2017.04.07,

Նյուսրում

Եթերի հետընտրական հաշվապահությունը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ընտրությունները մեդիայի համար նոր ֆինանսական հոսքերի սպասված առիթ են: Մինչ նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը շատ կայաններ սկսում են նախապատրաստվել՝ ստեղծելով նոր հաղորդումներ ու ձևաչափեր, որպեսզի ավելի մեծ լսարանը ունենան: Գովազդային գների աճն ու առաջարկները բարձրացնում են հեռուստատեսային բովանդակության դիտելիությունը, ինչն էլ արդյունքում ազդում է քարոզարշավի գների գոյացման վրա:

Քաղաքական գովազդի սակագները սահմանվում են օրենքով և չեն կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և չեն կարող փոփոխվել մինչև նախընտրական քարոզչության ավարտը:

Հեռուստաընկերությունների հրապարակված այս սակագներն, ըստ էության, Հայաստանում հեռուստատեսային գովազդի շուկայի մասին հրապարակային բաց տվյալների միակ աղբյուրն են:

Խորհրդարանական այս ընտրություններին թե՛ կուսակցությունների ու դաշինքների, թե՛ ռեյտինգային թեկնածուների համար նորարար քարոզչական գործիք դարձավ սոցիալական մեդիան, հատկապես Ֆեյսբուքը, որն անխնա օգտագործվեց:

Media.am-ը քաղաքական ուժերի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ծախսերի տեղեկագրերի հիման վրա հաշվարկել է, թե քարոզարշավի ընթացքում հեռուստաընկերությունները որքան գումար վաստակեցին: ԿԸՀ-ում կայքում առայժմ հասանելի են քաղաքական ուժերի՝ փետրվարի 25-ից  մարտի 24-ն ընկած ժամանակահատվածի ծախսերը: Քարոզարշավի վերջին շաբաթվա ծախսերը ԿԸՀ-ն ներկայացնելու է ապրիլի 10-ից հետո: Հաշվարկի ժամանակ թվերի մնացորդները կլորացվել են:

Թեև որոշ քաղաքական ուժեր և ռեյտինգային թեկնածուներ նախընտրեցին այլ մեդիա հարթակներ, սակայն թվերը ցույց են տալիս, որ բյուջեի հիմնական մասը ծախսվել է հեռուստաեթերի վրա:

Հեռուստատեսության ազդեցությունը պոտենցիալ ընտրողի վրա չեն կարևորել «Ելքը», «Ազատ դեմոկրատները», ՀՅԴ-ն ու ՀԿԿ-ն:

ՀՀԿ-ն, «Ծառուկյան» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները զգալի ֆինանսական միջոցներ են ուղղել հեռուստատեսություն:

Ֆինանսների բաշխումից կարելի է նկատել, որ որոշ քաղաքական ուժեր հեռուսաալիքների միջև տարբերություն են դրել: Սուղ միջոցներ ունեցող ուժերը ընտրել են հանրապետական սփռման մի քանի և մարզային որոշ ալիքների հեռուստաեթերը: Ընդհակառակը, մեծ բյուջեով քարոզչական արշավների ժամանակ ֆինանսները կարծես բաշխվել են այնպես, որ բոլոր հեռուստաընկերությունները գոհ մնան:

Քանի որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը իր տեղեկագիրը բացվածքով չէր ներկայացրել ԿԸՀ: Այս կուսակցության՝ հեռուստաեթերի վրա ծախսված 29 մլն դրամը ներքևի գրաֆիկում ներկայացված չէ:

Նախընտրական հեռուստաբյուջեից որոշ չափով օգտվել են նաև մարզային հեռուստաընկերությունները: ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, «Ելք»-ը, ՀՅԴ-ն ու «Կոնգրես-ՀԺԿ»-ն մարզերում վճարովի եթեր են գնել: Վերջին երեք ուժերը մարզայիններից կարևորել են Գյումրու հեռուստաեթերը, «Ելքը»՝  նաև Վանաձորինը:

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Հեռուստաընկերությունները արդեն հրապարակել են վճարովի եթերաժամի սակագները ու պատրաստ են ֆինանսական նոր հոսքերի համար:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *