2019.09.17,

Ստուգված է

Սեպտեմբերի 1-15-ը շրջանառված կեղծ և հերքված լուրերը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Սեպտեմբերի 1-15-ը հայկական մամուլում տեղ գտավ լեգենդար Միխայել Շումախերի՝ կոմայից դուրս գալու մասին սխալ տեղեկությունը և գաղտնալսումները լեգիտիմացնելու մասին մանիպուլյատիվ լուրը, ինչպես նաև պարզվեց, որ «հյուպատոսն» ու «պատվո հյուպատոսը» բոլորովին տարբեր բաներ են։

Փաշինյանը և Արցախի անկախացման պատմությունը

Արցախի անկախության օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական գրառում արեց, նշելով․ «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»:

Այս հայտարարությունը քննադատեցին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀԿ անդամ Սամվել Ֆարմանյանը և այլոք։ Գրառումը անվանեցին «գիշերային վատ երազ» և մեղադրեցին Փաշինյանին պատմությունը խեղաթյուրելու մեջ։

Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը Media.am-ի հետ զրույցում նշեց․ «Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում»: Նա հավելեց, որ Փաշինյանի հայտարարությունը «իրավական և դիվանագիտական առումով որևէ խնդրահարույց տարր չի պարունակում և արտացոլում է իրականությունը»։

Բուժօգնություն չցուցաբերելը համարվում է հանցագործություն

«Հայկական ժամանակ» թերթը գրեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել է, թե բուժօգնություն չցուցաբերելը քրեական հանցագործություն չի կարող համարվել։ Թերթը նշում էր, որ Քրեական օրենսգիրքը հակառակն է փաստում։

Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց ելույթի տեսագրությունը, որտեղ նա ասում է հակառակը՝ «քրեական հանցագործություն է բուժօգնություն ցույց չտալը»։ Նախարարը հավելեց․ «Պահանջում եմ հերքում ԶԼՄ-ից՝ խոսքերս արմատապես խեղաթյուրելու համար»:

Թերթը ուղղեց սխալը կայքում, առանց նշելու, որ հոդվածը նախկինում պարունակել է սխալ տեղեկություն։ Այս հոդվածը վերատպել էր News.am (առանց հղում տալու «Հայկական ժամանակին»)։ Այստեղ պահպանվել է տեքստի նախնական տարբերակը։

Փաշինյանը Վանեցյանից հրաժարական չի պահանջել

Սեպտեմբերի 10-ին Hraparak.am-ըHayeli.am-ը և մի շարք այլ կայքեր գրեցին, որ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին «պարտադրել է ազատման դիմում գրել» Քոչարյանի գործով ՍԴ-ի վերջերս կայացրած որոշումից հետո։

ԱԱԾ-ից հերքեցին տեղեկությունը։ Hraparak.am-ը հրապարակեց հերքման տեքստը։

Հրապարակումներից մի քանի օր անց, սեպտեմբերի 15-ին, ԱԱԾ տնօրենը հայտարարեց իր հրաժարականի մասին։

Շումախերը կոմայից նոր չէ դուրս եկել

Սեպտեմբերի 11-ին հայկական և միջազգային տարբեր լրատվամիջոցներ հաղորդեցին, որ լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1-ի» աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից։

Լրատվականների հաղորդած տեղեկությունը կցկտուր էր, և շատերը զարմացան․ այս տարիներին սա Շումախերի կոմայից դուրս գալու առաջին լուրը չէր։

Ավտոարշավորդը գլխուղեղի վնասվածք էր ստացել 2013 թ․՝ դահուկ քշելու ժամանակ։ Մի տարի հիվանդանոցում անցկացնելուց հետո նա տեղափոխվել էր տուն, սակայն չէր կարող ինքնուրույն տեղաշարժվել կամ շփվել։

Մեդիայում կցկտուր մատուցվող տեղեկությունը կարելի է բացատրել Շումախերի առողջության մասին ինֆորմացիայի սուղ լինելով․ ընտանիքը նրա վիճակը գաղտնի է պահում։

Սեպտեմբերին Շումախերին տեղափոխել էին Փարիզի «Ժորժ Պոմպիդու» հիվանդանոց՝ ցողունային բջիջներով հատուկ թերապիա ստանալու համար։ Հիվանդանոցի բժիշկները որևէ տվյալ չէին հրապարակել։ Բուժքույրերից մեկը, սակայն, ԶԼՄ-ներին հայտնել էր, որ Շումախերը գիտակցության մեջ է, առանց մանրամասնելու, թե երբվանից։ Բուժքրոջ խոսքերն էլ դարձել էին կոմայից դուրդ գալու հրապարակումների շարքի առիթ։

Արա Բաղդասարյանը Անդորրայում ՀՀ հյուպատոսը չէր

Armdaily.am-ը գրեց, որ «Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանը […] ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով»: Լրատվականը նշում էր, որ Բաղդասարյանի ազատման պատճառը Ռոբերտ Քոչարյանի հետ նրա նկարն էր։

Armdaily.am-ի հոդվածը Արմեն Մանուկյանի Ֆեյսբուքյան ստատուսի վերատպումն էր, ընդ որում, լրատվականը չէր նշել, թե ո՞վ է Մանուլյանը և ինչու է նա այս թեմայով աղբյուր դարձել կայքի համար։

Նյութը նույնությամբ վերատպեցին Henaran.am-ըHayacq.com-ը և մի շարք սունկ կայքեր։

Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ Արա Բաղդասարյանը առհասարակ չի հանդիսացել Անդորրայում ՀՀ հյուպատոս։ Բաղդասարյանը ունեցել է պատվավոր հյուպատոսի կոչում, որը դիվանագիտական ծառայության պաշտոն չէ:

ԱԳՆ-ից նշեցին, որ կոչումից Բաղդասարյանը զրկվել է պատվավոր հյուպատոսի պարտականությունների ոչ պատշաճ իրականացման պատճառով։

ԵԱՀԿ ԽՎ նախագահը չի անդրադարձել Փաշինյանի հայտարարություններին

Արտաքին գործերի նախարարությունը հերքեց նաև ադրբեջանական լրատվականների  հրապարակումները այն մասին, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին մեղադրել է Նիկոլ Փաշինյանին ղարաբաղյան բանակցություններից խափանելու համար։

ԱԳՆ-ից նշում են, որ Ծերեթելին անդրադարձ չի կատարել Փաշինյանի հայտարարություններին, իսկ ադրբեջանական կայքերը հետագայում խմբագրել են հոդվածները։

Բանկային գաղտնիքի մասին օրենքում գաղտնալսումները չեն հիշատակվում

Hraparak.am-ը խեղաթյուրված ներկայացրեց բանկային գաղտնիքի մասին օրինագծի փոփոխությունների փաթեթը։

Կառավարությունում քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտահոգություն հայտնեց նախագծի վերաբերյալ, նշելով, որ եթե կասկածյալ կողմի բանկային տվյալները վերցվում են, չպետք է ավտոմատ կերպով հնարավորություն լինի վերցնել նաև կասկածյալի հետ գործարք կատարածի տվյալները։

Սրան պատասխանեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և իր պարզաբանումը ավելի պատկերավոր դարձնելու համար զուգահեռ տարավ գաղտնալսման հետ․ «Ա»-ին գաղտնալսելով լսում են նաև «Բ»-ի հետ նրա խոսակցությունը։

Hraparak.am-ը սեպտեմբերի 13-ին գրեց, որ «կառավարությունը լեգիտիմացնում է ապօրինի գաղտնալսումը»։ Հեղինակը պնդում էր, որ այսուհետև «ում ուզեն, անարգել կարող են գաղտնալսել»։

Առաջարկվող օրենսդրական փաթեթում գաղտնալսման մասին խոսք չկա, թեման քննարկվել էր միայն որպես օրինակ՝ իրավիճակը ավելի պատկերավոր ներկայացնելու համար։ Media.am-ը մանրամասն անդրադարձել է թեմային։

ՀԱԿ փոխնախագահը մանիպուլյատիվ հայտարարություններ է արել Ամուլսարի վերաբերյալ

«Փաստերի ստուգման հարթակը» (Fip.am) անդրադարձել է Ամուլսարի հանքի պայմանագրի վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի մի քանի պնդումներին, որակելով դրանք մանիպուլյատիվ։

Զուրաբյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ պետությունը ընդերքը «ձրի» հանձնել է «Լիդիանին», ինչը կոռուպցիա է։ Սա այդպես չէ․ «Լիդիանը» ներդրումային ծրագիր պետք է իրականացնի՝ պետությունը ընդերքը անվճար չի տրամադրել։

Զուրաբյանը նաև պնդել է, որ «Լիդիանի» հետ պայմանագրում հստակ նշված չէ, որ Ամուլսարից կարելի է հանել միայն ոսկի և արծաթ։ Սա նույնպես սխալ է․ պայմանագիրը մանրամասնում է օգտակար հանածոների թե՛ քանակը, թե՛ տեսակները (ոսկի և արծաթ)։

Վերջապես, Զուրաբյանը հայտարարել է, որ պայմանագրի կետը, ըստ որի արդյունաբերողը պարտավոր է «նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում իրականացնել դրանց պահուստավորումը կառավարության կողմից սահմանված կարգով», նույնպես կոռուպցիայի դրսևորում է։

Այս դրույթը չի կարող համարվել կոռուպցիոն, քանի որ այն համապատասխանում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքին։ Ի դեպ, Fip.am-ը հղում է տալիս «Ընդերքի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 14-15 կետերին։ Սա ճշգրիտ չէ․ նշված կարգավորումը հիշատակվում է 59-րդ հոդվածի ոչ թե 2-րդ, այլ 3-րդ մասի 14-15 կետերում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *