Քաղաքական գովազդի փողերը. հետընտրական հաշվարկ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ընտրություններից հետո ճիշտ ժամանակն է հաշվել քաղաքական ուժերի մեդիա քարոզչության ծախսերը: Կուսակցություններն ու դաշինքների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում ամփոփված են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանում կատարված ծախսերը:

Քարոզարշավի ժամանակահատվածը կարճ էր՝ երկու շաբաթ (նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը), սակայն քաղաքական ուժերի ծախսած գումարները և ընտրական արշավի մասշտաբները ցույց են տալիս, որ նման ժամկետներում հնարավոր է պատրաստվել ընտրությունների:

Հաղորդակցության հարթակներում՝ արտաքին գովազդ, տպագրական նյութեր, հեռուստատեսային, ռադիո կամ ինտերնետային գովազդի ծախսերի ամենամեծ հնարավորությունն ունեցել է  «Իմ քայլը» դաշինքը, որի հիմնադրամի ծախսային մասը կազմել է մոտ 275 մլն դրամ։ Ծախսերի տեսակետից երկրորդը ՀՀԿ-ն է՝ մոտ 128 մլն, երրորդը՝ ԲՀԿ-ն՝ մոտ 103 մլն դրամ։

Ամենահամեստը «Ազգային առաջընթաց»-ի ծախսերն են՝ 490 հազար դրամից մի քիչ պակաս։

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավին թիրախավորված էին բոլոր մեդիահարթակները: Կուսակցությունները հաշվի էին առել յուրաքանչյուրի էֆեկտիվությունը: Թեև առավել ցայտուն էին օնլայն հարթակների քարոզչական հնարքները, սակայն բյուջեի տեսանկյունից ավանդական մեդիան՝ հեռուստատեսությունը, շարունակում է այլ կրիչների համեմատ ֆինանսական դոմինանտություն ունենալ:

«Իմ քայլը» դաշինքի համար հեռուստատեսային քաղաքական գովազդի կարևոր հարթակ են եղել մարզային հեռուստատեսությունները։ Եթե «Իմ քայլը» հանրապետական և երևանյան սփռման հեռուստաընկերություններում քաղաքական գովազդի համար ծախսել է մոտ 9 մլն դրամ, ապա մարզայինների դեպքում դաշինքը կրկնակի շատ է ծախսել մոտ 22 մլն դրամ։ Դաշինքը համագործակցել է «Գալա», «Շանթ Գյումրի»,  «Ցայգ», «Ֆորտունա» և այլ մարզային հեռուստատեսությունների հետ:

Հանրապետական կուսակցությունը հեռուստատեսային գումարի մեծ մասը՝ ավելի քան 26 մլն դրամ, ծախսել է հանրապետական և երևանյան սփռման հեռուստատեսությունների եթերաժամանակի վրա: Այս քաղաքական ուժի հիմնադրամի ամենաշատ գումարը գնացել է «Շանթ», «Արմենիա» և «Արարատ» (TV5) հեռուստաընկերություններ: Մարզային հեռուստատեսությունների բյուջեն եղել է փոքր, սակայն բաշխված բոլոր մարզերում` ընդհանուր առմամբ 17 մլն դրամից մի փոքր պակաս։

Ինտերնետային կայքերում գովազդը ՀՀԿ-ն տեղադրել է «Այփի Մարքեթինգ» ընկերության միջոցով՝ ծախսելով 16.5 մլն դրամ:

ԲՀԿ-ն վճարովի եթերաժամանակի համար հանրապետական սփռման հեռուստատեսություններին վճարել է մոտ 33 մլն դրամ: Ամենաշատը ստացել է «Շանթ» հեռուստաընկերությանը՝  մոտ 9 մլն դրամ: ԲՀԿ-ն մոտ 5 ու կես մլն դրամ է ծախսել մարզային հեռուստատեսությունների գովազդի համար: Հետաքրքրականն այն է, որ իր մարզային եթերի բյուջեի մեծ մասը ԲՀԿ-ն տեղաբաշխել է Շիրակի մարզում:

ՀՅԴ-ն մոտ 7 մլն 800  հազար դրամ է ծախսել հանրապետական սփռման և մոտ 9 մլն 800 հազար դրամ մարզային հեռուստաընկերությունների եթերաժամանակի համար: Ամենաշատը վճարել է «հ2»-ին՝ մոտ 2 մլն դրամ, «Երկիր մեդիա»-ին մոտ 1,5 մլն դրամ և Հանրայինին՝ 1 մլն 100 հազար դրամ: Մարզայինների դեպքում շռայլ է գտնվել Լոռու «Ֆորտունա»-ի հանդեպ՝ վճարելով 2 572 500 դրամ:

«Լուսավոր Հայաստան»-ն իր հայտարարագրում ցույց է տվել, որ հեռուստաեթերի վրա ծախսել է 22 մլն դրամ՝ առանց անուններ նշելու:

Առանց լրատվամիջոցների անունների է հայտարարագիր ներկայացրել նաև ՕԵԿ-ը: Քաղաքական ուժը եթերային գովազդի համար ծախսել է մոտ 9 մլն դրամ:

Քիչ չեն եղել «Սասնա Ծռեր»-ի քարոզչության եթերային ծախսերը՝ մոտ 4 մլն 250 հազար դրամ:

Այս նպատակով համեստ է եղել նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության բյուջեն, գովազդային ծառայության համար նրանք վճարել են մոտ 2 մլն 300 հազար դրամ:

«Մենք»-ի քարոզարշավի բյուջեն փոքր է եղել, հեռուստաեթերի ծախսերը կազմել են մոտ 834 հազար դրամ: Դրանից 152 հազարը ծախսվել է մարզային հեռուստատեսությունների համար, մնացածը «Հանրային հեռուստաընկերության», «Դար 21»-ի և «Կենտրոն»-ի եթերաժամանակի համար՝ 682 հազար դրամ: Թիրախավորելով երիտասարդ ընտրազանգվածին՝ քաղաքական ուժը փոքր գովազդային բյուջեներ է բաշխել ռադիոյում:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» քաղաքական գովազդի համար ծախսել է մոտ 1 մլն դրամ:

Եթերաժամանակի անհրաժեշտություն չի տեսել «Ազգային առաջընթացը», իր խիստ համեստ բյուջեն քաղաքական ուժը բաշխել է տպագրության և արտաքին գովազդի միջև:

Հեռուստատեսությունների տրված գումարները ամբողջական չեն, քանի որ «Լուսավոր Հայաստան»-ը, «Քաղաքացու որոշում»-ը, «Սասնա Ծռեր»-ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ը և ՕԵԿ-ը իրենց հայտարարագրերում չեն նշել, թե որ գումարները որ լրատվամիջոցներում են ծախսել։

2017թ․-ի ԱԺ ընտրությունների մեդիա հաշվապահությունը ներկայացված է  «Քարոզարշավն ու հեռուստաընկերություններին փոխանցված գումարները» հոդվածում։

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *