2021.01.27,

Ստուգված է

Հայաստանը գնում է AstraZeneca պատվաստանյութ. ի՞նչ գիտենք դրա մասին

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Դեռ աշնանը Առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ Հայաստանը պատվիրել է կորոնավիրուսի դեմ պատվաստման 300,000 չափաբաժին։ Մի քանի օր առաջ էլ հայտնի դարձավ, որ հայաստանցիների առնվազն մի մասը կպատվաստվի բրիտանական AstraZeneca-ով։

Hetq.am-ը անդրադարձավ AstraZeneca-ին՝ պնդելով, թե դրանից «6 մարդ է մահացել, արդյունավետությունն էլ 70% է»։ Պատվաստանյութերի և նշված մահերի միջև կապը, սակայն, հաստատված չէ։*

Media.am-ը պատմում է, թե ինչպես է աշխատում AstraZeneca-ն, ինչ արդյունավետություն ունի և ինչու է դարձել աշխարհի ամենապահանջված պատվաստանյութը։ 

Ամենաշատ վաճառվող պատվաստանյութը 

AstraZeneca-ն աշխարհի ամենապահանջված պատվաստանյութն է։ Այն մշակել են Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերությունը։

Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերության պատվաստանյութը այս պահին պատվերների քանակով վեցերորդն է (461 մլն չափաբաժին)։ 

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ AstraZeneca-ն արդեն շուրջ 3 մլրդ չափաբաժնի պատվեր ունի։ Պատվերներից 300 միլիոնը կատարել է Covax նախաձեռնությունը, որի անդամ է նաև Հայաստանը։ Covax-ը օգնում է կորոնավիրուսի պատվաստումները հասանելի դարձնել տարբեր երկրներին՝ անկախ դրանց ֆինանսական բարեկեցության աստիճանից։

Ինչպե՞ս է աշխատում AstraZeneca-ն

Այս պատվաստանյութը ստեղծվել է ադենովիրուսի հիման վրա։ Ադենովիրուսները սուր շնչառական հիվանդություններ (օրինակ՝ գրիպ) առաջացնող վիրուսներ են։ Դրանք տարածված են ոչ միայն մարդու, այլև կենդանիների շրջանում և հաճախ են օգտագործվում որպես պատվաստանյութերի հիմք։ 

AstraZeneca-ն օգտագործում է շիմպանզեների ադենովիրուսը, որը ձևափոխված է՝ դրա մեջ տեղադրված է հատուկ ԴՆԹ մոլեկուլ։ Հայտնվելով մարդու օրգանիզմում այս ձևափոխված ադենովիրուսը «համագործակցում» է մարդու բջիջների հետ՝ առաջացնելով իմունային ռեակցիա և ստեղծելով հակամարմիններ։ Հենց այս հակամարմիններն էլ հետագայում կպայքարեն Covid-19-ի դեմ, եթե այն հայտնվի օրգանիզմում։ 

📌AstraZeneca-ն առայժմ Covid-19-ի դեմ միակ պատվաստանյութն է, որը օգտագործում է շիմպանզեի ադենովիրուս և չի տապալել փորձարկումները։ Մի քանի այլ հաջողված պատվաստանյութ (օրինակ՝ ռուսական Sputnik V-ն) օգտագործում են մարդու ադենովիրուսը։

Լուսանկարի աղբյուրը՝ Wikimedia Commons

Ի՞նչ է  նշանակում 70% արդյունավետություն

Հայտարարվել է, որ AstraZeneca-ն ունի 70% արդյունավետություն։ Սակայն այս թիվն այնքան էլ չի արտացոլում դրա իրական արդյունավետությունը։ Պատճառն այն է, որ այս պատվաստանյութի արդյունավետությունը կախված է կիրառման ձևից։

AstraZeneca-ն երկու ձևով է փորձարկվել

  1. Մարդուն ներարկվում է սկզբում կես չափաբաժին, իսկ մեկ ամիս անց՝ մեկ չափաբաժին պատվաստանյութ։ Արդյունավետությունը 90% է կազմում։ 
  2. Մարդուն ներարկվում է մեկ լրիվ չափաբաժին, այնուհետև մեկ ամիս անց՝ ևս մեկը։ Արդյունավետությունը այս դեպքում 62% է։ 

Այսպիսով՝ 70%-ը ուղղակի այս երկու ցուցանիշների միջինն է։ Իրական կյանքում այս թիվն առանձնապես նշանակություն չունի․ կարող ենք ենթադրել, որ կիրառման ընթացքում նախապատվությունը կտրվի այն ձևին, որն ապահովում է առավել բարձր արդյունավետություն։  

📌70% արդյունավետությունը նաև չի նշանակում, թե կա 30% հավանականություն, որ դուք կվարակվեք պատվաստումից հետո։ Իրականում այս թիվը ցույց է տալիս՝ հնարավոր վարակվողների քանի տոկոսին կպաշտպանի պատվաստանյութը։ 

Լուսանկարի աղբյուրը՝ Լուսանկարը ՝ Astrazeneca-ի կայք

Պատվաստանյութերի փորձարկման ժամանակ մարդկանց մի խմբին տալիս են պատվաստանյութ, մյուս խմբին՝ պլացեբո (անվնաս թույլ աղաջուր)։ Մարդիկ չգիտեն՝ ով է ստացել պատվաստանյութ, իսկ ով՝ պլացեբո։ Այնուհետև գիտնականները հետևում են, թե քանի մարդ ամեն խմբից վարակվեց։ Եթե ենթադրենք, որ պլացեբո ստացածներից վարակվել է 100 մարդ, իսկ պատվաստանյութ ստացածներից՝ 10 մարդ, ապա գիտնականները կասեն, որ պատվաստանյութը կարողացել է պատվաստվածների խմբում 90 հոգու պաշտպանել վարակից։ Այս դեպքում պատվաստման արդյունավետությունը 90% կկազմի:

Moderna-ն և Pfizer-ը 90%-ից էլ բարձր արդյունավետություն ունեն։ Ուրեմն ինչո՞ւ են աշխարհում ամենաշատը AstraZeneca պատվիրում

AstraZeneca-ի պատվերների աննախադեպ քանակը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով։ Նախ՝ այն էժան է և արժե 2-4$։ Համեմատության համար՝ ռուսական Sputnik V-ն արժե մոտ 10$, իսկ Moderna-ն՝ 18$ (ԵՄ երկրների համար)։

AstraZeneca-ն նաև հայտարարել է, որ իր պատվաստանյութը կարող է պահվել սառնարանային ջերմաստիճանում միանչև 6 ամիս։ Սա նշանակում է, որ պատվաստանյութը տեղափոխելն ու պահպանելը հեշտ է։ Pfizer-ը և Moderna-ն այս իմաստով շատ ավելի «բարդ» պատվաստանյութեր են՝ դրանք պահանջում են պահպանման խիստ ցածր ջերմաստիճան, ինչը նշանակում է, որ պետք է ապահովվեն հատուկ պայմաններ։ 

Մամուլը գրում է պատվաստանյութերից մահերի մասին։ Հիմա ի՞նչ պիտի անենք։

Իսկապես, դեռ փորձարկումների ժամանակ մամուլում հայտնվում էին լուրեր «պատվաստումներից մահերի» մասին։ Իսկ վերջերս հայկական Hetq.am-ը սենսացիոն վերնագրով նյութ հրապարակեց՝ «Հայաստանում պատվաստանյութերի 1/3 կլինի «AstraZeneca»-ն, որից 6 մարդ է մահացել, արդյունավետությունն էլ 70% է»։

Արդեն պարզեցինք, որ այս թիվը՝ 70%, իրական կյանքում առանձնապես ոչինչ չի նշանակում։ Մահերի մասին այսպիսի պնդումները նույնպես վիճահարույց են։ 

Լուսանկարի աղբյուրը՝ rfi կայք

Նախ, Hetq.am-ը այս վերնագրով հոդվածում ընդունում է, որ որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել AstraZeneca-ի և այդ մահերի պատճառահետևանքային կապը։ Պատվաստանյութերի փորձարկմանը և կիրառմանը մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, և դրանցից ոմանք, իհարկե, կարող են այդ ընթացքում մահանալ։ Պնդելու համար, որ մահը եղել է պատվաստանյութից հարկավոր է շատ ավելի լուրջ հետազոտություն, քան պարզ ժամանակային համընկնումը։ 

📌Սա, իհարկե, չի նշանակում, որ պատվաստումները չեն կարող ունենալ կողմնակի ազդեցություն։ Հանդիպում են պատվաստումից հետո ալերգիկ ռեակցիաներ (հենց այս պատճառով բուժառուն պետք է մոտ կես ժամ պատվաստումից հետո մնա հիվանդանոցում)։ Կորոնավիրուսից պատվաստվողները կարող են ունենալ գլխացավ, մկանային ցավ և այլն։ Կողմնակի ազդեցությունների մասին առավել մանրամասն կարդացեք media.am-ի նախորդ նյութում։

Միջազգային մամուլում տարածվեց նաև մեկ այլ սխալ պնդում՝ թե AstraZeneca-ն միայն 8% արդյունավետություն ունի տարեցների շրջանում։ Այս պնդման հեղինակ գերմանական Handelsblatt թերթը հղում էր անուն կառավարությունում անանուն աղբյուրներին։ 

Շուտով պարզ դարձավ, որ լրագրողը (կամ նրա աղբյուրը) շփոթել է փորձարկումներում մասնակցած տարեցների թիվը պատվաստանյութի արդյունավետության թվի հետ։ 56-69 տարեկան մարդիկ կազմում էին AstraZeneca-ի փորձարկմանը մասնակցողների 8%-ը և սա կապ չունի արդյունավետության հետ։ 

Լրագրողների թույլ տված փաստական սխալները կամ սենսացիոն՝ իրականությունը ոչ լրիվ արտոցոլող վերնագրերը, այս դեպքում անվնաս չեն։ Այսպիսի ոչ ամբողջական տեղեկությունը կարող է խթանել պատվաստանյութերի մասին դավադրության տեսությունների տարածումը և լրջորեն վնասել բնակչության իմունիզացիայի ծրագրերի հաջող իրականացմանը։

Կարինե Ղազարյան

* Հոդվածի այս պարբերությունը վերաձևակերպվել է 2020թ․ հունվարի 30-ին։ Սկզբնական ձևակերպումն էր՝ «Hetq.am-ը անդրադարձավ AstraZeneca-ին՝ պնդելով, թե այն առաջացրել է մահեր, իսկ արդյունավետությունը 70% է։ Այս պնդումները, սակայն, ամբողջությամբ ճիշտ չէին»։

Ձևակերպումը փոխվել է այս հոդվածի վերաբերյալ Հետքի հրապարակման ու դրան արձագանքող media.am-ի հրապարակման արդյունքում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *