2018.12.17,

vox populi

Հայ կինոյի շիլ հեռանկարը

Վերջին տարիներին տարբեր առիթների բերմամբ դիտել եմ որոշ հայկական ֆիլմեր, որոնց մի մասը պետական ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ է նկարահանվել։ Որքան էլ փորձեմ խուսափել հայկական ֆիլմերից, չի ստացվում․ երբեմն պրեմիերայի են հրավիրում, մի ուրիշ անգամ ընկերներս են հղում ուղարկում և կարծիք հարցնում, մեկ-մեկ էլ ինձ մեղադրում են անտեղի հոռետեսության մեջ և ստիպողաբար քարշ տալիս կինոթատրոն։

Ամեն անգամ արդյունքը նույնն է․ ես ասել եմ և շարունակում եմ ապրիորի պնդել, որ կինեմատոգրաֆիական կշիռ ունեցող հայկական արտադրանք չի կարող լինել, որովհետև դրա համար ոչ մի նախադրյալ չկա։ Եվ սա ամեն անգամ ապացուցվում է։

Մի քանի բացառություն կա, բայց դրանք շարունակում են մնալ լուսանցքային, և ամենևին էլ պարզ չէ՝ նոր զարգացումներ կլինե՞ն այդ ուղղությամբ, թե՞ ոչ։

Անուններ չեմ տալիս, որովհետև այս գրության նպատակն ինչ-որ մեկին նշավակելը կամ գովաբանելը չէ, այլ որոշ ընդհանուր խնդիրների ուրվագծումը՝ առանց բարդ տեսությունների և տերմինաբանության դաշտ մտնելու։

Պետական մասնակցությամբ կամ պետական լծակներին մերձ կանգնած ընկերությունների միջոցներով ստեղծված ֆիլմերի մեջ կարելի է որոշակի ընդհանուր գծեր նկատել (արդարության սիրույն նորից շեշտեմ, որ ոչ բոլորն եմ դիտել)․

1. Դրանց զգալի մասն աչքի է ընկնում կրոնականությամբ, երբեմն հասնում կրոնախևության աստիճանի։

Այս ֆիլմերն իրենց հերթին իրարից տարբերվում են մի քանի այլ հատկանիշով․ առաջինն տեսակը անհատի ներաշխարհը, նրա տառապանքները ներկայացնող և քրիստոնեական զանազան մոտիվներն ի մի խառնող կինոնկարներն են։

Սրանց մեջ սպառսպուռ բացակայում է մարդու լինելիության հասարակական  բնույթը, եթե չասենք, որ կա գիտակցված քամահրանք առհասարակ սոցիալականության նկատմամբ։ Տեսանելի են համաշխարհային կինոյի ականավորներին առնմանելու անհաջող փորձեր։

Երկրորդը կրոնականության միջոցով հայկականությունը շեշտող ֆիլմերն են։ Հաճախ կան կոնկրետ հղումներ Հայ Առաքելական եկեղեցուն։ Կրոնը ճշմարտության միակ աղբյուրն ու ապաստանն է և նույնպես չի դիտարկվում որպես հասարակական երևույթ։

Որպես օրենք՝ կարելի է տեսնել կրոնական ծեսերի դրվագներ, որտեղ դիտողի աչքն են մտցնում խաչը, բուրվառն ու մոմը։ Այլ կրոնների վերաբերյալ կա՛մ ոչ մի ակնարկ չկա, կա՛մ էլ երևան են գալիս ատելության տարբեր դրսևորումներ։

2.  Մյուս առանձնահատկությունը, որ իրար է կապում շատ ֆիլմեր, տոգորվածությունն է հայրենասիրությամբ։

Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ սա ինքնաբերաբար նշանակում է նաև լոյալություն օրվա իշխանություններին։ Խնդրին արդեն մանրամասն անդրադարձել եմ «Ի՞նչ է դիտողին հաղորդում և ինչի՞ մասին է լռում «Կյանք ու կռիվ» ֆիլմը» հոդվածում, ուստի շատ կանգ չեմ առնի այս կետի վրա։ Միայն ավելացնեմ, որ այդ ֆիլմերի պատումը հիմնականում շահագործում է հասարակական դժբախտությունը՝ ցեղասպանություն, պատերազմ, երկրաշարժ։

3.  Մյուս հատկանիշը, որ միավորում է շատ ֆիլմեր, ինքնաէկզոտիկացումն ու ինքնարևելականացումն է։

Ֆիլմերում ուշադրության են առնվում Հայաստանի հնավանդությունը ցուցադրող տարրեր և, ընդսմին, անուշադրության մատնվում հայաստանյան արդիության դրսևորումները։ Այստեղ նույնպես հաճախ հանդիպում են ծեսեր՝ թաղում, հարսանիք, կնունք և այլն։

Առատորեն ցուդադրվում են տեղական համարվող ուտելիքը՝ լավաշ, փախլավա, խաշ, բնապատկերներ, գյուղական տեսարաններ, եկեղեցիներ։ Ինչպես ժամանակին Հայաստանի մասին ասում էին ռուսները՝ «թանգարան բաց երկնքի տակ»․ ուշագրավ է, որ այս գրությունը հիմա էլ լայնորեն տարածվում է հուշարձաններ պատկերող պրոպագանդիստական/զբոսաշրջային վահանակների միջոցով, որոնք տեղադրված են տարբեր քաղաքային միջավայրերում և ավտոճանապարհների հարևանությանմբ։

Հայ հանրությունը ընդունում և վերարտադրում է օտարի կողմից իրեն ուղղված հայացքը։

Եվ եթե հայաստանյան հուշարձանները թանգարանային նմուշներ են, ապա կարող ենք ասել, որ հայաստանցիներն էլ, ենթադրաբար, թանգարանի աշխատակիցներ, որոնց գործն այցելուներին սպասարկելն է։

Նմանօրինակ մի մոտեցում կա նաև կինոյում․ հայկական ֆիլերը ջանասիրաբար ներկայացնում են օտարին այն Հայաստանը, որը վերջիններս ուզում են տեսնել։

Այս առումով հետաքրքրական է հանրահայտ ռուս մշակութաբան, կինոգետ Կիրիլ Ռազլոգովի վերաբերմունքը խնդրո առարկային։ Ահա մի հատված նրա՝ այս տարի Հայաստանում տված հարցազրույցից․ «Այստեղ միջանկյալ հարթակ է ձևավորվում, որ կոչվում է համատեղ կինոարտադրություն: Սա հրաշալի հնարավորություն է, օրինակ, Հայաստանում կամ նմանօրինակ երկրներում կինոարտադրության զարգացման համար:

Հայաստանում համատեղ կինոարտադրության զարգացմանը, ինչպեսև կարելի էր ենթադրել, մեծապես նպաստում է Սփյուռքը, ինչպես նաև նախկին սովետական հանրապետությունների հետ ունեցած կապերը: Ապագան, իհարկե, ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է, բայց ֆինանսական տեսանկյունից դա հնարավոր կդառնա միայն համատեղ կինոարտադրության միջոցով»։

Եվս մեկ հատված նույն հարցազրույցից․ «Հիմա զարմանալի մի բան եմ ասելու: Պապիկս հայ էր, ամեն անգամ Հայաստան գալով՝ կարծես վերադառնում եմ սեփական արմատներիս»։

Պարոն Ռազլոգովի խոսքում միանգամից մի քանի բան մատնում է, որ նա Հայաստանին նայում է իշխողի հայացքով․ «Հայաստանում կամ նմանօրինակ երկրներում» արտահայտությունն արդեն իսկ բավարար է։

Դժվար է պատկերացնել, որ մի հայ ինչ-որ առիթով ասի «Ռուսաստանում կամ նմանօրինակ երկրներում»։

Նա Մոսկվայից եկել և որոշել է, որ «Ապագան, իհարկե, ազգային մշակույթի յուրահատկությունները բացահայտող կինեմատոգրաֆի մեջ է»․ ճիշտ այն, ինչ անում է հայ ռեժիսորների և սցենարիստների զգալի մասը, մինչդեռ ես համոզված եմ, որ մեր այսօրվա շրջանակի նեղլիկությունից դուրս ճողոպրելու հույսը միջազգային հանրության հետ հայաստանյան արդիության կապը նպաստավոր լույսի տակ դնելն է։

Եվ երրորդը՝ պարոն Ռազլոգովը, ամեն անգամ քաղաքակիրթ Ռուսաստանից հնավանդ Հայաստան գալով, վերադառնում է իր արմատներին։

Ասելիքս արդեն մոտավոր ուրվագծվել էր մտովի, երբ աչքովս ընկավ ԱԺ-ում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի՝ տագնապի տեղիք տվող բանավեճը։

Ըստ «Հայկական ժամանակ» էլեկտրոնային պարբերականի՝ պատգամավորն ասել է. «ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանում երևի չի նկարահանվել մի ֆիլմ, որն իրենից ներկայացնի մշակութային այնպիսի արժեք, ինչպիսին մենք ունեցել ենք Սովետական Միության ժամանակներում, չե՞ք կարծում, որ այստեղ խնդիր ունենք»:

Այնուհետև ավելացրել՝ «Կինեմատոգրաֆիայի համար 824 մլն դրամ է նախատեսվել, այս թիվը վերջին տարիներին գրեթե նույնն է, չի փոխվում, […] շարունակելո՞ւ ենք այդպես, թե՞ ինչ-որ բան փոխվելու է»:

Նախարարը պատասխանել է․ «Բյուջեի առումով փոփոխություն չկա, բայց լինելու է մոտեցման փոփոխություն: Պետությունը պետք է նույնպես իր ներդրումն ունենա․ խոսքը կոմերցիոն ֆիլմերի մասին չէ, այլ՝ մշակութային արժեք ներկայացնող ֆիլմերի: Մենք որոշում ենք կայացրել կրճատել այն ֆիլմերի թիվը, որոնց համար տարվա կտրվածքով պետք է բյուջե հատկացվեր: […] Նախկինում 15-20 ֆիլմերի փոքր-փոքր ինչ-որ հատվածների համար գումարներ էին տրվում, որը որևէ հարց չէր լուծում ու խնդիրներ էր ավելացնում, […] արդյունքում մենք ունենում ենք տարիներ շարունակ չնկարահանված ֆիլմեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, որն ունեցել են 6 տարի առաջ […]: Դրա համար մենք որոշել ենք, որ ֆիլմերի գումար հատկացնելը պայմանավորված է լինելու միայն որակական չափանիշներով: Եթե որոշում է կայացվում, որ, օրինակ, կա 3 ֆիլմ, այդ գումարը պետք է հատկացվի 3 ֆիլմի, ոչ թե 10-15 կիսատ ֆիլմեր ունենանք»:

Այնուհետև Լիլիթ Մակունցն ավելացրել է, որ ՌԴ-ի մշակույթի նախարարության հետ համատեղ հայ-ռուսական ֆիլմի ֆոնդ են ստեղծելու, որը հնարավորություն կտա համատեղ ֆիլմեր նկարահանել և սպառել այդ ֆիլմերը շուկաներում:

Նա ասել է, որ օրենսդրական փոփոխություններ են անելու և միջազգային գործընկերներին հնարավորություն են տալու ՀՀ-ում ֆիլմեր նկարահանել և ներգրավել նաև հայկական կողմին:

Շատ չծանրանանք այն հարցի վրա, թե ինչ կարելի է հասկանալ «մշակութային արժեք ներկայացնող ֆիլմեր» ասվածի տակ, և ինչքան խնդրական է այսօր սովետահայ կինոյի հիշատակումը որպես ռեֆերենտային արժեք, բայց մի հարցում պատգամավորը վստահաբար ճիշտ է՝ սովետահայ ֆիլմերն իսկապես անհամեմատ մեծ կինեմատոգրաֆիական կշիռ ունեին, քան անկախության շրջանում արտադրվածները։

Սակայն նույնքան էլ պարզ է, որ այլևս իմաստ չունի վաղածանոթ ուղին նորից մաշելը։

Վարչական բարելավումներն իսկապես ողջունելի և օգտակար են, բայց ինչի՞ հաշվին են ուզում հարգարժան պաշտոնյաները «մշակութային արժեք ներկայացնող ֆիլմեր» ստեղծել․ ՈԴ մշակույթի նախարարության հետ համագործակցությա՞ն, թե՞ վերը նշված երեք կետին համապատասխանող տեղական ֆիլմեր արտադրելով։

Ինչի՞ է հանգեցնելու հայ կինոյի այս շիլ հեռանկարը։

Այս գրությունը գլուխ բերելու նպատակով ինքս ինձ սպիպեցի դիտել վերջին տարիների հայ-ռուսական համատեղ արտադրության մի քանի ֆիլմ։ Վերևում ասել էի, որ անուններ չեմ տալու, բայց գայթակղությունը չափազանց մեծ է։

«Երկրաշարժ» (2016) Ֆիլմը հարմար է խնդրո առարկան քննարկելու համար։

Նախ՝ ֆիլմը սկսվում է շուկայի՝ արևելյան բազարի տեսարանով։ Բազմաթիվ են եկեղեցի պատկերող կադրերը։ Եվ, ի վերջո, ուղիղ հնչում է ամենակարևոր ուղերձը․ երբ ֆիլմի հերոս ռուս ճարտարապետը տարիների բացակայությունից հետո վերադառնում է Գյումրի և առերեսվում երկրաշարժին, անմիջապես ներգրավվում է փրկարարական աշխատանքներին։ Մի դրվագում գյումրեցիների միջև կազմակերպչական հարցերի շուրջ վեճ է ծագում, որին միջամտում է նա․

Ռուս – Ի՞նչ է պատահել։

Առաջին գյումրեցի – Այնտեղ աղջկան օգնություն է հարկավոր, իսկ նա չի ուզում օգնել։

Երկրորդ գյումրեցի – Մեքենայիս թափքում լիքը վիրավոր մարդ կա, որոնց հարկ է շտապ հիվանդանոց հասցնել։

Ռուս – Ուրեմն այսպես, սկզբից գնում ենք հիվանդանոց, դատարկում մեքենան, հետո վերադառնում ենք այստեղ, զբաղվում փլատակներով։ Քո բեռնատարը մեզ պետք կգա։

Երկրորդ գյումրեցի – Իմ բեռնատարը բոլորին է պետք։ Իսկ դու քեզ ինչո՞ւ ես պետի տեղ դրել։

Ռուս – Գիտե՞ս՝ ինչ է պետք անել։

լռություն

Ռուս – Իսկ դո՞ւ։

լռություն

Ռուս – Ուրեմն՝ իմ ասածով ենք անում։ Գնացի՛նք։

Անփորձ ու տգետ հայ հերոսները, այսպիսով, ենթարկվում են ուսյալ և փորձառու ռուսին։

Այս ֆիլմի ստեղծմանը մասնակցել է ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Այն Հայաստանի կողմից առաջադրվել է Օսկարի՝ չնայած այն բանին, որ ռուսերեն է (դիալոգը ես եմ թարգմանել)։ Նույնիսկ խորհրդահայ ֆիլմերն արտադրվում էին երկու լեզվով՝ հայերեն և ռուսերեն։

Հարց է առաջանում՝ վերջերս Ռուսատանում վերաբերմունք է փոխվե՞լ Հայաստանի նկատմամբ։ Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ՀՀ նոր իշխանություններն ի՞նչ հույսեր են կապում ռուսական կողմի հետ «մշակութային արժեք ներկայացնող ֆիլմեր» ստեղծելու գործում։

Սա դեռ մի օրինակն է․ չեմ ուզում չարաշահել ընթերցողի համբերությունը՝ նկարագրելու համար ողջ տարակուսանքն ու սարսափը, որ ապրեցի մյուս հայ-ռուսական ֆիլմերը դիտելիս։

Հիմա ժամանակ չծախսեմ այն հարցի վրա, թե ինչ է կարելի անել Հայաստանում կինոոլորտն իրապես բարելավելու համար, որովհետև դրան արդեն իսկ անդրադարձել եմ «Կինոյի զարգացման օրակարգի անհրաժեշտ փոփոխման հիմնավորում և հանրային քննարկման առաջարկ» վերտառությամբ գրության մեջ։

Վերջում ավելացնեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ խրթին պատմություն ունեն, և չէի ուզի, որ գրածս ընկալվեր վուլգար հակառուսականության կամ, առավել ևս, հակասովետականության շրջանակում։

Ի վերջո, հայկական կինոն սկիզբ է առել և զարգացել խորհրդային վաղ տարիներին՝ իշխանության աջակցությամբ և խրախուսանքով։ Հայ կինոյի այսօրվա հիմնական խնդիրներն էլ ամրացել և արմատավորվել են ութսունականների վերջի սովետահայ կինոյում, որի ներկայացուցիչներից շատերն այսօր էլ շարունակում են նկարահանել պետբյուջեի հաշվին։

Պարզապես հարկ է հանրակողմանիորեն քննել և հասկանալ խճճված անցյալը, որ առաջ շարժվելու ճանապարհ գտնվի, քանզի եթե չզբաղվես անցյալով, անցյալը կզբաղվի քեզանով։

Դավիթ Ստեփանյան

վավերագրող ռեժիսոր, կինոյի տեսաբան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Հայ կինոյի շիլ հեռանկարը”
  1. Berj says:

    [email protected]
    I had to read the article using google translator to save some time. I agree that Armenia has to break away from Russian influenced cinema and the use of Russian language in films. Armenian filmmakers should improve their visual literacy skills to be able to tell better Armenian stories with universal themes for a global audience. I have also watched some recent Armenian films, especially a few of the ones referenced in the article, and I find them to be quite weak and difficult to follow. I think more effort has to be made to bring workshops or masterclasses into Armenia with film educators from Western countries to help develop better filmmakers in Armenia. Armenia can do much better with organic stories without any Russian influence or language. Armenians should look to their neighbor Iran for a better example of a country which has managed to develop an organic visual literacy in their cinema.

  2. Gevorg says:

    So the commentator above suggests exchanging ‘Russian’ paternalism with ‘Western’ paternalism. Meanwhile I live in this country for more than 50 years, more or less, as in a country free of any paternalistic influences, strangely enough. After all, Parajanov and a few others gave the message that Armenia is an independent player in the world of art and creation. David is absolutely right noticing not only religion and other such things as exoticism aides, but also Orientalism – a self-colonizing gaze. It’s just provincialism. Real and true Armenia is free of all that – unfortunately, not well-known because based on non-monetary political economy.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *