2019.12.10,

Տեսակետ

«Բոլորին խոսափող տրամադրելը դեռ չի նշանակում լինել ազատ մամուլ»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, խոսելով այսօրվա ալեկոծվող լրատվական դաշտի մասին, հիշեց Վրաստանի վարդերի հեղափոխությունից երկու տարի հետո ծնված անեկդոտը:

Երբ ընդդիմադիր «Ռուսթավի2» ալիքը սկսեց անընդհատ գովերգել նոր իշխանություններին, վրացիները կատակեցին՝ եթե Հիտլերը «Ռուսթավի2» ալիք ունենար, նա չէր իմանա, որ պարտվել է պատերազմում: 

«Թեև քարոզչամիջոց-լրատվամիջոցներ միշտ եղել են և կլինեն, բայց լրատվամիջոցը չի կարող իր առջև խնդիր դնել ծառայելու»,- ասում է նա:

ԽՍՀՄ տարիներին Վարդան Հարությունյանը բանտարկվել և աքսորվել է՝ մեղադրվելով հակասովետական ագիտացիա և պրոպագանդա իրականացնելու համար: Այդ փորձի վերաիմաստավորումից են ծնվել նրա երկու գրքերը՝ «Քաղբանտարկյալի պատմությունը» և «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում»:

Այսօրվա հետհեղափոխական իրավիճակը նա բնորոշում է որպես անցումային և հորդորում ուսումնասիրել Հայաստանի անկախության առաջին տասնամյակը, երբ տեղի ունեցան թե՛ աներևակայելի հրաշքները, թե՛ անդառնալի սխալները:

Հետհեղափոխական շրջանում լրատվամիջոցներ կարդալն ու դիտելը դարձել է թփուտներում թափառելու պես մի բան, շատ է աղմուկը, դրվագային լրահոսը: 

Լրատվությունն իր մեջ ամեն դեպքում պետք է ինտրիգային տարրեր պարունակի: Եվ ամեն օր: Դա է դրդում լսարանին կարդալ լուրերն ու բացել այն կայքը, որը թվում է ավելի հետաքրքիր: Բոլոր լրատվամիջոցներն այդ խնդիրը առնվազն իրենց մտքում ձևակերպում են: Ոմանք այն լուծում են մեծ հաջողությամբ, ոմանք էլ՝ անհաջողությամբ:

Ես միշտ հետևել եմ հայաստանյան մամուլին, 1990-ականներից, երբ նոր էր ձևավորվում ազատ մամուլը, և անընդհատ նոր լրատվամիջոցներ էին գոյանում՝ դիմանալով մեկ տարի, կես տարի, երկու տարի, անգամ մեկ ամիս: Կային նաև թերթեր, որոնք տպագրվում էին տարիներ շարունակ, բայց չունեին իրենց ընթերցողը, թեև նորմալ թերթեր էին, նորմալ խմբագիրներով:

Լրատվամիջոցը պետք է կարողանա իրեն ներկայացնել, մատուցել:

Իհարկե, հիմա շատ ավելի հեշտ է, քանի որ փոխվել են մրցակցության պայմանները: Կարող եմ ասել անգամ, որ վերջին քսան տարվա ընթացքում մեկ իրավիճակ էր, իսկ հետհեղափոխական այս շրջանում՝ բոլորովին այլ:

Կա՞ նմանություն 1990-ականների հետ:

Իհարկե, կա: Բայց 1990-ականներին մենք նոր ծանոթանում էինք ազատ խոսքին ու հարմարվում այն մտքի հետ, որ կարող է պետական ցենզուրայից դուրս մամուլ լինել և անգամ գլխավոր խմբագիրը չի կարող լրագրողի հոդվածը փոխել: Իսկ հիմա դա գիտեն բոլորը: 

Անկախությունից հետո ծնվածներն ընդհանրապես չգիտեն, թե ինչ է ցենզուրան: Սոցիալական մեդիայում օրինակ, ոչ միայն ցենզուրա, այլև ինքնացենզուրա գոյություն չունի:

Այսինքն, ում մտքով ինչ անցնում է, կարող է գրել: Այդ թվում, հայհոյանքներ:

Օրինակ, մի թույլիկ երիտասարդ կարող է պայմանական Մայք Թայսոնի հասցեին սեռական հայհոյանք գրել, այն դեպքում, երբ նրան հանդիպելով փողոցում, ուղղակի վախից կգոլորշիանար:

Այդպես լրատվամիջոցները քաղաքակա՞ն խնդիր են լուծում:

Չեմ ուզում դաշտը բաժանել սևերի ու սպիտակների, բայց նախկին իշխանություններն իրենց ունեցած ռեսուրսներով կարողացան մեդիայի մի հսկայական մաս գնել և ուղղորդել դաշտն այնպես, որ ձևավորվի ոչ թե տեղեկատվական մրցակցություն, այլ մեծանա հահոյանքի պաշարը:

Իհարկե, ամբողջ աշխարհում է մեդիան լուծում քաղաքական խնդիր, բայց մեզ մոտ հիմա դա լուծվում է շատ ավելի ցածր չափանիշներով:

Եթե նախկինում խմբագիրը հպարտանում էր, երբ իր լրատվամիջոցում հրապարակվում են որակյալ և սուր նյութեր, ապա հիմա կարծես չեն խորշում ապատեղեկությունից:

Մարդը, որը ծանոթ է հայաստանյան իրականությանը և մեր մեդիայի աշխատանքին, կարող է պարզորոշ հասկանալ, թե որտեղից է ծնվում այս կամ այն նյութը (խմբագրությունում կամ խմբագրությունից դուրս) և ինչու:

Բոլորին խոսափող տրամադրելը դեռ չի նշանակում լինել ազատ մամուլ: 

Ազատությունը այն է, երբ ինքդ ես կաղապարներից դուրս: 

Հակառակ դեպքում կարող ես հրավիրել եթեր կամ հրապարակումների հերոս դարձնել տարբեր գաղափարների տեր մարդկանց, բայց հետո մեկ մեկնաբանությամբ ջնջես ամեն ինչ: Տեսնես միայն այն, ինչ ցանկանում ես տեսնել:

Որքա՞ն երկար կարող են ապրել այն լրատվամիջոցները, որոնք փող ունեն, բայց մեծ հաշվով մրցակցային չեն: 

Մենք հիմա գտնվում ենք անցումային փուլում, և բնականաբար մեդիան էլ ենթարկվում է վայրիվերումների: Բայց այդ փուլը կանցնի: Հները կհասկանան, որ իրենց հնարավորությունները սպառվում են:

Նկատի ունեմ ոչ թե ֆինանսները, այլ ճանապարհը, որը փակուղային է և արատավոր: 

Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ մարդիկ իմանան, թե որ լրատվամիջոցը կարդալու համար է, իսկ որը՝ ոչ:

Դաշտ են նետվում տարբեր մեդիա արշավներ ընդդեմ նոր իշխանությունների: Այդպես եղավ կրթության նախարարի, հիմա Երևանի քաղաքապետի դեմ:

Կան լրատվամիջոցներ, որոնք արհեստականորեն ստեղծում են թեմա, որը հետո զարգացնում, բորբոքում են և փորձում ներկայացնել այն որպես բախում:

Չգիտեմ, թե որքան կբավարարի նրանց ռեսուրսը, բայց մեծ հաշվով մարդիկ լավ հասկանում են, որ կա իշխանությունը վերադարձնելու մոլուցք, անցյալը հետ բերելու ցանկություն: 

Իրականում, մեր հասարակությունում շատ ավելի մեծ ու ծանրակշիռ է տրամաբանող մարդկանց քանակը, պարզապես աղմուկ անողներն են երևացող: 

Բայց վստահ եմ, որ ամեն բան իր տեղը կընկնի: Կհարմարվենք նոր պահանջներին: Այսինքն, ֆիլտրերը կաշխատեն, եթե մենք հասկանանք իրականությունն ու մեր տեղը այդ իրականության մեջ: Նույնը մամուլի դեպքում է:

Ընդհանրապես մամուլի հասցեին միշտ էլ եղել են դժգոհություններ, կշտամբանքներ, որ այն չի կայանում և այլն: Ես, ճիշտն ասած համարում եմ, որ մամուլը ավելի կայացած է, քան այլ ոլորտներ: 

Իհարկե, հիմա գտնվում ենք կեղտոտ, արատավորված միջավայրում, բայց շատ պետական կառույցներ ուղղակի երջանիկ պիտի լինեին, եթե կայանային այնքան, որքան մեր մամուլն է:

Տեսեք, թե ինչ է կատարվում դատական համակարգում: Կամ գյուղատնտեսությունում, որտեղ մի փոքր կարկուտը կարող է պատճառ դառնալ, որ գյուղացին կորցնի ամեն ինչը՝ տունը, անասունը ու չկարողանա մարել վարկերը:

Խառը ժամանակներում բոլորը լուծում են սեփական խնդիրները: Եվ հասկանում են, որ դա պիտի անեն շատ արագ:

Մեկը պիտի դատարանի մոտ աղմուկ բարձրացնի և այդ աղմուկը տարածի լրատվական դաշտով մեկ, մյուսը պետք է բուհերում հայոց լեզվի ուսուցման հարցը արհեստականորեն ուռճացնի, գրգռի ու ցույց տա, որ բողոքի ալիքը աճում է:

Մի խոսքով՝ պատվերները բազմազան են, վեկտորները տարաբնույթ և տարբեր ուղղություններով:

Եվ եթե այս պայմաններում տրամաբանական խոսքը տեղ չի հասնում, պետք չէ դրանից նեղվել: Ամեն ինչ կխաղաղվի, կզուլալվի:

Ձեր կարծիքով Հանրային հեռուստատեսությունը տրամաբանական փոփոխություններո՞վ է անցնում:

Կարծում եմ՝ հեղափոխությունից հետո ամենաարագ փոխվող կառույցներից մեկը պետք է լիներ Հանրային հեռուստատեսությունը: Պարզ է, որ այն չի կարող ներկայանալ որպես իշխանության խոսափող, ինչը տարիներ շարունակ պահանջել ենք Հանրայինից:

Եվ եթե չենք տեսնում փոփոխություն, նշանակում է, որ այնտեղ աշխատող մարդիկ չեն պատկերացնում (կամ չեն ցանկանում պատերացնել), թե ինչպես պետք է աշխատեն:

Ես, օրինակ, վստահ եմ, որ հեռուստատեսությանը պետք են նոր մտածողությամբ օժտված երիտասարդներ, որոնք կաղապարված չեն ու զուրկ են խորհրդային բեռից:

Զուրկ են նաև վերջին քսան տարում մեր ուսերին ծանրացած բացասական փորձից: Ասենք, չունեն շեֆի առջև խոնարհվելու և դուր գալու սովորություն:

Հիմա պիտի լինի ազատամիտների ժամանակը: Նույնն էլ վերաբերում է կուսակցություններին:

Ես միշտ դեմ եմ եղել պետության կուսակցականացմանը: Իհարկե, պետք է կառավարի այն կուսակցությունը, որը հաղթել է ընտրություններում բայց չեմ կարող ընդունել այն պատկերացումը, որ բոլոր օղակներում պետք է լինեն «մերոնք»:

Չպիտի պարտադիր լինի պայմանական ասած կրծքանշանը, և նշանակություն չունի ՀՀԿ-ի, թե կոմսոմոլի (ճիշտն ասած, չգիտեմ, «Իմ քայլը» ունի՞ նշան, թե՞ ոչ):

Մեր իշխանությունների ցավն այն է, որ չունեն իրենց որակին համարժեք լուրջ ընդդիմություն:

Կա՞ վտանգ, որ կգա գիտակցում, որ հեշտը փակն է, միատարրը, միաձայնը: 

Այդ վտանգը կա միշտ: Բայց կարծում եմ, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում իշխանության եկած ուժի կարևորագույն գործը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ապագա ապահովումն է:

Այսինքն, գիտակցումը, որ եթե պարտվեն, ապա կհեռանան:

Եթե մենք մեր պատմության ընթացքում գոնե երկու անգամ ունենանք ազատ ընտրության արդյունքում ձևավորված կառավարություն, զրոյին կմոտեցնենք հավանակությունը, որ կվերադառնանք հնին, սովետական անցյալին:

Ըստ էության՝ 1990-ականներին վերջին տեղի ունեցավ հենց վերադարձ խորհրդային անցյալին: 

Իշխանության եկան կոմկուսից, գաղտնի ծառայություններից մարդիկ, որոնք սկսեցին կերտել իրականությունը սեփական պատկերացումների համաձայն: Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի պատկերացումները պետության, հասարակության մասին սովետական էին: Ուրիշ պատկերացումներ նրանք պարզապես չունեին:

Այդ պատճառով էլ պնդում եմ, որ պետք է գան երիտասարդներ, որոնք այլ կերպ են մտածում:

Իսկ ինչու՞ են անընդհատ խուսափում տալ գնահատական նախորդներին: Միգուցե ներկա քաղաքապետը հայտնվում է թիրախում, քանի որ նախորդի գնահատականը չի տվել: Այդպես է նաև բոլոր ոլորտներում: 

Դա այն դաշտն է, որի մասին շատ եմ սիրում խոսել: Դեռ 1990-ականներին հաճախ եմ գրել, որ պետք է լինի հստակ գծված սահման, որը հնարավարություն չէր տա վարկաբեկված կամ արատավոր անցյալի թափանցումը ներկա: 

Այդ սահմանը կարող էին հատել մարդիկ, որոնք կանցնեին լյուստրացիայի փուլով ու դեն կնետեն այն ծանրությունը, որը դրված էր իրենց ուսերին կամ կախված էր նրանց ոտքերից:

1990-ականներին դա չարվեց և խորհրդային անցյալն ինքն իրեն նորից վերգտավ և հանգիստ տեղափոխվեց մեր իրականություն: 

Որպեսզի այսօր էլ նույնը տեղի չունենա, այդ սահմանը պետք է գծվի և անպայման տրվի անցյալի գնահատականը: Քայլը դեպի առաջ լյուստրացիայով է:

Մարդիկ այդ բառը որակել են որպես պատիժ, վախեցնող գործընթաց, բայց իրականում դա համերաշխության հիմքն է: Անգամ ամենադաժան լյուստրացիայի դեպքում: Ասենք, գաղտնի ծառայությունների:

Մի օրինակ բերեմ. Ռուսաստանում մեկը հետաքրքրվել էր իր գնդակահարված պապի ճակատագրով և կարողացել էր տարբեր զարտուղի ճանապարհներով պարզել նրա քրեական գործի հետ առնչություն ունեցող մարդկանց ցանկը և գտնել նրան, ում մատնագրով էլ պապը գնդակահարվել էր:

Ըստ էության՝ այն մարդը իրականացրել էր լյուստրացիա՝ հրապարակելով մատնիչի անունն ու տվյալները: Հետաքրքիրն այն է, որ արդյունքում ի հայտ եկավ մատնիչի թոռնուհին, որը արձագանքեց հրապարակմանը:

Եվ հիմա մատնիչի ու զոհի ժառանգները միասին են զբաղվում նոր գործերով:

Ասածս այն է, որ լյուստրացիան է օգնում հասարակությանը՝ լուսավորելով վախեցնող և մութ անկյունները:

Երբ քայլում ես մութ փողոցով, միշտ կա վտանգ, որ կընկնես փոսը: Պարզապես չես տեսնի բոլոր փոսերը…

Փոսը չընկնելու համար երբեմն բավարար է ընդամենը բաց աշխատել: Օրինակ, կամազների նվիրատուների ցանկը քաղաքապետարանը կարող էր շատ ավելի վաղ հրապարակել՝ առանց մութ անկյուններ թողնելու:

Թերևս կա փորձի պակաս: Հետաքրքիր է, որ երբ երիտասարդ իշխանավորները որոշում են պատասխանել լրատվական հարձակումներին, պատասխանները ստացվում են բավականին դիպուկ ու սիրուն:

Դրա վկայությունը շեյխերի պատմությունն էր, որն իր տեղն ընկավ պատասխանների շնորհիվ:

Կարծում եմ, որ այս վայրիվերող շրջանը նոր իշխանություններն ավելի հանգիստ կանցնեն, եթե խորապես ծանոթանան 1990-ականների փորձին:

Դա ակնածանքի շրջան էր, երբ կայանում էր պետությունը և երբ արվեցին սխալներ, որոնց պատճառով շատ ոլորտներում տանուլ տվեցինք:

Իհարկե, միշտ մտածում ենք, որ այն, ինչ կատարվեց ուրիշի հետ, մեզ հետ չի կատարվի: Բայց կյանքը ցույց է տալիս, որ լավ էլ կատարվում է և պատմությունն անընդհատ կրկնվում է: 

Նույն հարվածները ստանում ենք միայն այն պատճառով, որ չենք ուսումնասիրում անցյալի փորձը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *