Քաղաքացու՞, թե՞ քաղաքական թիմի օր․ մեդիան ու նոր տոնի ընկալումը

26.03.2019, Քննադատ

PanARMENIAN.Net-ի խմբագիր, ազատ ժամանակ զբաղվում է «Լուրեր դժոխքից» երգիծական նախագծով

2018-ի հեղափոխության պատվին «Քաղաքացու տոն» սահմանելով՝ կառավարությունը ձգտում է ավանդույթ ու հանրային տրամադրություն դարձնել այն ուրախությունը, որը քաղաքացիների զգալի մասը այսպես թե այնպես վերապրելու էր դեպքերի այս տարվա «հոբելյանի» առիթով։

Մեդիան խնդիր ունի՝ հնարավորինս հեռու մնալ քաղաքական թիմի կողմից նոր հանրային առասպելի ստեղծման գործընթացից։

Նախ, պարզաբանենք, որ խոսքը ոչ թե գրական առումով առասպելի, այլ հասարակական առասպելի և ավանդույթի մասին է, այսինքն՝ իրադարձության կամ երևույթի այնպիսի հանրային համատարած ընկալման, որն ինչ-որ չափով (երկարաժամկետ կամ կարճաժամկետ կտրվածքով), սկսում է ազդել գաղափարախոսության, արժեքների և, հետևաբար, քաղաքականության վրա։

Այսպիսի առասպել-ավանդույթների ձևավորման օրինակներ շատ կան՝ սկսած Ավարայրի ճակատամարտի առասպելականացումից ու այն նշելու մեր ավանդույթից, վերջացած, օրինակ, Շուշիի ազատագրումը մայիսի 9-ին, ոչ թե 8-ին նշելով, ու այդ օրը եռատոն դարձնելուց։

Կան նաև հակառակ օրինակներ, երբ պետությունը փորձում է խանգարել հանրային նոր ավանդույթների ու առասպելների ձևավորմանը։ Օրինակ, ԽՍՀՄ հատկապես վաղ տարիներին ապրիլի 24-ի, հայկական ազատագրական շարժման ու առաջին հանրապետության պատմության անտեսումը։

Այժմ իշխող թիմը ջանում է ավանդույթ դարձնել 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների հաղթական ընկալումը, որպեսզի այն կախման մեջ չլինի ապագայում հասարակական աջակցության հնարավոր անկումից։

Պարզ է, թե ինչու է դա պետք իշխանություններին:

Որքան էլ հիմնավորումներում շեշտվի քաղաքացիական իրավունքների «վերանվաճումը» նշելու դրդապատճառը, բոլորին հասկանալի է, որ խոսելով այդ իրադարձությունների մասին, անհնար է չհիշել դրանց հիմնական դերակատարներին՝ այսօրվա իշխանություններին։  

2018-ի հաղթանակը հանրային գիտակցության մեջ հնարավորինս ամրապնդելն ու այն տոնի վերածելը ընդգծում է նաև ներկայիս իշխանության ազատարար իմիջը, հետևաբար՝ քաղաքական դիրքերը։

Պատմաբաններին, մեդիային ու ընթերցողներին կարող են զարմացնել ու անգամ զայրացնել իշխանության թիմի տարբեր անդամների կողմից ապրիլյան իրադարձությունները ղարաբաղյան պատերազմում հաղթանակի հետ համեմատելը, մարդկային պատմության համար հայկական հեղափոխության նշանակման ուռճացումը կամ այն «բրենդ» սարքելու ու արտահանելու և դրանով գովազդվելու կոչերը։

Այդ կոչերը կան և լինելու են, քանի որ դրանք այսօր քաղաքական արդյունավետ գործիք են։

Նշված պատճառով՝ հեղափոխության «տարեդարձին» անդրադառնալիս, մեդիան հայտնվում է ոչ այդքան կոմֆորտ զոնայում։

Եթե նույնիսկ չլիներ տոնելու որոշումը, իհարկե, լուսաբանելու էինք իրադարձությունների «տարեդարձը»։  Հայաստանի բոլոր խմբագրություններում հիմա, երևի, մտածում են, ինչ է լույս տեսնելու ապրիլի երկրորդ կեսին, վերհանվում են հին նյութերը, փնտրվում են նոր սյուժեներ ու հերոսներ, գրվում նոր վերլուծություններ։

Այսպես թե այնպես, մենք լինելու ենք հեղափոխության առասպելացման մասնակիցը։

Սակայն իրադարձություններին պետական տոնի երանգ տալը կանգնեցնում է մեզ այն փաստի առջև, որ անելով մեր գործը, կամա-ակամա դառնում ենք այդ տոնի վերաբերյալ որոշումն ընդունած թիմի «դաշնակիցը», եթե ոչ՝ նոր առասպելի ձևավորման գործիքը։

Ինչպե՞ս լուսաբանել «Քաղաքացու օրն» ու առհասարակ, իրադարձությունների «հոբելյանը» մի վիճակում, երբ ներկայիս իշխանությունները փորձում են համազգային տոն դարձնել գործերի արդյունքը։

Ինչպե՞ս տուրք տալ տեղի ունեցածի կարևորությանը՝ չմոռանալով շեշտել կարևոր դերակատարներին, բայց միաժամանակ խուսափելով գլխավոր դերակատարների անհարկի փառաբանումից։

Եվ այստեղ մենք, հնարավորինս հեռու մնալով քաղաքական գնահատականներից, պիտի փորձենք որոշել՝ արդյոք անցած մեկ տարում հեղափոխությունը հասցրել է երկրի կյանքում բերել արմատական փոփոխությունների կամ դնել դրանց հիմքը։

Հարցն ինքնին խիստ վիճելի է ու հարյուրավոր այլ հոդվածների առիթ է։

Արձանագրենք ամենաակնհայտը՝ հանրապետությունում չեն եղել ո՛չ առանձնապես սարսափելի ձախողումներ ու կոլապսներ, ո՛չ էլ սոցիալ-տնտեսական ու այլ ոլորտների զարգացմանը նոր թափ հաղորդող հիմնարար բարեփոխումներ:

Այսինքն, հեղափոխությունը դեռ չի պատասխանել այն հարցին, թե որքանով է այն էֆեկտիվ։

Եվ ուրեմն, ի՞նչ անել ապրիլի 23-ին, հետո՝ քաղաքացու օրը, հետո՝ մայիսի 8-ին։

Կարելի է տրվել ակնկալվող «տոնական տրամադրությանը»։ Կամ անել հակառակը՝ քննադատել միայն բացթողումները։ Կամ փորձել քանակական կամ բովանդակային հավասարակշռություն փնտրել օրվա թեմայի պոզիտիվ ու նեգատիվ անդրադարձների միջև։

Միգուցե նաև կարելի է ընդհանրապես չլուսաբանել քաղգործիչների հայտարարությունները և մոռանալ իրենց դերը՝ «քաղաքացու օրն է ու իր հաղթանակը՝ նրան էլ լուսաբանում ենք» սկզբունքով։

Իհարկե, ամեն խմբագրություն ու լրագրող ինքնուրույն կորոշի այդ օրվա իր անելիքները։ Կարևորը, սակայն, որ ակնկալվող լավ եղանակն ու ուրախ տրամադրությունը, ինչպես նաև սեփական հույզերը մեզ առասպել հյուսելու համար մեր ցանկությանը դեմ չօգտագործեն։

Ընդհանուր առմամբ մամուլը, կարծես, ենթագիտակցորեն կամ գիտակցորեն զգացել է այդ նրբությունը, ու որպես հետևանք շատ զուսպ է անդրադառնում «Քաղաքացու տոն» նշելու նախաձեռնությանը:

Ինչպե՞ս կարելի է շատ ուրախանալ, երբ տոնվում է մի պրոցես, որն իր «քննությունը» դեռ չի տվել։

Նիկոլայ Թորոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?