2019.09.03,

Ստուգված է

Դու այն ես, ինչ տարածում ես

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տարածել է «Նիկոլի ազնիվ և հզոր պայքարը (սկիզբը հեռացվել է «Ա1+»-ի պահանջով) ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ ՇՏԱՊ ԴԻՏԵԼ» վերնագրով տեսանյութ։

Վարչապետի տարածած տեսանյութը հրապարակել է Perfect TV անունով յություբյան ալիքը։ «Հրապարակ»-ը Նիկոլ Փաշինյանի այս գրառման մասին հոդվածում Perfect TV-ն ֆեյք էջ է անվանել։ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի  Infocheck նախագիծն էլ գրել է, որ Perfect TV-ն կեղծ չէ։

Տեխնիկապես Infocheck-ը ճիշտ է։ Perfect TV ալիքը վարում է իրական մարդ, այդ իրական մարդը Յություբում իր ալիքի միջոցով իրական գումարներ է աշխատում։ Գումարն աշխատելու համար էլ Perfect TV-ն պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է Google-ին, ու հիմա գրեթե 210 հազար բաժանորդ ունեցող այդ ալիքը Յություբի կողմից հաստատված ալիքի նշան (verified) ունի:

Հաստատվող նշանը չի նշանակում, որ Յություբի ալիքը չի կարող խնդիրներ ունենալ։ Ալիքը վարողը վիդեոները ստեղծելու համար օգտվում է լրատվական կայքերի տեսանյութերից ու, եթե հեղինակային իրավունքը խախտելու համար ալիքի դեմ բողոքներ ուղարկվեն, ապա այն կարող է արգելափակվել։

Փաշինյանի տարածած տեսանյութում Perfect TV-ն արդեն «Ա1+»-ի պահանջով ինքնակամ հրաժարվել է մի կտոր վիդեոյից։ Բացի դրանից այդ տեսանյութում Ազատություն ռադիոկայանի, Սիվիլնեթի կադրերն են։

Ընդհանրապես, Perfect TV ալիքը վարողը փորձում է ուշադիր մոտենալ հեղինակային իրավունքի հարցին՝ իր տեքստերի տեսաշարի համար օգտագործում է լուսանկարներ (իհարկե, լուսանկարներն էլ պաշտպանված են հեղինակային իրավունքով), ֆեյսբուքի ուղիղ եթերի վիդեոներ։

Perfect TV-ն օգտագործում է սենսացիոն, մոլորեցնող, հետաքրքրող ու դիտումներ բերելու համար ստեղծված վերնագրեր («Նիկոլը Սարսափեցրել է Բոլորին. Շոկային Բացահայտում Գողական Աշխարհում», «Նիկոլի աղջիկը ստորացրեց Ալիևի աղջկան. Ադրբեջանը շոկի մեջ է»)։ Նաև կեղծ վերնագրերով նյութեր («Վերջնական Պատիժ. Մանվելը կորցրեց երկու ոտքերը. Խայտառակ Իրավիճակ»)։ Այս ալիքը Google-ի սահմանած կանոնները չխախտելով գումար աշխատելու փորձի օրինակ է։

Սքրինշոթ Perfect TV յություբի ալիքից

Վարչապետը՝ Ֆեյսբուքում իր կես միլիոնն անցնող լսարանին Perfect TV-ի տեսանյութն առաջարկել է դիտել «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն» գրառումով։ Մկան և ձկան մասին կտորը տեսանյութի մաս է՝ 2018-ի Երևանի ավագանու ընտրարշավին Փաշինյանի ելույթից։ Թե ինչ ժամանակագրություն է ներկայացնում վարչապետին դուր եկած տեսանյութը՝ պարզ չէ։ Բայց հաստատ է, որ եթե Փաշինյանը ցանկանար, կարող էր իր նախկին ելույթը կամ իր անցած ճանապարհի ժամանակագրությունը ամփոփող իրական լրատվական ալիքի նյութ գտնել ու տարածել Ֆեյսբուքով։

Ֆեյսբուքը շարունակում է Փաշինյանի համար կարևորագույն մեդիա գործիք մնալ։ Նախկին լրագրող վարչապետը իր ամենակարևոր հարթակով տարածում է սենսացիոն վերնագրերով ու բովանդակությամբ տեսանյութերի օգնությամբ գումար աշխատելու համար ստեղծված յություբյան մի ալիքի բովանդակություն։

Մեդիագրագիտության ոսկե կանոններից է՝ ստուգել աղբյուրը, որտեղ հրապարակված է նյութը, ստուգել հեղինակին, որը ստեղծել է նյութը։

Նիկոլ Փաշինյանը ու նրա սոցիալական մեդիա պատասխանատու(ները) եթե ստուգեին Perfect TV-ն, օրինակ կտեսնեին «Նիկոլը Պուտինին ծեփեց պատին. Քոչարյանին փրկություն չկա» կամ «Նիկոլի սարսափելի խաղի տապալումը. Քոչարյանը հզորանում է. Շտապ Տարածել»  վերնագրերով տեսանյութերը։

Երբ մարդը սոցիալական մեդիայով նյութ է տարածում (առանց այդ նյութը տարածելու այլ նպատակների մասին բացատրության), նա երաշխավորում է այն ստեղծողին։ Մեր տարածած նյութերը բնորոշում են մեզ, խոսում են մեր առաջնահերթությունների ու հետաքրքրությունների մասին։

Ցանկալի է, որ վարչապետը հատկապես ուշադիր լինի, թե ինչ աղբյուր է տարածում։ Այս դեպքում վարչապետը տարածել է մի տեսանյութ, որի վերնագրում գրված է ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ։ Մեդիագրագիտության մյուս կանոններից է՝ վստահելի չէ այն մեդիա արտադրանքը, որի վերնագրում կան ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ, ՏԱՐԱԾԵԼ, ՔԱՆԻ ՉԵՆ ՋՆՋԵԼ գրառումները։

Առանց աղբյուրները ստուգելու տեսանյութ տարածելով Նիկոլ Փաշինյանը օգնում է «քլիքի» համար ստեղծվող բովանդակություն տարածելուն ու զուգահեռ անտեսում է որակյալ լրագրությունը։ Գումարած դրան վարչապետը տարածում է տեսանյութ, որը ստեղծված է որակյալ լրատվական կայքերի տեսանյութերի հիման վրա։ Ստացվում է վարչապետը խրախուսում է ոչ հեղինակային բովանդակության տարածումը։

Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ինքն էր վարում իր Ֆեյսբուքի էջը։ Հայտնի չէ, թե այս պահին նա որքան ժամանակ է տրամադրում այդ գործին։ Ով էլ, որ վարում է վարչապետի Ֆեյսբուքի էջը, Perfect TV-ի այս դեպքից հետո նրան կարելի է դիմել դասական դարձած արտահատությամբ՝ «Մի արեք, պարզապես մի արեք»։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *