Խզված հարաբերությունների նոր շունչը. հանրանվիրաբեր թանգարան իմ ու քո մասին

26.04.2017, Քննադատ

Լրագրող

«Ես 70-ամյա կին եմ Երևանից` Հայաստանի մայրաքաղաքից: Զագրեբ եմ այցելել դեռ 1967 թվականին, այս քաղաքը շատ մոտ է իմ սրտին: Երբ տեղական թերթերից մեկում կարդացի, թե այդտեղ Խզված հարաբերությունների թանգարան կա, միևնույն ժամանակ և’ տխրեցի, և’ ուրախացա:

Սա բացիկ է, որը երկար տարիներ առաջ մեր դռան արանքից ներս էր գցել հարևանի տղան: Նա 3 տարի սիրահարված էր ինձ: Հայկական ավանդույթի համաձայն` նրա ծնողները եկան մեր տուն` ձեռքս խնդրելու: Ծնողներս մերժեցին` ասելով, որ նրանց տղան արժանի չէ ինձ: Հարևանները գնացին` բարկացած ու հիասթափված:

Նույն երեկո նրանց որդին մեքենայով ցած նետվեց ժայռից»:

Երեւանցի կնոջ նվիրաբերած բացիկըՍա հարյուրավոր սիրային պատմություններից մեկն է, որ կարելի է գտնել Զագրեբի Խզված հարաբերությունների թանգարանում (Museum of Broken Relationships): Խորվաթիայի մայրաքաղաքում հիմնադրված այս թանգարանը յուրօրինակ արթ նախագիծ է, որը գոյություն ունի ցուցանմուշների հանրային նվիրաբերությունների (crowdsourcing) շնորհիվ:

«Սա թանգարան է իմ ու քո մասին, այն մասին, թե ինչպես ենք սիրում և կորցնում»,- ասվում է թանգարանի նկարագրության մեջ:

Աշխարհի տարբեր երկրներում ապրող տարբեր տարիքի մարդիկ ուղարկում են իրենց խզված սիրային հարաբերությունների պատմություններն ու դրանց հետ ասոցացվող իրերը, որոնցից կուզենային ազատվել, բայց դժվարանում են դեն նետել:

Թանգարանն առաջարկում է վիշտն ու կորուստը հաղթահարել ստեղծարարությամբ` ցուցանմուշ նվիրաբերելով իր ունիվերսալ հավաքածուին և անձնական պատմությամբ կիսվելով նույն վիճակում գտնվող այլ մարդկանց հետ:

Խզված հարաբերությունների թանգարանի գաղափարն առաջացել է հիմնադիրների անձնական փորձից: Ֆիլմերի պրոդյուսեր Օլինկա Վիշտիցան և արտիստ Դրաժեն Գրուբիշիտչը 4 տարի միասին լինելուց հետո բաժանվել են ու, չիմանալով` ինչ անել հարաբերությունների ընթացքում «կուտակված» իրերը, որոշել են թանգարան ստեղծել:

Խաղալիք մեքենա

Սակայն Խզված հարաբերությունների թանգարանն այսօր միայն հետերոսեքսուալ կամ նույնասեռական սիրային զույգերի մասին չէ. այստեղ կարելի է գտնել հորը կորցրած դստեր կամ երեխաներին կորցրած մոր պատմություններ, փաստացիորեն, ցանկացած հարաբերության մասին, որ զգացական հետք է թողել: Ցուցանմուշներն էլ հաճախ միայն էմոցիոնալ արժեք ունեն` ասենք, հյուրանոցից վերցված շամպունի դատարկ շիշ, թղթից պատրաստված ծաղկեփունջ կամ բռնաբարողին մեղավոր ճանաչելու դատարանի վճիռ:

Թանգարանի 6 փոքր սրահներում տեղադրված մոտ 100 ցուցանմուշների շարքում հանդիպում են նաև արժեքավոր իրեր` կիթառ, հարսի զգեստ, կախազարդ, ինտերնետի մոդեմ, կացին: Ի դեպ, կացինը թանգարանի ստացած ամենաարտառոց ցուցանմուշն է, որն օգտագործվել է թերապևտիկ նպատակով` ամեն օր մաս-մաս անելու այլ կնոջ հետ հեռացած ընկերուհու կահույքը:

«Թերապևտիկ» կացինըԲայց կարևորը իրը չէ, այլ դրա հետևում եղած պատմությունը: Այս սկզբունքով են առաջնորդվում թանգարանի աշխատակիցները հարաբերությունների խորհրդանիշները սրահում ցուցադրելիս: Եթե ցուցանմուշը հետաքրքիր է, բայց պատմությունը` ոչ (կամ կիսատ ներկայացված), իրերը տեղ են զբաղեցնում ոչ թե ցուցադրությունների սրահում, այլ թանգարանի պահեստում, որտեղ արդեն մոտ 2000 էքսպոնատ կա:

Բոլոր իրերը ցուցադրվում են անանուն` միայն նշվում են նվիրաբերողի բնակության վայրն ու հարաբերությունների խզման վաղեմությունը` 1 օրից մինչև տասնյակ տարիներ: Թանգարանին նվիրաբերված իրերի մեծ մասը Մեքսիկայից է, նվիրաբերողների 65%-ը` կին: Իրերը հավաքագրվում են աշխարհի տարբեր քաղաքներում շրջիկ ցուցադրությունների ժամանակ կամ փոստով:

Շրջիկ ցուցադրություններից և զագրեբյան հիմնական թանգարանից բացի գոյություն ունի նաև Խզված հարաբերությունների թանգարանի մասնաճյուղը, որը բացվել է մեկ տարի առաջ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում:

«Կարծում եմ` բոլորը պետք է տեսնեն այս ցուցադրությունները: Այն մարդիկ, որոնց հարաբերությունները խզվել են, կտեսնեն, որ իրենք մենակ չեն, որ այս ամենի միջով անցնել են բոլորը: Իսկ նրանք, ովքեր երջանիկ են, ավելի երջանիկ կզգան դրա համար»,-ասում է Դրաժեն Գրուբիշիտչը:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?