2019.09.14,

Ստուգված է

Գաղտնալսումը օրինակն էր, ոչ թե առաջարկը

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստին բանկային գաղտնիքի օրենքում փոփոխություններ անելու առաջարկը քննարկվեց (սկսած 35։40 րոպեից) շուրջ կես ժամ։ Որպես օրինակ բերված գաղտնալսումը «Հրապարակ» թերթը թյուրըմբռնված ներկայացրեց վերլուծական հոդվածում։ Պարզենք, թե ինչն է խնդիրը։

Ի՞նչ է նախատեսված այս փոփոխության առաջարկով

Արդարադատության նախարարությունը առաջարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարել։

Հիմնավորումն այն է, որ գործող օրենքը խոչընդոտում է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի առավել արդյունավետությանը։

Զեկուցող փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը բացատրում է, որ եթե հիմա հնարավոր է ստանալ միայն կասկածյալի կամ մեղադրյալի բանկային տվյալները, ապա այս նախագծով առաջարկվում է հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց սուբյեկտային սահմանափակման։ Միաժամանակ նախագիծն առաջարկում է հավելյալ երաշխիքներ և սահմանափակումներ։

Փոփոխության մյուս հիմնավորնումն էլ այն է, որ գործող օրենքը քննադատել են միջազգային կառույցները․ «Սուբյեկտային սահմանափակումը քննադատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից։  «Հակակոռուպցիոն բարեփոխումներ Հայաստանում ստամբուլյան հակակոռուպցիոն» ծրագրի մոնիթորինգի 3-րդ՝ 2014թ․ և 4-րդ՝ 2018թ․ զեկույցներով արձանագրվել է բանկային տվյալների հասանելիության գործով սահմանանափակման անհամաչափությունը և առաջարկվել է ձերբազատվել դրանից»,- ասում է փոխնախարար Գրիգորյանը։

Վարչապետի մեկնաբանությամբ՝ այս նախաձեռնությունը իրենց հակակոռուպցիոն գործունեության շրջանակում է արվում և հիմնված է իրենց քաղաքական եզրակացության վրա՝ կամ պայքարում են կամ չեն պայքարում կոռուպցիայի դեմ, քանի որ կիսապայքարը ընդունելի չէ։

Ինչպե՞ս առաջացավ գաղտնալսման թեման

Ըստ էության, քրեադատավարության օրենսգրքում կամ օրենքում առաջարկվող փոփոխություններում չկար գաղտնալսման հարց։ Սրա մասին խոսք չի էլ եղել ԱՆ փոխնախարարի զեկուցման ընթացքում։ Այն ի հայտ եկավ ավելի ուշ՝ փոխվարչապետի մտահոգություններին արձագանքման ժամանակ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը քննարկման ընթացքում մի քանի հարցեր բարձրացրեց, արտահայտեց իր մտահոգությունները։ Նրա դիտարկումներից էր նաև այն, որ եթե բանկային փոխանցման կասկածելի կողմի մասով է տեղեկություն վերցվում, դա չպետք է նշանակի, որ ավտոմատ կերպով տեղեկություն կարելի է ստանալ նաև մյուս կողմի մասին։ Ու միտքը ամփոփելով ասում, թե «սա ամենանուրբ ու վտանգավոր հարցն է»։

Սրան արձագանքում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ իրավիճակը ավելի լավ հասնանալու համար տանելով  գաղտնալսման հետ զուգահեռ։ Բացատրում է, որ եթե կա թույլտվություն գաղտնալսելու «Ա»-ին, լսում են նաև «Բ»-ի խոսակցությունը նրա հետ։ Օրինակի նպատակն էր ցույց տալ, որ նույն տրամաբանությունը, ըստ առաջարկի, գործելու է նաև բանկային գաղտնիքի դեպքում։ Այսինքն, իրավապահ մարմիններին երևալու են «Բ»-ի հետ կատարած «Ա»-ի գործարքները։

Սակայն, ըստ փոփոխությունների նախագծի, երկրորդ անձի բանկային տվյալների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար պետք է օրենքով սահմանվող բոլոր հինգ պայմանները միաժամանակ բավարարվեն։

Գլխավոր դատախազի բերած զուգահեռը նաև խուզարկության մասով էր, բայց գաղտնալսումն ավելի մեծ արձագանքը ստացավ ու քննարկման ընթացքում շարունակվեց օգտագործվել, նաև վարչապետի կողմից։

Ի՞նչ արեց «Հրապարակ» օրաթերթը

«Հրապարակը» սեպտեմբերի 13-ին հրապարակված «Կառավարությունը լեգիտիմացնում է ապօրինի գաղտնալսումը և վտանգում բանկային գաղտնիքը» վերնագրով նյութում նախ հիշեցնում է, 2018-ի սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը, թե երրորդ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը միայն մեկ բանկում 30 մլն դոլար փող ունի։ Հեղինակը նաև հիշեցնում է, որ ԿԲ նախագահ Ջավադյանից փորձել են ճշտել, թե այս բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունը որտեղից է վարչապետին հայտնի, ինչին ի պատասխան չեն ստացել «որեւէ հոդաբաշխ պատասխան»։

«Դրանից հետո կառավարությունը մեկ տարի բզբզում էր, թե ինչ օրենք մշակի, որ էլ Ջավադյանին չխնդրի «տակից» ինչ-որ անձանց բանկային հաշիվները տրամադրել, այլ դա անեն օրենքով։ Եվ լուծումը գտան», – գրում է «Հրապարակ»-ը։

Առաջարկվող փոփոխությունների մասով իր մտահոգություններից հետո հեղինակը ընդգծում է իր կարծիքով նախագծի ամենավտանգավոր հատվածը՝ «ում ուզեն, անարգել կարող են գաղտնալսել, նույնիսկ եթե տվյալ անձը քրեադատավարական որեւէ կարգավիճակ չունի։ Վաղը իրավապահները կոռուպցիայի բացահայտման անվան տակ կարող են խցկել ցանկացած մեկին ու գաղտնալսել»։

Նման բան նախագծով նախատեսված չէ․ սա կեղծ ու մաիպուլյատիվ եզրակացություն է, քանի որ  օրինագծում գաղտնալսման մասով առաջարկ չկա։ Գաղտնալսման մասին, ինչպես արդեն նշեցինք, միայն կառավարությունում նախագծի քննարկման ժամանակ է խոսվել՝ այն էլ որպես օրինակ՝ իրավիճակը առավել պատկերավոր ընկալելու համար։

Իսկ հոդվածի շարունակությունն առավել կտրված է իրականությունից, քանի որ գաղտնալսումը, ըստ էութայն, քննարկաման նյութ չէր․ «Նախագիծը երեկ բավականին բուռն քննարկվեց, որոշ պաշտոնյաներ իրենց առարկությունները կամ դիտողությունները հայտնեցին գաղտնալսման վերաբերյալ, ոմանք էլ հակառակը՝ կրծքով պաշտպանեցին վարչապետի տեսակետը»։

Գաղտնալսման հետ կապված դիտարկում միայն արել է Մհեր Գրիգորյանը, բայց այն կապ չունի առաջարկվող փոփոխության հետ։

Ի՞նչ է ստացվում

Թեև կառավարության նիստում գաղտնալսումը որպես զուգահեռ օրինակ էր բերվում իրավիճակի բացատրության և խնդրահարույց հարցը ավելի լավ հասկանալու համար, բայց «Հրապարակ»-ը այն մանիպուլյատիվ կերպով ներկայացրել է որպես առաջարկ ու իրողություն։

Քննարկման այս հատվածի վրա շեշտադրումներ արեցին ևս մի քանի լրատվամիջոցներ այն դարձնելով նույնիսկ վերնագիր։

Առաջարկը քննադատեցին նաև որոշ մասնագետներ, նաև Հայաստանի բանկերի միությունը։ Նախագծի շուրջ մեդիայում և սոցցանցերում հնչող մտահոգություններին արձագանքել է Կենտրոնական բանկը։

Իսկ կառավարությունը քննարկման արդյունքում հաստատել է այս նախագիծը և այն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով:

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *