2017.06.13,

Ստուգված է

Միֆեր՝ էլեկտրոնային գնումների համակարգում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Պետական գնումների ոլորտում ամբողջությամբ ներդրվել է էլեկտրոնային գնումների համակարգ, որի հիմնական նպատակն է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

Կառավարության և տարբեր դոնորների կողմից զգալի ֆինանսական միջոցներ են տրամադրվում այս համակարգի կատարելագործման համար: Օրինակ, միայն Համաշխարհային բանկի կողմից շուրջ 400 000 դոլարի վարկային միջոցներ են տրամադրվել (չհաշված դրամաշնորհները: Հետագայում ավելի մեծ գումարներ ծախսվեցին համակարգի տեխնիկական խնդիրները շտկելու համար):

Որոշ ժամանակ էլ. գնումների համակարգի ներդրման հարցը, կարծես թե, մոռացության էր մատնվել, սակայն 2011թ-ին  նախկին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ավետեց համակարգի ներդրման մասին, ինչն ակնկալվում էր սկսել 2012թ-ից: Պետք է նշել, որ 2012-2014թթ-ի ընթացքում որևէ էական առաջընթաց այս գործընթացում չգրանցվեց։

Էլ. գնումների մասին խոսակցություններն ավելի ակտիվացան 2015-2016թթ-ին, ինչպես Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ Կարեն Կարապետյանի կառավարությունների ժամանակ, մշտապես խոսում էին գնումների էլեկտրոնային համակարգի ներդրման ու դրանում գրանցված հաջողությունների մասին:

Պետության համար այն կարծես թափացիկ և արդիական աշխատելաոճի հաղթաթուղթ լինի: Օրեր առաջ Ֆինանսների նախարարության  ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը հայտարարեց, որ ոլորտում կատարված փոփոխություններն արդեն տվել են իրենց դրական արդյունքները. «Եթե 2015 թվականին բաց մրցույթների համակարգում միջին մասնակցությունը մեկ մրցույթի համար եղել է 3.4, ապա 2016 թվականին այն եղել է 6.4: Այսինքն` մրցակցության աճ կա, ինչը ոգևորիչ Է»:

Սա իրավիճակի պաշտոնական ներկայացումն է: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը վերլուծել է թվերը և ներկայացրել պետական գնումների ոլորտի միֆերը:

 

Միֆ 1.  Էլեկտրոնային գնումների համակարգը մեծ մասսայականություն և վստահություն է վայելում

2017թ. հունվարի 1-ի դրությամբ գնումների էլեկտրոնային համակարգում գրանցվել են շուրջ 557 պայմանագրային պատվիրատուներ:

Այս թիվը վկայում է այն մասին, որ համակարգին ամբողջությամբ միացված չեն հանրային հատվածի բոլոր խաղացողները, որը, ըստ գրաֆիկ 1-ի, կարող էին կազմել 4736 պատվիրատու: Այսինքն գրանցված պատվիրատուները կազմում են հնարավոր պատվիրատուների շուրջ 12%-ը:  

Վիճակն ավելի վատթար է մասնակիցների գրանցման առումով: Պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների համաձայն, 2017թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել են 105 614 անհատ ձեռնարկատեր և առևտրային գործունեություն իրականացնող 67371 իրավաբանական անձ:

Ընդհանուր առմամբ հնարավոր գրանցված մասնակիցների թիվը նույն ժամանակաշրջանում կարող էր կազմել շուրջ 172 985 բիզնես միավոր: Նշենք, որ  172 985-ի մեջ ներառված են նաև «գործունեություն չծավալող» ընկերությունները:

Ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների, այդպիսի ընկերությունների թիվը մոտ 50 500 է: Այսպիսով, եթե 172 985-ից հանենք այդ 50 500 պասիվ ընկերություններին, կստացվի 122 435 տնտեսվարողներ կարող էին գրացվել համակարգում: Այսպիսով, գրանցված սուբյեկտների թիվը՝ 5429-ը, կազմում է համակարգում գրանցված մասնակիցների շուրջ 4.4 տոկոսը:

Ինչպես տեսնում եք համակարգի մասսայականության մասին թվերը խոսուն են և վստահության մասին խոսելը միֆ է:

Միֆ 2.  Էլեկտրոնային գնումներն ունեն մեծ ընդգրկունություն

Կարծիք կա, թե էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով են իրականացվելու պետական գնումների հիմնական մասը: Ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրության արդյունքները, սա ևս միֆ է:

Ըստ Գնումների աջակցման կենտրոնի տարեկան հաշվետվությունների, 2015-2016թթ գնումների ոլորտում հայտարարված մրցույթների քանակն ավելացել է 15%-ով:

Ինչպես տեսնում ենք գնումների էլեկտրոնային համակարգը դեռևս չունի բավարար մասնակցություն: Մասնավորապես հայտարարված ընթացակարգերի միայն 12%-ն է իրականացվում գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով:

Ավելին, համակարգում առկա են նաև տեխնիկական և այլ բնույթի խնդիրներ, ինչի արդյունքում համակարգում լուծարված ընթացակարգերը կազմում են շուրջ 23 %: Այսինքն էլեկտրոնային համակարգի միջոցով հայտարարված յուրաքանչյուր հինգ մրցույթից մեկը չի կայանում:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տարիներ շարունակ էլեկտրոնային գնումների կայացմանն ուղղվող տարբեր դոնորական և պետական միջոցների արդյունավետությունը դեռևս հեռու է բավարար լինելուց:

 

Միֆ 3. Գնումների համակարգում առկա է մեծ մրցակցություն

Գնումների համակարգի արդյունավետության ցուցիչների շարքում առանձնահատուկ դերակատարում ունի միջին մասնակցության ցուցանիշը, որը վերջին տարիներին միջինում չի գերազանցել 1.9-ը: Միջին մասնակցության ցուցանիշը խոսում է գնումների համակարգում մրցակցության և հետևաբար նաև արդյունավետության մասին: Այսինքն ինչքան մեծ է մրցակցությունը, այնքան բարձր է համակարգի հանդեպ վստահությունը:

Հետգրություն. Թափանցիկության հայտարարություններին զուգահեռ պետգնումների պաշտոնական կայքից տարօրինակ կերպով «անհետացել» են 2011-2014թթ Գնումների աջակցման կենտրոնի տարեկան հաշվետվությունները:
 

Գայանե Ասրյան
Տնտեսագետ Արտակ Մանուկյան

 
 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Միֆեր՝ էլեկտրոնային գնումների համակարգում”
  1. Marta says:

    .Կարծիք
    Շատ լավ օգտակար վերլուծություն է …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *