2020.02.03,

Ստուգված է

Յություբում քլիքբեյթով գումար աշխատող ալիքը լուսաբանում է կորոնավիրուսի տարածումը

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան

Լրագրող, սկսնակ նշանագետ

Քլիքբեյթի եղանակով աշխատող Յություբի ալիքները հավաքում են միլիոնավոր դիտումներ: Դրանք տարածում է նույնիսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վիրուսային և հաճախ մոլորեցնող բովանդակություն առաջարկող այսպիսի ալիքներից մեկը վերջերս անդրադարձել էր կորոնավիրուսի մասին դավադրության տեսություններին։ Media.am-ը ուսումնասիրեց ալիքը և զրուցեց դրա ստեղծողի հետ։

Դավադրության տեսությունները նաև գովազդ են ապահովում

Մռավը 17 տարեկան է։ Երկու տարի առաջ նա բացել է իր UneFUN յություբյան էջը, քանի որ հետաքրքրվում է մոնտաժով։ Այժմ նրա էջն ունի գրեթե 3 միլիոն 900 հազար դիտում։ Դիտումները ապահովում է սկանդալային, շոկային, անսպասելի բովանդակությունը։

Այս ալիքը նման է հազարավոր այլ յություբյան ալիքներին, որոնք աշխատում են որպես քլիքբեյթ․ հավաքում են դիտումներ վիրուսային բովանդակության շնորհիվ և վաճառում գովազդ։

Շաբաթը մեկ Մռավը հրապարակում է զարմանալի երևույթների յոթյակ․ «7 ամենա տարօրինակ վերջույթներով մարդիկ», «7 միջնադարի անբացատրելի տանջանքները║սարսափելի մահ» և այլն։ Այսպիսի վիրուսային բովանդակությունը բերում է մինչև մի քանի հարյուր հազար դիտում։

Ալիքում վաճառվում է գովազդ։ 2019-ի սկզբին, երբ ալիքն ուներ միայն մոտ 350 հետևորդ, գովազդը արժեր 5-70 ռուբլի (շուրջ 40-520 դրամ)։ Այժմ ալիքն ունի շուրջ 32,000 հետևորդ, և գովազդը արժե 1500-10,000 դրամ։ Գովազդի համար կարելի է վճարել Qiwi, Яндекс.деньги համակարգերի օգնությամբ կամ հեռախոսահամարին փոխանցում կատարելով։

Մինչև վերջերս Մռավի ալիքում չկային օրվա լրահոսը կամ քաղաքական թեմաները լուսաբանող տեսանյութեր։ Բայց հունվարի 31-ին նա հրապարակեց «Կորոնավիրուս:մարդկությանը մեծ վտանգ է սպառնում║չինական վիրուս» անվանմամբ սկանդալային և սխալ տեղեկություն հայտնող հոլովակ։

Հոլովակում հնչում են միանգամից մի քանի սխալ պնդումներ և դավադրության տեսություններ․

🔴 Վիրուսը չղջիկների և օձերի վիրուսների հիբրիդ է և առաջացել է Չինաստանում, քանի որ չինացիները շատ են ուտում օձեր և չղջիկներ։ 

Վիրուսը իսկապես կարող է ունենալ կենդանական ծագում, բայց գիտնականները դեռ ստույգ չգիտեն, թե ինչպես է այն փոխանցվել մարդուն։ Ավելին, չղջիկները տարածված ուտելիք չեն Ուհան քաղաքում, որտեղ ծագել է վիրուսը։

🔴 Հիվանդությունը բոլորից թաքցնում են։

Դա այդպես չէ․ Առողջապահության միջազգային կազմակերպությունն ամեն օր թարմ տվյալներ է հրապարակում վիրուսի զարգացման մասին: Վիրուսի տարածման ընթացքը կարելի է տեսնել նաև GISAID հետազոտական նախագծի հատուկ ինտերակտիվ քարտեզի վրա։

🔴 Վիրուսը պատահական չէ առաջացել․ այն ծառայում է քաղաքական շահերի և կապ ունի Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության հետ։ 

Այս պնդումը որևէ ապացույց չունի։ Ավելին՝ պարզ չէ, թե դրա տարածումը ինչպես է օգնելու Իրանի կամ ԱՄՆ-ի քաղաքական շահերին։

🔴 Հայաստանում գրանցվել են վարակման երկու դեպք։ 

Առողջապահության նախարարությունը հերքել է կորոնավիրուսի առկայությունը Հայաստանում։

Ոչ թե հոբբի, այլ կարիերա

Ես գրեցի Մռավին՝ փորձելով պարզել, թե ո՞րն է Հայաստանում վիրուսի առկայության մասին տեղեկության աղբյուրը։

«Հայկական լրատվական կայքերում էի կարդացել, որ Հայաստանում երկու դեպք կար»,- պատասխանեց Մռավը և ուղարկեց ինձ Newsarmenia.am-ի հոդվածը, որտեղ, սակայն, չկար պնդում այն մասին, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է․ ասվում էր միայն, որ երկու մարդ հոսպիտալացվել է վիրուսի կասկածանքով։

«2 օր առաջ այդ կայքում գրված էր այն, ինչ որ ես ասել եմ, կարող է նաև, որ նրանք են փոխել կայքի պարունակությունը», – նշեց Մռավը։

Իմ հարցին, թե արդյո՞ք ստուգում է տեղեկությունը հրապարակելուց առաջ, Մռավը պատասխանեց․ «Այո, ստուգում եմ, բայց երևի ինչ-որ սխալմունք էր»։ Նա նաև պատմեց, որ սկզբում յություբյան ալիքը ուղղակի հոբբի էր, բայց գնալով դառնում է կարիերա։

Մոլորեցնող լուրեր հայտնող այսպիսի յություբյան ալիքներն ավելի ու ավելի են շատանում համացանցի հայկական սեգմենտում։ Որոշ ալիքներ ուղղակի կարդում են մամուլի հրապարակումները դրամատիկ երաժշտության ուղեկցմամբ (տես, օրինակ, Media.am-ի հոդվածի այդպիսի ընթերցում)։

Մյուսները տարածում են տարատեսակ դավադրության տեսություններ և սկանդալային պնդումներ։

Հաճախ ալիքների բովանդակությունը քաղաքական է, և օրվա քաղաքական իրադարձությունների այսպիսի մեկնաբանումը լի է մոլորեցնող կամ սխալ պնդումներով։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *