվում։ Այս և նմանատիպ այլ պատումները առաջարկում են հեշտ տարածվող սենսացիաներ, և հայաստանյան լրատվականները, փաստերի ստուգման գործը անտեսելով, հաճախ են դրանք թարգմանում տեղի լսարանի համար։ 

Նմանատիպ ապատեղեկատվությունը մանիպուլացնում է փաստերը և առաջարկում թվացյալ տրամաբանական բացատրություններ բարդ երևույթների համար։ Այս մոտեցումը «քնեցնում» է քննադատողական մտածողությունը, բայց սովորեցնում կասկածամիտ լինել՝ ամեն ինչի ետևում գաղտնի չար դավադրություն փնտրելով։ 

Հաճախ նման տեղեկատվաության ամենաակտիվ ջատագովները առանձին անհատներ կամ փոքր հարթակներ են, որոնք հավատացած են, որ բժիշկներն ու կառավարությունները կորոնավիրուսի մասին ճիշտը չեն բացահայտում։ Սակայն Հայաստանում նման պնդումներ տարածողները ստացան խոշոր լրատվականների աջակցությունը և կարողացան իրենց ձայնը լսելի դարձնել հանրության լայն շերտերի համար՝ այդպիսով աջակցելով գիտական հենք չունեցող և հանրային առողջության համար վտանգավոր տեղեկատվության տարածմանը։

Հոդվածի ստեղծման համար օգտագործված աղբյուրներն ու մեթոդները

  • Այս հոդվածի պատրաստման համար օգտագործվել է պատվաստումների մասին տարածված ապատեղեկատվության դեպքերի մասին մեր կայքի արխիվը։ Հոդվածում ներառված օրինակները օգնում են ընթերցողին ավելի լավ հասկանալ պատվաստումների մասին ապատեղեկատվության տարածման ձևերը։
  • Հոդվածում բերված որոշ օրինակների վերլուծություն կատարված է վիզուալ նյութի զննման եղանակով։ Այդպես՝ Մարինա Խաչատրյանի ձեռքին պատկերված նկարի գրվածքի անունը կարդալով՝ լրագրողը նախ գտել է այդ մարդու օգտահաշիվները Ֆեյսբուք սոցիալական ցանցում, ապա՝ նրա ալիքը Յություբ սոցցանցում, իսկ յութուբյան ալիքը ուսումնասիրոլով՝ հայտնաբերել է Մարինա Խաչատրյանի ցույց տված պատկերի տեսանյութը։ Այսինքն՝ պարզ վիզուալ զննման և որոնողական գործողությունների շնորհիվ հաջողվել է գտնել Խաչատրյանի հնչեցրած տեղեկության աղբյուրը։ 
  • Տեղեկության՝ սկզբնաղբյուրից մինչև լսարան կատարած ճանապարհորդությունը վիզուալացվել է Media.am-ի թիմի դիզայների կողմից, որպեսզի ավելի հեշտ ընկալելի լինի ընթերցողի համար։ 
  • Պատվաստվածների թվի աճը ընթերցողին ցույց տալու համար օգտագործվել է Flourish Studio ծրագիրը։ Սա անվճար գործիք է, որը թույլ է տալիս վիզուալացնել տվյալները։ 
  • Հոդվածի նախապատրաստական աշխատանքների ժամանակ օգտագործվել են պատվաստումների մասին տեղեկության տարբեր աղբյուրներ։ Հնարավորության դեպքում նախապատվությունը տրվել է պաշտոնական առողջապահական մարմիններին (ՀՀ Առողջապահության նախարարություն, ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոններ (CDC) և այլն)։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *