Քարոզարշավն ու հեռուստաընկերություններին փոխանցված գումարները

13.04.2017, Նյուսրում

Լրագրող

ԱԺ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց ծախսերի տեղեկագրերը: Դրանց վերլուծությունից պարզ է դառնում, որ հեռուստատեսությունն ամենամեծ պահանջարկ ունեցող մեդիայի տեսակն է Հայաստանում: Նախընտրական շրջանում կուսակցություններն ու դաշինքները հեռուստաընկերություններին վճարել են ավելի քան 311 միլիոն դրամ կամ մոտ 640 հազար ԱՄՆ դոլար:  

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը վճարովի եթերաժամանակ գնել են տարբեր հեռուստաընկերություններից, սակայն եղել են նաև նախընտրելի ալիքներ:

Օրինակ, «Կոնգրես-ՀԺԿ»-ն, ՀՀԿ-ն, «ՕՐՕ»-ն, ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքն ամենաշատ գումարը ծախսել են «Շանթ»-ի եթերաժամանակի համար, իսկ ահա «Հայկական վերածնունդ»-ն իր բյուջեի մոտ կեսը տրամադրել Հ3-ի եթերաժամանակին:

Հանրապետական և երևանյան սփռում ունեցող հեռուստաընկերությունները ընդհանուր վաստակել են շուրջ 260 մլն դրամ (259,777,614 դրամ):

Տեղեկագրերից պարզ է դառնում, որ քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում ֆինանսական հոսքերի մեծ մասը հիմնականում ուղղվել է դեպի մարզային հեռուստաընկերություններ:

Քաղաքական ուժերի մարզային հեռուստաընկերությունների ընտրությունից կարելի է հասկանալ, թե վերջիններս որ մարզերի ընտրազանգվածի վրա են հույս դրել: Օրինակ, «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավի ողջ ընթացքում եթերաժամանակ է գնել Շիրակի մարզի հեռուստաընկերություններից: ՀՀԿ-ն օգտագործել է ավելի շատ մարզային (Սյունիք, Լոռի, Տավուշ, Կոտայք) կայանների եթերը: «Ելք»-ն ու «Ազատ դեմոկրատները» կարևորել են Լոռու և Շիրակի մարզի հեռուստաընկերությունների լսարանները:

Մարզային հեռուստաընկերությունների ընդհանուր բյուջեն կազմել է մոտ 52 մլն դրամ (52,086,758 դրամ):

Քաղաքական ուժերի՝ փետրվարի 25-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում հեռուստաընկերություններին կատարած վճարումներին ծանոոթանալու համար կարդացեք  «Եթերի հետընտրական հաշվապահություն» հոդվածը:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?