Մեդիագրագիտության շաբաթ դպրոցներում

01.11.2018, Հայտարարություն

ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 5-9-ը հայտարարում են Մեդիագրագիտության կրթական շաբաթ Հայաստանի բոլոր դպրոցներում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։

Այս տարի հրավիրում ենք նաև ՀՀ բոլոր դպրոցներին՝ միանալ նախաձեռնությանը և հինգ օրերի ընթացքում անցկացնել մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։

Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։

Միանալով միջազգային շարժմանը՝ առաջարկում ենք դպրոցում նոյեմբերի 5-9-ը անցկացնել հետևյալ նախաձեռնությունները կամ դրանց մի մասը։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի և միջին դպրոցի բարձր դասարանների համար։

1. Մեդիագրագիտության դաս․ ուսուցիչը (հասարակագիտություն, ինֆորմատիկա) կարող է ԿԳՆ կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի նյութերի ու թեմաների հիման վրա նախապատրաստել դաս։

2. Դիտում-քննարկում․ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ «Բունուս» կրթական նախաձեռնության հետ համատեղ պատրաստել է երեք վիդեո դաս։

Առաջարկում ենք դասարանում դիտել դրանցից որևէ մեկը և քննարկել նյութը աշակերտների հետ`

Մեդիագրագիտություն․ լուրը, լրագրությունն ու հասարակությունը

«Պահապան շները» լրագրության մեջ

Ինչպես վերլուծել տեղեկությունները 

3. Խաղի ժամ․ առաջարկեք աշակերտներին սովորել խաղալով։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած երեք կրթական խաղերը սովորեցնում են մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման, թվային անվտանգության սկզբունքները։ Դրանք հասանելի են օնլայն։

Մեդիամարտ

Լիտերատուսի Արկածները

Ցանցառ

4. Հանդիպում լրագրողի հետ․ դպրոցն իր նախաձեռնությամբ կարող է հրավիրել լրագրողի, մեդիա մասնագետի՝ աշակերտների հետ հանդիպման, կամ այցելություն կազմակերել որևէ խմբագրություն։

5. Օնլայն հանդիպում․ նոյեմբերի 7-ին 16:00-17:00 ՄՆԿ մասնագետներ Լուսինե Գրիգորյանը և Գեղամ Վարդանյանը կանցկացնեն վիդեո դաս և ուղիղ եթերում կպատասխանեն մասնակիցների հարցերին ՄՆԿ Ֆեյսբուքի էջում:

Հետաքրքրվողները կարող են գրանցվել նախապես լրացնելով հայտը:

6. Հեշթեգ․ ձեր միջոցառումների, դասերի, այցելությունների մասին պատմեք մեզ սոցիալական ցանցերում և օգտագործեք #MILWEEKARM18 հեշթեգը։

Կրթության և գիտության նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2017 թվականին հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում մեդիագրագիտությունը խթանելու և կրթության մաս դարձնելու մասին։ Ուսուցիչներին հասանելի է ԿԳՆ կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ձեռնարկը՝ հասարակագիտության, ինֆորմատիկայի և այլ դասերի մեջ մեդիագրագիտության թեմաներ ներառելու, արտադասարանական խմբակներ վարելու համար։ Նրանք նաև կարող են մասնակցել ՄՆԿ կողմից պարբերաբար անցկացվող մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացներին, որոնց հայտարարությունները տարածվում են դպրոցներին էլեկտրոնային փոստի միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների, կրթական նյութերի, վերլուծությունների, ինչպես նաև հետագա դասընթացների մասին հայտարարությունների համար այցելեք Media.am կայքը։

Հարցերի դեպքում գրեք ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանին՝ lgrigoryan@mediainitiatives.am էլ փոստի հասցեով։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?