2015.03.19,

Քննադատ

Դարձյալ լրատվամիջոցին պատասխանելու կուլտուրայի մասին

author_posts/mesrop-harutyunyan
Մեսրոպ Հարությունյան

Կոչումով` արձակագիր

Այս խնդրի շուրջ տարբեր առիթներով խոսել ենք, գրել, սակայն, միեւնույն է, հենց որեւէ լրատվամիջոցում ինչ-որ մեկին դուր չեկած բան է հրապարակվում, կամ այդ ինչ-որ մեկն իրեն վիրավորված է զգում եւ ուզում է արձագանքել, ապա առաջին խոսքը լինում է. ո՞վ է ձեզ դա ասել (եթե աղբյուրը խորհդապահական է), երկրորդը՝ մենք գիտենք, թե որ սրիկաների ականջներն են ցցված այդ լուրի հետեւում (առանց հերքելու փաստերը) եւ երրորդը՝ դուք բոլորդ ծախվածներ եք…

Ցավոք, շատ քիչ է լինում է, որ հրապարակմանը նորմալ, օրենքին եւ պատշաճությանը համապատասխան հերքում կամ պատասխան է ուղարկվում:

Ինչու՞ նորից անդրադարձա այս խնդրին (կարծում եմ՝ հարկ է տարեկան գոնե մեկ անգամ այս մասին գրել՝ օգտագործելով հերթական առիթը): Որովհետեւ վերջերս դարձյալ ականատես եղանք նման մի բանի:

«Առավոտ» օրաթերթը հրապարակել է «Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել» վերնագրով հոդված: Նյութի հեղինակը լրագրողական էթիկայի, մասնավորապես՝ անկողմնակալության կանոնները պահպանել է՝ հրապարակելով եւ՛ տվյալ դպրոցում դրամահավաքից բողոքողների տեղեկությունները (չհրապարակելով աղբյուրները՝ վերջիններիս խնդրանքով), եւ՛ տնօրենի խոսքը, որով հերքվում է նման երեւույթների առկայությունը իրենց դպրոցում:

Կարծես թե վերջ: Բայց չէ… Պարզվում է, որ անգամ այս դեպքում տնօրինությունը դժգոհ է. երեւի մտածում են, որ միայն իրենց ասածը պիտի հրապարակվեր:

Ես չեմ անդրադառնա որոշ քաղաքացիների մեկնաբանություններին, որ հայտնվել են հոդվածի տակ առցանց «Առավոտ»-ում էլ այն հրապարակելուց հետո: Անգամ չեմ անդրադառնա այն հեռախոսազանգերին (հայհոյախառն ու սպառնալից), որ ստացել է նյութի հեղինակը: Ինձ համար ամենից զարմանալին իբրեւ տնօրենի ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի (այսինքն՝ կարծես թե օրենքներից տեղյակ իրավաբանի) նամակն էր «Առավոտ»-ին:

Միայն դրա պահանջները կարդալով՝ զարմանում ես. լավ էս մարդն իր՝ իրավաբանի հեղինակության մասին չի՞ մտածել, մի՞թե չի գիտակցել, որ այդ պահանջներով ինքն իրեն ու իր գիտելիքներն է կասկածի տակ դնում: Ահա, «Խնդրում եմ 20.20.2015թ. հրապարակված «Դպրոցի տնօրենն առաջարկեց «հետազոտություն» անցկացնել» վերնագրով տեղեկատվությունը հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ բացահայտել վերոգրյալ տեղեկատվության աղբյուրը»:

Փաստաբանին բացատրենք իր պահանջի անհեթեթությունը. եթե ասում է տեղեկատվությունը հրապարակային հերքել եւ չի կոնկրետացվում, թե ինչը հերքվի, ապա «Առավոտ»-ը ստպված պիտի լիներ հերքել նաեւ, որ խոսել է տնօրենի հետ, որ տնօրենը հերքել է նման բաների առկայությունը իրենց դպրոցում եւ այլն: Եթե սա է ուզածները, կառաջարկեմ «Առավոտ»-ին նման հերքում հրապարակել…

Իսկ պարոն փաստաբանին կխնդրեմ՝ այսուհետեւ հերքում կամ պատասխան պահանջելուց առաջ կարդալ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, մասնավորապես դրա 8-րդ հոդվածը, որը վերաբերում է հերքման եւ պատասխանի իրավունքին:

Երկրորդ պահանջը, ինչպես տեսանք, վերաբերում է աղբյուրի բացահայտմանը: Նույն պարոնին, եւ ոչ միայն նրան, այլեւ այսուհետեւ լրատվամիջոցներից խորհրդապահական աղբյուրի բացահայտում պահանջողներին ստիպված ենք հիշեցնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ՝ «Տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը» հոդվածը: Այն հարկ է մեջբերել ամբողջությամբ.

1. Լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատարանի որոշմամբ՝ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները: Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ։

Փաստաբանը, վստահաբար, դատարան չէ (համենայն դեպս ես այդպես եմ կարծում), ոչ էլ առկա է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն բացահայտելու համար հարուցված քրեական գործ: Օրենքն ամեն ինչ պարզ ու հստակ ասել է, իսկ դա անտեսելը եկեք վերագրենք փաստաբանի, մեղմ ասած, մոռացկոտությանը…

Հա, ի դեպ, նամակի վերջում փաստաբանը նշում է, թե դրական պատասխան չստանալու դեպքում ստիպված կլինեն դիմել դատարան: Հնարավոր է «Առավոտ»-ի ղեկավարությունը չցանկանա, բայց ես թախանձագին խնդրում եմ. պարոն փաստաբան, դիմեք դատարան, վաղուց անհեթեթ պահանջներով դատերի ներկա չեմ եղել. կգամ ու մի կուշտ կծիծաղեմ…

Մեսրոպ Հարությունյան

Հ. Գ. Իսկ իրականում, դպրոցի տնօրենը եւ փաստաբանը, գուցե ակամա, բացահայտել են իրենց իրական նպատակները: Հոդվածի հեղինակին ուղղված նամակում գրված է. «Հարկ եմ համարում նշել նաեւ, որ մեր խնդիրը «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ի եւ անձամբ Ձեզ հետ չէ, այլ այն անձի կամ անձանց, որոնք նման տեղեկություններ են Ձեզ հայտնել»:

Հասկացա՞ք: Այսինքն՝ դուք ասեք, որ մենք պատժենք նրանց…Ո՞նց են համարձակվել… Շվեդիայում, օրինակ, նման նամակի համար փաստաբանը կզրկվեր լիցենզիայից, իսկ դպրոցի տնօրենը հրաժեշտ կտար իր աթոռին:

Բայց քանի որ մեր օրենքը, ի տարբերութուն շվեդականի, պատիժ չի նախատեսում նրանց համար, ովքեր լրատվամիջոցից խորհրդապահական աղբյուրի բացահայտում են պահանջում, մեզ մնում է միայն … ծիծաղել փաստաբանի այս անհեթեթ պահանջի վրա… 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *