2016.07.29,

Նյուսրում

Հարձակում Սարի Թաղում աշխատող լրագրողների վրա

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հուլիսի 29-ի ուշ երեկոյան, ժամը 11-ի մոտ Երևանի Սարի Թաղ թաղամասում հավաքված ցուցարարներին ցրելու գործողությունը լուսաբանելու ընթացքում հարձակման են ենթարկվել լրագրողները:

Հատկապես տուժել են տեղում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները՝ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և օպերատոր Գարիկ Հարությունյանը:

Հովհաննես Մովսիսյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում պատմել է, որ իրենց վրա հարձակվողները քաջ իմացել են, որ իրենք լրագրողներ են՝ նկարահանող խումբը ուղիղ հեռարձակում իրականացնելիս է եղել, խմբի բոլոր երեք անդամները կրել են լրագրողական վկայականներ:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ լրագրողներին ծեծել են քաղաքացիական հագուստով ոստիկանները:

«Մեր լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել։ Նրանք ունեին լրագրողական վկայականներ և լրագրողական սարքավորումներ։ Երկուսն էլ ենթարկվել են բռնության, մահակներով հարվածներ են ստացել քաղաքացիական հագուստով ոստիկանների կողմից։ Նրանք ասել են Հովհաննեսին. «էդ նկարում ես, հա՞»։ Մոտեցան և սկսեցին հարվածել, ջարդեցին տեխնիկան։ Սարսափելի է։ Ինչպես հաղորդում են Հովհաննեսը և Կարլենը, ոստիկանները պոկել են լրագրողական վկայականները։ Ծեծի են ենթարկել նաև ցուցարարներին։ Սարսափելի է ուղղակի։»:


Սարի Թաղում ոստիկանական գործողությունը վավերագրող մեկ այլ լրագրող՝ Գևորգ Ղազարյանը, Թվիթերում գրել է, որ իրեն ծեծել են ու կոպտորեն վերցրել են ֆոտոխցիկը:

Ըստ news.am-ի տվյալների, «ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում վիրավորվել են նաեւ «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաեւ Լրագիր.am-ի օպերատորը»։

Հանրային ռադիոն հաղորդում է, որ «Սարի թաղում անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Անհայտ անձինք խլել են նաև տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել»:

Ոստիկանությունը խոստացել է անհապաղ քննել «լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերը», պարզել հանգամանքները ու «լրացուցիչ հայտնել»:

Սարի Թաղում բողոքի ակցիան, որը լուսաբանելու ժամանակ հարձակման են ենթարկվել լրագրողները, իրականացնում էին հուլիսի 17-ին Երևանում պարեկապահակային ծառայության գունդը գրաված ու «Սասնա Ծռեր» ներկայացող խմբավորման աջակիցները:

Ներքաղաքական այդ ճգնաժամի ընթացքում էլի էին եղել դեպքեր, երբ լրագրողները բռնության էին ենթարկվել: Մասնավորապես, հուլիսի 18-ին ոստիկանը հարվածել էր «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանին, իսկ հուլիսի 21-ին ցույցը լուսաբանելիս մի խումբ քաղաքացիներ ծեծի էին ենթարկել iravaban.net-ի լրագրող Գևորգ Թոսունյանին և խլել նրա տեսախցիկի հիշողության քարտը:

 

 

Հարգելի գործընկերներ, բռնության և բերման ենթարկվելու ձեր պատմությունները կարող եք ուղարկել [email protected] հասցեին:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *