Հիշեցում լրագրողներից՝ սև տոպրակներ Վրաստանի իշխանություններին

07.06.2017, Նյուսրում

Լրագրող

Վրացի լրագրողները իշխանություններից պահանջում են հետաքննել, թե ինչպես է Թբիլիսիի կենտրոնից առևանգվել և Բաքվում հայտնվել Վրաստանում ապրող ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլին: Պահանջի խորհրդանիշը սև տոպրակներն են: Դրանք լրագրողների ակցիաների անբաժան մասն են:

Մայիսի 29-ին Թբիլիսիի կենտրոնից անհետացած և առանց անձնագրի Բաքվում հայտնված Աֆգան Մուխտարլին իր փաստաբանին հայտնել էր, որ իրեն հենց պարկը գլխին հագցրած են Վրաստանից տեղափոխել Ադրբեջանի սահման:

Ադրբեջանցի լրագրողի խոսքով` նրան առևանգել են Վրաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները և փոխանցել ադրբեջանցի իրավապահներին: Մուխտարլիի վարկածով վրաց-ադրբեջանական սահմանին նրա գրպանը 10.000 եվրո են դրել: Բաքվում Աֆգան Մուխտարլիին դատապարտել են 3 ամսվա նախնական կալանքի` սահմանը ապօրինաբար հատելու և մաքսանենգության համար:

Վրաստանի իշխանությունները հերքում են իրենց ներգրավվածությունը առևանգման գործում և անընդունելի համարում նախնական եզրակացությունները:

Վրաստանի լրագրողները իշխանությունից բացատրություն են պահանջում իրենց ադրբեջանցի գործընկերոջ հետ պատահածի մասին:

Լրատվական թողարկումներում և հեռուստատեսային բանավիճային հաղորդումներում Մուխտարլիի առևանգման թեման անընդհատ քննարկելուց բացի` վրացի լրագրողները դուրս են գալիս փողոց:

Հունիսի 6-ին նրանք խորհրդարանում սև տոպրակներ են հագցրել իրենց գլխին` այդպիսով իրենց հերթական բողոքը հայտնելով ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլիի հետ կապված դեպքերի վերաբերյալ:

#FreeAfgan պաստառներով` վրացի լրագրողներն իրենց իշխանություններից պահանջում են հետաքննել առևանգման ամոթալի դեպքը և համերաշխություն են հայտնում ձերբակալված ադրբեջանցի գործընկերոջը:

«Մեր նպատակը այս հարցը օրակարգում պահելն է այնքան ժամանակ, մինչև պարզվեն հանցագործության մասնակիցները: Երկու տարբերակ կա. կա’մ իշխանություններն են մասնակցել այս գործին, կա’մ էլ մեր երկրում հնարավոր է մարդ առևանգել և սահմանն անցկացնել այնպես, որ իշխանությունները չկարողանան վերահսկել, ինչն ավելի է ծանրացնում դրությունը և կասկածներ հարուցում պետության ունակության վերաբերյալ»,- media.am-ին ասում է Մեդիայի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Կինծուրաշվիլին:

Վրացի լրագրողներն անթույլատրելի ու անհանդուրժելի են համարում հանցագործության մասնակից իշխանություն ունենալը կամ մարդու իրավունքները կոպտորեն խախտող պետությունում ապրելը: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել բոլոր անձանց, ովքեր ներգրավված են եղել ադրբեջանցի լրագրողի առևանգման և սահմանը անցկացնելու գործում:

«Մենք դեպի Եվրամիություն ենք ձգտում նրա համար, որ մարդու իրավունքները պաշտպանված լինեն, և հիմնարար արժեքները գործնականում կիրառվեն, ոչ թե որպեսզի դրանք թղթի վրա մնան»,- ասում է Թամար Կինծուրաշվիլին:

Կինծուրաշվիլիի կարծիքով` ադրբեջանցի լրագրողի հետ տեղի ունեցածը բացասաբար կազդի Վրաստանի վարկի վրա. Վրաստանն այլևս անվտանգ երկիր չի համարվի մարդու իրավունքների տեսանկյունից, և այս դեպքը կդիտարկվի որպես հետընթաց ժողովրդավարության զարգացման համար:

Ադրբեջանցի լրագրողների համար Վրաստանն այլևս անվտանգ երկիր և ազատության կղզյակ չէ. այս մասին մինչև Մուխտարլիի առևանգումը գրել էր jam-news.net կայքը` նշելով, որ Վրաստանում բնակություն հաստատած ադրբեջանցի լրագրողներին լրտեսում են և սպառնում, որպեսզի նրանք դադարեցնեն իրենց հակաիշխանական գործունեությունը: Իսկ Վրաստանը մերժում է ապաստան ստանալու դիմումները` նրանց անորոշության մեջ թողնելով:

Jam-news.net-ի նյութում իրեն լրտեսելու մասին պատմում է նաև Մուխտարլին, որը զբաղված էր լրագրողական հետաքննություններով, այդ թվում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցվածքի և պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի մասին: Նա 2014-ին Թբիլիսի էր տեղափոխվել հենց իշխանությունների ճնշումներից ազատվելու նպատակով:

Մուխտարլիի առևանգմանն ու Բաքու տեղափոխմանը արձագանքել են մարդու իրավունքների միջազգային մի շարք կազմակերպություններ` իրենց մտահոգությունը հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ: Մարդու իրավունքների համաշխարհային շարժումը (FIDH) բաց նամակով դիմել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվլիին` նշելով, որ Վրաստանի բարոյական պարտքն է ընդունելու ադրբեջանցի այլախոհներին և երաշխավորելու նրանց անվտանգությունը:

«Այս մտահոգիչ զարգացումը ոչ միայն Աֆգան Մուխտարլիին ենթարկում է հնարավոր խոշտանգման և երկարաժամկետ ձերբակալության, այլև մտահոգիչ նախադեպ է ստեղծում` սպառնալով Վրաստանում բնակվող տասնյակ այլ աքսորյալ ադրբեջանցիների անվտանգությունը»:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?