#Tvapatum18. Մարդու մեջ տեսնել մեդիան և հակառակը

18.06.2018, Նյուսրում

«Թվապատում» մեդիա կոնֆերանսն այս տարի իր թեմաները կառուցել էր հանրային ու անհատական դերերի վերաիմաստավորման վրա: Մարդկային գործոնը լրահոսում ու լրատվամիջոցներից ստացվող ազդակները առավել հետաքրքիր է ուսումնասիրել հիմա, երբ ցանկացած մարդ ինքն է կատարում մեդիայի դերը՝ ստանալով ու վերահեռարձակելով հոդվածները, սոցցանցերի գրառումները, տեսանյութերը: Այդ թվում նաև՝ ոչ հավաստի կամ անթաքույց կեղծ տեղեկությունը:

Կրթությունը (ինքնակրթությունը), զսպումը (ինքնազսպումը), վերլուծությունն ու տարանջատումը այն ունակություններն են, որոնց մասին խոսում էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած բանախոսներն ու փորձագետները:

Եվ ինչպես ցույց տվեց նաև Հայաստանի թավշյա հեղափոխությունը,  մեդիա հարթակներն ու գործիքները շատ լավ օգտագործվում են մարդկանց ոգևորելու, գործելու դրդելու ու հանրային կարևորության հարցեր լուծելու համար:

Մարդիկ են մեդիան: Եվ բնական է, որ մարդիկ ուզում են խաբված չլինել:

Ստուգումը որպես լրագրության նոր տեսակ

«Փաստերի ստուգումն ու դրանց կրկնակի վերստուգումը երբեք այսքան կարևոր չի եղել, քան այսօր: Որոշ լրատվամիջոցներ զբաղվում են հենց միայն այդ գործով՝ գտնելով կեղծ տեղեկությունները: Ինչպես մենք, օրինակ»,- ասաց poligraph.info կայքի գլխավոր խմբագիր Ջիմ Ֆրայը:

Ջիմ Ֆրայ

Կոնֆերանսի ժամանակ նա պատմեց, թե ինչպես է որակավորվում ինֆորմացիան, որի մասին էլ իրենց կայքը եզրակացություն է տալիս:

«Իրականում տեղեկությունը կարող է լինել ճշմարիտ, այլ ոչ թե կեղծ, բայց ապակողմնորոշող և մոլորեցնող: Ստուգմամբ զբաղվող կայքերը պետք է հաշվի առնեն բազմաթիվ հանգամանքներ, ուսումնասիրեն լայն պատկերը: Եթե կարծում եք, որ ստուգման համար լրագրողների բանակ է պետք, սխալվում եք: Բավական է օգտագործել բաց տվյալներն ու այլ լրագրողների հետաքննությունները: Կարծում եմ՝ փաստերի ստուգումը կարող է դառնալ զարգացող, նոր ընթացք ձեռք բերող լրագրողական ժանր, քանի որ այն պատմությունները, որոնք ստուգում ենք, նոր պատմություններ են ստեղծում»,- ասաց Ջիմ Ֆրայը:

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիայի գործադիր տնօրեն Նաթա Ձվելիշվիլին փաստերի ստուգումը համարում է մեդիագրագիտության անբաժանելի մաս:

Նաթա Ձվելիշվիլի

«Փաստերի ստուգումը անում ենք հենց մենք՝ լրագրողներս հատուկ ստեղծված մեդիա քննադատության հարթակում, քանի որ համարում ենք, որ դա օգնում է լրատվամիջոցներին ինքնակարգավորվել»,- պատմեց նա:

«Հետք»-ի լրագրող Հրանտ Գալստյանը պատմեց, թե ինչպես էին ստուգվում փաստերը Հայաստանի թավշյա հեղափոխության ընթացքում, երբ իրադարձությունները զարգանում էին այնքան արագ, որ բարդ էր դադար վերցնել ու ստուգել լուրերը:

Հրանտ Գալստյան

«Կար մղում լինելու առաջինն ու հրապարակել չափազանց կարևոր ինֆորմացիան որքան կարելի է շուտ: Հասկանալի էր, որ այդ իրավիճակում մեծ է սխալվելու հավանականությունը, իսկ մեր ունեցած գործիքները կարող էին նաև չօգնել, մանավանդ, երբ գործ էինք ունենում պաշտոնական ինֆորմացիայի հետ: Երբեմն պետք էր լինում հիմնվել սեփական գիտելիքների ու փորձի վրա և հաշվի առնել հայտարարությունների կառուցվածքը, ոճը, ուսումնասիրել, թե որ էլեկտրոնային հասցեից է այն տարածվել, որտեղ է սկզբնական հղումը... Կա մի կանոն՝ եթե զգում եք, որ տեղեկությունը համոզիչ չէ, մի վերահրապարակեք»,- ասաց նա:

Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հաղորդակցության մասնագետ Նորա Լիվեն հիշեցրեց նաև մեկ այլ կարևոր կանոնի մասին:

Նորա Լիվե

«Լուրջ իրադարձությունների ժամանակ կարևոր է ինքնախմբագրվելը: Իհարկե, մենք փորձում ենք ինֆոմացիայի տարածման համար ներգրավել տարբեր մարդկանց, բայց առաջնայինը ոչ թե տարածումն է, այլ մարդկանց հարվածի տակ չդնելը»,- ասաց նա:

Հանրայինի ու զանգվածայինի վերաիմաստավորումը

Այն իրականությունում, երբ յուրաքանչյուր մարդ ինքն է դառնում ընդունող ու հեռարձակող ալիք, հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն իրենց վրա են վերցնում հավելյալ ֆունկցիա: Այն ՝ ձևակերպել հանրային շահի ու զանգվածային հետաքրքրությունների սահմանագիծը:

Հոլանդական հանրային հեռարձակող (VPRO) գլխավոր խմբագիր Սթան Վան Էնգելենը ներկայացրեց, թե ինչպես են իրենք փորձել լուծել այդ հարցը մարքեթինգային քայլերով: Այսինքն, հանրային նշանակություն ունեցող գիտելիքը փոխանցել նաև շուկայական լայն սպառում ունեցող հարթակների ներգրավմամբ:

Սթան Վան Էնգելեն

«Մենք հասկացանք, որ Հոլանդայի հանրային հեռուստատեսության ու ռադիոյի լսարանը տարեց է, մեզ դիտում էին միայն 50-ից բարձ տարիք ունեցող մարդիկ: Սկսեցինք քայլեր ձեռնարկել: Առաջինը ինչ արեցինք, դա ռադիոյի ու հեռուստատեսության մարքեթինգային բաժինների միջև եղած անջրպետի վերացումն էր: Ստեղծեցինք նոր աշխատանքային սիստեմ՝ յուրաքանչյուր թիմ արտադրում է հաղորդում և զբաղվում դրա առաջխաղացմամբ: Նվազ գերակշռող դարձրեցինք հեռուստատեսությունը, իսկ սոցցանցերը այլևս ածանցյալ չէին: Որոշեցինք, որ կարևորը ոչ թե հեռուսատեսությունն է, այլ լսարանը»,- պատմեց նա:

Սթան Վան Էնգելենը կարևորում է հանրային դերը, քանի որ հանրային հեռարձակողի համար հեշտ է անել այն, ինչն անում են մասնավոր ալիքները ու լսարանի հավանությանն արժանանալ հեշտ տարբերակով:

«Իրականում բարդ է տարբերվելը»,- ասում նա:

Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանի կարծիքով՝ հանրային հեռարձակում ունեցող մեդիան մեդիա է բոլորի համար: «Այդ մասին ես անընդհատ եմ ասում»,- ասաց նա: Հետո ավելացրեց, որ ռադիոյում գրաքննություն չի եղել և չկա, ի տարբերություն հեռուստատեսության, որտեղ ըստ նրա՝ կան ճնշումներ, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Մարկ Գրիգորյան

Ռուսաստանի «Դոժդ» ինտերնետային հեռուստատեսության պրոդյուսեր և հաղորդավար Միխայիլ Կոզիրևը որպես մեդիայի կարևոր բաղադրիչ նշեց ունակությունը ցույց տալ այն, ինչը կատարվում է պատուհանից դուրս:

Միխայիլ Կոզիրև

«Որքան էլ տարօրինակ թվա, Ռուսաստանում ոչ ոք դա չէր անում: Եվ մեր ալիքը ուղիղ հեռարձակումներով՝ փողոցներից ու բողոքի ակցիաներից ձեռք բերեց ահռելի լսարան: Եվ հենց այդ փաստն էլ մեզ չներվեց, և մեր դեմ արշավ սկսվեց: Բայց միևնույն է փորձում ենք լինել օպերատիվ ու պատմել պատուհանից դուրս տեղի ունեցող, այլ ոչ թե հնարված կյանքի մասին»,- պատմեց նա:

Մեդիայով կրթելու գործը

Մեդիագրագիտության դասընթացները շատ մեդիա կազմակերպությունների բաղադրիչն են:

Ամերիկյան «Newseum»-ի կրթական նախագծերի փոխնախագահ Բարբարա ՄաքՔոմեքը մեդիա սպառողների և հատկապես երեխաների հետ շփվելու մեծ փորձ ունի: Ամերիկյան «Newseum»-ը թանգարան-աշխատանոց է, որն ակտիվորեն զբաղվում է տեղեկատվության ու ապատեղեկատվության մասին խաղ-շնորհանադեսներ կազմակերպելով:

Բարբարա ՄաքՔոմեք

«Մարդիկ չեն սիրում, երբ իրենց թելադրում են: Մեդիագրագետ լսարան ունենալու համար ավելի լավ է ներքևից վերև աշխատել, կրթական ջանքերի միջոցով հասնել ցանկալի արդյունքի: Ամեն ինչ պետք դպրոցներից սկսվի, իսկ գործը պետք է շարունակեն մշակութային տարբեր հաստատությունները»,- ասում է նա:

«Թվապատում» մեդիա կոնֆերանսի ընթացքում նա վարպետության դասի միջոցով ներկայացրեց այն աշխատանքը, որը տարվում է երեխաների հետ՝ փաստերի ստուգման ու դրանց տարբերակման համար: Ի վերջո, փաստերի ստուգումը շատ հետաքրքիր ու արկածներով լի գործ է:

«WGBH TV»-ն երեխաների համար բազմաթիվ մեդիակրթող նախագծեր ունի: Գլխավոր պրոդյուսեր Բիլ Շրիբմանն ասում է, որ երեխաների դեպքում շատ կարևոր է տարիքային բաժանումը, օրինակ 6 տարեկան երեխաներին մատուցվող նյութը ձևով և բովանդակությամբ պետք է տարբեր լինի 9 տարեկանի համար նախատեսված արտադրանքից:

Բիլ Շրիբման

«Էֆեկտիվ են անիմացիոն հոլովակները, համայնքի կյանքի մասին կրթական ուղերձներով ծրագրերը, շոուները: Երեխան պետք է մաս դառնա խաղի, այն արտադրանքի, որն իրեն դարձնելու է մեդիագրագետ»,-նշում է Շրիբմանը:

Թավշյա հուշերը ականատես լրագրողների աչքերով

«Թվապատման» ամենահուզիչ պատմությունները Թավշյա հեղափոխության մասին էին: Հեղափոխությունն այն քիչ դեպքերից էր, երբ շաբաթներով տեղի ունեցողը չէր հոգնեցնում, հակառակը ոգևորում էր լրագրողներին: Նրանք լուսաբանում էին հավատով, վստահությամբ և անընդմեջ:

Ապակենտրոն զարգացումները ստիպում էին լրագրողներին քայլել անվերջ, հերթապահելով մնալ խմբագրություններում, համագործակցել այլ լրատվամիջոցների հետ, արագության մեջ շփոթվել, բայց ավելի համառորեն շարունակել: Հեղափոխական էր նրանց աշխատանքը:

«Չէի պատկերացնում, որ հեղափոխություն կլինի, և ես 12 կիլոգրամ կնիհարեմ: Բոլորս հաշտ էինք աշխատում, համախմբված, որ կարողանանք ապակենտրոն բոլոր գործողությունները լուսաբանել: Շատ լրագրողներ, այդ թվում՝ ես, աշխատում էինք նաև սմարթֆոններով»- պատմում է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանը:

Նարինե Ղալեչյան

Ընդհանուր ոգևորության մեջ աշխատանքը թիմային էր: Լրագրողն ասում է, որ դեպքի վայրում չէր կարողանում իր գործընկերների հետ շփվել, որովհետև մի քանի կետերում միաժամանակ ուղիղ եթեր էին ապահովում:

«Մեր վիդեոթիմն իր գործը շատ լավ անում էր՝ տքնաջան և կադրից դուրս»,- ավելացնում է հեղափոխության ժամանակ ակտիվ աշխատած բազմաթիվ լրագրողներից մեկը:

«Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանն անկեղծանում է, որ հեղափոխության խառն օրերին քաղաքացիներն իրենց շատ օգնեցին: Նրանք տարբեր փողոցներից և համայնքներից վիդեոներ էին ուղարկում, օգնում լուսաբանել իրադարձություններն այն կետերից, որտեղ լրատվամիջոցը լրագրող չուներ:

Կարեն Հարությունյան

«Նախորդ տարիների ակցիաներից Թավշյա հեղափոխությունը տարբերվեց նրանով, որ լուսաբանումն ապակենտրոն էր: Ունեցած ռեսուրսով դժվար էր աշխատել: Մյուս կողմից խառն իրավիճակում ավանդական մեդիայի դերը փոխվում է, ոչ ճիշտ ինֆորմացիա կտարածվելու ռիսկ է առաջանում»,-նշում է Կարենը:

«EVNReport»-ը հեղափոխության մասին աշխարհին պատմեց անգլերեն լեզվով: Խմբագիր Մարիա Թիթիզյանն ասում է, որ իրենք սկզբունք էին որդեգրել, որ չճշտված տեղեկատվություն չտարածեն:

«Մենք ի վիճակի չէինք ամբողջը լուսաբանել, սակայն կարևոր էր միջազգային հանրությանն ասել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Չունեինք վիդեոյի հնարավորություն, իրավիճակը փոխանցում էինք լուսանկարներով: Կարճ գրառումներ անում Թվիթերում»- պատմում է Մարիան:

Մարիա Թիթիզյան

«Լուսաբանման գործում մեր շուրջ համախմբվել էին ուսանողները, քաղաքացիներն ու պարզապես իմ ընտանիքի անդամները»,- ավելացնում է լրատվամիջոցի ղեկավարը:

Հետաքրքիր է հատկապես BBC-ի թղթակից Ռայհան Դեմիտրիեի ապրումները: Նա իրադարձությունները լուսաբանել է նույն ոգևորությամբ, ինչ տեղացի լրագրողները, քանի որ իր ներսում սպասել և հավատացել է հեղափոխությանը:

«Ապրիլի 17-ին մեկ օրով եկա Երևան Սերժ Սարգսյանի ընտրությունը և բողոքի ակցիաները լուսաբանելու: Փողոցում մարդկանց աչքերում հույս տեսա: Թեև հետ էի գնացել Թբիլիսի, սակայն գիտեի ինչ-որ բան փոխվելու է, տեղս չէի գտնում: Ետ վերադարձա»,- պատմում է Ռայհանը:

Ռայհան Դեմիտրիե

Լրագրողը նկատում է, որ մարդիկ հեղափոխության օրերին պատրաստ էին խոսել, իրենց վերաբերունքը հայտնել: Հույզերն ու սպասումները շատ էին, բոլորն անկեղծացել էին, բոլորը տարվել էին Նիկոլ Փաշինյանով. «դա, կարծում եմ, նորմալ է: Դժվար էր Փաշինյանին չհամակրելը, չէ որ նա քայլելով մտել էր բոլորի տները»:

Հարց եղավ, որ հեղափոխության ժամանակ առաջացած մեծ հանրային վստահության պայմաններում ինչպես է մեդիան լուսաբանելու նոր կառավարության աշխատանքը: «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիրը, մեջբերելով Դարոն Աճեմօղլուն, ասաց, որ հեղափոխությունից հետո ռիսկ կա, որ նոր իշխանությունը կարող է նախկինին նմանվել. «լրատվամիջոցները շատ գործ ունեն անելու» :

 

Նունե Հախվերդյան

Գայանե Ասրյան

Լուսանկարները՝ Հակոբ Հովաննիսյանի և Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?