2017.05.11,

Տեսակետ

«Շատ քիչ լրագրողներ ունեն իրենց սեփական ձայնը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուբինա Մարկոսյանն այն լրագրողներից է, որոնք ոչ միայն ճակատագրի բերումով, այլև կամային որոշմամբ են լրացնում մեր մեդիա դաշտի բացերից մեկը՝  Հայաստանի մասին անգլերենով բովանդակության կուտակումը:

Ապրելով սկզբում Բեյրութում, այնուհետև՝ Երևանում, նա կարողացել է գտնել իր տեղը ամենաբարդ մասնագիտական դաշտում, որի հիմքը հենց լեզուն է ՝ որպես մտածողություն, մշակույթ ու գործիք: Եվ այդ գործիքի տիրապետումը թույլ է տալիս հայաստանյան իրականությունը կապել միջազգային ուշադրության հետ:

Ռուբինա Մարկոսյանը աշխատել է «Արմենիա» հեռուստաալիքում,  «Սիվիլնեթում», իսկ այժմ «ԵրևանՌիփորթ» օնլայն հարթակում: Նա համոզված է. «Չի կարող ինչ-որ մի բան դրսից գալ ու քո փրկիչը լինել: Միշտ ավելի հետաքրքրական է, երբ ստեղծվում է փոփոխությունների ամբողջ գումարը»:

Սփյուռքում ծնված լինելու հանգամանքը Հայաստանի մասին գրող լրագրողին ավելի զգայուն ու միաժամանակ՝ վճռական է դարձնում:

Այնպես է ստացվել, որ Հայաստանում լրագրողը նաև ակտիվիստ է, ունի դիրքորոշում, որը չի շտապում թաքցնել: Դա հակասություն չի՞ առաջացնում:

Ես դրանում սխալ բան չեմ տեսնում: Կարծում եմ, լրագրությունն անցել է այն փուլը, երբ արժանիք էր համարվում սուբյեկտիվիզմի բացարձակ պակասը: Լրագրողը սուբյեկտ է և պիտի ցույց տա իր կարծիքի նշույլները, քանի որ, վերջ ի վերջո, դրա պահանջը կա: Նաև հենց դա է օգնում լրագրողին կայանալ:

Ամբողջական օբյեկտիվությունն, իմ կարծիքով, այսօր ապակոնստրուկտիվ է:

Իմիջիայլոց, օբյեկտիվությունը մեզ մոտ հաճախ ընկալվում է մակերեսային: Կարծես սխալ ըմբռնում ունենք, թե ինչ է պահանջում հասարակությունը: Եվ ստացվում է, որ հասարակությունը լրագրողներին լուրջ չի ընդունում, լրագրողներն էլ իրենք իրենց լուրջ չեն ընդունում: Գերիշխում է այն պատկերացումը, թե լրագրող աշխատելը խոսափող բռնելն ու ձայնագրելն է: Իսկ որոշ լրագրողներ այնքան քիչ ունկնդիր կամ ընթերցող ունեն, որ չեն կարողանում կայանալ որպես ձայն ունեցող անհատներ:

Իրականում շատ քիչ լրագրողներ ունեն իրենց  սեփական ձայնը:

Հայաստան-Սփյուռք հարաբերությունները քսան տարի առաջ ոգևորություն էին ներշնչում, իսկ հետո կարծես մարեցին:

Այդ հարաբերություններն, իրականում, երբեք կայացած չեն եղել, ոչ թե ընդամենը խախտվել են վերջին տարիներին: Դա երկկողմանի հարց է:

Երկու կողմերն էլ պետք է վերանայեն իրականությունն ու խոսակցություն խթանեն: Հիմա այդ խոսակցությունը բուռն ձևով է սկսվում, բայց տարիների ընթացքում կարող է ավելի մշակվել ու քաղաքակիրթ երկխոսության վերածվել:

Համենայնդեպս, խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսանք, որ հայտնի սփյուռքահայերի խումբը (Արսինե Խանջյան, Ատոմ Էգոյան, Սերժ Թանգյան) առաջին անգամ խոսեց՝ ասելով՝ մեր վիճակը լավ չէ, և եթե իրոք մտահոգ ենք Հայաստանի ապագայով, եկեք մեծացնենք մտահոգության ծիրը, ոչ թե միայն խոսենք դպրոցների ու շենքերի մասին: Ի վերջո, եթե երկիր ենք կառուցել, պետք է կառուցել հասարակություն՝ իր տարբեր դրսևորումներով:

Ես, օրինակ, սփյուռքում ապրելով՝ ավելի լավ պայմաններում ու ավելի գեղեցիկ ու տաք դասասենյակներում չեմ սովորել, քան հայաստանցիները: Բայց չգիտես, ինչու մենք ավելի մտահոգված էինք Հայաստանի ճակատագրով ու ճանապարհներով:

Կան սփյուռքահայեր, որոնց համար Հայաստանը Դիսնեյլենդ է:

Ոմանք էլ ասում են՝ ինչու՞ եք փնովում սփյուռքի կառուցվածքը, չէ՞ որ այն մեր ինքնության հիմքում է: Ի վերջո, սփյուռքի շնորհիվ ենք հայ մնացել: Բայց հետաքրքիր է, որ նրանք գալով Հայաստան, հասկանում են, որ դրա շարունակությունը չի պահպանվել:

Երևի կարծրատիպերն են խանգարում:

Մենք այնքան մոնոէթնիկ հասարակություն ենք, որ ոչ թե կարծրատիպեր, այլ պարզապես մեզանից տարբերների հետ ապրելու փորձառություն չունենք: Ու նաև զարմանում ենք, որ աշխարհը մեզ մոտ է գալիս, քանի որ սովոր չենք, որ այստեղ գալով մարդիկ իրենց լավ են զգում: Հաճախ հարցնում են՝ ինչու՞ ես եկել, ի՞նչ ես անելու, ինչի՞դ է պետք այստեղ գալը: Եվ դրանք ոչ թե տարածքատիրական, այլ իմաստի որոնման հարցադրումներ են:

Հայաստանցին տեսնելով մյուսի գալը, իր ծրագրերն է վերանայում: Կարծես մտածում է՝ մի րոպե, եթե ես ուզում եմ գնալ, իսկ այս մարդը եկել է, ուրեմն կան հնարավորություններ, որոնք ես չեմ տեսնում: Ուրեմն, կա անելու բան, որի մասին ես չեմ մտածել:

Երբեմն խոսելով արտագաղթի մասին, հաշվի չենք առնում անհատի ազատությունը: Է~, գնաց, թող գնա… Դա իր որոշումն է, ինչպեսև գալը: Ամբողջ աշխարհում մարդիկ անընդհատ տեղաշարժվում են: Այսօր Կանադան ունի ամենամեծ քանակությամբ քաղաքացիներ, որոնք երկրից դուրս են ապրում: Իհարկե, մեր խնդիրներն այլ են, բայց մենք այնքան ենք նույնացնում ամեն ինչը, որ նույն պիտակավորումն է ստացվում:

Մարդիկ գնում են, քանի որ ուզում են ունենալ նաև ուրիշ փորձառություն:

Չկա՞ մտավախություն, որ «ԵրևանՌիփորթ»-ը, որտեղ այժմ աշխատում եք, կարող է ուղղվել հիմնականում սփյուռքահայերին, ինչը կնեղացնի լսարանը:

Քանի որ «ԵրևանՌիփորթը» միայն անգլալեզու է, մտահոգություն կար, որ ընթերոցողները հիմնականում Հայաստանից դուրս կլինեն: Բայց տեսանք, որ ընթերցողների կեսը հենց հայաստանցիներ են: Ամեն դեպքում, փորձում ենք ընտրել հեղինակներին ու թեմաները՝ փորձելով հավասարակշռություն պահել:

Իսկապես հավատում եմ, որ «Երևան Ռիփորթը» կայանալու է: Մենք չունենք լրահոս ու լրագրողներ, փորձում ենք տարբեր ձայներ բերել հարթակ, քանի որ ուզում ենք, որ լսելի լինի հենց հեղինակի ձայնը, այդ նպատակով էլ կայքում տեղադրում ենք աուդիո տարբերակները:

Օտարալեզու նյութերը ցնցումնային ժամանակներու՞մ են հատկապես պետք:

Ոչ, Հայաստանի մասին տեղեկություն ստանալու ու հասկանալու պահանջը ընդհանրապես մեծ է: Եվ անպայման չէ միայն անգլերենով: Միգուցե նաև արևմտահայերենով:

Սփյուռքի հայերեն լրատվամիջոցներն ավելի վատ վիճակում են, քան հայաստանյան: Ավելի սահմանափակ, պահպանողական, ավելի միակողմանի են: Լիբանանյան շատ հայալեզու թերթեր, օրինակ, սովետական պրոպագանդայի այսօրվա դաշնակցական տարբերակն են:

Չկա նաև Հայաստանից դուրս եկող ռուսերեն որակյալ լրահոս, ինչն ինձ համար շատ տարօրինակ է: Լրատվական դաշտի զանազանությունը պիտի լինի ոչ միայն աշխատաոճով, այլև՝ լեզվական:

Եվ շատ լավ կլիներ, որ Հայաստանում լիներ ռուսալեզու հարթակ՝ ալտերնատիվ մտածողությամբ: Ռուսաստանում շատ բան է կատարվում, բայց Հայաստանը, որն այդքան կապված ու հետաքրքրված է Ռուսաստանով, նույնիսկ հիմնական տեղեկությունը չի փոխանցում: Ռուսաստանում հսկայական ցույցեր տեղի ունեցան, իսկ մեզ մոտ դրանց մասին թեթևակի, ընդամենը մեկ պարբերությամբ անդրարձներ եղան:

Երևի խնդիրը ֆինանսավորումն է: Փող տվողը նաև բովանդակության պատվիրատուն է դառնում:

Հայաստանում գրեթե չկա անկախ լրատվամիջոց, որովհետև երբ ինչ-որ տեղից ֆինանսներ ես ձեռք բերում, սկսվում են նաև սահմանափակումները:

Հետաքրքրական կլիներ, եթե Հայաստանի մեդիան ունենար միայն քրաունդֆանդինգի հնարավորություն: Դա կդառնար անկախության առիթ, քանի որ եթե ստեղծում ես մի կառույց, որին հավատում են ու որի կարիքը կա, ընթերցողը դառնում է մասնակից ու բաժնետեր:

Հասկանում եմ, որ փոքր երկներում դա դժվար է, քանի որ ընթերցողներն ու հետևորդները սակավ են: Անգամ եթե հաշվի առնենք սփյուռքի որոշ տոկոսը, հավաքված գումարը մեդիայի համար բավարար չի լինի: Միգուցե դա մեծ ձախողում լինի, բայց կարելի է փորձել: Դա ավելի հետաքրքիր է, քան ունենալ մեծ գումար մեկ աղբյուրից:

Հանդիպե՞լ ենք այն կարծիքի, որ պատերազմող երկիր ենք, հետևաբար չպիտի խոսենք խնդիրներից:

Երբեմն ասում են, որ պետք չէ շատ քննադատել լարված իրավիճակներում, բայց իմ կարծիքով հենց հիմա է դա պետք: Շատ բան է կուլ գնում պատերազմական իրավիճակին:

Ինձ համար ամենակարևորը 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ աշխատելն էր, քանի որ անգլերենով քիչ լուրեր էին դուրս գալիս Հայաստանից: Իհարկե, բոլորս էլ դիմում էինք ՊՆ-ին և էքսկլյուզիվ ռեպորտաժների հնարավորություն չունեինք: Բայց Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարարի, նախագահի ապարատի ներկայացուցիչների հետ անգլերենով հարցազրույցներ անելը անհրաժեշտ էր:

Կարևոր էր այդ մարդկանց ձայն տալ, որպեսզի դրսում տեսնեն, որ այնտեղ զարգացած, ուսյալ ու գեղեցիկ մարդիկ կան: Նաև կառավարություն (թեկուզ չընդունված):

Բայց իհարկե, այլ խնդիր էլ ունեինք. «Սիվիլնեթի» անգլերեն նյութերն ամենաշատը դիտվում էին Ադրբեջանում: Եվ մենք փորձում էինք հասկանալ, թե որքան կարող ենք անկեղծանալ:

Ձեր կարծիքով, ի՞նչն է պակասում մեր մեդիայի դաշտում:

Կարծում եմ՝ նախևառաջ, հարկավոր է, որ նույն կերպ մտածող լրատվամիջոցները  ինչ-որ մակարդակով իրար հետ համագործակցեն ու երկխոսեն: Ի վերջո, բոլորս էլ նույն լճացած վիճակում ենք:

Մի լրատվամիջոց ունի մի ռեսուրս, մյուսը՝ ուրիշ: Վստահ եմ, որ եթե միանան, ասենք, մի լրատվամիջոցի անգլերեն իմացող լրագրողը, մյուսի լուսանկարիչը, երրորդից էլ ուղիղ հեռարձակման հնարավորությունը, կարելի է լավ նախագծեր անել: Պարզապես որևէ մեկը պետք է դա նախաձեռնի: Հիմա չկա մշակույթ մեր ռեսուրսները միացնելու ու, օրինակ, երկարատև և խորը հետաքննություն անելու համար:

Հավատում եմ, որ այստեղ փոխելու շատ բան կա, ու ամեն մեկի արածը թեկուզ փոքր, բայց արդյունք կարող է տալ:

Հայաստանում մասնագետը ունի անելիք: Եվ բոլոր ոլորտներում:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *