Հայաստանյան մեդիան փողերի լվացման թեման լվաց, մաքրեց, խմբագրեց

06.03.2019, Նյուսրում

Լրագրող

Միջազգային մամուլում վերջին երեք օրերին մեծ արձագանք ստացած կոռուպցիոն թեման, որի գլխավոր կերպարներից մեկը հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանն է, հայկական մեդիայի օրակարգում գրեթե բացակայում է։

Խոսքը «Տրոյկա դիալոգի» միջոցով փողերի շրջանառության մասին է։ «Տրոյկա լվացքատուն» անունը ստացած փողերի լվացման մեխանիզմի մասին ծավալուն հրապարակմամբ հանդես եկավ «Հետքը»։ Հետաքննող լրագրողների միջազգային ցանցի անդամ հանդիսացող հայկական կազմակերպությունն ուսումնասիրել և ամենայն մանրամասնությամբ նկարագրել է, թե ինչպես է «լվացքատունը» արտագնա աշխատանքի մեկնած, Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձանց ստորագրությունները կեղծելով կամ առանց նրանց իմացության՝ ստեղծել կոռուպցիոն մեծ սխեմա։

Հետաքննող լրագրողների ցանցի՝ OCCRP-ի այս հետաքննության կենտրոնական դեմքը Ռուբեն Վարդանյանն է։

Նա Հայաստանում հայտնի է բիզնես ներդրումներով, սոցիալական և մարդասիրական նախաձեռնություններով (IDeA հիմնադրամ, UWC Դիլիջան դպրոց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, FAST հիմնադրամ և այլն)։

Վարդանյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) տնօրենների կենտրոնական խորհրդի և Ամերիաբանկ (Հայաստան) ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է:

Հայաստանում հայտնի բարերարի ու գործարարի մասին հրապարակումները պետք է, որ հետաքրքիր լինեին հայաստանյան լրատվամիջոցներին։ Սակայն հեռուստատեսային եթերում «Տրոյկա լվացքատան» մասին գրեթե լռություն էր, իսկ օնլայն մեդիայում՝ կիսալռություն։

Օնլայն մեդիա

OCCRP-ի ու «Հետք»-ի հետաքննությանն անդրադարձել են «Սիվիլնեթը», «Ազատությունը», «A1plus»-ը։

Մասամբ վարչապետի ընտանիքի սեփականությունը հանդիսացող armtimes.com կայքը՝ հղում անելով «Հետք»-ին, գրեթե ամբողջությամբ հրապարակել է «Տրոյկա լվացքատան» մասին հոդվածը։

«Հրապարակը» հատվածաբար մեջբերել է The Guardian-ի անդրադարձը Ռուբեն Վարդանյանի օֆշորային ընկերությանը։ Թարգմանություններին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ։

«Հետքի» հետաքննությանը, որը պատմում է Հայաստանի քաղաքացիների ստորագրությունները կեղծելու միջոցով գործարքներ կատարելու մասին, «Հրապարակը» չի անդրադարձել։

Լրատվամիջոցը հրապարակել է նաև բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի շուրջ ծավալված սկանդալն իրականում գործարարի և Հայաստանի հետ որևէ կապ չունի։

Երբ «Ռուբեն Վարդանյան», «տրոյկա», «լվացքատուն» բանալի բառերը ներմուծում ես News.am-ի որոնման տող, վերջին լրագրողական հետաքննության մասին որևէ տեղեկատվություն չի բերում։

Փոխարենը հայտնվում է 2017 թվականին «ադրբեջանական լվացքատան» մասին մի հրապարակում։ Սա OCCRP-ի՝ Ադրբեջանին վերաբերող հետաքննություն է։ Այս թեմային հայաստանյան մեդիան ժամանակին շատ օպերատիվ արձագանքեց։ Արագ կատարված որոնումը Հայաստանյան լրատվամիջոցներում ադրբեջանական արմատներով թեմայի մասին բազմաթիվ հրապարակումներ է գտնում։

«Մեդիամաքսը» OCCRP-ի ու «Հետքի»-ի աշխատանքին անդրադարձել է այն բանից հետո, երբ Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հանդես է եկել պարզաբանմամբ։ Բուն նյութի մասին ասելիքը տեղավորված է հերքման տեքստում։ Ակտիվ հղում է արված «Հետքին»։

Մոտավորապես նույնն է արել 168․am-ը՝ ակտիվ հղում չտալով սկզբնաղբյուր կայքերից որևէ մեկին։ 168․am-ը թեմային անդրադարձել է նաև իր բլոգում, հղում անելով «Փաստինֆո»-ին։ Factor.am-ը Ռուբեն Վարդանյանի գրասենյակի հայտարարության մասին իր հոդվածում հղում է տվել «Հետքի»-ի հետաքննությանը։*

Tert.am-ն ընդհանրապես չի մտել «լվացքատան» թեմայի մեջ։

Google-ի բարդ որոնումը ցույց է տալիս, որ Panorama.am-ը հրապարակել է Վարդանյանի գրասենյակի պարզաբանումը։ Սակայն էջը բացելու փորձից հետո պարզվում է, որ այն գոյություն չունի։ Թեմայի մասին հոդվածներ եղել են Aysor.am-ում և «Առավոտ»-ում, սակայն դրանք հիմա ընթերցողի համար հասանելի չեն։

Հեռուստատեսություն

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի մարտի 4-ի հիմնական թողարկման մեջ, «Հետքի» հետաքննության հրապարակումից երկու ժամ անց, ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանում մեծ ծրագրեր իրականացնող անվանի գործարարի հետ փոխկապակցված ընկերության անունը հայտնվել է միջազգային լրագրողական հետաքննության կիզակետում։ Դրա փոխարեն 60 րոպեանոց լուրերի թողարկման մեջ ժամանակ է տրամադրվել Բրազիլիայի կարնավալին, Իտալիայում մեկնարկած նարինջներով մարտերին։

Հանրայինի «Լուրերը»  Հայաստանի քաղաքացիների կեղծված ստորագրություններով բիզնես գործարքների թեմային չի անդրադարձել նաև մարտի 5-ի թողարկումներում։ Այդ օրվա հիմնական թողարկման 19 րոպեն տրամադրվել է վարչապետի բրյուսելյան այցին, 16 րոպեն՝ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին։ Անդրադարձ է եղել նաև ճապոնիայից արագ արձագանքման մեքենաներ ստանալուն։ «Տրոյկա լվացքատան» մասին՝ ոչ մի խոսք։

Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը նշանակվելուց հետո, 2018 թվականի դեկտեմբերի 12-ին, Media.am-ի հետ զրույցում ասել էր, որ լուրերի որակն ու բովանդակությունը մոտեցնելու է համաշխարհային չափանիշներին։

«Մենք պետք է լինենք հավասարահեռ, անաչառ, օբյեկտիվ և ինտերակտիվ»,- ասել էր Պետրոս Ղազարյանը։

Մասնավոր հեռուստատեսություններից «Արմենիան», «Երկիր մեդիան»,  TV5-ը, «Կենտրոնը» և «ԱրմՆյուզը» նույնպես չեն պատմել Ռուբեն Վարդանյանի անունը շրջանառող լրագրողական հետաքննության մասին:

OCCRP-ի աշխատանքի նկատմամբ հայաստանյան հեռուստատեսության արձագանքը օրինակ «ադրբեջանական լվացքատան» դեպքում ավելի ակտիվ է եղել։ Ինտերնետում արագ որոնումը օգնում է գտնել «Արմենիայի» Ադրբեջանական լվացքատուն. Բրիտանական մամուլը ներկայացրել է Ալիևների կոռուպցիոն սխեմաները հրապարակումը։

«Շանթի» «Հորիզոն»-ը  անդրադարձել է և՛ «Տրոյկա լվացքատան»-ը  հետաքննությանը, և՛ Ռուբեն Վարդանյանի գրասենյակի պարզաբանմանը։

Գագիկ Աղբալյան

* Հոդվածի այս պարբերությունում 2019թ․ մարտի 6-ի երեկոյան ժամը 18:05 տեղի է ունեցել փոփոխություն։ Factor.am կայքը իր հրապարակման մեջ «Հետքի» հետաքննությանը հղում տվել էր։ Հոդվածի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ակտիվ հղում չի եղել։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?