Գազի գնից՝ մեդիամանիպուլյացիաներ

04.04.2019, Նյուսրում

Լրագրող

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստում անդրադարձել է կեղծ նորություններին: Նա կեղծ տեղեկությունների տարածումը դիտարկել է որպես ազգային անվտանգության խնդիր և դիմել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին։

Փաշինյանն ասել է․ «Մենք այս թեմայով խոսակցություն ունեցել ենք, բայց էլի պիտի ասեմ։ Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է։ Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքը մանիպուլացնելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։ Եվ ես հույս ունեմ որ ձեր ծառայությունը կկարողանա էս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ։ Սոցցանցերում կան ընդհուպ հեղափոխության դրոշներով ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ էսպես ասած նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, իբր ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Սա անառարկելի արժեք և կարմիր գիծ է մեզ համար, որը մենք չենք կարող անցնել»։

«Տեղեկատվական մանիպուլյացիաներին» անդրադառնալու առիթը եղել է ԱԳԼՃԿ-ներում գազի գնի փոփոխությունների վերաբերյալ լրահոսը։ Վարչապետ Փաշինյանը նիստը բացել է հենց այս թեմայով։ Նրան զայրացրել են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ կառավարության միջամտությամբ գազալցակայաններում թանկացել է գազի գինը։

Վարչապետը նիստի սկզբում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարից պարզաբանումներ է խնդրել։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը հայտնել է, որ գազի գնի թանկացում տեղի չի ունեցել, պարզապես տնտեսվարողները պարտավոր են ԱԳԼՃԿ-ների դիսպենսերն ամեն օր կարգավորել ըստ գազի խտության վերաբերյալ «Գազպրոմ Արմենիայից» ստացված տվյալների, բայց չեն անում։ Արդյունքում՝ գազի գնի սխալ հաշվարկ է տեղի ունենում, վարորդները վճարում են ավելին, քան ստացած գազն է։

«Գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել։ Եվ ամբողջ այդ տեղեկատվությունը մանիպուլյացիաներ են, և մենք պետք է խորանանք դրանց մեջ»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

ԱԳԼՃԿ-ներում առկա խնդրի մասին հրապարակումները շրջանառվում են ապրիլի 3-ից։ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայով գրել է, որ նոր բունտ է հասունանում, լուրը սկսելով հետևյալ խոսքերով․ «ՀՀ կառավարությունը զայրացրել է վարորդներին»։ 168.am-ը գրել է, որ գազի 1 կիլոգրամը կարող է վաճառվել 40 տոկոս ավելի թանկ գնով։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպե՞ս է ԱԱԾ-ն պայքարելու կեղծ տեղեկատվության դեմ․ «Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ և մտածված։ Եթե գրառումների մեջ՝ դա կլինի իրական անձ, թե ֆեյք, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ անելիք չունեն։ Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցներ, կանխելու համար այդ հանցագործությունը։ Արտահայտությունները, գրառումները, որ տարածվում են սոցցանցերում՝ անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների և բերել հետևանքների։ Ես չեմ ուզում մտնել բառախաղերի մեջ, բայց այդ գործընթացն իրականացվելու է շատ ուշադիր, խոսքի ազատությանը վնաս չի հասցվելու»։

Հարցին՝ օրենքով կարգավորված չէ «ֆեյք» հասկացությունը, ԱԱԾ տնօրենն արձագանքեց, որ պետք է ուսումնասիրի։ Նա ընդգծել է Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կետը, որ «հանկարծ վնաս չտրվի խոսքի ազատությանը և դա ամենակարևոր սկզբունքն է, որին մենք հետևելու ենք»։

Կառավարության նիստից րոպեներ անց ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ Նա գրել է․ «Ինքնին բնական երևույթ է, երբ որոշ կայքեր տարիներ շարունակ բացառապես զբաղված են տվյալ պահին գումար տվողի շահերով պայմանավորված կեղծիք տարածելով: Բոլոր հասարակություններում էլ լինում են խոտաններ»։

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?