2020.02.14,

Ստուգված է

Բանանը, Բիլ Գեյթսն ու կենսաբանական զենքը․ միֆերը կորոնավիրուսի մասին անպակաս են

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Կորոնավիրուսի տարածումը Չինաստանում մնում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Սակայն դրա լուսաբանումը առաջին իսկ օրերից ուղեկցվեց նաև ապատեղեկատվությամբ ու դավադրության տեսությունների տարածումով՝ թե՛ մեդիայում, թե՛ սոցցանցերում։ Media.am-ը հավաքել է հայաստանյան և միջազգային կեղծ լուրերը COVID19 անվանումը ստացած վիրուսի մասին։

Չինաստանի պետպաշտոնյաները տարածեցին նոր հիվանդանոցի կեղծ նկար։ Պատկերը տների առքուվաճառքի կայքից էր

Կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածողների մեջ էին չինաստանցի պաշտոնյաները և պետական լրատվամիջոցները։ Չինաստանի կառավարությունը խոստացել էր ռեկորդային կարճ ժամանակում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար բուժկենտրոն կառուցել։ Մինչ հիվանդանոցը պատրաստ կլիներ, Չինաստանի ԱԳՆ տեղեկատվության բաժնի փոխտնօրենը Twitter-ում հրապարակեց անշարժ գույքի առքուվաճառքի կայքից վերցրած մի լուսանկար՝ ներկայացնելով այն իբրև նոր բուժկենտրոնի առաջին նկարը։ Կեղծ տեղեկությունը տարածեցին նաև չինական պետական լրատվամիջոցները։ Իրական հիվանդանոցը բացվեց փետրվարի 2-ին։ Դրա լուսանկարը կարելի է տեսնել այստեղ։ 

«Первый канал»-ը եթեր բերեց դավադրության տեսությունը

Չինական պետական լրատվամիջոցները միակը չէին, որ ապատեղեկատվություն էին տարածում։ Դավադրության տեսություններին ռեպորտաժ նվիրեց ռուսական «Первый канал»-ը։

Ալիքի հաղորդավար Կիրիլ Կլեյմյոնովը հեռուստադիտողներին ներկայացրեց կորոնավիրուս բառի ստուգաբանության հետևյալ վարկածը՝ կորոնա՝ թագ բառը կապվում է Չինաստանի հակառակորդ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ Թրամփը աշխարհի գեղեցկուհիներին թագեր բաժանելով է հայտնի։

Բանանը նորից անհիմն մեղադրվեց ամեն ինչում

Ինչպես և ուրիշ նմանատիպ դեպքերում բանանը վիրուսի տարածող մթերք դուրս եկավ։ Բանանի մասին ռուսական սոցցանցերում սկիզբ առած գրառումը անձնական հաղորդագրության միջոցով սկսեցին տարածել նաև հայալեզու օգտատերերը։

Yerkir.am-ը հայերենով ներկայացրել է Myth Detector կայքի նյութը այն մասին, թե ինչպես էին բանանում գտնում Էբոլա, ՄԻԱՎ, խոզի գրիպ և ահա կորոնավիրուս։

Կորոնավիրուսը չղջիկների ու օձերի վիրուսների հիբրիդ չէ

UneFun հայալեզում YouTube էջը տարածեց միֆեր ու դավադրության տեսություններ կորոնավիրուսի մասին։ Շուրջ 58 հազար դիտում ունեցող տեսահոլովակում դրամատիկ երաժշտության ներքով ալիքի հեղինակ 18-ամյա Վռամը ասում է․ «Ինձ թվում է, որ այս վիրուսը դա ապագայի զենքն է, որը առանց ինչ-որ փամփուշտի կարող է վերացնել ամբողջ մարդկությունը»։ Վռամը գումար է աշխատում՝ YouTube-ում քլիքբեյթ բովանդակություն ստեղծելով։

Տեսահոլովակում ասվում էր նաև, որ կորոնավիրուսը օձերի և չղջիկների վիրուսների հիբրիդ է։ Իսկ սոցցանցերի օգտատերերը տարբեր երկրներում տարածում էին ասիացի աղջկա՝ չղջիկով ապուր ուտելու կադրեր, գրելով, որ հենց այսպիսի ուտեստներն են դարձել վարակի տարածման պատճառ։ Կորոնավիրուսը իսկապես կենդանածին է, և ամենայն հավանականությամբ մարդուն է անցել չղջիկներից (օձերը մեղք չունեն)։ Վիրուսի տարածման սկզբնաղբյուրը չինական Ուհան քաղաքի շուկան է, որտեղ վաճառվում է նաև վայրի կենդանիների միս, սակայն չղջիկի ապուրով (որը Չինաստանում բոլորովին տարածված ուտեստ չէ) տեսանյութը կորոնավիրուսի հետ կապ չունի։

Վիտամին C-ն, կանեփը և հոմեոպատիան ձեզ չեն փրկի կորոնավիրուսից

Սրան երկու գլխավոր պատճառ կա։ Նախ գոյություն չունի որևէ հետազոտություն կամ ապացույց, որ այս մեթոդները կօգնեն (վիտամին C-ն չի՛ բուժում նաև գրիպի ժամանակ)։ Հետո էլ, հոմեոպատիայի արդյունավետությունը կասկածի տակ է դրվում ապացուցողական բժիշկության կողմից։

Ուռճացված թվեր

Հունվարի 23-ին ամերիկյան Hal Turner ռադիոհաղորդումը տեղեկացրեց, թե կորոնավիրուսով արդեն իսկ վարակվել է 2,8 մլն մարդ։ Սա այդպես չէ։ Վարակվածների թվին կարելի է հետևել GISAID հետազոտական նախագծի հատուկ ինտերակտիվ քարտեզի վրա։ Այս հոդվածը գրելու պահին թիվը կազմում էր 60 363: Ըստ քարտեզի տվյալների՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և Իրանում վարակման հաստատված դեպքեր չկան։

Մարինա Խաչատրյանը միֆերը մի տեղ հավաքեց

Հունվարի վերջին Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ասուլիս էր հրավիրել, որտեղ հնչեցրեց կորոնավիրուսի վերաբերյալ միֆերի և դավադրության տեսությունների մի ամբողջ փունջ։

Խաչատրյանը մասնագիտությամբ բժիշկ է, սակայն նոյեմբերին հայտարարել էր, որ հեռանում է աշխատանքից և զբաղվելու է քաղաքականությամբ։ Նա բազմիցս է տարածել ոչ հավաստի տեղեկություն․ անցած տարվա ընթացքում միայն Media.am-ը հերքել է Խաչատրյանի հայտարարությունները թմրանյութով կոնֆետների, թուրքերին վաճառվող երեխաների, պատվաստումների և այլ թեմաների վերաբերյալ։

Կորոնավիրուսին նվիրված ասուլիսում Խաչատրյանը պատմեց, որ «համաճարակի» հետևում, հնարավոր է, կանգնած են Բիլլ Գեյթսը և նրա կինը, քանի որ նրանք նախկինում ժողով էին հրավիրել կորոնավիրուսի քննարկման համար (Գեյթսերի հիմնադրամը ֆինանսավորում է վիրուսային հիվանդությունների կանխարգելումը, իսկ կորոնավիրուսի տեսակները բազմաթիվ են)։

Խաչատրյանը հայտարարեց, որ սա կարող է լինել արհեստական ստեղծված կենսաբանական զենք, որը կկիրառվի նաև Հայաստանի դեմ։ Նա քննադատեց վիրուսին հակազդելու Առողջապահության նախարարության նախաձեռնած քայլերը։

Կենսաբանական զենքի մասին դավադրության տեսությանը սկիզբ էր դրել ամերիկյան The Washington Times (չշփոթե՛լ հայտնի Washington Post-ի հետ) պարբերականի հոդվածը այն մասին, որ կորոնավիրուսը Ուհանում գործող վիրուսոլոգիայի ինստիտուտից դուրս բերված կենսաբանական զենք է։ Այս թեզը խնդրահարույց է․ կորոնավիրուսը նման չէ կենսաբանական զենքի՝ գիտնականներին հայտնի են շատ ավելի վտանգավոր և արագ տարածվող վարակներ։ Ավելին, Չինաստանը դեռ տասնամյակներ առաջ միացել է կենսաբանական զենքի մշակումից հրաժարվելու մասին միջազգային կոնվենցիային։

Իր ասուլիսի ժամանակ Մարինա Խաչատրյանը հորդորեց ընդունել վիտամից C՝ կորոնավիրուսով չվարակվելու համար (տե՛ս վերևում, թե ինչու է այս խորհուրդն անօգուտ) և  հայտարարեց, որ ՁԻԱՀ-ը նույնպես արհեստածին վիրուս է (ինչ է ՁԻԱՀ-ը և ինչու այն արհեստածին չէ իր թարմ թողարկման մեջ պատմում է հայտնի հաղորդավար Յուրի Դուդը)։

ՍԱՊԾ  նախկին պետը ասաց, որ Բիլ Գեյթսը կորոնավիրուսը տարածել է Չինաստանին ճնշելու համար

Մեկ այլ ծավալուն անդրադարձ կորոնավիրուսին կատարել էր Livenews.am կայքը։ Շուրջ 43 րոպե տևող հարցազրույցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը հայտնեց իր «կասկածները որպես փորձագետ» այն մասին, որ կորոնավիրուսի տարածումը Բիլ Գեյթսի փորձն է ճնշել Չինաստանին, որ մեր հարևան երկրներում արդեն կան վարակման դեպքեր, իսկ Չինաստանը չի միացել կենսաբանական զենքի մասին միջազգային կոնվենցիային։ Որևէ ապացույց այս պնդումներին Գրիգորյանը չներկայացրեց։

Ինչպես և Մարինա Խաչատրյանը, ՍԱՊԾ նախկին պետը ակտիվ մեկնաբանում է քաղաքական իրադարձությունները։ Օրինակ, նա մեղադրել էր ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին պատվաստումները ցուցումից շուտ կատարելու մեջ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում պաշտոն ստանալու համար։ Ինչպես և կորոնավիրուսի դեպքում, Գևորգյանը ոչ թե «պնդում էր» այլ «կասկած» էր հայտնում։

Որտեղ գտնել կորոնավիրուսի մասին հավաստի տեղեկություն

Վիրուսի մասին գիտականորեն ստուգված տեղեկությունը Media.am-ը հավաքել է այստեղ։ Ամենաթարմ տվյալներին կարելի է ծանոթանալ Առողջապահության միջազգային կազմակերպության կայքում։

Ի դեպ, միֆերի տարածմանը խորընդոտելու համար Facebook-ը սկսել է հեռացնել ոչ հավաստի տեղեկությունը։ Միջոցներ են ձեռնարկել նաև Google-ը և Twitter-ը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *