Քարոզարշավի կարճ ընթացքն ու նախապատրաստական աշխատանքների սուղ ժամանակը ենթադրում էին, որ քաղաքական գովազդի բյուջեն պետք է խիստ թիրախավորված լիներ։
Արագ կամ ավելի ճիշտ հապճեպ քարոզչական նյութերով լցվեցին վահանակներն ու վերելակները, մեքենաներն ու հայտարարության տախտակները, բնակարանների դռները և տարբեր մակերեսները:
Քաղաքական ուժերը մեծ տարբերություն չեն տեսնում, թե իրենց խոսքն ինչ հարթակներով է հասնում լսարանին:
Ֆինանսական միջոցներ ունեցող քաղաքական ուժերից ԲՀԿ-ն այս օրերին աշխատում է գրեթե բոլոր մեդիա ուղղություններով, տարածում է ուղերձներն այնտեղ, որտեղ հնարավոր է:
Պատգամավորի թեկնածու, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ասում է, որ իրենք բացի ավանդական մեդիայից, սկսել են նոր ձևաչափի բովանդակություն տարածել նաև սոցիալական ցանցերում, «քանի որ թիրախավորում են բոլորին և չունեն տարիքային սահմանափակում»:
«Վարկանիշային թեկնածուները հիմնականում օգտագործելու են մարզային հեռուստաընկերությունների եթերը, որովհետև իրենց խնդիրն այլ է ՝ ձայներ ստանալ տվյալ տարածաշրջանից»,- ասում է նա:
ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն ասում է, որ իրենց քարոզարշավը վստահված է ինչպես ավանդական, այնպես էլ ժամանակակից մեդիահարթակներին, հեռուստատեսությունում ներկայացված են լինելու հաղորդումների ու վճարովի գովազդի տեսքով:
«Համագործակցելու ենք ցանցային ԶԼՄ-ների հետ, օգտագործելու ենք ինտերնետ գովազդի հնարավորությունները, առանձին մեծ բլոկով աշխատելու ենք սոցիալական ցանցերում, հատկապես Ֆեյսբուքում: Չենք անտեսելու Յություբը, Ինստագրամը և այլ սոցիալական ցանցեր»,-նշում է նա:
«Քաղաքացու որոշում» նոր կուսակցությունն ուզում է դիրքավորվել քաղաքական դաշտում և դառնալ ճանաչելի:
Կուսակցության սահմանափակ միջոցներն, ըստ կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի, մեծամասամբ ուղղվելու են ֆեյսբուք:
«Առաջին անգամ քարոզարշավի ժամանակ օգտագործել ենք մի հնարք, որը երբևէ չի կիրառվել: Խոսքը մանդարինի միջոցով մարդկանց զգայարանների վրա ազդելն է, համն ու հոտը փոխանցելը: Նախկինում շեշտը դրվել է միայն տեսողական, լսողական, շոշափելիքի զգայարանների վրա»,- ասում է նա:
«Իմ քայլն» այս ընտրություններին օգտագործել է բոլոր մեդիահարթակները՝ վահանակներ, վերելակներ, ավտոմեքենաներ, հեռուստատեսություն, թռուցիկներ, սոցիալական մեդիա և այլն:
Դաշինքի մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի խոսքով, վարչապետի պաշտոնակատարի ֆեյսբուքյան էջն ակտիվ է լինելու ուղիղ միացումների համար, ցուցակով առաջադրված անհատ թեկնածուներն էլ իրենց հերթին վարելու են սեփական էջերը:
Քարոզչական քայլերը գովազդի տեսանկյունից
Սոցիալական գովազդի մասնագետ, Caramel ընկերության հիմնադիր Արսեն Սուլթանյանն այս օրերին հետևում է քաղաքական ուժերի գովազդային արշավներին: Նկատել է լավ ու վատ արված քայլեր:
Նա կարծում է, որ ՀՀԿ-ի՝ վիրտուալ տիրույթում իրականացվող քարոզարշավը, լավ է մտածված, քանի որ կա գործողությունների մղում (call to action), այս դեպքում դա ընտրությունների գնալն ու իրենց օգտին քվեարկելն է:
«Միակ կուսակցությունն է, որ տակտիկական քայլ է որդեգրել և հստակ դիմում է քվեարկելու կոչով: Մնացածների մոտ ուղերձները վերացական գաղափարների վրա են դրված»,- ասում է Արսեն Սուլթանյանը:
Կուսակցությունը ակտիվ է նաև Օդնոկլասնիկի սոցիալական ցանցում, որը դեռևս մեծ ծածկույթ ունի Հայաստանում: Ըստ Սուլթանյանի, թվային տիրույթում ամենամեծը հենց այս քաղաքական ուժի բյուջեն է:
Նրա խոսքով, «Քաղաքացու որոշումը» թե՛ դիզայնի, թե՛ թարմ լուծումներ գտնելու տեսանկյունից նոր շունչ ու մոտեցումներ ունի, ժամանակ առ ժամանակ հետաքրքիր խաղարկային հոլովակներ է ներկայացնում ֆեյսբուքում:
«Իմ քայլը» նույնպես ակտիվ է ֆեյսբուքում, մշակել է անձնական էջի լուսանկարի ձևաչափ, որն աչքի է ընկնում, և թեկնածուներն, ըստ էության, ծախս չանելով կարող են հաջողության հասնել:
Սուլթանյանը նկատել է, որ քաղաքական ուժերը որոշ դեպքերում Ֆեյսբուքը անարդյունավետ են օգտագործում: Խոսքը վարկանիշային թեկնածուների մասին է, նրանք շեշտադրել են իրենց ֆեյսբուքյան էջերի առաջխաղացումը, այն դեպքում երբ գովազդային թիրախը պետք է լինի այն ընտրատարածքը, որտեղ նպատակ ունեն ձայներ ստանալ:
Արսեն Սուլթանյանի գնահատմամբ, արտաքին գովազդի դաշտում նորություններ չկան և տեղադրումների ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ: Նա չի թերագնահատում նաև հեռուստատեսության քարոզչությունը, քանի որ որոշակի տարիքի և հետաքրքրության մարդիկ, այնուամենայնիվ, հետևում են հեռուստատեսությանը.
«Արտաքին գովազդի համեմատ ռադիոգովազդը երբեմն կարող է ավելի արդյունավետ լինել, քանի որ հատկապես մեքենաների և տրանսպորտի մեջ մարդիկ շատ են լսում ռադիո»:
Նա ասում է, որ ընտրությունների նախապատրաստական շրջանը կարճ է եղել և հապճեպության արդյունքում եղել և լինում են շատ բացթողումներ:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: