2021.01.30,

Ստուգված է

Փաստերի ստուգումը նպաստում է ամբողջ լրատվական դաշտի զարգացմանը․ Hetq.am-ի ու Media.am-ի երկխոսությունը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Հունվարի 27-ին media.am-ը անդրադարձել էր բրիտանական AstraZeneca պատվաստանյութին, որը շուտով մատակարարվելու է Հայաստան։ Հոդվածը պատմում էր, թե ինչ է հայտնի այդ պատվաստանյութի մասին։ Հոդվածի վերջին հատվածը  անդրադառնում էր մամուլում հրապարակված վիճահարույց պնդումներին, այդ թվում՝ hetq.am-ի հոդվածներից մեկին։ 

Hetq.am-ը արձագանքել է media.am-ին՝ բարձրաձայնելով նաև այն խնդիրները, որ կայքը տեսնում է media.am-ի հրապարակման մեջ։ Ներկայացնենք, թե ինչու ենք անդրադարձել Hetq.am-ում տեղ գտած պնդումներին և մանրամասնենք մեր հրապարակման մասին Hetq.am-ի բարձրաձայնած խնդիրները։

Ինչո՞ւ ենք Hetq.am-ի հոդվածի վերնագիրը ոչ ճշգրիտ համարել

Hetq.am-ում լույս տեսած հրապարակման վերագիրն էր՝ «Հայաստանում պատվաստանյութերի 1/3 կլինի «AstraZeneca»-ն, որից 6 մարդ է մահացել, արդյունավետությունն էլ 70% է»։

Վերնագրում հեղինակը երկու պնդում է արել։ Media.am-ը հատկապես շեշտադրել է մահերի և պատվաստանյութի կապի մասին պնդումը։ Մենք նաև նշել ենք, որ բուն հոդվածում Hetq.am-ը գրել է, որ պաշտոնական աղբյուրները այդպիսի կապ չեն հաստատում։ 

Վերնագիրը, սակայն, հոդվածի առանցքային բաղադրիչ է․ ընթերցողները հաճախ կարող են տեսնել միայն վերնագիրը և չկարդալ կամ ամբողջությամբ չկարդալ հոդվածը։ Այդ պատճառով կարևոր է, որ վերագիրը չպարունակի ոչ ճշգրիտ տեղեկություն, նույնիսկ եթե հոդվածում տեղեկությունը տրամադրված է ճշգրիտ։ 

Մենք կարևորում ենք Hetq.am-ի կողմից հոդվածի վերնագրի փոփոխությունը և ընթերցողին հնարավոր տարընթերցումներից զերծ պահելուն ուղղված քայլերը։ 

Hetq.am-ի վերնագրի երկրորդ պնդմանը՝ 70% արդյունավետության մասին, Media.am-ը չի անդրադարձել առանձին։ Սակայն մենք ընդունում ենք, որ media.am-ում հոդվածի սկզբում տրված ձևակերպումից (գրված է՝ «Այս պնդումները, սակայն, ամբողջությամբ ճիշտ չէին») կարող է տպավորություն ստեղծվել, թե Media.am-ը ստուգել է հատկապես Hetq.am-ի պնդումը 70% արդյունավետության մասին։ Media.am-ը փոխել է այս ձևակերպումը հոդվածում։

Պատվաստանյութի արդյունավետության մեր բացատրությունը հոդվածի՝ մամուլի հրապարակումների մասին վերջին գլխից դուրս էր, և նվիրված էր պատվաստանյութի մասին ընդհանուր տեղեկություն մատուցելուն։  

Երկրորդական աղբյուրներ

Media.am-ը կարևորում է տեղեկության առաջնային աղբյուրների օգտագործումը։ Միևնույն ժամանակ երկրորդական աղբյուրները կարող են օգտակար բացատրական նյութ պարունակել՝ ընթերցողին առաջարկելով ավելի մանրամասն տեղեկություն, որը տեղ չի գտել տվյալ հոդվածում։

Hetq.am-ը նշում է, թե մենք հղում ենք արել երկրորդական աղբյուրի՝ meduza.io-ի՝ «Двум медработникам с Аляски стало плохо после введения вакцины Pfizer» հոդվածին։ Մենք չգիտենք, թե ինչու է այդ հղումն օգտագործելը վերագրվում մեզ։ Media.am-ի այն հրապարակման մեջ, որին անդրադարձել է Hetq.am-ը, նման հղում չկա։ Ու չի էլ եղել։ 

Մեր հոդվածում օգտագործված են meduza.io-ի այլ հրապարակումներ։ Media.am-ը չունի պահանջ երկրորդական աղբյուրների չօգտագործելու մասին։ Ամեն հեղինակ ինքն է որոշում՝ օգտագործել դրանք, թե՝ ոչ։ 

Երկրորդական աղբյուները լսարանին հավելյալ տեղեկություն են տրամադրում։ Օրինակ, մեր՝  «Հայաստանը գնում է AstraZeneca պատվաստանյութ. ի՞նչ գիտենք դրա մասին» հոդվածում  պատվաստանյութի արդյունավետությունը բացատրել հատվածում հղում կա դեպի «COVID-19 Vaccine 101: How Is Vaccine Effectiveness Measured?» տեսահոլովակը, որը պարունակում է պարզ վիզուալ բացատրություն, թե ինչպես է հաշվարկվում պատվաստանյութերի արդյունավետությունը։

Իսկ ինչպե՞ս է հաշվարկվում պատվաստանյութերի արդյունավետությունը

Իր արձագանքում  Hetq.am-ը ճշգրիտ չի համարում Media.am-ի՝ պատվաստանյութի արդյունավետության մասին բացատրությունը՝ հղում անելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքին։ 

Թե՛ media.am, թե՛ hetq.am-ը հոդվածներում օգտագործում են «պատվաստանյութի արդյունավետություն» ձևակերպումը որպես անգլերեն «vaccine efficacy» տերմինի թարգմանություն։ «Efficacy» և «effectiveness» տերմինները, սակայն, տարբեր են, ինչը այս դեպքում հայերեն թարգմանությամբ չի արտացոլվում։ 

AstraZeneca-ի 70% արդյունավետությունը հենց «efficacy»-ն է (ինչը նաև Hetq.am-ն է նշում իր արձագանքում)։ «Efficacy»-ն ցույց է տալիս փորձարկումների ժամանակ պատվաստված մարդկանց այն տոկոսը, որին պատվաստանյութը պաշտպանել է վարակվելուց։ Այս տոկոսը հաշվարկվում է պլացեբո ստացած մարկանց տոկոսի հետ համեմատությամբ։ Այլ կերպ ասած, սա ցույց է տալիս, թե ինչքանով ցածր է վարակվածության տոկոսը պատվաստվածների խմբում՝ պլացեբո ստացածների խմբի հետ համեմատ։ 

«Դեղերի մասին» ՀՀ օրենքում արդյունավետության սահմանումը որպես «դեղի սպասվելիք դրական ազդեցության դրսևորման աստիճանի բնութագիր», չի հակասում Media.am-ի բացատրությանը, քանի որ այս սահմանումը ընդհանուր է և չի հստակեցնում՝ խոսքը առանձին օրգանիզմի, փորձարկման համար կամավորների խմբի, թե ընդհանուր բնակչության մասին է։ Այն չի հստակեցնում առանձին տերմին պատվաստանյութերի փորձարկումների արդյունքների համար։ 

Ինչո՞ւ է Media.am-ը անդրադարձել Hetq.am-ի հրապարակմանը

Նշված հոդվածը հրապարակվել է media.am-ի «Ստուգված է» բաժնում, որտեղ մենք ուսումնասիրում ենք մամուլում, սոցցանցերում, հանրային մարդկանց հայտարարություններում հնչող ոչ ճշգրիտ տեղեկությունը։ 

Փաստերի ստուգման նպատակը հանրությանը առավել ճշգրիտ տեղեկության մատուցումն է։ Մեր համոզմամբ՝ փաստերի ստուգումը կարևոր է բոլոր լրատվամիջոցների համար, և անճշտությունները վերհանելը նպաստում է ամբողջ լրատվական դաշտի զարգացմանը։ 

Մենք նաև գնահատում ենք հետադարձ կապը և միշտ պատրաստ ենք լսել ընթերցողների և գործընկերների կարծիքը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *