«Թող մրցանակ չստանա, բայց հիշվի»

«Թող մրցանակ չստանա, բայց հիշվի»
Ռոման Բալայան
« Ողջ աշխարհում էլ հեռուստատեսությունը հիպնոս է։ Ինչպես կինոյում մերկ կանանց են ցուցադրում հանդիսատես ունենալու համար, այնպես էլ հեռուստատեսությամբ են ցուցադրում կեղտոտ հայհոյանքները։ Այլապես ոչ ոք այդ հաղորդումները չի նայի »

Հիմա այսպես է` կարեւորը որ քո մասին խոսեն, նշանակություն չունի լավ, թե վատ։ Վերջերս իմ «Դրախտի թռչունները» ֆիլմը մասնակցում էր Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի «Փակ ցուցադրում» հաղորդմանը, ու թեեւ անձամբ ինձ այդ հաղորդումը բոլորովին պետք չէր, համաձայնեցի, քանի որ պրոդյուսերները ֆիլմը «Առաջին ալիք»-ին վաճառելու նպատակ ունեին։

Գիտեի, որ այդ քննարկմանը բոլորն իրար վիրավորում են, ու ասացի, որ եթե նման բան ինձ հետ պատահի, պարզապես տաղավարից դուրս կգամ, ինչին հաղորդման հեղինակ Ալեքսանդր Գորդոնը զարմանքով պատասխանեց՝ դուք ուզում եք ռեյթինգներին հակառա՞կ քայլ անել։ Երեւի նկատի ուներ, որ ռեյթինգը բազարն է։ Ի դեպ, իրականում հենց այդպես է։

Մեզ մոտ Ուկրաինայում ամեն ուրբաթ Սլավիկ Շուստերը վարում է «Խոսքի ազատություն» հաղորդումը, որտեղ հիմնականում պատգամավորներ են հրավիրվում, ու սկսում են կոպիտ կերպով իրար հայհոյել։ Մի անգամ հարցրեցի՝ իսկ ինչո՞ւ չեք հրավիրում ակադեմիկոսների, մշակույթի գործիչների։ Ասացին՝ ռեյթինգ չի լինի։

Կարծում եմ՝ այդ իրավիճակը շատերին է զզվեցրել, քանի որ ռեյթինգավազքը միայն բարկացնում է լսարանին։ Ողջ աշխարհում էլ հեռուստատեսությունը հիպնոս է։ Եվ ինչպես կինոյում մերկ կանանց են ցուցադրում հանդիսատես ունենալու համար, այնպես էլ հեռուստատեսությամբ են ցուցադրում կեղտոտ հայհոյանքները։ Այլապես ոչ ոք այդ հաղորդումները չի նայի։

Իրար վրա ցեխ շպրտող բանախոսներին հետեւելն, իհարկե, հետաքրքիր է, բայց դա վատ հետաքրքրություն է։ Ցածրագին թեմաներն ու իրավիճակները մարդուն կարծես հիպնոսացնում են։ Ճիշտն ասած՝ ես էլ եմ մեկ-մեկ նայում։

Կարծում եմ՝ ժամանակակից հեռուստատեսությունը հիմնականում բավարարում է մարդկային ցածր բնազդները։ Իմ «Պահպանիր ինձ, իմ թալիսման» ֆիլմում Օլեգ Յանկովսկու հերսոն ասում է՝ ինչ լավ է, որ Բայրոնի օրագրերը կորել են, ու նրա նեղ անձնական կյանքի մասին մենք քիչ բան գիտենք։ Մարդկությունը միշտ էլ ուզում է մեծերի օրագրերում մանր, նսեմացնող, ստոր քայլերի վկայություն տեսնել։

Հեռուստատեսության տեսաբանները նշում են, որ հեռուստատեսությունը կումունիկացիա է ստեղծում՝ խթանելով մարդկանց զգացմունքայնությունը։ Դա, թերեւս, հեռուստատեսության լավագույն կողմն է։ Այն թույլ է տալիս զգալ, որ մենք ողջ աշխարհի հետ ենք, կարեկցում կամ ուրախանում ենք աշխարհի հետ։

Անձամբ ես հիմնականում նորությունների թողարկումներներն եմ նայում ու եթե Կամբոջայի սովյալների կամ բնական աղետների զոհերի մասին լուր եմ իմանում, հուզվում, կարեկցում եմ։ 

Բարեբախտաբար, սովետական գրաքննության դարաշրջանն ավարտվել է, բայց ես ցենզուրայի (միայն ոչ քաղաքական) կողմնակիցն եմ։ Ազատությունը նաեւ բարոյական հասկացություն է, որը չպիտի ձգտի մեկ այլ մարդու ազատությունը ճնշել։ Այն ռեժիմները, որտեղ ամեն ինչ կարելի է, ու միակ չափանիշը փողն ու հարստանալու տենչն է, պարտադիր պետք է ենթարկվեն բարոյական ցենզուրայի։ 

Երեւանի կենտրոնն, օրինակ, հրեշավոր կերպով կառուցապատվում է։ Ինձ չի հետաքրքրում այն չինովնիկը, որը, կաշառք վերցնելով, թույլ է տվել նման շինարարություն, ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ով է այդ սարսափելի շենքերը կառուցել։ Ո՞ր օլիգարխը կամ բանդիտն է ապականել քաղաքի կենտրոնը...

Վերջերս Կիեւում Սայաթ-Նովայի երգերի համերգն էի լսում ու հանկարծ զգացի, որ չեմ էլ կարողանում արցունքներս զսպել։ Կարծում եմ՝ Հայաստանը սխալ է անում, երբ ամեն տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթ է ուղարկում էստրադային երգիչների եւ այն էլ անիմաստ ու էժանագին բալետային հավելվածներով։

Ուզում եմ խորհուրդ տալ. մրցույթի ուղարկեք մի երիտասարդ «ամուր» երգչի, որը ժողովրդական երգեր է կատարում։ Վստահ եմ, որ մեծ արձագանք կլինի։ Ոչինչ, որ մրցանակ չստանա, բայց թող հիշվի… Իսկ հիշվել հայերը կարող են, բայց թարսի պես ցանկանում են հիշվել ոչ թե երգերով, այլ թիթիզ բաներով։

Հետաքրքիր է, որ հայկական կինոն բոլորովին այլ դիմագիծ ունի։ Հրանտ Մաթեւոսյանն ասում էր՝ ինչ ռակուրսից էլ փորձես նկարահանել հայ դերասանին, միեւնույն է, նրա աչքերի մեջ Եղեռնն է երեւալու։ 

Միշտ ասել եմ, որ հայկական կինոյին կոմեդիաներ են պետք, չէ՞ որ մենք՝ հայերս, կյանքում հումորի տեր մարդիկ ենք, իսկ էկրանին, չգիտես՝ ինչու, հումորն իսկույն անհետանում է։ Ընդհանրապես արվեստում ամենակարեւորը ինքնահեգնանքն է, հենց դա է անկրկնելի ազգային կոլորիտ հաղորդում ֆիլմերին, ներկայացումներին եւ ընդհանրապես ամեն ինչին։

Ռոման Բալայան
ռեժիսոր

Կրթությունը՝ Երեւանի թատերական ինստիտուտ, Կիեւի թատերական արվեստի ինստիտուտ
Սիրելի ֆիլմը՝ իմ նկարահանածներից, իհարկե՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի»
Սիրելի արտահայտությունը՝ ինչպես ասում էր ռուս դասական Պուշկինը՝ «մեզ վեհացնող սուտն ավելի թանկ է, քան ցածրացնող ճշմարտությունների շարքը»

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License