2020.02.12,

Քննադատ

Գիտական առաջընթացն ընդդեմ նոր կորոնավիրուսի

author_posts/rubina-davtyan
Ռուբինա Դավթյան

Գիտության սիրահար

2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ, 2019-nCoV կամ այսպես ասած նոր կորոնավիրուսն արդեն ունի 43 103 հաստատված վարակման դեպք ամբողջ աշխարհում, որից միայն 42 708-ը Չինաստանում են։ Մնացած 395 հաստատված դեպքերը տարածվել են 24 երկրներում։ Սույն թվականի փետրվարի 11-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության և խորհրդակցության արդյունքում, վիրոսը վերանվանել է COVID-19:

Համաշխարհային առողջապահական արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ աշխարհի տարբեր գիտական հաստատությունները և հանրային առողջության պատասխանատուները կենտրոնացրել են իրենց ջանքերը COVID-2019 վիրուսի ուսումնասիրմանը, բուժմանն ու կանխարգելմանը, նվազագույնը, որ պահանջվում է լրագրողներից և հանրային կարծիք ձևավորողներից, համաճարակի վերաբերյալ հիմնավոր և մատչելի տեղեկատվության տրամադրումն է։

Հոդվածում ամփոփել ենք նոր կորոնավիրուսի ծագման և տարածման վերաբերյալ մինչ այժմ հայտնի գիտական նորությունները, ինչպես նաև՝ տեղեկատվության հավաստի աղբյուրները։

Ի՞նչ է COVID-19 կորոնավիրուսը

Հակառակ հայկական և բազմաթիվ այլ լրատվամիջոցներում շրջանառվող տեքստերի, «կորոնավիրուսը» ամենևին էլ նոր չէ։

«Կորոնավիրուս» եզրույթը բնութագրում է վիրուսների մի ամբողջ խումբ, որոնց պատկանում է նաև Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված վիրուսի նոր տեսակը։

Գիտական աշխարհում այն հայտնի է 2019-nCoV (2019 novel coronavirus), այնուհետև՝ COVID-19 (coronavirus disease 2019, թարգմանաբար՝ կորոնավիրուս հիվանդություն 2019):  Նախկինում հայտնի այլ կորոնավիրուսներ են SARS-ը (severe acute respiratory syndrome, թարգմանաբար՝ ծանր սուր շնչառական համախտանիշ) և MERS-ը (Middle East respiratory syndrome, թարգմանաբար՝ Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ)։

Կորոնավիրուսներն իրենց անվանումը ստացել են լատիներեն «կորոնա» բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «թագ», քանի որ վիրուսներն իրենց մակերևույթին ունեն թագանման սպիտակուցային մասնիկներ։

Ի՞նչ ախտանիշներ են ի հայտ գալիս

Նոր կորոնավիրուսի ախտանիշները կարող են լինի միջինից մինչև ծանր։ Վիրուսն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հազով, շնչակառական խանգարումներով և հևոցով, իսկ առավել ծանր դեպքերում կարող է հանգեցնել երիկամային անբավարարության կամ մահվան։

Որտեղի՞ց է հայտնվել COVID-19 վիրուսը

Կորոնավիրուսների տեսակները տարածված են մի շարք կենդանիների մոտ։ Երբեմն, վիրուսները կարող են փոխանցվել կենդանիներից մարդուն, օրինակ՝ վիրուսի գենետիկ մուտացիայի կամ վարակակիր կենդանիների հետ երկարատև շփման արդյունքում։ Օրինակ, հայտնի է, որ MERS կորոնավիրուսը մարդկանց է փոխանցվել ուղտերից, իսկ SARS-ը՝ չղջիկներից ցիվետներին (կատվանմանների ենթակարգին դասվող կենդանիներ), այնուհետև՝ վերջիններից մարդկանց։

COVID-19 վիրուսի էպիկենտրոնի՝ չինական Ուհան քաղաքի Վիրուսաբանություն ինստիտուտին առաջինն է հաջողվել բացահայտել նոր կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը։ COVID-19-ի գեների համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ այն 79.5%-ով նույնական է SARS վիրուսի և 96%-ով՝ չղջիկների կորոնավիրուսի հետ։ Չղջիկների կորոնավիրուսի հետ այս նմանության արդյունքում որոշ գիտնականներ չղջիկներին համարում են վիրուսի ծագման աղբյուր, սակայն վերջնականորեն հաստատված չէ, թե ինչ կենդանուց է վիրուսը փոխանցվել։ Համաձայն Հարավային Չինաստանի գյուղատնտեսական համալսարանի փետրվարի 7-ի հայտարարության, նոր կորոնավիրուսը մարդկանց կարող էր փոխանցվել պանգոլիններից (թեփամորթներ)՝ ունենալով 99% գենետիկ հաջորդականության նմանություն։ Պանգոլիններն, ամենայն հավանականությամբ վիրուսի միջանկյալ կրողներն են, և վարակը վերջիններիս փոխանցվել է չղջիկներից։

Վիրուսի կառուցվածքը և ազդեցության սկզբունքը

Կորոնավիրուսները գնդաձև են՝ մակերևույթին սպիտակուցային գոյացություններով։

Վիրուսի եռաչափ մոդելը կազմվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա (Centers for Disease Control and Prevention)։ Սկզբնաղբյուրը

Վիրուսի կենտրոնում տեղակայված է դրա ՌՆԹ-ն (ռիբոնուկլեինաթթու), որը կրում է վիրուսի գենետիկ ինֆորմացիան։ Վիրուսի մակերևույթին գոյություն ունեն 4 տարբեր տեսակի սպիտակուցներ, որոնցից մեկը՝ S սպիտակուցը (նկարում՝ վարդագույն) տալիս է վիրուսին իր «թագանման» տեսքը և վարակման մեխանիզմի կարևոր դերակատարներից է։ Պատկերացնենք՝ ելուստանման S սպիտակուցները բանալին են, իսկ որևէ օրգանիզմի բջիջը՝ դուռը։ Բանալին կարող է դուռը բացել միայն դռան կողպեքին համապատասխանելու դեպքում. այս պարագայում «կողպեքը» բջջում գտնվող ACE2 անվանվող սպիտակուցն է, որին ամրանում է կորոնավիրուսը և հնարավորություն ստանում իր ՌՆԹ-ն բջիջ ներմուծելու։ Վիրուսի ՌՆԹ-ի ներթափանցման արդյունքում մարդու կամ այլ վարակակիր օրգանիզմի բջիջներում բազմանում է վարակը։

Հենց այս «բանալի»-«կողպեք» սկզբունքի շնորհիվ է, որ որոշ վիրուսներ կարող են թիրախավորել մի տեսակի օրգանիզմների, սակայն որևէ ազդեցություն չունենալ մեկ այլ օրգանիզմի վրա, քանի որ կողպեքը (այստեղ՝ անհրաժեշտ կառուցվածքով սպիտակուցը) բացակայում է։ Քանի որ վիրուսները արագ մոդիֆիկացվող օրգանիզմներ են, այս մակերևութային սպիտակուցները կարող են փոփոխության ենթարկվել` ծառայելով որպես «բանալի» նաև այլ օրգանիզմների համար։ Հարկ է նշել, որ մեկ անգամ մի օրգանիզմից մյուսին, օրինակ՝ կենդանուց մարդուն փոխանցվելու դեպքում, վիրուսը կարող է փոխանցվել նաև մարդուց մարդուն, ինչպես և տեղի է ունենում նոր կորոնավիրուսի պարագայում։

Գիտությունը և տեղեկատվության հասանելիությունը

Վերջին տարիներին զարգացել են ոչ միայն վիրուսային ՌՆԹ-ի անջատման և հետազոտման տեխնոլոգիաները և մեթոդները, այլ նաև գիտական հաստատությունների միջև համագործակցությունն ու գիտական հրապարակումների հասանելիությունը։

Մի շարք բարձր վարկանշով գիտական հաստատություններ ամսագրեր և հրատարակիչներ, այդ թվում Nature բնագիտական և Тhe Lancet բժշկական ամսագրերը ստորագրել են համաձայնագիր COVID-19 կորոնավիրուսի վերաբերյալ գիտական հրապարակումների մասին։

Գիտական հոդվածները սովարաբար մինչև հրապարակումն անցնում են երկարատև գրախոսման փուլ, սակայն վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում, նոր կորոնավիրուսի վերաբերյալ ուսումնասիրությունների նախնական տարբերակները հնարավորինս արագ և անվճար հիմունքներով հասանելի են դարձվում առցանց հարթակներում։ Համաձայնագիրը ստորագրած կողմերը պարտավորվում են նաև կիսվել ուսումնասիրությունների արդյունքներով Առողջապահության համաշխարհային կազմաերպության հետ, ինչպես նաև՝ հնարավորինս արագ և լայնորեն տարածել վերջնական տվյալները և արդյունքները այլ գիտական հաստատությունների և հանրային առողջության պատասխանատու կառույցների հետ։

Ինֆորմացիայի վստահելի աղբյուրներ

Համացանցում կեղծ գիտական լուրերի տարածման արագությունը կարող է մրցել ցանկացած համաճարակի հետ։ Տարածվող դավադրության տեսությունների ու կեղծ տեղեկատվության սպեկտրը բավականին լայն է. սկսած վիրուսի՝ տնային պայմաններում բուժումից ընդհուպ մինչև կասկածներ, որ նոր կորոնավիրուսը  լաբորատոր պայմաններում ստեղծված կենսաբանական զենք է։

Հանրային առողջությանը սպառնացող վտանգի պայմաններում է՛լ առավել կարևոր է տեղեկատվությունը ստանալ հուսալի աղբյուրներից և չլինել կեղծ և տագնապ առաջացնող լուրերի տարածող։ Ուստի ներկայացնում ենք մի շարք աղբյուրներ, որոնք տրամադրում են հնարավորինս հավաստի տեղեկատվություն նոր կորոնավիրուսի վերաբերյալ։

1. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

COVID-19 վիրուսի վերաբերյալ ամենաինֆորմատիվ և վստահելի աղբյուրն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) է։ ԱՀԿ կայքում նոր կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկություններին առանձին բաժին է հատկացված, որտեղ ամփոփված են վարակի դեմ պաշտպանման միջոցների, հաճախ տրվող հարցերի, իրականացվող միջոցառումների և իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիա։ ԱՀԿ-ն հունվարի 26-ին հրապարակել է նաև կարճ առցանց դասընթաց՝ ծանոթացնելով 2019-nCoV վիրուսին  և դրա դեմ իրականացվող միջոցառումներին։ Թեև դասընթացը հիմնականում ուղղված է հանրային առողջություն ոլորտի պատասխանատուների, ՄԱԿ-ի և հասարակական կազմակերպությունների աշխատակիցերի կամավորներին, այն անվճար և հասանելի է ցանկացած օգտատիրոջ համար։ ԱՀԿ կայքում հրապարակված վիճակագրության, դասընթացի համար գրանցվել են ավելի քան 3000 նոր օգտատեր, իսկ մոտ 200 000 հազար մարդ դիտել է ներածական հոլովակը։

2. Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոն

Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոնը (Centers for Disease Control and Prevention, CDC) ԱՄՆ հանրային առողջության ազգային ինստիտուտ է։ Կենտրոնի պաշտոնական կայքում պարբերաբար թարմացվում է նոր կորոնավիրուսի տարածման իրավիճակի և իրականացվող կանխարգելման միջոցառումների վերաբերյալ ինֆորմացիան։ Կայքը կարող է հատկապես օգտակար լինել հանրային առողջության պատասխանատուների, բժիշկների, գիտնականների և լաբորատորիաների աշխատակիցների համար։ CDC-ն նաև ուղեցույց է մշակել գործատուների համար՝ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Խորհուրդ տրվող գործողությունների ցանկում են, օրինակ, հիվանդ աշխատակիցներին խրախուսել տանը մնալ և պահպանել հիգիենայի բոլոր կանոնները աշխատավայրում։

3. Գիտական և գիտահանրամատչելի ամսագրեր

Springer հրատարակչության կողմից տպագրվող Nature ամսագիրը բնագիտական ոլորտի ամենավարկանշային և ազդեցիկ պարբերականներից մեկն է։ Սովորաբար, ամսագրի բաժանորդագրությունը վճարովի է. հոդվածները կարելի է գնել առանձին կամ բաժանորդագրվել ամսագրին։ Սակայն Nature ամսագիրը նույնպես արագացված կերպով հրապարակում է նոր կորոնավիրուսի վերաբերյալ գիտական հոդվածները անվճար հիմունքներով։ Nature-ում հրապարակված հոդվածները նախատեսված են ոլորտի մասնագետների համար, սակայն ամսագրի «Նորություններ» բաժնում պարբերաբար հրապարակվում են գիտահանրամատչելի նյութեր 2019-nCoV կորոնավիրուսի վերաբերյալ նորագույն գիտական հայտնագործությունների և հիպոթեզների մասին։

The Lancet-ը ամենահայտնի և ամենահին բժշկական պարբերականներից մեկն է։ Առողջապահության ոլորտի մասնագետներին և գիտնականներին աջակցելու համար, ամսագիրը ստեղծել է Կորոնավիրուսի ռեսուրս կենտրոն, որը համախմբում է վիրուսի վերաբերյալ հրապարակումները պարբերականի հոդվածների շարքից։ The Lancet-ի հրատարակիչ Elsevier կազմակերպությունը, որը հրատարակում է նաև բնական գիտությունների Cell պարբերականը և ScienceDirect էլեկտրոնային պարբերականների ժողովածուն, նույնպես ստեղծել է ինֆորմացիոն կենտրոն կորոնավիրուսի վերաբերյալ։

Թեև վերոնշյալ աղբյուրներն ունեն գիտական ուղղվածություն, սակայն նոր կորոնավիրուսի վերաբերյալ նյութեր պատրաստող լրագրողներին խորհուրդ է տրվում այլ աղբյուրներից ստացած ցանկացած ինֆորմացիա ստուգել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում կամ տրամադրված տեղեկատվության սկզբնաղբյուրում։

Ռուբինա Դավթյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *