Որոշել էի այլևս երբեք չանդրադառնալ հանրային հեռարձակման խնդիրներին՝ կարևորագույն այդ ոլորտում բարեփոխումները համարելով անհույս։ Հոռետեսությանս պատճառը, ինչպես նախորդ հրապարակումներում պարզաբանել եմ, ՀՀՌ խորհրդի և հեռուստաընկերության ղեկավարների՝ որևէ բան փոխելու, կամքի բացակայությունն է։
Բայց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի «Բարձրացնելու ենք հեռուստաեթերի որակը» վերնագրով ֆեյսբուքյան գրառումը ստիպեց դրժել որոշումս և մի վերջին անգամ արտահայտել պատկերացումներս, որոնք թյուրիմացաբար կամ դիտավորյալ ընկալվել էին որպես Պասկևիչյան-Շիրինյան անձնական վիճաբանություն։
Լիովին համաձայն լինելով Մխիթար Հայրապետյանի այն դիտարկմանը, թե «հեռուստատեսությունը եւ ռադիոն նույնիսկ այս կամ այն ձեւական մետամորֆոզների ենթարկվելու դեպքում երկար տարիներ շարունակելու են մնալ մեդիայի կարեւորագույն բաղկացուցիչներից երկուսը», չեմ կարող չճշգրտել դրանց դերը։
Հեռուստատեսությունը և ռադիոն պասիվ դերակատարներ չեն, դրանք պահպանել և դեռ երկար ժամանակ պահպանելու են հասարակական կարծիք ձևավորողի լեգիտիմ ազդեցությունը։
Ի՞նչ է եղել երեկ, ի՞նչ կարող է լինել այսօր ու վաղը. փորձեմ ներկայացնել մոտեցումներ, որոնք, կարծում եմ, օգտակար կլինեն ոլորտում փոփոխություններ նախաձեռնելիս։
2000-ին պետական հեռուստառադիոյի հիման վրա ստեղծված Հանրայինը ոչ մի աղերս ու առնչություն չի ունեցել և այսօր էլ չունի հանրության, նրա տրամադրությունների և պահանջների հետ։ Հակառակը՝ եղել է քոչարյան-սարգսյանական իշխանությունների մտակերտվածքի արգասիքը. լրատվությամբ կեղծել իրականությունը, մյուս հաղորդումներով մոլորեցնել կամ շեղել հանրությանը կարեւոր խնդիրներից՝ առիթ չտալով լուրջ քննարկումների։ Սա ժողովրդական բանահյուսությամբ շատ դիպուկ բնորոշվում է որպես հանրայինի կամ «Հայլուրի» իրականություն։
Հայտնի «մեդիամագնատների» կամքով մասնավոր հեռուստաընկերությունների բազմության մեջ Հանրայինին նախանշվել է վարկանիշի համար մրցակցողի դեր, մինչդեռ հարկատուների հաշվին պետության հատկացրած միջոցները և գովազդատուների ազդեցությունից ազատ լինելը լիովին բավարար են ոչ միայն էականորեն տարբերվելու, այլև տարբերվելով՝ մասնավոր հատվածին նոր բովանդակություն պարտադրելու համար։
Հանրայինի ստեղծումից ի վեր՝ շուրջ տասնութ տարի, Հայաստանում ձևավորվել է մտային-քննադատական մի ներուժ, որն իր դրսևորումն է գտել տեղային (լոկալ) քննարկումներում (սեմինարներ, ժողովներ, ակումբներ) և սոցիալական ցանցերում։
Ստեղծվել է մտավոր-տեղեկատվական ահռելի պաշար, որի տեղափոխումը հանրային եթեր, կարող է զգալիորեն փոփոխել քաղաքացիների մտածողությունը։
Հանրայինը ոչ միայն հեռուստաընկերություն է՝ կառույցի ընդունված չափանիշերով, այլև մի ասպարեզ, կարելի է ասել՝ լաբորատորիա, որում հանրության աչքի առջև պետք է կատարվեին հրատապ ու մեծ կարևորություն ունեցող գաղափարների փորձարկումներ։ Մի բան, որ ինքնին Հանրայինը վարկանիշայինից կվերածեր վարկանիշաստեղծի՝ ապահովելով խաղի կանոններ թելադրողի, վերը նշված՝ դերը։
Հանրայինը մի կառույց է, որի գործունեությունը պետք է լինի բացառիկ թափանցիկ, ծախսերը՝ նպատակային, հիմնավորված և, որ ամենակարևորն է՝ հանրության պահանջներին համապատասխան։
Վերադառնալով ԱԺ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրառմանն՝ ասեմ, որ ինձ համար տարօրինակ է երկու արձանագրում. մեկ, որ խնդիր է դրվում բարձրացնել հեռուստաեթերի որակը, մեկ էլ, որ հեռուստաեթերի որակի բարձրացումը պայմանավորվում է նոր օրենքի ընդունմամբ։
Որակը բարձրացնելու մտադրությունը խոսում է Հանրայինի առկա բովանդակային ու կառուցվածքային տեսքից մասամբ գոհ լինելու մասին։
«Բարձրացնել որակ» նշանակում է ինչ-որ բան հավելել գոյություն ունեցող որակի վրա, մինչդեռ հարցի մեջ խորամուխ լինելու դեպքում պարզ կդառնա, որ հարկավոր և անհրաժեշտ է առաջին հերթին փոխել Հանրայինի փիլիսոփայությունը՝ անցում կատարելով ներառական բովանդակության։
Հնարավո՞ր է արդյոք փոփոխությունների հասնել նոր օրենք ընդունելով։ Այո, և դա, իհարկե, շատ կարևոր է պետության և Հանրայինի հարաբերությունները կարգավորելու իմաստով, բայց «Հանրային-հանրություն» հարաբերությունների բարելավման դարման ու բալասան չէ։
Ոլորտն ուսումնասիրելիս՝ չեմ նկատել էական խոչընդոտներ և արգելքներ, որոնք առաջացնում է հին օրենքը։
Գուցե կարելի է այլ սկզբունքով ձևավորել ՀՀՌ խորհուրդը, ճշգրտել ընկերությունների և ՀՀՌԽ-ի հարաբերությունները կարգավորող որոշ կետեր, սակայն դրանք որևէ արդյունք չեն տա, քանի դեռ չի հստակեցվել «Ինչի՞ համար է Հանրայինը» հարցը։
Եթե հանրայինը կառավարության PR-ն անելու և հանրությանը պարզապես զբաղեցնելու համար է, կարելի է ժամանակ և ջանք չծախսել նոր օրենք ընդունելու համար։
Իսկ եթե փոխվելու է փիլիսոփայությունը, օրենքից առաջ պետք է ծավալել հանրային լայն քննարկումներ՝ հասկանալու համար բովանդակային առաջնահերթությունները, կառուցվածքային նպատակահարմարությունը, կադրերի և նախագծերի ընտրության սկզբունքները, հարկատուների հատկացրած միջոցների ծախսման արդյունավետությունը և այլն։
Տարածված կարծիք կա, որ հետխորհրդային տարածքում Հանրայինները մեծ դերակատարում չունեն և վարկանիշով զիջում են մասնավորներին։
Ընդունել սա որպես դատավճիռ, կնշանակի հանրությանը թողնել որոշակի պատկանելություն ունեցող հեռուստաընկերությունների ազդեցության ոլորտում և շարունակ համակերպվել «լսարան=լյումպեն» միտք ու հոգի աղճատող բանաձևին։
Քանի որ դրժեցի որոշումս և կրկին խոսեցի Հանրայինի մասին, հաջորդիվ կներկայացնեմ նաև արբանյակային հեռարձակման հայեցակարգը, որը, մեծ ոգևորության պայմաններում, մշակվելուց հետո, մնաց թղթի վրա։
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: