Մեդիայում կարծրատիպային մտածելակերպը բերում է անհանդուրժողականության

26.02.2014, Խաչմերուկ

Հակամարտության լուսաբանումը տարբեր լրատվամիջոցներում տարբեր դրսեւորումներ է ունենում: Կան լրատվամիջոցներ, որ գործում են պրոֆեսիոնալիզմի սահմաններում, փորձում են օբյեկտիվորեն ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում տվյալ պահին՝ լինի դա հրադադարի ռեժիմի խախտում, զինվորի սպանություն, թե այլ ինչ:

Եվ կան լրատվամիջոցներ, որ ունեն հստակ օրակարգ, օրինակ, հասարակության շրջանում թշնամու կերպարը վառ պահելը՝ լուսաբանման ընթացքում նրան զրկելով մարդկային բոլոր հատկանիշներից:

Խնդիրը, որը հաճախ տեսնում եմ հակամարտությունների լուսաբանման ժամանակ, լրագրողի ազգային պատկանելությունն ու պրոֆեսիոնալ գործունեությունը իրարից չտարանջատելն է: Հաճախ շատ լրագրողներ առաջին հերթին գործում են ոչ թե որպես լրագրող, այլ որպես հայ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչը խանգարում է հակամարտության կամ կոնկրետ իրադարձության օբյեկտիվ լուսաբանմանը:

Հաճախ հանդիպող խնդիրներից է նաեւ կլիշեների կիրառումը եւ կարծրատիպային մտածելակերպը։ Մամուլում ադրբեջանցիներին հաճախ ներկայացնում են որպես ազգ, ժողովուրդ, որը չունի մշակույթ կամ նույնիսկ եթե ունի, ապա դա շատ ցածրորակ է, ինչը, բնականաբար, այդպես չէ։

Հենց այս կարծրատիպային մտածելակերպն է, որ իր հերթին բերում է նաեւ անհանդուրժողականության՝ «նրանք ցեղ են եղել եւ բոլորովին վերջերս են ձեւավորվել որպես ազգ», «նրանք մարդ չեն եւ ընդհանրապես այստեղ անելիք չունեն» (գուցե ծայրահեղացված եմ ասում, սակայն սա նույնպես հանդիպում է մամուլում)։

Ավելի հաճախ կարելի է հանդիպել լրատվական հոդվածների (hard news), որոնք, ըստ ամենայնի, պիտի պարունակեն միայն փաստեր, քանի որ ժանրն է այդպիսին, բայց չգիտես ինչու լրագրողը կամ խմբագիրը իր «սուրբ պարտքն» է համարում խեղաթյուրել ժանրը՝ մեկնաբանելով, քննադատելով։

Սա, թերեւս, կա՛մ բխում է լրատվամիջոցի քաղաքականությունից, կա՛մ լրագրողի մեջ կրկին արթնանում է ռազմահայրենասիրությունը՝ պրոֆեսիոնալիզմը մղելով երկրորդ պլան։

Ղարաբաղյան հակամարտությունը վերջերս է տեղի ունեցել, պատերազմի հետքերն ու վերքերը թարմ են դեռ, եւ այն լրագրողները, ովքեր ծնող, հարազատ են կորցրել պատերազմի ժամանակ, շատ դեպքերում երկընտրանքի առջեւ են կանգնում՝ գործել որպես լրագրո՞ղ, թե՞ զոհված քաղաքացու դուստր/որդի, հարազատ, բարեկամ:

Մարդկային տեսանկյունից ես, իհարկե, հասկանում եմ բոլոր այդ մարդկանց, սակայն կարծում եմ, որ եթե դու ընտրել ես լրագրողի մասնագիտությունը, ապա պետք է կարողանաս վեր կանգնել դրանից եւ գործել որպես պրոֆեսիոնալ։

Ավելորդ է խոսել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի մեդիան հասարակության շրջանում մթնոլորտ ստեղծելու հարցում: Պատկերացրեք իրավիճակ, երբ որոշ ժամանակ հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ համաձայնություն է ձեռք բերվում երկու երկրների միջեւ՝ խնդիրը դե յուրե լուծվում է, բայց հասարակությունը պատրաստ չի լինում համագոյակցելու:

Այդ դեպքում անիմաստ է դառնում ձեռք բերված համաձայնությունը: Տեղի ունեցածը օբյեկտիվ ներկայացնելուց բացի՝ մեդիայի գործունեությունը պետք է ուղղված լինի նաեւ հասարակություններին խաղաղության պատրաստելուն:

Եթե լրատվամիջոցները նպատակադրված չեն հասարակությանը խաղաղության նախապատրաստել, լավ կլինի՝ գոնե չխանգարեն եւ իրավիճակն ավելի չբարդացնեն իրենց քարոզչությամբ:

Թեեւ լուսաբանման բարելավման հեռանկարի հետ կապված պատկերն այնքան էլ հուսալի չէ, այնուամենայնիվ, դաշտում գործող եզակի լրատվամիջոցներ կան, որ կարող են եւ փոխում են մթնոլորտը, թեկուզեւ փոքր ազդեցությամբ:

Սասուն Խաչատրյան
Tert.am-ի խմբագիր

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?